Համարը 
N 617
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.09.23/30(102)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.09.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.09.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.09.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«16» սեպտեմբերի 2008թ.

 N 617

ք.Ստեփանակերտ

 

ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 15-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«16» սեպտեմբերի 2008թ.

թիվ 617 որոշման

 

ԿԱՐԳ

ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Արցախի Հանրապետությունում բարեգործի և կամավորի գործունեությունը խրախուսելու, «Արցախի Հանրապետության տարվա բարեգործ», «Արցախի Հանրապետության տարվա կամավոր», «Արցախի Հանրապետության պատվավոր բարեգործ», «Արցախի Հանրապետության պատվավոր կամավոր» կոչումների շնորհման նպատակով բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը:

(1-ին կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

2. Բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառումը կատարում է Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

(2-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

3. Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության (դրամական և (կամ) բնաիրային) չափը և կամավորների կատարած աշխատանքի ժամաքանակը հաշվարկվում են տվյալ oրացուցային տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:

4. Տարբեր բարեգործական ծրագրերի շրջանակներում միևնույն բարեգործի տրամադրած բարեգործական աջակցության չափն ու (կամ) կամավորի կատարած աշխատանքի ժամաքանակը հաշվարկվում են տվյալ օրացուցային տարվա ընթացքում տրամադրած բարեգործական աջակցության կամ կատարած աշխատանքների հանրագումարի ձևով:

(4-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)

5. Պետական մարմինները, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպությունները մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը հանձնաժողով են ներկայացնում բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և (կամ) բարեգործական որակված ծրագրի իրականացման աշխատանքներին կամավորների մասնակցության մասին տեղեկատվություն, որը պետք է ներառի`

1)  բարեգործի անունը, հայրանունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը, դրամական աջակցության չափը և (կամ) բնաիրային աջակցության դրամական արժեքը և բարեգործական ծրագրի անվանումը.

2)  կամավորի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, բարեգործական ծրագրի անվանումը, կամավորի կատարած աշխատանքի ժամաքանակը, ժամկետը և վայրը:

Պետական մարմինների, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպությունների տրամադրած տեղեկատվությունն ստորագրվում է տվյալ մարմնի կամ կազմակերպության ղեկավարի կողմից ու կնքվում տվյալ մարմնի կամ կազմակերպության կնիքով:

(5-րդ կետը փոփ., լրաց. 25.01.2018 N 24-Ն)

6. Արտակարգ իրավիճակներում կամավորների կատարած աշխատանքի 1 ժամը հաշվարկվում է եռակի:

7. Հանձնաժողովն ստացված տեղեկատվությունը գրանցում է այդ նպատակով վարվող գրանցամատյաններում:

8. Հանձնաժողովը տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարին ամփոփում է պետական մարմիններից, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպություններից ստացված` սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում պարզում դրանց հավաստիությունը:

9. Հանձնաժողովը «Բարեգործության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող թեկնածուների տվյալները ներկայացնում է Արցախի Հանրապետության Նախագահին:

(9-րդ կետը խմբ. 25.01.2018 N 24-Ն)

(Հավելվածը փոփ., լրաց., խմբ. 25.01.2018 N 24-Ն)

 

 

  ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

  ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ