ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի
հոկտեմբերի 30-ին
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների, սույն օրենքին համապատասխան էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և էլեկտրական, ջերմային էներգիա ու բնական գազ սպառողների փոխհարաբերությունները:
(1-ին հոդվածը փոփ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Սույն օրենքի նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է:
Հոդված 3. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառը |
1. Արցախի Հանրապետության էներգետիկայի բնագավառը հանրային ծառայություններ մատուցելու համար էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ` դրանց համակցված արտադրության), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման ու մատակարարման, էլեկտրաէներգետիկական և բնական գազի ոլորտների համակարգերի օպերատորի, էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ դրանց սեփականության ձևից), այդ գործունեությունների իրականացման համար անհրաժեշտ գույքի և էներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների համախումբն է։
2. Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ մասերն են ՝
ա) էլեկտրաէներգետիկական համակարգը.
բ) ջերմամատակարարման համակարգերը.
գ) գազամատակարարման համակարգը:
(3-րդ հոդվածը փոփ. 28.09.2017 ՀՕ-28-Ն, խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 4. |
Հիմնական հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով օգտագործված հիմնական հասկացություններն են`
ա) անվտանգության գոտիներ` էներգետիկայի բնագավառի օբյեկտների (կառույցների, տեղակայանքների, կապի, հաղորդման (փոխադրման) ու բաշխման գծերի և այլն) շրջակա տարածքները, որոնք նախատեսվում են օբյեկտների բնականոն գործունեության, շահագործող անձնակազմի և քաղաքացիների կյանքի անվտանգության, այլ օբյեկտների նկատմամբ փոխադարձ անվտանգության ապահովման նպատակով.
բ) բաշխման ցանց` էլեկտրական կամ ջերմային էներգիայի կամ բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից համապատասխանաբար կառավարվող և շահագործվող էլեկտրական կամ ջերմային էներգիայի կամ բնական գազի բաշխման գծերի, ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական կամ ջերմային էներգիան կամ բնական գազը բաշխվում է սպառողներին.
գ) գաղտնապահական տեղեկատվություն՝ լիցենզավորված անձի ֆինանսական վիճակի և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվությունը կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել լիցենզավորված անձին, ինչպես նաև սպառողներին վերաբերող՝ լիցենզավորված անձի մոտ առկա տեղեկությունները.
դ) ենթասպառող` սպառողը, որի էներգամատակարարումն իրականացվում է այլ սպառողի սպառման համակարգից, և որն ունի մատակարարի հետ սահմանված կարգով կնքված` էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման պայմանագիր.
ե) էլեկտրաէներգետիկական շուկա` սույն օրենքին և շուկայի կանոններին համապատասխան կազմակերպված՝ էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքի, հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման մեջ ներգրավված էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների փոխհարաբերությունների համակարգ.
զ) էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներ՝ սույն օրենքին և շուկայի կանոններին համապատասխան մանրածախ շուկային մասնակցող՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, մատակարարման, հաղորդման, բաշխման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձինք, ինչպես նաև սպառողները.
է) էլեկտրաէներգետիկական շուկային մատուցվող ծառայություններ՝ էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունը կանոնակարգելուն և դրա թափանցիկությունն ապահովելուն ուղղված կենտրոնացված ծառայությունները.
ը) էլեկտրաէներգիայի գնման երաշխիք՝ սույն օրենքով, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերություն գործարքներով սահմանված ժամկետներում և ծավալով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի արտադրած էլեկտրական էներգիան (հզորությունը) գնելու պարտավորություն, որին համապատասխանող իրավունքները պաշտպանվում են սույն օրենքով, շուկայի կանոններով և պայմանագրերով: Սույն սահմանման իմաստով լիցենզիա ունեցող անձի արտադրած էլեկտրական էներգիայի (հզորության) քանակություն է համարվում այն քանակությունը, որը վերջինիս կողմից փաստացի արտադրվել և առաքվել է, ինչպես նաև, որը վերջինս պատրաստ էր արտադրել և առաքել, սակայն չի կարողացել՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարման արդյունքում կամ հաղորդման ցանցում կամ բաշխման ցանցում այն ընդունելուն պատրաստ չլինելու պատճառով٫ և այդ դեպքերը որպես բացառություն սահմանված չեն շուկայի կանոններում.
թ) էլեկտրաէներգիայի մատակարարում՝ սույն օրենքով նախատեսված կարգավորվող պայմաններով սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) մատակարարում.
ժ) ինքնավար էներգաարտադրող` սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի իր սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատտը.
ժա) լիցենզիա` Հանձնաժողովի որոշմամբ տրամադրված պաշտոնական փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու անձի իրավունքը, իսկ սույն օրենքով և լիցենզիայով նախատեսված դեպքերում` նաև պարտականությունը.
ժբ) լիցենզավորված անձ` սույն օրենքի համաձայն լիցենզիա ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձը.
ժգ) խոցելի սպառող` բնակիչ բաժանորդ, որը Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստացել է խոցելի սպառողի կարգավիճակ՝ հաշվի առնելով վերջինիս սոցիալապես անապահով լինելու կամ հատուկ կարգավիճակ ունենալու հանգամանքը.
ժդ) կարգավարում՝ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման, արտահանման և տարանցման հնարավորությունների, ինչպես նաև կանխատեսվող սպառման ծավալների հայտարարագրման ու պլանավորման և իրական ժամանակում էլեկտրական էներգիայի ու բնական գազի պահանջարկն ամբողջ ծավալով բավարարելու նպատակով էներգետիկական համակարգի տեխնոլոգիական կառավարման համար անհրաժեշտ գործընթացի և գործողությունների համախումբ, որոնք կապահովեն սահմանված որակի էլեկտրական էներգիայի ու բնական գազի մատակարարումը՝ հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանմամբ.
ժե) հաղորդման (փոխադրման) ցանց` էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի հաղորդման (փոխադրման) գծերի (ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների) միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական, ջերմային էներգիան կամ բնական գազը հաղորդվում (փոխադրվում) է բաշխման ցանց, սպառողին, արտահանվում (ներկրվում) և (կամ) տարանցվում է երրորդ երկիր.
ժզ) համակարգային ծառայություններ` էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի համար շուկայի կանոններով սահմանված կարգավորվող գներով ձեռքբերվող ծառայություններ.
ժէ) Հանձնաժողով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով.
ժը) մատակարարման և օգտագործման կանոններ` Հանձնաժողովի կողմից հաստատված կարգավորման փաստաթղթերը, որոնցով սահմանվում են մատակարարների կողմից սպառողներին ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման ու վերջիններիս կողմից դրանց օգտագործման կանոնները և պայմանները.
ժթ) միացում` Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված էներգետիկայի բնագավառի նորմատիվ իրավական ակտերի և Հանձնաժողովի կողմից սահմանված միացման կանոնների համաձայն նոր կամ վերակառուցվող սպառման համակարգի կամ կայանի միացում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցին.
ի) շուկայի կանոններ` Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային և ցանցային կանոնները, որոնցով կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի մասնակիցների առևտրային փոխհարաբերությունները, ինչպես նաև հաղորդման և բաշխման ցանցերի զարգացման պլանավորման, կառավարման, կարգավարման և այդ ցանցեր մուտքի ապահովման հետ կապված հարաբերությունները.
իա) սակագին` էլեկտրական էներգիայի (հզորության), ջերմային էներգիայի, բնական գազի միավորի վաճառքի, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեությամբ մատուցվող ծառայությունների համար Հանձնաժողովի կողմից սույն օրենքին համապատասխան սահմանված առավելագույն գին կամ վճար.
իբ) սպառող (բաժանորդ)` էլեկտրական էներգիայի (հզորության), բնական գազի և (կամ) ջերմային էներգիայի սպառման պահանջարկ ունեցող անձը, որն էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի հետ կամ գտնվում է այդ գործընթացում.
իգ) վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած իրավիճակ, երբ պատվիրված պահուստային հզորություններով հնարավոր չէ իրականացնել տնտեսական կարգավարում.
իդ) տարանցում՝ Արցախի Հանրապետության մաքսային տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրում՝ մուտքի մաքսային մարմնից մինչև ելքի մաքսային մարմին:
(4-րդ հոդվածը խմբ., փոփ. 06.12.2006 ՀՕ-8, լրաց., փոփ. 28.09.2017 ՀՕ-28-Ն, խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 5. |
Էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները |
1. Էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝
ա) էներգետիկայի բնագավառում մրցակցության և արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
բ) էներգետիկայի բնագավառի գործունեության կարգավորումը.
գ) տնտեսական գործունեության, պետական կառավարման և կարգավորման գործառույթների տարանջատումը.
դ) սպառողների և էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովումը և շահերի հավասարակշռումը.
ե) տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունավետ օգտագործումը և դրան ուղղված տնտեսական ու իրավական մեխանիզմների կիրառումը.
զ) էներգետիկայի բնագավառում ներդրումների խրախուսումը.
է) էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեության թափանցիկության ապահովումը.
ը) էներգետիկայի բնագավառի անվտանգության ապահովումը.
թ) հանրապետության էներգետիկական անկախության խթանումը, այդ թվում՝ ներկրվող և տեղական էներգետիկ պաշարների տարատեսականացման և արտադրական հզորությունների առավելագույնս օգտագործման ապահովումը.
ժ) շրջակա միջավայրի պահպանման ապահովումը.
ժա) գիտատեխնիկական առաջընթացի և նոր՝ էներգաարդյունավետ ու էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման խրախուսումը.
ժբ) էներգետիկական շուկաների ձևավորման և զարգացման խթանումը.
ժգ) խոցելի սպառողների շահերի պաշտպանությունը.
ժդ) հաղորդման և բաշխման ցանցերին ոչ խտրական մուտքի և միացման երաշխավորումը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրպետության էներգետիկայի բնագավառում պետական կառավարման և կարգավորող մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում պետական քաղաքականություն իրականացնելիս ղեկավարվում են սույն հոդվածով սահմանված սկզբունքներով:
(5-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 5.1. |
Էներգետիկայի բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը |
1. Էներգետիկայի բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը իր իրավասության շրջանակներում անմիջականորեն իրագործում է էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականությունը, ինչպես նաև օժանդակում էներգետիկայի բնագավառի պետական կարգավորմանը:
2. Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը էներգետիկայի բնագավառում՝
ա) մշակում և Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Արցախի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.
բ) մշակում և Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում իր իրավասությունների շրջանակից բխող՝ էներգետիկայի բնագավառի նորմատիվ իրավական ակտերը.
գ) համագործակցում է Հանձնաժողովի հետ` էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման, էներգետիկայի բնագավառում միջպետական համագործակցության ընդլայնման ուղղությամբ.
դ) առաջարկություններ է ներկայացնում մինչև 30 մեգավատտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության՝ Հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների շրջանակներում տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ` հաշվի առնելով Արցախի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.
ե) համաձայնություն է տալիս Հանձնաժողովի կողմից 30 մեգավատտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրմանը` հաշվի առնելով Արցախի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.
զ) համաձայնություն է տալիս Հանձնաժողովի ներկայացրած շուկայի կանոններին.
է) համաձայնություն է տալիս Հանձնաժողովի ներկայացրած էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրերին.
ը) համաձայնություն է տալիս Հանձնաժողովի ներկայացրած էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշներին.
թ) նախապատրաստում և Արցախի Հանրապետության կառավարությանն է ներկայացնում էներգետիկայի բնագավառում պետություն-մասնավոր գործընկերության գործարքների վերաբերյալ առաջարկություններ, մասնակցում դրանց իրականացմանը:
(5.1-ին հոդվածը լրաց. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 6. |
Արտադրական հզորությունների, էներգետիկական ցանցերի և տեղակայանքների համար հողօգտագործման իրավունքը |
1. Նոր արտադրական հզորությունների, հաղորդման (փոխադրման) և բաշխման ցանցերի և տեղակայանքների կառուցման կամ գործող տեղակայանքների վերակառուցման (ընդլայնման) համար պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները տրամադրվում են առաջնահերթության իրավունքով և օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով հասարակական ծառայությունների մատուցման համար դրանց կառուցումը (վերականգնումը) նվազագույն ծախսումներով իրականացնելու հիմնավորումը: Օդային և մալուխային գծերի, բնական գազի և ջերմային ցանցերի կառուցման համար տրամադրված ուղիները և դրանց անվտանգության գոտիները պետք է բավարարեն տեխնիկական կանոնակարգերի պահանջները:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզավորված անձանց առկա էներգատեղակայանքների (արտադրող կայաններ, մալուխներ, օդային գծեր, ենթակայաններ, գազակարգավորիչ հանգույցներ, գազատարներ և ջերմատարներ և այլն) անվտանգության գոտիների և կառույցների համար օգտագործված պետական սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ սահմանվում է անվճար հարկադիր սերվիտուտ:
3. Էներգատեղակայանքի վերացման դեպքում նրա սեփականատերը պարտավոր է վերականգնել կամ բարեկարգել զբաղեցրած տարածքը՝ օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 3
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Էներգետիկայի բնագավառի կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է Հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների և լիցենզիա ունեցող անձանց շահերը, լիցենզիա ունեցող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ և նպաստել մրցակցային շուկայի ձևավորմանն ու զարգացմանը՝ երաշխավորելով սպառողների իրավունքները:
(7-րդ հոդվածը խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 8. |
Կարգավորման հիմնական սկզբունքները |
(8-րդ հոդվածն ուժը կորցրել է 06.12.2006 ՀՕ-8)
Հոդված 9. |
Կարգավորման հիմնական միջոցները |
Կարգավորման հիմնական միջոցներն են՝
ա/ գործունեության լիցենզավորումը, լիցենզիայի պայմանների սահմանումը և դրանց վերահսկումը.
բ/ (ենթակետն ուժը կորցրել է 29.11.2018 ՀՕ-71-Ն)
գ/ սակագների սահմանումը.
դ) լիցենզիա ունեցող անձանց միջև, ինչպես նաև սպառողների հետ կնքվող էլեկտրական էներգիայի (հզորության), ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման և (կամ) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերի կամ պարտադիր պայմանների սահմանումը, լիցենզիա ունեցող անձանց միջև կնքված պայմանագրերի գրանցումը.
ե/ շուկայի կանոնների և կարգերի սահմանումը.
զ/ կարգավորող մարմնի կողմից իր իրավասության շրջանակներում իրավական ակտերի սահմանումը, կատարման վերահսկողությունը.
է/ սպասարկման որակի նկատմամբ պահանջների սահմանումը.
ը) համաձայնության տրամադրումը լիցենզավորված անձանց կողմից ներկայացված ներդրումային ծրագրերին՝ ապագա սակագներում դրանց ամբողջովին կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.
թ) լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացումը:
(9-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 10. |
Կարգավորող մարմինը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում կարգավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), որը գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների հիման վրա և ինքնուրույն է իր իրավասությունների շրջանակում:
(10-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8)
Հոդված 11. |
Լիազորված մարմնի աշխատանքի կանոնակարգումը |
(11-րդ հոդվածն ուժը կորցրել է 06.12.2006 ՀՕ-8)
Հոդված 12. |
Հանձնաժողովի իրավասությունները |
(վերնագիրը փոփ. 06.12.2006 ՀՕ-8)
Հանձնաժողովն իրավասու է`
ա) սահմանել էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության, էներգետիկայի բնագավառում հաղորդման (փոխադրման), բաշխման, համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման և շուկայի կանոններով սահմանված համակարգային ծառայությունների սակագները.
բ) սահմանել սպառողներին վաճառվող բնական գազի, ջերմային էներգիայի վաճառքի սակագները, ինչպես նաև լիցենզավորված անձանց կողմից սպառողներին ծառայությունների մատուցման սակագները.
գ) իր կողմից սահմանված կարգով էներգետիկայի բնագավառում իրականացնել լիցենզավորում՝ տրամադրել լիցենզիաներ, երկարաձգել դրանց գործողության ժամկետները, վերաձևակերպել, կասեցնել և դադարեցնել դրանց գործողությունը, ինչպես նաև սահմանել լիցենզիաների պայմանները, վերահսկել դրանց կատարումը և կիրառել սույն օրենքով սահմանված տուժանքներ.
դ) հաստատել լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ` փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը.
ե) սահմանել ջերմային էներգիայի, ինչպես նաև բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները.
զ) հաստատել շուկայի կանոնները` Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի համաձայնությամբ.
է) սահմանել լիցենզավորված անձանց միջև կնքվող էներգիայի ու բնական գազի մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձևերը, իր կողմից սահմանված կարգով գրանցել էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև ներկրման և արտահանման պայմանագրերը՝ սույն օրենքի 12.1-ին հոդվածի համաձայն.
ը) սահմանել լիցենզավորված անձանց և սպառողների միջև կնքվող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի ու բնական գազի մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձևերը և ապահովել դրանց ներդրումը.
թ) կազմակերպել քննարկումներ լիցենզավորված անձանց միջև առաջացած տարաձայնությունների, սպառողների հարցադրումների և բողոքների, էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի ու բնական գազի մատակարարման հետ կապված, քննարկումների արդյունքով կայացնել որոշումներ և (կամ) տալ պարզաբանումներ.
ժ) սույն օրենքի, Հանձնաժողովի իրավական ակտերի, լիցենզիայի պայմանների կատարման վերահսկման, Հանձնաժողով ներկայացված հաշվետվությունների ու տեղեկությունների հավաստիության ուսումնասիրության նպատակով իր կողմից սահմանված կարգով իրականացնել լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգ (մշտադիտարկում).
ժա) լիցենզավորված և լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող անձանցից պահանջել բոլոր այն տեղեկություններն ու տվյալները, որոնք անհրաժեշտ են լիցենզիաների տրամադրման, դրանց պայմանների վերահսկման, սակագների սահմանման, տարաձայնությունների և այլ հարցերի քննարկման համար.
ժբ) սահմանել լիցենզավորված անձանց կողմից սպառողների սպասարկման որակի նվազագույն պահանջները.
ժգ) սահմանել Արցախի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ` կարգավորմանը վերաբերող հաշվետվությունների ներկայացման համար.
ժդ) համաձայնություն տալ լիցենզավորված անձանց կողմից ներկայացված ներդրումային ծրագրերին՝ ապագա սակագներում դրանց ամբողջական կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.
ժե) ապահովել իր կողմից ընդունված որոշումների կիրարկումը և մեկնաբանումը.
ժզ) համագործակցել էներգետիկայի բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ` էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման, էներգետիկայի բնագավառում միջպետական համագործակցության ընդլայնման ուղղությամբ.
ժէ) հաստատել լիցենզիա ունեցող անձանց կողմից մշակված էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրերը՝ էներգետիկայի բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի համաձայնությամբ.
ժը) հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի մշակած՝ էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները, էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշները՝ էներգետիկայի բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի համաձայնությամբ.
ժթ) սահմանել լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորված գործունեության վերաբերյալ հաշվապահական հաշվառման վարման լրացուցիչ պահանջներ:
(12-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8, փոփ., լրաց. 30.05.2013 ՀՕ-25-Ն, խմբ., լրաց. 28.09.2017 ՀՕ-28-Ն, խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 12.1. |
Պայմանագրերը և դրանց գրանցումը (հաշվառումը) |
1. Գազամատակարարման համակարգում լիցենզավորված անձանց միջև կնքված և արտահանման ու ներկրման պայմանագրերն ուժի մեջ են մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից: Պայմանագրերի գրանցման կամ մերժման ժամկետը չի կարող գերազանցել տասն աշխատանքային օրը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
2. Էլեկտրաէներգետիկական համակարգում լիցենզավորված անձանց միջև կնքված և արտահանման ու ներկրման պայմանագրերն ուժի մեջ են մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից՝ շուկայի կանոններով նախատեսված դեպքերում: Պայմանագրերի գրանցման կամ մերժման ժամկետը չի կարող գերազանցել տասն աշխատանքային օրը:
(12.1-ին հոդվածը լրաց. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 13. |
Պետական մարմինների հետ համագործակցությունը |
(13-րդ հոդվածն ուժը կորցրել է 06.12.2006 ՀՕ-8)
Հոդված 14. |
Գաղտնիությունը |
1. Լիցենզավորված անձի կողմից Հանձնաժողովին ներկայացված տեղեկատվությունները հրապարակային են, եթե դրանք լիցենզավորված անձի կողմից չեն համարվում գաղտնի և նշված չեն որպես «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն»:
2. Լիցենզավորված անձն իրավունք ունի ապացուցել, որ իր ներկայացրած տվյալների (ներառյալ՝ «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվության») հրապարակումը կարող է վնասել ընկերության մրցակցային գործունեության շահերին, որը գերակա է հրապարակման հասարակական շահից: Հանձնաժողովն իրավասու է ընդունել կամ մերժել նման տեղեկատվության չհրապարակման վերաբերյալ լիցենզավորված անձի խնդրանքը:
3. Հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում գաղտնի տվյալների հրապարակման համար:
4. Լիցենզավորված անձը պարտավոր է իր սպառողների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, քանակի և տեխնիկական պայմանների, ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվությունը համարել և պահել գաղտնի:
5. Լիցենզավորված անձինք իրավասու են բացահայտել սույն հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկությունները՝
ա) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` հանցագործության բացահայտման, քրեական հետապնդման առնչությամբ կամ ազգային անվտանգության դեմ սպառնալիքի դեպքում.
բ) Հանձնաժողովի պահանջով՝ վերջինիս վերապահված իրավասությունների իրականացման շրջանակում.
գ) եթե բացահայտումն անհրաժեշտ է ի պաշտպանություն լիցենզավորված անձի (ընթանում են վարույթներ ընդդեմ այդ լիցենզավորված անձի): Սպառողը կարող է պահանջել, որպեսզի բացահայտումը կատարվի գաղտնիության կարգով` դռնփակ վարույթների միջոցով:
6. Լիցենզավորված անձը պատասխանատվություն չի կրում սույն հոդվածի 5-րդ կետի համաձայն տեղեկությունների բացահայտման հետևանքով պատճառված որևէ վնասի համար:
(14-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8, լրաց. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
(վերնագիրը խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 15. |
Սակագների ձևավորման սկզբունքները |
(վերնագիրը փոփ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Սակագների ձևավորման սկզբունքներն են՝
ա) լիցենզիայի պայմաններին համապատասխան լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցման ապահովումը.
բ) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.
գ) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.
դ) սպառման ծավալով, պատվիրված հզորությամբ, տարվա եղանակով, օրվա ժամերով, միացման պայմաններով, ծառայությունների տեսակներով, ինչպես նաև խոցելի սպառողներ լինելու հանգամանքով պայմանավորված սակագների տարբերակումը.
ե) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.
զ) բնապահպանական նորմերն ապահովելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված ծախսերի ներառումը.
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված էներգետիկայի զարգացման ծրագրով նախատեսված էներգատեղակայանքների կոնսերվացման և պահպանման ծախսերի ներառումը.
ը) հիմնավորված տեխնիկական և առևտրային կորուստների ներառումը.
թ) օրենսդրությամբ նախատեսված հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը.
ժ) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում կատարված փոփոխությունների հետևանքով լիցենզավորված անձի կրած հիմնավորված լրացուցիչ ծախսերի կամ ստացած լրացուցիչ օգուտների ներառումը սակագնում.
ժա) լիցենզավորված գործունեության համար սահմանվող սակագներում տնտեսական այլ գործունեության ծախսերի չներառելը:
(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 16. |
Սակագների սահմանումը և կիրառումը |
(վերնագիրը փոփ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
1. Սակագների սահմանման ու վերանայման կարգը, այդ առնչությամբ լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Հանձնաժողովը:
2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց երեսուն օր հետո, իսկ էլեկտրական էներգիայի արտադրության սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Սակագների գործողության ժամկետը վեց ամսից պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքերի, երբ`
ա) լիցենզավորված անձը խախտում է գործունեության լիցենզիայի պայմանները.
բ) սահմանված սակագների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Հանձնաժողովն ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում:
Սույն կետի «ա» ենթակետում նշված դեպքում Հանձնաժողովն իրավունք ունի նշված ժամկետից շուտ փոխելու լիցենզավորված անձի սակագները, որոնք ուժի մեջ կմնան մինչև նրա կողմից թույլ տրված խախտման վերացումը:
3. Հանձնաժողովը կարող է սահմանել լիցենզավորված անձի գործունեության երկարաժամկետ սակագին։ Էներգետիկայի բնագավառում պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում կնքված գործարքի համաձայն՝ Հանձնաժողովը տրամադրվող գործունեության լիցենզիայով կարող է սահմանել սակագնային երկարաժամկետ համաձայնագիր:
4. Սահմանված սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև:
5. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը սակագինը սահմանում, վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի՝ սահմանման (վերանայման) հայտի փաթեթը Հանձնաժողով ներկայացնելու օրվանից հետո` 80 աշխատանքային օրվա ընթացքում (փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների դեպքում` 25 աշխատանքային օրվա ընթացքում):
6. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել գործող սակագինը և սահմանված կարգով սահմանել նոր սակագին՝ ելնելով լիցենզավորված անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից:
7. Լիցենզավորված անձը կարող է կիրառել Հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր սակագին, պայմանով, որ չի վտանգում կամ չի վտանգի լիցենզավորված գործունեությունը: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս Հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով լիցենզավորված անձի հնարավոր վնասները:
8. Հիմք ընդունելով սույն օրենքի 15-րդ հոդվածը՝ Հանձնաժողովը հաստատում է սակագների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների (շահութաբերության, մաշվածության, սեփական կարիքների, կորուստների, վառելիքի տեսակարար ծախսի և այլն) սահմանային (թույլատրելի) մեծությունները տոկոսային կամ բացարձակ մեծությամբ կամ հաստատում է դրանց հաշվարկման մեթոդիկաները:
(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.12.2006 ՀՕ-8, խմբ. 05.09.2007 ՀՕ-71, 28.09.2017 ՀՕ-28-Ն, փոփ., լրաց., խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 17. |
Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորումը |
1. Էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝
ա) էլեկտրական էներգիայի (հզորություն) արտադրությունը, ջերմային էներգիայի արտադրությունը կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրությունը.
բ) էլեկտրական էներգիայի հաղորդումը, ջերմային էներգիայի հաղորդումը, փոխանցումը կամ բնական գազի փոխադրումը.
գ) էլեկտրական էներգիայի բաշխումը, ջերմային էներգիայի բաշխումը կամ բնական գազի բաշխումը.
դ) էլեկտրական էներգիայի մատակարարումը (ներկրումը), արտահանումը.
ե) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կամ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունը.
զ) բնական գազի ներկրումը կամ բնական գազի արտահանումը.
է) էներգետիկական շուկային ծառայություններ մատուցելը:
Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի առուվաճառք իրականացնել (վաճառքի նպատակով գնել) կարող են միայն սույն օրենքին համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձինք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:
1.1. Էլեկտրական էներգիայի ներկրումը և (կամ) արտահանումը կարող են իրականացվել միայն Հանձնաժողովի կողմից տրված գործունեության այն տեսակի լիցենզիայի շրջանակում, որը սույն օրենքի համաձայն ներառում է էլեկտրական էներգիայի ներկրում և (կամ) արտահանում իրականացնելու իրավունքը՝ սույն օրենքին և շուկայի կանոններին համապատասխան:
2. Սույն հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունների էությունը կազմող գործառույթները սահմանվում են համապատասխան գործունեության լիցենզիաներով:
Կարգավորման ենթակա չեն՝
ա) բացառապես սեփական կարիքների համար ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված և էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում, ինչպես նաև ջերմային էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման և արտադրության ժամանակահատվածում.
բ) ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5,8 մեգավատտը.
գ) անօրգանական և օրգանական վառելիք օգտագործող մինչև մեկ մեգավատտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում.
դ) մինչև 150 կիլովատտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում, բացառությամբ հիդրոէլեկտրակայանների և սույն կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքերի.
ե) վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման (բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանների) և արտադրության ժամանակահատվածում:
3. Լիցենզիայի գործողության ժամկետը և գործունեության իրականացման աշխարհագրական տարածքը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ և ամրագրվում լիցենզիայում:
(17-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.12.2006 ՀՕ-8, փոփ., խմբ. 28.09.2017 ՀՕ-28-Ն, խմբ., լրաց. 29.11.2018 ՀՕ-71-Ն )
Հոդված 18. |
Գործունեության լիցենզիա ստանալու պայմանները |
1. Գործունեության լիցենզիա ստանալու համար Հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի ցանկը և ձևերը սահմանում է Հանձնաժողովը:
2. (կետն ուժը կորցրել է 29.11.2018 ՀՕ-71-Ն)
3. Գործունեության լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտի քննարկման և գործունեության լիցենզիայի տրման կարգն ու պայմանները սահմանում է Հանձնաժողովը:
4. Սկսած դիմողի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնելու պահից՝ Հանձնաժողովը սահմանված ժամկետում, որի տևողությունը չպետք է գերազանցի 80 աշխատանքային օրը (փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների դեպքում` 25 աշխատանքային օրը), քննարկում է լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումը և ընդունում համապատասխան որոշում:
5. (կետն ուժը կորցրել է 29.11.2018 ՀՕ-71-Ն)
(18-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8, 28.09.2017 ՀՕ-28-Ն, 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 19. |
Գործունեության լիցենզիայի պայմանները |
Գործունեության լիցենզիայի պայմանները սահմանում է Հանձնաժողովը:
(19-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8)
Հոդված 20. |
Լիցենզավորված գործունեության իրականացման համար ներկայացվող երաշխիքները |
(վերնագիրը խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
1. Կառուցման ժամանակահատվածը ներառող էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիա ստանալու, արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու, նշված ժամանակահատվածները երկարաձգելու նպատակով անձինք Հանձնաժողով են ներկայացնում Արցախի Հանրապետության օրենսդրությանը չհակասող երաշխիքներ՝ Հանձնաժողովի սահմանած կարգով:
2. Էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու, լիցենզիայով ամրագրված ժամանակահատվածում կայանը չվերակառուցելու, լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգվելու, ինչպես նաև արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով, Հանձնաժողով ներկայացնելու ժամկետը 2-րդ անգամ երկարաձգվելու դեպքերում երաշխիքային գումարը Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և չափով ենթակա է փոխանցման Արցախի Հանրապետության պետական բյուջե:
(20-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8, փոփ., լրաց. 28.09.2017 ՀՕ-28-Ն, խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 21. |
Լիցենզիա ունեցող անձի գործարքային իրավունքների սահմանափակումը |
(վերնագիրը խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
1. Լիցենզիա ունեցող անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման, գրավադրման, ինչպես նաև լիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման դեպքերում լիցենզիա ունեցող անձը պարտավոր է նախապես ստանալ Հանձնաժողովի համաձայնությունը:
2. Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համար լիցենզավորված անձը պարտավոր է նախապես ստանալ Հանձնաժողովի համաձայնությունը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե այն խախտում կամ կարող է խախտել էներգետիկ համակարգի հուսալիությունը կամ անվտանգությունը կամ ներքին շուկայի սպառողների շահերը, կամ ձեռքբերողը չունի անհրաժեշտ փորձ, ինչպես նաև համաձայնություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկատվությունը չեն համապատասխանում Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի պահանջներին, ինչպես նաև Արցախի Հանրապետության կառավարության գնահատմամբ վնասում կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն տարածվում մինչև 30 մեգավատտ հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց, ինչպես նաև մինչև 30 մեգավատտ գումարային հզորությամբ մեկից ավելի կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաներ ունեցող անձանց վրա, եթե վերջիններս չունեն այլ լիցենզիաներ, որոնց դեպքում պահանջվում է սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված համաձայնեցում:
(21-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8, լրաց. 28.09.2017 ՀՕ-28-Ն, խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 22. |
Գործունեության լիցենզիա ունեցող անձի պարտականությունները |
1. Գործունեության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է՝
ա) իր գործունեությունն իրականացնել սույն օրենքին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը, այլ իրավական ակտերին, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերին ու գործունեության լիցենզիայում նախատեսված պայմաններին համապատասխան.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 29.11.2018 ՀՕ-71-Ն)
գ) (ենթակետն ուժը կորցրել է 29.11.2018 ՀՕ-71-Ն)
դ) (ենթակետն ուժը կորցրել է 29.11.2018 ՀՕ-71-Ն)
ե) ապահովել լիցենզավորված գործունեության մեջ ներգրավված շենքերի, շինությունների, ինժեներական կառույցների էներգատեղակայանքների և գծերի մատչելիությունը Հանձնաժողովի և օրենքով սահմանված այլ մարմինների ներկայացուցիչների համար.
զ) (ենթակետն ուժը կորցրել է 29.11.2018 ՀՕ-71-Ն)
է) լիցենզիայի պայմաններին համապատասխան իրականացնել տեխնիկական (ներառյալ՝ տեխնոլոգիական կորուստների, վառելիքի տեսակարար ծախսի, սեփական կարիքների համար անհրաժեշտ էներգիայի կամ բնական գազի ծախսի և այլն) և (կամ) ֆինանսական աուդիտ՝ անկախ փորձագետների ներգրավմամբ.
ը) սահմանված կարգով Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել ներդրումային ծրագրերը` ապագա սակագներում ներդրումների ամբողջական կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.
թ) Հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել տեխնոլոգիական անխուսափելի կորուստների, վառելիքի տեսակարար ծախսերի, սեփական կարիքների համար օգտագործվող էներգիայի, բնական գազի և սակագնի տարր կազմող այլ մեծությունների հաշվարկման մեթոդիկաները.
ժ) իրականացնել սույն օրենքով ամրագրված մյուս պարտավորությունները:
2. Լիցենզավորված անձի կողմից իրականացվող տնտեսական այլ գործունեությունը պետք է վարվի լիցենզավորված գործունեությունից առանձին՝ առանձնացված հաշվառմամբ, և չպետք է վտանգի լիցենզիայի պայմանների պատշաճ կատարումը:
(22-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8, փոփ., խմբ., լրաց. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 23. |
Լիցենզավորված անձի հաշվետվությունները |
Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությանը վերաբերող հաշվետվությունները, այլ տեղեկատվությունը և անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերը ներկայացնում է Հանձնաժողով՝ վերջինիս կողմից սահմանված ձևերով և կարգով: Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեության յուրաքանչյուր տեսակի համար պարտավոր է վարել առանձնացված հաշվառում՝ Արցախի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
(23-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8, լրաց. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 24. |
Գործունեության լիցենզիայում փոփոխություններ կատարելու կարգը |
1. Գործունեության լիցենզիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ լիցենզիա ունեցող անձի դիմումի ընդունումը և քննարկումը կատարվում է Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
2. Հանձնաժողովի նախաձեռնությամբ գործունեության լիցենզիայի փոփոխությունները կատարվում են գործունեության լիցենզիա ունեցող անձի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և նորմատիվ իրավական ակտերի պատշաճ կատարումն ապահովելու համար:
3. (կետն ուժը կորցրել է 29.11.2018 ՀՕ-71-Ն)
(24-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8, լրաց., փոփ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 24.1. |
Գործունեության լիցենզիայի կասեցումը և դադարեցումը |
1. Լիցենզավորված անձի գործունեության լիցենզիան կարող է կասեցվել «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն օրենքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում, ինչպես նաև էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա կասեցվելու դեպքում:
2. Լիցենզավորված անձի գործունեության լիցենզիան կարող է դադարեցվել «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն օրենքով կամ այլ օրենքներով, ինչպես նաև հետևյալ դեպքերում՝
ա) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, Հանձնաժողովի սահմանած կարգով չի դիմել լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար կամ Հանձնաժողովը մերժել է փոփոխություններ կատարելու դիմումը, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր.
բ) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, Հանձնաժողովի սահմանած կարգով չի դիմել լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածը երկարաձգելու հայտով կամ Հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր.
գ) արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում Հանձնաժողովը կասեցրել է արտադրության լիցենզիան, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի ավարտը չի վերացրել արտադրության լիցենզիայի կասեցման համար հիմք հանդիսացած խախտումը, Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր, և Հանձնաժողովը չի վերացրել արտադրության լիցենզիայի կասեցումը.
դ) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը ուժը կորցրած ճանաչվելու կամ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում՝ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա:
(24.1-ին հոդվածը լրաց. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 25. |
Լիցենզավորված անձանց էներգատեղակայանքների տեխնիկական վերահսկողությունը |
(25-րդ հոդվածն ուժը կորցրել է 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 26. |
Բնական գազի արտահանման և ներկրման լիցենզիաները |
(վերնագիրը խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
1. Բնական գազի արտահանման լիցենզիա ունեցող անձն ունի բնական գազի ներկրման, փոխադրման կամ բաշխման լիցենզիա ունեցող անձից բնական գազ գնելու և արտահանելու իրավունք՝ համաձայն Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի:
2. Բնական գազի ներկրման լիցենզիա ունեցող անձն ունի բնական գազ ներկրելու և փոխադրման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) անմիջապես սպառողին դա վաճառելու իրավունք՝ համաձայն Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի:
(26-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8, խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 27. |
Էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիաները |
1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա ունեցող անձին տրվում է էլեկտրական էներգիա (հզորություն) գնելու և (կամ) իր արտադրած էլեկտրական էներգիան (հզորությունը) շուկայի կանոններին և լիցենզիայի պայմաններին համապատասխան արտահանելու իրավունք: Էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա տրվում է միայն ներքին շուկայի հագեցվածության դեպքում, երբ էլեկտրաէներգիայի արտահանումը չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին:
2. Արտահանվող էլեկտրաէներգիայի (հզորության) գները չեն կարգավորվում:
(27-րդ հոդվածը խմբ. 28.09.2017 ՀՕ-28-Ն)
Հոդված 28. |
Արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիաները |
(28-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.09.2017 ՀՕ-28-Ն)
Հոդված 29. |
Արտադրության լիցենզիաները |
1. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում էլեկտրական էներգիա արտադրող կայան (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայան) կառուցելու (վերակառուցելու), էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու և շուկայի կանոնների համաձայն դա վաճառելու կամ արտահանելու իրավունք, ինչպես նաև այն դեպքերում, երբ արտադրողը սեփական արտադրության էլեկտրական էներգիայով չի կարողանում կատարել իր պայմանագրային պարտականությունները:
1.1. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք Հանձնաժողովի սահմանած սակագներով պարտավոր են էլեկտրական էներգիան վաճառել՝ շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով: Մնացած դեպքերում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք էլեկտրական էներգիան կարող են վաճառել շուկայի մասնակիցներին կամ արտահանել՝ չկարգավորվող գներով:
2. Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում ջերմային էներգիա արտադրող կայան կառուցելու (վերակառուցելու), ջերմային էներգիա արտադրելու և Հանձնաժողովի սահմանած կարգով դա վաճառելու իրավունք: Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի համար սակագինը սահմանվում է կայանի կառուցման ավարտից հետո:
3. (կետն ուժը կորցրել է 29.11.2018 ՀՕ-71-Ն)
4. Սույն հոդվածով սահմանված լիցենզիաները տրվում են հաշվի առնելով տեղական պաշարների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը, ներքին շուկայի սպառողների շահերի պաշտպանությունը՝
ա) մինչև 30 մեգավատտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ նաև հաշվի առնելով էներգետիկայի բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի՝ Արցախի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերից բխող առաջարկությունները՝ տվյալ կայանների տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ.
բ) 30 մեգավատտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ նաև ստանալով էներգետիկայի բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի համաձայնությունը:
(29-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8, խմբ. 28.09.2017 ՀՕ-28-Ն, խմբ., լրաց., փոփ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 30. |
Հաղորդման (փոխադրման) լիցենզիաները |
1. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձին տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման ծառայություն իրականացնելու, էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց կառուցելու (վերակառուցելու) իրավունք: Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել շուկայի կանոններին և պայմանագրերին համապատասխան:
2. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձանց, համակարգի օպերատորի և շուկայի մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:
3. Բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հանձնաժողովի սահմանած կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնական գազի փոխադրման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), բնական գազ փոխադրելու, արտադրողից (արդյունահանողից) կամ ներկրողից բնական գազ գնելու, բաշխման, արտահանման լիցենզիա ունեցող անձանց կամ անմիջապես սպառողին բնական գազ վաճառելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով երրորդ երկրներ բնական գազ տարանցելու իրավունք:
4. Ջերմային էներգիայի փոխադրման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հանձնաժողովի սահմանած կարգով լիցենզիայով սահմանված տարածքում ջերմային էներգիայի փոխադրման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), արտադրողից ջերմային էներգիա ստանալու կամ գնելու, բաշխման լիցենզիա ունեցող անձանց առաքելու կամ անմիջապես սպառողին ջերմային էներգիա վաճառելու և կարգավարական ծառայություն իրականացնելու իրավունք: Ջերմային էներգիայի փոխադրման գործունեության իրավունքը, պայմանավորված ջերմային էներգիայի առաքման տեխնոլոգիայով, կարող է տրվել ջերմային էներգիայի արտադրության կամ բաշխման լիցենզիա ունեցող անձին միևնույն լիցենզիայով:
(30-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8, խմբ. 28.09.2017 ՀՕ-28-Ն, փոփ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 31. |
Համակարգի օպերատորի լիցենզիան |
1. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական համակարգում մատուցել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայություն՝ հետևյալ բացառիկ գործառույթներով.
ա) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորում և կարգավարում.
բ) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ կառավարում.
գ) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի զարգացման պլանավորում.
դ) տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Արցախի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ապահովում, ինչպես նաև լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված այլ ոչ բացառիկ գործառույթների իրականացման իրավունքներ:
2. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը, համագործակցելով գործունեության լիցենզիա ունեցող անձանց հետ, մշակում է էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները, համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշները և ներկայացնում Հանձնաժողովի հաստատմանը։
3. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կարգավարելիս՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կհանգեցնեն սպառողների համար էլեկտրական էներգիայի (հզորության) նվազագույն ծախսումներով արտադրությանը և հաղորդմանը՝ հաշվի առնելով արտադրողներին տրված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքները:
3.1. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել այլ լիցենզավորվող գործունեությամբ էներգետիկայի բնագավառում, բացառությամբ էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման գործունեության՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:
4. Գազամատակարարման համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին տրվում են բնական գազի ներկրման, փոխադրման (ներառյալ՝ պահեստավորման) և տարանցման օպերատիվ տեխնոլոգիական կարգավարման բացառիկ իրավունքներ:
5. Գազամատակարարման համակարգի օպերատորը պլանավորման, կոորդինացման և կարգավարման գործընթացներում պետք է լիցենզիայի պայմաններին համապատասխան ապահովի բնական գազի ներկրման, փոխադրման (ներառյալ՝ պահեստավորման) և տարանցման հուսալիությունն ու անվտանգությունը:
(31-րդ հոդվածը լրաց., փոփ. 06.12.2006 ՀՕ-8, խմբ., լրաց. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 32. |
Բաշխման լիցենզիաները |
1. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման և բաշխման ցանցի կարգավարման բացառիկ իրավունք, ինչպես նաև էլեկտրական էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու) իրավունք: (երկրորդ նախադասությունը հանվել է 29.11.2018 ՀՕ-71-Ն) Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել Էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությամբ:
2. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը, համագործակցելով լիցենզիա ունեցող անձանց հետ, մշակում է էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններն ու դրանք ներկայացնում Հանձնաժողովի հաստատմանը:
3. Բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին բնական գազ բաշխելու բացառիկ իրավունք, ինչպես նաև բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), Հանձնաժողովի սահմանած կարգով բնական գազ գնելու և վաճառելու իրավունք: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը:
4. Ջերմային էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում սպառողներին ջերմային էներգիա բաշխելու իրավունք, ինչպես նաև ջերմային էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), Հանձնաժողովի սահմանած կարգով ջերմային էներգիա գնելու և վաճառելու իրավունք: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը:
(32-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8, խմբ. 28.09.2017 ՀՕ-28-Ն, փոփ., լրաց., խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 32.1. |
Մատակարարման լիցենզիաները |
1. Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձն ունի շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով էլեկտրական էներգիա (հզորություն) ինքնավար էներգաարտադրողից գնելու և (կամ) ներկրելու իրավունք և պարտավոր է լիցենզիայի պայմաններին ու կնքված պայմանագրերին համապատասխան դա վաճառել իր հետ մատակարարման պայմանագիր կնքած սպառողներին:
2. Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է երաշխավորել գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
(32.1-ին հոդվածը լրաց. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 33. |
Էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիաները |
1. Էլեկտրաէներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների կազմը և լիցենզավորման ենթակա գործունեությունների տեսակները սահմանում է Հանձնաժողովը և տալիս համապատասխան լիցենզիաներ:
2. Էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձինք ստանում են լիցենզիայում նշված ժամկետում տվյալ գործունեության իրականացման բացառիկ իրավունք:
(33-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8)
Գ Լ ՈՒ Խ 5.1
(5.1-ին գլուխը լրաց. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Հոդված 33.1. |
Ընդհանուր սկզբունքները |
1. Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտուրն իրականացվում է էլեկտրաէներգետիկական շուկայում՝ կնքված պայմանագրերի հիման վրա:
2. Էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրի մասնակիցներին ծառայություններ են մատուցում էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը, ինչպես նաև էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման ու էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը:
3. Էլեկտրաէներգետիկական շուկայում չեն կարգավորվում՝
ա) մատակարարի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) գները.
բ) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից՝ ներքին շուկայի պահանջարկը բավարարվելուց հետո վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) գները:
4. Էլեկտրաէներգետիկական շուկայի չկարգավորվող հատվածում երաշխավորվում է տնտեսական մրցակցության համար համապատասխան պայմանների ապահովումը:
Հոդված 33.2. |
Էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրի մասնակիցները |
1. Էլեկտրաէներգետիկական շուկային մասնակցում են՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, մատակարարման լիցենզիա ունեցող անձինք, ինքնավար էներգաարտադրողները և սպառողները:
2. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, ինչպես նաև էլեկտրական էներգիայի հաղորդման ու էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց և շուկայի առևտրի մասնակիցների փոխհարաբերությունները սահմանվում են շուկայի կանոններով:
Հոդված 33.3. |
Շուկայի առևտրային և ցանցային կանոնները |
1. Էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոններով սահմանվում են.
ա) էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքը.
բ) էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության սկզբունքները.
գ) էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների գրանցման կարգը.
դ) էլեկտրաէներգետիկական շուկայում առևտրի իրականացման կանոնները.
ե) էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման կանոնները.
զ) էլեկտրաէներգետիկական շուկայում հայտերի և առաջարկների ներկայացման կանոնները.
է) էլեկտրաէներգիայի (հզորության) համակարգային ծառայությունների հաշվառման ու վճարման կարգը.
ը) էլեկտրաէներգետիկական շուկայում տվյալների պահպանմանը և թափանցիկությանը ներկայացվող պահանջները.
թ) էլեկտրաէներգետիկական շուկայի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը.
ժ) էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին ներկայացվող պահանջները.
ժա) սպառողների կողմից մատակարարներին փոփոխելու կարգը.
ժբ) սպառած էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման ու վճարման կարգը.
ժգ) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման ու անճշտության հայտնաբերման դեպքում մատակարարի ու սպառողի փոխհարաբերությունները:
2. Էլեկտրաէներգետիկական շուկայի ցանցային կանոնները բաղկացած են հաղորդման ցանցային կանոններից և բաշխման ցանցային կանոններից:
3. Էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոններով սահմանվում են.
ա) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի զարգացման պլանավորումը.
բ) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ կառավարումը.
գ) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորումը և կարգավարումը.
դ) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցին նոր հզորությունների միացումը.
ե) էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները.
զ) էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը:
4. Էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոններով սահմանվում են.
ա) բաշխման ցանցի զարգացման պլանավորումը.
բ) բաշխման ցանցի օպերատիվ կառավարումը.
գ) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորումը և կարգավարումը.
դ) բաշխման ցանցին նոր սպառողների կամ սպառողների վերակառուցվող սպառման համակարգերի, ինչպես նաև նոր հզորությունների միացումը.
ե) բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները.
զ) բաշխման ցանցի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը:
(5.1-ին գլուխը լրաց. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6
(6-րդ գլուխը խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԵՎ ՏԱՐԱՆՑՈՒՄԸ
(վերնագիրը խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 34. |
Էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի կազմակերպումը |
1. Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը և Հանձնաժողովը էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման և տարանցման ապահովման նպատակով մշտապես կատարելագործում են էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքն ու կանոնները և համագործակցում այլ երկրների հետ:
2. Էլեկտրաէներգիայի միջպետական առևտուրը և տարանցումը պետք է իրականացվեն էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման պայմանով՝ նպատակ ունենալով բարձրացնել էլեկտրաէներգետիկական շուկայի արդյունավետությունը:
3. Էլեկտրաէներգիայի միջպետական առևտուրն իրականացվում է սույն օրենքի համաձայն էլեկտրաէներգիայի ներկրման և (կամ) արտահանման իրավունք ունեցող անձանց կողմից: Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը սույն օրենքով և շուկայի կանոններով սահմանված կարգով համակարգում է էլեկտրաէներգիայի միջպետական առևտուրը, ինչպես նաև տարանցումը:
4. Էլեկտրաէներգիայի միջպետական առևտուրը կարող է իրականացվել ինչպես օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ էլեկտրական էներգիայի առքուվաճառքի ուղիղ պայմանագրերի կնքման, այնպես էլ Արցախի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկան այլ երկրների էլեկտրաէներգետիկական շուկաների հետ զուգակցելու միջոցով: Արցախի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկան այլ երկրների հետ զուգակցելու պայմանները և առքուվաճառքի կանոնները որոշվում են համապատասխան պայմանագրերով:
5. Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք Արցախի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիա տարանցելու իրավունք ունեն՝ շուկայի կանոններով սահմանված կարգով էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, հաղորդման, ինչպես նաև բաշխման (եթե տարանցվող էլեկտրական էներգիան անցնում է նաև բաշխման ցանցով) լիցենզիա ունեցող անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
(34-րդ հոդվածը խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 35. |
Սպառողների մատակարարման պայմանագրերը և պատասխանատվությունը պարտավորությունների խախտման համար |
(35-րդ հոդվածն ուժը կորցրել է 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
1. Գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից սույն օրենքի դրույթները, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը, գործունեության լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում Հանձնաժողովն իրավասու է տալ խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ և կիրառել սույն հոդվածով նախատեսված տուժանքները:
2. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիզենզիա ունեցող անձի կողմից «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացում:
3. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված անձանց, սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված արարքը կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման, կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը, կամ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված արարքը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ քսան միլիոն ՀՀ դրամից քառասուն միլիոն ՀՀ դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
4. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիզենզիա ունեցող անձի կողմից Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունած իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի այլ կետերով վարչական իրավախախտման հատկանիշներ, առաջացնում է նախազգուշացում:
5. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիզենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված անձանց, սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ հինգ միլիոն դրամից տասը միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
6. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիզենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված անձանց, սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված արարքը կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը, կամ խոչընդոտել է Հանձնաժողովի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը՝ առաջացնում է տուգանք՝ տասը միլիոն ՀՀ դրամից քսան միլիոն ՀՀ դրամի չափով կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
7. Կայանի կառուցման ժամանակահատվածում Էլեկտրական (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված) կամ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձի, գազամատակարարման համակարգի օպերատորի, էլեկտրական էներգիայի (հզորության) կամ ջերմային էներգիայի հաղորդման կամ բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձի, մինչև 30 մեգավատտ դրվածքային հզորություն ունեցող կայաններում էլեկտրական էներգիա արտադրող լիցենզավորված անձի կողմից սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված արարքը կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը, կամ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված արարքը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամից երկու միլիոն ՀՀ դրամի չափով կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
8. Սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված անձանց կողմից սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ հինգ հարյուր հազար դրամից մեկ միլիոն ՀՀ դրամի չափով կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
9. Սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված անձանց կողմից սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված արարքը կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը, կամ խոչընդոտել է Հանձնաժողովի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը՝ առաջացնում է տուգանք՝ մեկ միլիոն ՀՀ դրամից մեկուկես միլիոն ՀՀ դրամի չափով կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
(36-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8, խմբ. 30.11.2011 ՀՕ-73-Ն, փոփ. 28.09.2017 ՀՕ-28-Ն, խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 37. |
Հանձնաժողովի իրավական ակտերի բողոքարկումը |
(37-րդ հոդվածն ուժը կորցրել է 05.09.2007 ՀՕ-71)
Գ Լ ՈՒ Խ 8
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 38. |
Սպառողների էներգամատակարարումը |
1. Սպառողին էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարումը կատարվում է մատակարարման պայմանագրի համաձայն, որով մատակարարը պարտավորվում է մատակարարել էլեկտրական կամ ջերմային էներգիա կամ բնական գազ, իսկ սպառողը` ընդունել դա և վճարել դրա համար՝ այդ պայմանագրով, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետևանքով հասցված վնասը փոխհատուցվում է խախտողի կողմից` օրենքով սահմանված կարգով: Պայմանագրերի կատարման հսկողությունն իրականացնում են միայն պայմանագրային կողմերը:
3. Բաշխման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է էլեկտրական կամ ջերմային էներգիա կամ բնական գազ բաշխել իր սպասարկման տարածքում գտնվող յուրաքանչյուր սպառողի, որը բավարարում է շուկայի կանոնների կամ մատակարարման և օգտագործման կանոնների պահանջները:
4. Եթե էլեկտրական կամ ջերմային էներգիան կամ բնական գազն սպառվում է առանց մատակարարման պայմանագրի (ապօրինի սպառում), ապա բաշխման լիցենզիա ունեցող անձը անմիջապես դադարեցնում է էներգիայի (բնական գազի) ապօրինի սպառումը և պահանջում վնասի փոխհատուցում` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Մատակարարված էներգիան և բնական գազը խոցելի սպառողներն իրավունք ունեն օգտագործել բացառապես կենցաղային կարիքների բավարարման նպատակով:
6. Սոցիալական աջակցության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում Հանձնաժողովին՝ խոցելի սպառողների համար էներգիայի և բնական գազի մատակարարման հատուկ սակագներ և պայմաններ սահմանելու նպատակով, ինչպես նաև խոցելի սպառողներին էներգիա և բնական գազ մատակարարող լիցենզավորված անձանց՝ վերջիններիս հաշվառելու նպատակով:
(38-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8, խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 39. |
Սպառողի կողմից էլեկտրական էներգիայի փոխանցումը |
(վերնագիրը խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
1. Սպառողը պարտավոր է իր էներգատեղակայանքներով փոխանցել էլեկտրական էներգիան կամ բնական գազը, որը նախատեսված է ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
2. Սպառողն իրավունք ունի իր էլեկտրական էներգիան և բնական գազը փոխանցել այլ անձի, եթե նման փոխանցումը սպառողի կողմից չի իրականացվում իբրև ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակ և այդ փոխանցումը բխում է սպառողի գործունեության էությունից (առևտրային, արտադրական կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրում):
(39-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8, խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 40. |
Էներգամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակները |
1. Լիցենզիա ունեցող անձինք Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով մշակում են էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրեր, որոնք պետք է արտացոլեն նաև որոշակի սպառողների էներգամատակարարման առաջնահերթության պայմանները: Նման սպառողների ցանկը ամեն տարի՝ մինչև հոկտեմբերի 1-ը, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Լեռնային Ղարաբաղի Հանարպետության կառավարության կողմից նոր ցանկը չսահմանվելու դեպքում կիրառվում է նախորդ տարվա ցանկը: Այդ ծրագրերը քննարկվում և հաստատվում են համատեղ՝ պետական մարմնի և Հանձնաժողովի կողմից:
2. Էներգամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են հետևել և կատարել հաստատված ծրագրերում նշված միջոցառումները և համագործակցել պետական մարմնի, Հանձնաժողովի և կառավարման ու ինքնակառավարման տեղական մարմինների հետ՝ բոլոր սպառողներին տեղեկացնելով էներգիայի մատակարարման սահմանափակումների չափերի և տևողության մասին:
(40-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8)
Հոդված 41. |
Արտակարգ իրավիճակները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով հայտարարված արտակարգ իրավիճակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավասու է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել էներգետիկայի բնագավառի կառավարման և (կամ) գործունեության կանոնակարգման համար:
Հոդված 42. |
Էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման ցանցեր ոչ խտրական մուտքի իրավունքը |
(վերնագիրը խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
1. Ցանկացած անձ իրավունք ունի իր նոր կամ վերակառուցված սպառման համակարգը կամ կայանը ոչ խտրական պայմաններով միացնել էլեկտրական կամ բնական գազի հաղորդման կամ բաշխման ցանցերին` համաձայն Արցախի Հանրապետությունում ընդունված տեխնիկական կանոնակարգերի և Հանձնաժողովի կողմից սահմանված միացման կանոնների:
2. Անձն իր սպառման համակարգը կամ կայանը էլեկտրական, ջերմային կամ բնական գազի հաղորդման կամ բաշխման ցանցերին միացման համար Հանձնաժողովի սահմանած դեպքերում և կարգով վճարում է միացման վճար: Միացման վճարը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև կամ որոշվել անհատական կարգով՝ յուրաքանչյուր նոր միացվող սպառման համակարգի կամ կայանի համար:
3. Այն դեպքերում, երբ անձի սպառման համակարգի կամ կայանի միացումը էլեկտրական կամ բնական գազի հաղորդման կամ բաշխման ցանցերին կարող է ազդել նշված համակարգի հուսալիության և անվտանգության վրա, ապա այդպիսի միացումներն իրականացվում են էլեկտրաէներգետիկական կամ գազամատակարարման համակարգի օպերատորի համաձայնությամբ՝ Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում և կարգով:
4. Այն դեպքերում, երբ անձի սպառման համակարգը կառուցվել է գործող էներգակայանքների անվտանգության գոտիներում, ապա այդ էներգակայանքների տեղափոխման ծախսերը կրում է տվյալ տարածքի սեփականատերը:
5. Էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) կամ բաշխման լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են շուկայի կանոնների և պայմանագրերի հիման վրա ապահովել համապատասխանաբար իրենց հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցերին ցանկացած անձի ոչ խտրական մուտքի իրավունքը, ինչպես նաև իրենց ցանցերով հաղորդել (փոխադրել) կամ բաշխել սպառողի կամ այլ անձանց էլեկտրական էներգիան կամ բնական գազը` Հանձնաժողովի սահմանած սակագնով:
(42-րդ հոդվածը խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 43. |
Սպառողների շահերի պաշտպանության երաշխիքները |
1. Լիցենզիայից կամավոր հրաժարվելու կամ անձին լիցենզիայից զրկելու դեպքերում սպառողների անխափան մատակարարումն ապահովելու նպատակով Հանձնաժողովը, մինչև գործունեության նոր լիցենզիա տալը, իրավունք ունի համապատասխան որոշմամբ պարտադրել լիցենզիայից կամավոր հրաժարված կամ զրկված անձին ժամանակավորապես շարունակել իր գործունեությունը՝ Հանձնաժողովի սահմանած պայմաններին և դրույթներին համապատասխան: Այդ որոշումը չկատարելու դեպքում կիրառվում են սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները:
2. Հանձնաժողովը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նոր լիցենզիա տալու գործընթացն արագացնելու համար: Լիցենզիայից զրկված անձը սահմանված պայմանները բավարարելու դեպքում իրավունք ունի ընդհանուր հիմունքներով դիմել Հանձնաժողով՝ նոր լիցենզիա ստանալու համար:
3. Եթե լիցենզիայից զրկված անձը չի բավարարում գործունեության նոր լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները կամ հրաժարվում է նոր լիցենզիա ստանալու իրավունքից, ապա նա օտարում է լիցենզավորված գործունեությունն ապահովող իր սեփականությունը հանդիսացող գույքային համալիրը, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը գործունեության լիցենզիայից զրկված անձի բաժնետերերին առաջարկում է իր հետ համաձայնեցված կարգով օտարել այդ ընկերության բաժնետոմսերը: Լիցենզիայից զրկված անձի՝ գործունեության նոր լիցենզիա ստանալու պայմանները չբավարարելու և իր սեփականությունը կազմող լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող գույքային համալիրը չօտարելու դեպքում, որպես բացառիկ միջոց, այդ գույքը կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարվել պետության և հասարակության կարիքների համար՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ: Գույքի օտարման ընթացքում սպառողների շահերի պաշտպանության նպատակով Հանձնաժողովը նշանակում է գործունեության լիցենզիայից զրկված անձի գույքի ժամանակավոր կառավարիչ:
(43-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8)
Հոդված 44. |
Էլեկտրաէներգիայի հաղորդման, բնական գազի փոխադրման և (կամ) բաշխման ցանցեր մուտք գործելու իրավունքը |
(44-րդ հոդվածն ուժը կորցրել է 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 45. |
Էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաշվառումը |
(45-րդ հոդվածն ուժը կորցրել է 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 46. |
Լիցենզավորված անձանց միջև ծագած տարաձայնությունները |
1. Լիցենզավորված անձանց միջև ծագած տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմել Հանձնաժողով՝ վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով:
2. Սույն հոդվածը չի սահմանափակում վեճերը դատական կարգով լուծելու կողմերի իրավունքը:
(46-րդ հոդվածը փոփ. 06.12.2006 ՀՕ-8)
Հոդված 47. |
Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիները |
1. Էներգետիկայի բնագավառի օբյեկտներն ապահովվում են անվտանգության գոտիներով:
2. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը սահմանում է կառավարությունը:
3. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիներում արգելվում է իրականացնել որևէ գործունեություն, որը կարող է սպառնալ օբյեկտների բնականոն աշխատանքին, քաղաքացիների և շահագործող անձնակազմի կյանքին ու առողջությանը, գույքի պահպանությանը՝ ըստ տեխնիկական կանոնակարգերի:
4. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների էներգատեղակայանքների անվտանգության գոտիներում արգելվում է՝
ա) կատարել հողային աշխատանքներ՝ առանց էներգատեղակայանքների սեփականատիրոջ կամ տնօրինող անձի թույլտվության.
բ) կառուցել շենքեր, կառույցներ, շինություններ, իրականացնել այնպիսի գործունեություն, որն անհնար է դարձնում կամ դժվարացնում է էներգատեղակայանքների սպասարկումը կամ սպառնում է դրանց անվտանգությանն ու հուսալիությանը:
5. Էներգետիկայի և այլ բնագավառների համակարգերի փոխհատվող սարքավորումների (ինժեներական կառույցներ, հաղորդագծեր) սեփականատերերը պարտավոր են համագործակցել՝ դրանց անվտանգությունը, հուսալիությունը և բնականոն գործունեությունն ապահովելու համար:
Գ Լ ՈՒ Խ 9
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Հոդված 48. |
Միջազգային պայմանագրերը |
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 10
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 49. |
Սույն օրենքին չհամապատասխանող կամ հակասող ակտերը |
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընդունված, օրենքի ուժ չունեցող այլ իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:
Հոդված 50. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրաէներգետիկական համակարգում գործում են հետևյալ սահմանափակումները.
ա) երեք տարվա ընթացքում Հանձնաժողովն իրավունք ունի սահմանել ներքին սպառման համար էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության և ներքին շուկայի համար գնման պարտադիր տարեկան քվոտաներ, որոնցով սահմանափակվում (արգելվում) է արտադրության առավել ցածր սակագին ունեցող արտադրող կայաններից էլեկտրաէներգիայի արտահանումը տարածաշրջանային շուկա.
բ) բաշխման լիցենզիա ունեցող անձին հինգ տարի ժամկետով տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքի բացառիկ իրավունք (բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը).
գ) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի համար Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15 տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների կողմից 20 տարվա ընթացքում տրվում է արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի գնման երաշխիք:
Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պարագայում տվյալ կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության նոր լիցենզիա տրամադրվելու դեպքում սույն ենթակետով նախատեսված ժամկետը հաշվարկվում է տվյալ կայանի համար սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝
ա) (ենթակետն ուժը կորցրել է 29.11.2018 ՀՕ-71-Ն)
բ) մեկ տարվա ընթացքում Ազգային ժողով է ներկայացնում սույն օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան օրենքի նախագիծ:
3. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության և բնապահպանության նորմերի պահանջների կատարմանն ուղղված միջոցառումները լիցենզավորված անձինք իրականացնում են Հանձնաժողովի հաստատած փուլային ծրագրով և ժամանակացույցով: Հաստատված ծրագրի իրականացման ընթացքում դրանցում ներառված տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներից շեղումները չեն համարվում այդ նորմերի խախտումներ:
4. Էլեկտրաէներգետիկական շուկայի կանոնները և դրանց կիրարկումն ապահովող իրավական ակտերը Հանձնաժողովի կողմից մշակվում և ներդրվում են սույն օրենքի ընդունումից հետո՝ մեկ տարվա ընթացքում:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում Հանձնաժողովը պարտավոր է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդունված որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին, ինչպես նաև իրավունք ունի երեք տարվա ընթացքում իր կողմից սահմանված կարգով լրացումներ և փոփոխություններ կատարել նախկին օրենքի համաձայն տրված գործունեության լիցենզիաներում:
6. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1999 թվականի դեկտեմբերի 29-ի «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:
6.1. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների դրվածքային հզորությունը կարող է հասնել էլեկտրական էներգիայի իրենց սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությանը, բայց ոչ ավելի, քան 500 կիլովատտ, որոնց գործունեությունը ենթակա չէ կարգավորման կառուցման և արտադրության ժամանակահատվածներում:
(50-րդ հոդվածը փոփ., խմբ. 06.12.2006 ՀՕ-8, խմբ. 28.09.2017 ՀՕ-28-Ն, լրաց., փոփ., խմբ. 29.11.2018 ՀՕ-71-Ն)
Հոդված 51. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
30 նոյեմբերի 2002թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-6 |
|