Համարը 
ՀՕ-58-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.12.30/36(108)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.11.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.12.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի

նոյեմբերի 26-ին

 

ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին Հռչակագրով և Սահմանադրությամբ, նկատի ունենալով հայ ժողովրդի հոգևոր զարթոնքը, նրա դարավոր հոգևոր փորձն ու ավանդույթները, ճանաչելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգևոր կյանքի շինության ու ազգապահպանման կարևոր պատվար, առաջնորդվելով միջազգային նորմերով սահմանված մարդու իրավունքների և հիմնական ազատությունների սկզբունքներով և հավատարիմ լինելով քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային Դաշնագրի 18-րդ հոդվածի դրույթներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն ընդունում է սույն օրենքը խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի և կրոնական դավանանքի ազատությունը: Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձնապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր:

 

Հոդված 2

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն օրենքի առջև հավասար են քաղաքացիական, քաղաքական, հասարակական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում՝ անկախ կրոնի նկատմամբ իրենց վերաբերմունքից կամ կրոնական պատկանելությունից:

2. Դավանանքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների ուղղակի կամ անուղղակի սահմանափակումները, կրոնական հողի վրա հետապնդումները կամ այլ իրավունքների խոչընդոտումը, կրոնական թշնամանքի հարուցումը առաջ են բերում օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 3

 

1. Քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որևէ հարկադրանք կամ բռնություն՝ ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին և արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս:

2. Խղճի ազատության իրավունքի իրագործումը ենթակա է լոկ այն սահմանափակումներին, որոնք անհրաժեշտ են պետական և հասարակական անվտանգությունը, կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

Հոդված 4

 

1. Կրոնական կազմակերպությունը հավատի համատեղ դավանության, ինչպես նաև կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված քաղաքացիների միավորում է:

2. Կրոնական կազմակերպություններ են՝ եկեղեցական ու կրոնական համայնքները, թեմերը, վանքերը, կրոնական միաբանությունները, նրանց կրթական ու հրատարակչական հաստատությունները և այլ կրոնական-եկեղեցական հիմնարկներ:

 

Հոդված 5

 

1. Քաղաքացիների խումբը ճանաչվում է որպես կրոնական կազմակերպություն, եթե այն բավարարում է հետևյալ պայմաններին.

1) չի հակասում սույն օրենքի 3-րդ հոդվածի դրույթներին.

2) հիմնվում է պատմականորեն կանոնացված որևէ սուրբ գրքի վրա.

3) իր դավանանքով մտնում է համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի մեջ.

4) զերծ է նյութապաշտությունից և ուղղված է դեպի զուտ հոգևոր ոլորտները.

5) ընդգրկում է առնվազն 100 հավատացյալ անդամ: Մինչև 18 տարեկան երեխաները չեն կարող անդամագրվել կրոնական կազմակերպությանը՝ անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակցելու պարագայից և այլ հանգամանքներից:

2. Սույն պայմանները (բացի 1-ին կետում նշվածից) պարտադիր չեն միայն ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպությունների համար՝ իրենց ազգային դավանանքով:

 

Հոդված 6

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործում են.

1) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (կրճատ՝ Հայ Եկեղեցի)՝ իր ավանդական կազմակերպություններով.

2) կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում և գործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակում՝ սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 7

 

1. Կրոնական կազմակերպությունների հոգևոր-կրոնական գործունեությունն իրականացվում է հետևյալ իրավունքների հստակ ընդգծված շրջանակներում.

1) իրենց շուրջ համախմբել իրենց հավատացյալներին.

2) ապահովել իրենց հավատացյալների հոգևոր-կրոնական բոլոր կարիքների ու պահանջմունքների բավարարումը.

3) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում և դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակերպությունների հիմնարկներում, ինչպես նաև հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում` այնտեղ գտնվող և տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով: Զորամասերում կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ կարող է կատարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Մնացած դեպքերում հրապարակային ժամասացությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են հավաքների համար սահմանված կարգով: Նման միջոցառումների համար դահլիճներ, համերգասրահներ և այլ տարածքներ հատկացվում են միայն գրանցված կրոնական կազմակերպություններին՝ նախօրոք այդ հարցը համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի հետ.

4) ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների ու նրանց երեխաների կրոնական կրթության համար՝ ծնողների համաձայնությամբ, այդ նպատակով օգտագործելով իրենց պատկանող կամ հատկացված շինությունները.

5) զբաղվել աստվածաբանական, կրոնական, պատմամշակութային ուսումնասիրություններով.

6) պատրաստել հոգևորական ծառայության կամ գիտական ու մանկավարժական մշակներ իրենց հոգևոր կենտրոնների կրթական հաստատություններում.

7) ձեռք բերել և օգտագործել կրոնական նշանակության առարկաներ ու նյութեր.

8) օգտվել զանգվածային լրատվության միջոցներից՝ օրենքով սահմանված կարգով.

9) կապեր հաստատել այլ երկրների եկեղեցական կազմակերպությունների հետ՝ անկախ նրանց ազգային կամ դավանական պատկանելությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի համաձայնությամբ, իրենց հավատացյալներին գործուղել արտասահման՝ ուխտագնացության, ժողովների կամ կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև ուսման կամ հանգստի նպատակով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված կրոնական և այլ կազմակերպությունները, հիմնարկներն ու պաշտոնատար անձինք օտարերկրյա կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են հրավիրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի միջոցով.

10) զբաղվել բարեգործությամբ:

2. Կրոնական կազմակերպությունների հրատարակչական գործունեությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությամբ:

3. Կրոնական կազմակերպությունների իրավունքներն առաջանում են տվյալ կրոնական կազմակերպության Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվելու պահից:

(7-րդ հոդվածը փոփ. 28.06.2018 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 8

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արգելվում է հոգևորսությունը (դավանաորսությունը): Որպես հոգևորսություն (դավանաորսություն) չի կարող դիտվել սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված իրավասությունների սահմանում ծավալված որևէ գործողություն:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

 

Հոդված 9

 

1. Կրոնական կազմակերպության սեփականության իրավունքը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:

2. Պետությունն անհատույց Հայ Եկեղեցուն է վերադարձնում կրոնական շինությունները, նրանց կից տարածքները և այլ ունեցվածքը:

 

Հոդված10

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և կրոնական այլ կազմակերպությունների պատմական հուշարձաններն ու պաշտամունքային գույքը օգտագործվում են համաձայն այդ կազմակերպությունների նվիրագործված ավանդական կարգի:

 

Հոդված 11

 

Կրոնական կազմակերպությունները պարտավոր են ապահովել պետության կողմից որպես սեփականություն իրենց հանձնված կառույցների, տարածքների և մյուս ունեցվածքի, ինչպես նաև իրենց սեփականություն հանդիսացող պատմական հուշարձանների պահպանությունը և ըստ նշանակության օգտագործումը:

 

Հոդված 12

 

1. Կրոնական կազմակերպությունները կարող են դիմել հավատացյալներին կամավոր դրամական և այլ նվիրատվությունների խնդրանքով, ստանալ և տնօրինել դրանք:

2. Կրոնական կազմակերպությունների ստացած դրամական և այլ նվիրատվությունները, քաղաքացիներից ստացվող հասույթները հարկման ենթակա չեն:

 

Հոդված 13

 

Այն կրոնական կազմակերպությունները, որոնց հոգևոր կենտրոնները գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս, չեն կարող ֆինանսավորվել այդ կենտրոնների կողմից: Կրոնական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել կուսակցությունների կողմից և ֆինանսավորել նրանց:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 14

 

Կրոնական համայնքը կամ կազմակերպությունն իրավաբանական անձ է ճանաչվում պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից: Կրոնական կազմակերպությունը գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին իրավաբանական անձանց պետական ռեգիստր պետք է ներկայացվի կրոնի գործերով պետական լիազորված մարմնի փորձագիտական եզրակացությունը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պայմանների վերաբերյալ: Փորձագիտական եզրակացություն ստանալու համար կրոնական կազմակերպությունը պետք է ներկայացնի սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված պայմանները հավաստող փաստաթղթեր: Փորձագիտական եզրակացությունը դիմողին տրվում է դիմելու օրվանից ոչ ուշ, քան քսան օրվա ընթացքում: Փորձագիտական եզրակացության ձևը սահմանում է կրոնի գործերով պետական լիազորված մարմինը:

 

Հոդված 15

 

Կրոնական կազմակերպության կանոնադրությունը տվյալներ է պարունակում կրոնական կազմակերպության բնույթի և գործելու վայրի, դավանական պատկանելության, կրոնական միավորման կառուցվածքի, աղոթատեղիների և գույքային դրության, ձեռնարկություններ հիմնելու, ուսումնական և հրատարակչական հաստատություններ ստեղծելու մտադրությունների, գործունեության դադարեցման դեպքում գույքային և այլ հարցերի լուծման կարգի մասին, ինչպես նաև պարունակում է տվյալ կազմակերպության գործունեության առանձնահատկությունների հետ կապված այլ դրույթներ:

 

Հոդված 16

 

1. Կրոնական կազմակերպության գրանցման կամ գրանցումը մերժելու որոշումը՝ մերժման հիմքերի նշումով, մեկամսյա ժամկետում գրավոր ձևով հանձնվում է դիմողին:

2. Կրոնական կազմակերպության գրանցումը մերժվում է գործող օրենսդրությանը նրա հակասելու պարագայում:

3. Մերժումը կամ որոշման կայացման՝ սույն օրենքով նախատեսված ժամկետի խախտումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

4. Կրոնական կազմակերպության գործունեությունը կարող է դադարեցվել ինքնալուծարման հետևանքով կամ դատարանի որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների խախտման դեպքում:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 17

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը՝

1) իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը.

2) չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեությունը.

3) արգելում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու և կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որևէ պետական գործառույթ:

2. Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետևյալ առաքելությունների իրագործմանը.

1) ազատ քարոզել ու տարածել իր դավանանքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում.

2) վերստեղծել իր պատմական ավանդույթները, կառուցվածքը, կազմակերպությունները, թեմերն ու համայնքները.

3) կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական հուշարձան- եկեղեցիները՝ ինչպես հավատացյալների խնդրանքով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ.

4) նպաստել ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով՝ նաև պետական կրթական հաստատություններում, որտեղ կրոնի դասավանդումը թույլատրվում է միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանության հիմքի վրա և իրագործվում է Հայ Եկեղեցու կողմից համապատասխան որակավորում և թույլտվություն ստացած ուսուցիչների ուժերով.

5) գործնականորեն աջակցել ժողովրդի բարոյական կատարելագործմանը.

6) ծավալել բարեգործական և բարեխնամ գործունեություն.

7) մշտական հոգևոր ներկայացուցիչ ունենալ հիվանդանոցներում, զառամյալների և հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում (ներառյալ՝ քննչական մեկուսարաններում):

3. Ազգային տաղավար տոներին հաջորդող աշխատանքային օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է տեղափոխվել նախորդ կամ հաջորդ շաբաթ օրը:

(17-րդ հոդվածը խմբ. 21.02.2013 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 18

 

Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միևնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին ու սպասավորներին վերապահում է հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք՝ այլ քաղաքացիների հետ համահավասար:

 

Հոդված 19

 

1. Գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր քաղաքացիական պարտականությունները տարածվում են նաև կրոնական կազմակերպությունների հավատացյալ անդամների վրա՝ այլ քաղաքացիների հետ համահավասար:

2. Քաղաքացիական պարտականությունների և կրոնական համոզմունքների հակասության առանձին դեպքերում քաղաքացիական պարտականությունների կատարման հարցը կարող է լուծվել այլընտրանքային սկզբունքով՝ օրենքով նախատեսված կարգով, համապատասխան պետական մարմնի և տվյալ կրոնական կազմակերպության փոխադարձ համաձայնությամբ:

 

Հոդված 20

 

Պետությունը ճանաչում է խոստովանության գաղտնիությունը: Քննչական և դատական ատյաններում որպես վկա չի կարող հարցաքննվել ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը գործի այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:

 

Հոդված 21

 

Պետությունն իր վրա է վերցնում կրոնական նշանակություն ունեցող պատմական հուշարձանների պահպանությունը՝ անկախ նրանց պատկանելությունից:

 

Հոդված 22

 

1. Պետության և կրոնական կազմակերպությունների հարաբերությունները կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը, որը՝

1) փորձագիտական եզրակացություն է տալիս կրոնական կազմակերպությունները գրանցելու համար, միջնորդում է դատարանին օրենքը խախտող կրոնական կազմակերպությունների լուծարման առաջարկով.

2) կրոնական կազմակերպությունների խնդրանքով աջակցում է առանձին հարցերի շուրջ պետական մարմինների հետ համաձայնության գալուն և անհրաժեշտ օգնություն ցույց տալիս այդ հարցերի լուծմանը պետական մարմինների կողմից.

3) պետության անունից որպես միջնորդ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրոնական կազմակերպությունների միջև ծագող հարցերի և վեճերի լուծմանը.

4) իրականացնում է հսկողություն կրոնական թեմաներով գրականության և ծիսական նշանակության առարկաների արտադրության, ներմուծման և վաճառքի նկատմամբ.

5) իրականացնում է սույն օրենքով նախատեսված լիազորությունները:

2. Պետության և կրոնական կազմակերպությունների սույն օրենքով չկանոնակարգված հարաբերությունները կարգավորվում են պետության և համապատասխան կրոնական կազմակերպությունների ղեկավար մարմինների համաձայնությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 23

 

1. Սույն օրենքի դրույթների խախտման համար կրոնական կազմակերպությունները ենթակա են պատասխանատվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Կրկնակի խախտման դեպքում դատարանն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի կամ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա վճիռ կայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպության լուծարման մասին:

3. Սույն օրենքի պահանջների կրկնակի խախտում թույլ տված օտարերկրյա կրոնական կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ներկայացուցիչները վտարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

 

Հոդված 24

 

1. Սույն օրենքի դրույթների խախտման համար պաշտոնատար անձինք ենթակա են պատասխանատվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Սույն օրենքի պահանջների խախտմամբ ձեռք բերված շահույթը որպես եկամուտ ենթակա է բռնագանձման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:

3. Նման դեպքերում դատարան հայց է ներկայացնում պետական լիազորված մարմինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի միջնորդությամբ:

 

Հոդված 25

 

Կրոնական կազմակերպությունները պարտավոր են գրանցվել կամ վերագրանցվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հոդված 26

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1996 թվականի սեպտեմբերի18-ի ՀՕ-35 օրենքը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

24 դեկտեմբերի 2008թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-58-Ն