Համարը 
ՀՕ-114-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.12.28/26(245)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.12.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
ՏԵ´Ս ԳԼՈՒԽ 7-Ը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի

դեկտեմբերի 26-ին

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակչության զբաղվածության խթանման տնտեսական և կազմակերպական դրույթներն ու իրավական հիմքերը, սահմանում է զբաղվածության բնագավառում քաղաքացիների իրավունքների իրացումը, պետության կողմից մատուցվող ծառայությունների տեսակները, գործազրկության դեպքում uոցիալական աջակցության ձևերը, ինչպես նաև պետական-մասնավոր համագործակցության իրավական հիմքերը:

 

Հոդված 2.

Զբաղվածության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Զբաղվածությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական oրենսգրքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային oրենսգրքով, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքով, սույն oրենքով և այլ իրավական ակտերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն oրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող oտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ընտրություն կատարելու զբաղված և չզբաղված լինելու միջև, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով սահմանված դեպքերի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող oտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը կարգավորվում է սույն oրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ oրենքներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող oտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածության պետական կարգավորումն իրականացվում է սոցիալական ապահովության միջոցով:

 

Հոդված 4.

Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում կիրառվող հիմնական հասկացություններն են.

1) զբաղվածություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքով չարգելված և սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության տեսակները.

2) աշխտանք փնտրող անձ` 16 տարին լրացած անձ, որը, անկախ սույն oրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով զբաղված լինելու հանգամանքից, սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքներն իրացնելու նպատակով դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին).

3) գործազուրկ` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած աշխատանք փնտրող և սույն oրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով չզբաղված անձ, որը աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է լիազորված մարմնում, պատրաստակամ է անցնելու հարմար աշխատանքի և ստացել է գործազուրկի կարգավիճակ.

4) աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձ` աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այն անձը, որը`

ա. մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է լիազորված մարմնի կողմից,

բ. ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է լիազորված մարմնի կողմից,

գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից ստացել է գրավոր ծանուցում և ծանուցումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է լիազորված մարմնի կողմից.

5) զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիր (այսուհետ` ամենամյա ծրագիր)` լիազորված մարմնի կողմից մշակված փաստաթուղթ, որին համապատասխան իրականացվում է զբաղվածության պետական քաղաքականությունը.

6) աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատում` աշխատանք փնտրող անձի որոշակի աշխատանք կատարելու հնարավորությունների որոշում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` հիմք ընդունելով սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները և այդ անձի ցանկությունները.

7) թափուր աշխատատեղ` որոշակի մասնագիտություն (որակավորում) կամ հմտություն կամ ունակություն պահանջող և տվյալ պահին չզբաղեցված աշխատատեղ.

8) նոր ստեղծվող աշխատատեղ` գործատուի կողմից լիազորված մարմին կամ սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն աշխատատեղի ստեղծման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվելու պահից հաշված` առավելագույնը երեք ամսվա ընթացքում ստեղծվող աշխատատեղ.

9) զբաղվածության պետական ծրագրեր` սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամյա ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացվող ծրագրեր և մատուցվող ծառայություններ, որոնք տրամադրվում են աշխատանք փնտրող անձին համալիր սոցիալական ծառայությունների շրջանակներում, ինչպես նաև գործատուներին` զբաղվածության պետական կարգավորման ոլորտում լիազորված մարմնի հետ համագործակցության շրջանակներում.

10) (կետն ուժը կորցրել է 29.12.2016 ՀՕ-48-Ն)

11) ժամանակավոր զբաղվածություն` սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված ուղղություններով իրականացվող ծրագրերում ընդգրկվելու ժամանակահատվածում անձի զբաղվածություն, որի չափանիշները` ըստ զբաղվածության պետական ծրագրերի, սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից.

12) զբաղվածության ապահովման անհատական ծրագիր (այսուհետ` անհատական ծրագիր)` փաստաթուղթ, որտեղ նշվում են աշխատանք փնտրող անձի անհատական տվյալները, զբաղվածության պատմությունը, գնահատված կարիքները, առաջարկվող և իրականացվող միջոցառումները, աջակցության թիրախները և դրանց կատարողականը.

13) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (այսուհետ` աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն)` թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի համալրման համար գործատուներին, ինչպես նաև իրեն դիմած անձին աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություն.

14) զբաղված անձ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային գործունակություն ունեցող անձ, որը զբաղված է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որևէ տեսակով.

15) աշխատող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված անձ:

(4-րդ հոդվածը լրաց. 24.02.2016 ՀՕ-1-Ն, փոփ. 29.12.2016 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 5.

Զբաղվածություն համարվող գործունեության տեսակները

 

1. Սույն օրենքի իմաստով զբաղվածություն համարվող գործունեության տեսակներն են`

1) գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով նախատեսված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի).

2) քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը.

3) անհատ ձեռնարկատիրական գործունեությունը.

4) արտոնագրային վճար վճարողի գործունեությունը.

5) ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը.

6) ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցումը:

 

Հոդված 6.

Հարմար աշխատանքը

 

1. Աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատասխանում է անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը կամ պահանջում է լրացուցիչ մասնագիտական ուսուցում:

2. Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող աշխատանք փնտրող անձի համար, ում հնարավոր չի եղել լիազորված մարմին դիմելուց հետո երեք ամսվա ընթացքում տեղավորել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հարմար աշխատանքի, հարմար է համարվում այն աշխատանքը, որը պահանջում է որակավորման բարձրացում կամ համապատասխանում է վերամասնագիտացման արդյունքում ձեռք բերված մասնագիտությանը:

2.1 Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող աշխատանք փնտրող անձի համար, որը հրաժարվել է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն և որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:

3. Մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող, ինչպես նաև մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող, սակայն ստացած մասնագիտությանը համապատասխան վերջին հինգ տարվա ընթացքում աշխատանքային գործունեություն չիրականացնող աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում վարձատրվող ցանկացած աշխատանք, որը չի պահանջում մասնագիտական կրթություն և որակավորում կամ պահանջում է մինչև վեց ամիս ժամկետով` լիազորված մարմնի կողմից կազմակերպվող մասնագիտական կամ վարպետային ուսուցում:

4. Մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող աշխատանք փնտրող անձի համար, ով հրաժարվել է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն և որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:

5. Հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից` հաշվի առնելով սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված պահանջները, ինչպես նաև աշխատավայրի տրանսպորտային մատչելիությունը:

(6-րդ հոդվածը լրաց. 24.02.2016 ՀՕ-1-Ն)

 

ԳԼՈՒԽ 2

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 7.

Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը

 

1. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը զբաղվածության ապահովմանը միտված պայմանների ստեղծումն է, որն իրականացվում է տնտեսության պետական կարգավորման և բնակչության սոցիալական պաշտպանության միջոցով:

2. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը, որպես տնտեսական քաղաքականության բաղադրիչի, անհրաժեշտ քանակով և որակով աշխատուժի պահանջարկի բավարարման և առկա աշխատուժի առաջարկի արդյունավետ իրացման ապահովումն է, որը պետք է դիտվի տնտեսական կայուն զարգացման հիմնական պայմաններից մեկը:

3. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը, որպես սոցիալական պաշտպանության քաղաքականության բաղադրիչի, արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշների երաշխավորումն ու պայմանների հետևողական ապահովումն է, ինչպես նաև աշխատանք փնտրող անձի աշխատաշուկայում անմրցունակության որոշարկումն ու արդյունավետ ներառման ապահովումն է, որը պետք է դիտարկվի երկրում սոցիալական լարվածության թուլացման հիմնական պայմաններից մեկը:

4. Զբաղվածության պետական քաղաքականությունը միտված է ամրապնդելու սոցիալական համերաշխությունը, զարգացնելու զբաղվածության ոլորտում սոցիալական գործընկերությունը` նոր աշխատատեղերի ստեղծման, թափուր աշխատատեղերի համալրման, աշխատանքային պայմանների բարելավման և աշխատանքի վարձատրության համակարգերի կատարելագործման միջոցով:

(7-րդ հոդվածը փոփ. 29.12.2016 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 8.

Զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները

 

1. Զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

1) աշխատանքի կամավորությունը և աշխատանքի ազատ ընտրությունը` բացառելով խտրականությունը.

2) սոցիալական ներառումն ու համերաշխությունը.

3) (կետն ուժը կորցրել է 29.12.2016 ՀՕ-48-Ն)

4) սոցիալական գործընկերությունը.

5) աշխատաշուկայի պետական կարգավորման շրջանակներում տեղեկատվական համաչափությունը և թափանցիկությունը.

6) արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշների հետևողական ապահովումը.

7) ըստ առաջնահերթությունների` պետական աջակցությունը.

8) զբաղվածության ծառայություններ մատուցող պետական և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջև մրցակցային, փոխշահավետ և կայուն համագործակցությունը:

(8-րդ հոդվածը փոփ. 29.12.2016 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 9.

Աշխատանք փնտրող անձի հաշվառումը, գործազուրկի կարգավիճակ տալը, գործազուրկի կարգավիճակի կասեցումը,վերականգնումը, դադարեցումը և աշխատանք փնտրող անձի հաշվառումից հանումը

(վերնագիրը լրաց. 24.02.2016 ՀՕ-1-Ն)

 

1. Լիազորված մարմնի կողմից աշխատանք փնտրող անձի հաշվառման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

2. Գործազուրկի կարգավիճակը տրվում է լիազորված մարմնի կողմից անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո` 5 աշխատանքային oրվա ընթացքում:

3. Լիազորված մարմնի կողմից կասեցվում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված ժամանակավոր զբաղված անձանց գործազուրկի կարգավիճակը` ժամանակավոր զբաղվածության տևողությանը համապատասխան ժամկետով:

4. Լիազորված մարմինը վերականգնում է գործազուրկի կարգավիճակը սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակավոր զբաղվածության ժամկետն ավարտվելու հաջորդ oրվանից, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված ուղղություններով իրականացվող ծրագրերի` գործազուրկի մեղքով ժամկետից շուտ դադարեցման դեպքերի:

5. Լիազորված մարմինը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե`

1) գործազուրկը դարձել է զբաղված, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի.

2) լրացել է գործազուրկի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը.

3) գործազուրկը դատական կարգով ճանաչվել է անգործունակ.

4)գործազուրկի կողմից փաստաթղթերով ներկայացված տեղեկություններում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ.

5) գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի առաջարկից.

6) գործազուրկը անհարգելի պատճառով լիազորված մարմնի հրավերով երկու անգամ չի ներկայացել հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար, ընդ որում` լիազորված մարմին գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից.

7) գործազուրկը զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելուց հետո հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից.

7.1) լրացել է օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը կամ դադարել է բնակվելու իրավունքը.

7.2) գործազուրկը հանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառումից.

8) դատարանի oրինական ուժի մեջ մտած դատավճռով գործազուրկն ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրում է ազատազրկման վայրում կամ ուղարկվել է հարկադիր բուժման.

9) գործազուրկը մահացել է:

6. Գործազուրկի կարգավիճակը տրվում, կասեցվում, վերականգնվում և դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ:

(9-րդ հոդվածը լրաց. 24.02.2016 ՀՕ-1-Ն, փոփ., լրաց. 29.12.2016 ՀՕ-48-Ն)

 

ԳԼՈՒԽ 3

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 10.

Զբաղվածության պետական կարգավորումը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրականացնում է աշխատուժի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության և կառուցվածքային համապատասխանության կարգավորում` աշխատանքի և աշխատավարձի, ձեռնարկատիրական, ֆինանսավարկային, ներդրումային, հարկային, տարածքային զարգացման, կրթական, ժողովրդագրական և աշխատուժի տեղաշարժի քաղաքականությունների միջոցով:

2. Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը լիազորված մարմնի միջոցով և իրականացնում ամենամյա ծրագրին համապատասխան` համագործակցելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ:

 

Հոդված 11.

Լիազորված մարմնի իրավասությունները

 

1. Լիազորված մարմինը`

1) իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, ազդեցության գնահատում և կանխատեսում.

2) ապահովում է աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

3) իրականացնում է աշխատանք փնտրող անձի հաշվառումը, հաշվառումից հանումը, գործազուրկի կարգավիճակ տալը, կասեցումը, վերականգնումը և դադարեցումը.

4) հաստատում է ամենամյա ծրագրի մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանությունը.

5) մշակում և իրականացնում է ամենամյա ծրագիրը.

5.1) մշակում է իրավիճակից բխող այլ զբաղվածության պետական ծրագրեր.

6) (կետն ուժը կորցրել է 29.12.2016 ՀՕ-48-Ն)

7) իրականացնում է ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը.

8) կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

9) համագործակցում է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ.

10) (կետն ուժը կորցրել է 29.12.2016 ՀՕ-48-Ն)

11) (կետն ուժը կորցրել է 29.12.2016 ՀՕ-48-Ն)

12) (կետն ուժը կորցրել է 29.12.2016 ՀՕ-48-Ն)

13) աշխատուժի առաջարկի ու պահանջարկի գնահատման արդյունքների հիման վրա ներկայացնում է առաջարկություններ կրթության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին` նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների ցանկի և տեղերի վերաբերյալ.

14) վարում է էլեկտրոնային պաշտոնական կայքէջ և ձևավորում է տեղեկատվական շտեմարան` աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և փոխանակման ապահովման նպատակով.

15) ապահովում է հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ձևավորումը և արդյունավետ գործունեությունը.

16) հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչների գրավոր հարցման հիման վրա տրամադրում է տեղեկատվություն` ամենամյա ծրագրի իրականացման մասին.

17) զանգվածային լրատվության միջոցներով` պարբերաբար, և էլեկտրոնային պաշտոնական կայքէջի միջոցով` առցանց, հրապարակում է նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի, ամենամյա ծրագրի կատարման ընթացքի` ծախսված ֆինանսական միջոցների և արդյունքների մասին տեղեկատվություն.

18) ապահովում է ամենամյա ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը:

(11-րդ հոդվածը լրաց. 24.02.2016 ՀՕ-1-Ն, լրաց., փոփ. 29.12.2016 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 12.

Ամենամյա ծրագրի մշակումը

 

1. Ամենամյա ծրագիրը մշակվում է հետևյալ հիմնական գործընթացների ապահովման միջոցով`

1) աշխատաշուկայի վերլուծություններ և գնահատումներ.

2) ամենամյա ծրագրում զբաղվածության պետական հետևյալ ծրագրերի ներառում`

ա. գործող ծրագրեր, որոնց ընթացիկ և հեռանկարային արդյունավետությունը գնահատվել է դրական, հետագա շարունակության տեսանկյունից նպատակահարմար,

բ. նոր ծրագրեր, որոնք նախապես փորձարկվել են և շարունակական ներդրման տեսանկյունից գնահատվել են նպատակահարմար,

գ. նոր ծրագրեր, որոնք ենթակա են փորձարկման և գնահատման` հետագայում շարունակական ներդրման նպատակով.

3) (կետն ուժը կորցրել է 29.12.2016 ՀՕ-48-Ն)

4) զբաղվածության պետական ծրագրերի իրականացման ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների համամասնությունների սահմանում, այդ թվում` համայնքային բյուջեներից համաֆինանսավորմամբ միջոցների ներգրավման հնարավորությունների նախատեսում.

5) զբաղվածության պետական ծրագրերի ակնկալվող արդյունքների ընթացիկ և վերջնական թիրախավորում` ըստ ծրագրերի, շրջանների, շահառուների առանձին խմբերի.

6) իրավիճակից բխող ծրագրային ճկուն փոփոխությունների իրականացման նպատակով պահուստային ֆինանսական միջոցների, այդ թվում` միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող հնարավոր ֆինանսական միջոցների նախատեսում` նախապես պլանավորված և, ըստ անհրաժեշտության, զբաղվածության պետական նոր ծրագրեր փորձարկելու համար.

7) (կետն ուժը կորցրել է 29.12.2016 ՀՕ-48-Ն)

8) ամենամյա ծրագրի ներառում Արցախի Հանրապետության պետական բյուջեի կազմում` Արցախի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու համար:

(12-րդ հոդվածը փոփ. 29.12.2016 ՀՕ-48-Ն, խմբ. 21.12.2017 ՀՕ-52-Ն)

 

Հոդված 13.

Ամենամյա ծրագրի իրականացումը

 

1. Ամենամյա ծրագիրն իրականացվում է հետևյալ հիմնական գործընթացների ապահովման միջոցով`

1) աշխատանք փնտրող անձի հաշվառում, խորհրդատվության տրամադրում, կարիքների գնահատում, նպատակների և դրանից բխող համապատասխան գործողությունների նախանշում, անհատական ծրագրի կազմում.

2) լիազորված մարմնի և աշխատանք փնտրող անձի միջև անհատական ծրագրի իրականացման վերաբերյալ երկկողմ պայմանագրի կնքում.

3) ինքնասպասարկման և հնարավոր այլ եղանակներով աշխատանք փնտրող անձին լիազորված մարմնի կողմից էլեկտրոնային ծառայությունների տրամադրում.

4) որպես անհատական ծրագրի վերջնական արդյունք` աշխատանք փնտրող անձի զբաղվածության ապահովում.

5) մշակված ամենամյա ծրագրին համապատասխան`

ա. զբաղվածության պետական ծրագրերի իրականացում և փորձարկում,

բ. (ենթակետն ուժը կորցրել է 29.12.2016 ՀՕ-48-Ն)

գ. իրավիճակից բխող ծրագրային ճկուն փոփոխությունների հնարավորությունների իրացում.

6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայությունների տրամադրում գործատուներին կամ նրանց ներկայացուցիչներին.

7) հաշվետվողականության ապահովում.

8) հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեներից ստացված առաջարկությունների դիտարկում և, ըստ անհրաժեշտության, ծրագրային ճկուն փոփոխությունների հնարավորությունների իրացում:

(13-րդ հոդվածը փոփ. 29.12.2016 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 14.

Ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը

 

1. Ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

2. Ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է հետևյալ հիմնական գործընթացների ապահովման միջոցով`

1) զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի և վերջնական արդյունքների գնահատման թիրախային ցուցանիշների սահմանում.

2) ընթացիկ ցուցանիշների` սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված թիրախային ցուցանիշներից շեղումների վերհանում և վերացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի առաջադրում.

3) զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների արդյունքների մասին հետադարձ տեղեկատվության ստացում, վերլուծություն և գնահատում.

4) հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեներից ստացված համապատասխան առաջարկությունների դիտարկում:

3. Ամենամյա ծրագրի մոնիթորինգի ու գնահատման արդյունքում`

1) իրականացվում են սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված ժամանակացույցով նախատեսված միջոցառումները և գործողությունները.

2) օրենքով սահմանված կարգով ապահովվում են զբաղվածության պետական ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցների հետ վերադարձման գործընթացները:

 

Հոդված 15.

Ամենամյա ծրագրի ֆինանսավորումը

 

1. Ամենամյա ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում են oրենքով:

2. Զբաղվածության պետական ծրագրերը ֆինանսավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 16.

Զբաղվածության պետական ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները վերադարձնելը

 

1. (մասն ուժը կորցրել է 29.12.2016 ՀՕ-48-Ն)

2. (մասն ուժը կորցրել է 29.12.2016 ՀՕ-48-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 29.12.2016 ՀՕ-48-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 29.12.2016 ՀՕ-48-Ն)

5. Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում լիազորված մարմնի սխալի հետևանքով անձին վճարված ֆինանսական միջոցները վերադարձվում են սխալը թույլ տված պաշտոնատար անձի (անձանց) կողմից` լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ:

6. Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում գործատուների և ոչ պետական կազմակերպությունների կողմից ստացված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման միանվագ` լիազորված մարմնի հետ ունեցած պայմանագրային պարտավորությունների խախտում թույլ տալու դեպքում` մեկամսյա ժամկետում, ընդ որում` գործատուների և ոչ պետական կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցները չվերադարձնելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով:

(16-րդ հոդվածը փոփ. 29.12.2016 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 17.

Համաձայնեցման կոմիտեները

 

1. Զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրերի մշակման և իրականացման հարցերում համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով լիազորված մարմնի նախաձեռնությամբ կարող են ձևավորվել հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեներ:

2. Հանրապետական համաձայնեցման կոմիտեի կազմում հավասար թվաքանակով ընդգրկվում են աշխատողների շահերը ներկայացնող արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության, գործատուների շահերը ներկայացնող հանրապետական կազմակերպությունների, գործադիր իշխանության հանրապետական մարմինների, ինչպես նաև լիազորված մարմնի ներկայացուցիչները:

3. Տարածքային համաձայնեցման կոմիտեի կազմում հավասար թվաքանակով ընդգրկվում են աշխատողների շահերը ներկայացնող արհեստակցական կազմակերպությունների համապատասխան տարածքային միության, հասարակական կազմակերպությունների, գործատուների համապատասխան տարածքային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև լիազորված մարմնի ներկայացուցիչները:

4. Հանրապետական համաձայնեցման կոմիտեն ամենամյա ծրագրի պլանավորման փուլում քննարկում է ամենամյա ծրագրի նախագիծը և դրա վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնում լիազորված մարմին:

5. Տարածքային համաձայնեցման կոմիտեներն ամենամյա ծրագրի պլանավորման փուլում քննարկում են զբաղվածության տարածքային համապատասխան ծրագրերի նախագծերը և դրանց վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնում լիազորված մարմին:

6. Հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչներն իրավունք ունեն`

1) լիազորված մարմնից ստանալ տեղեկատվություն` զբաղվածության պետական ծրագրերի ընթացքի մասին.

2) ամենամյա ծրագրի իրականացման, մոնիթորինգի ու գնահատման փուլերում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

7. Հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների գործունեության կազմակերպման կարգը և լիազորություններն իրենց իրավասության շրջանակներում սահմանվում են նրանցում ներկայացված կողմերի փոխադարձ համաձայնությամբ ձևավորված աշխատակարգով կամ հիմք ընդունելով լիազորված մարմնի կողմից հաստատած օրինակելի կանոնադրությունը:

 

Հոդված 18.

Աշխատուժի տեղաշարժը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը մշակում և իրականացնում է աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի կարգավորման միասնական պետական քաղաքականությունը:

2. Լիազորված մարմինն աշխատուժի տեղաշարժը կարգավորելու նպատակով`

1) oրենքով սահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր` արտագնա աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերով.

2) միջպետական հարաբերությունների վատթարացման, արտակարգ իրավիճակների դեպքերում հանդես է գալիս առանձին պետություններում արտագնա աշխատանքի մեկնման աննպատակահարմարության մասին հայտարարությամբ.

3) իրականացնում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված այլ իրավունքներ և լիազորություններ:

3. Աշխատուժի ներքին տեղաշարժը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ արտաքին տեղաշարժը` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունները կարող են կազմակերպել աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժեր՝ ամենամյա ծրագրի և (կամ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում:

 

Հոդված 19.

Լիազորված մարմնի և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջև համագործակցությունը

(19-րդ հոդվածը փոփ. 24.02.2016 ՀՕ-1-Ն, ուժը կորցրել է 29.12.2016 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 20.

Գործատուների մասնակցությունը զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանը

 

1. Լիազորված մարմինը զբաղվածության պետական քաղաքականության մշակման և իրականացման շրջանակներում համագործակցում է գործատուների հետ՝ գործընկերային, փոխշահավետ և մշտական հարաբերությունների հաստատման, հետևողական ընդլայնման, խորացման և հետադարձ կապի ապահովման միջոցով:

2. Կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձևից, սահմանվում է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (այսուհետ` քվոտա)` հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման համար:

3. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետական կառավարչական հիմնարկների և համայնքային կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի երեք տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է:

4. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) ոչ պետական կազմակերպությունների համար, բացառությամբ համայնքային կառավարչական հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի մեկ տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է:

4.1. Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակը որոշվում է տվյալ հարկային տարում յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ կազմակերպության աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով 12-ի, իսկ տվյալ տարում նոր ստեղծված կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակը՝ ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ՝ կազմակերպության աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով կազմակերպության ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի ամիսների թվի վրա:

4.2. Եթե կազմակերպությունը ստեղծվել է տվյալ տարվա դեկտեմբեր ամսին, ապա աշխատողների միջին տարեկան քանակ է համարվում տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպությունում առկա աշխատողների քանակը:

4.3. Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակի նկատմամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված տոկոսների կիրառման արդյունքում տասնորդական կոտորակային թիվ ստացվելու դեպքում այն կլորացվում է մինչև միավորները, ընդ որում՝ տասնորդական կոտորակի ստորակետից հետո հինգից ցածր թվանշանի դեպքում հավասարեցվում է իրենից ցածր բնական թվին, իսկ տասնորդական կոտորակի ստորակետից հետո հինգ և բարձր թվանշանի դեպքում՝ իրենից վերև ընկած բնական թվին:

5. Քվոտայի պահանջը կատարված է համարվում, եթե մեկ հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում առնվազն 183 օր քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղ զբաղեցված է եղել հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած անձի կողմից` առանց ամենամյա ծրագրով հաշմանդամություն ունեցող գործազուրկի համար նախատեսված աջակցության:

6. Հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած անձի կողմից քվոտավորման ենթակա աշխատատեղը լրացված լինելու մասին տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված գրանցման հայտի հիման վրա:

7. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպությունը կատարում է մասհանում` մինչև քվոտայի պահանջն առաջանալու տարվան հաջորդող տարվա հունվարի 30-ը:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված մասհանումը կատարվում է քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափով:

9. Մասհանումներ չկատարելը կազմակերպության նկատմամբ առաջացնում է օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն:

10. Մասհանվող գումարները փոխանցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:

11. (մասն ուժը կորցրել է 24.02.2016 ՀՕ-1-Ն)

12. Զբաղվածության պետական կարգավորման ոլորտում գործատուներն իրավունք ունեն`

1) աշխատուժի ազատ ընտրության.

2) իրենց մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, աշխատատեղերի հնարավոր կրճատումների վերաբերյալ տրամադրել տեղեկություններ լիազորված մարմնին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ձևով և եղանակով.

3) լիազորված մարմնից զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության ստացման.

4) սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվության ստացման.

5) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելիս պետական աջակցության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

13. Լիազորված մարմնի կողմից գործատուներին մատուցվող ծառայությունները տրամադրվում են անվճար:

14. Լիազորված մարմինը գործատուի կողմից ներկայացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը համալրելու նպատակով իրականացնում է միջնորդություն` աշխատանք փնտրող անձին ուղեգրելով գործատուի մոտ:

15. Սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված ուղեգրի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

16. Գործատուները զանգվածային ազատումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են լիազորված մարմին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

(20-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 24.02.2016 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 21.

Աշխատանք փնտրող անձի իրավունքները

 

1. Աշխատանք փնտրող զբաղված անձն իրավունք ունի`

1) հաշվառվելու նպատակով դիմել լիազորված մարմին.

2) լիազորված մարմնից ստանալ զբաղվածության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրության և զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն.

3) ստանալ տեղեկություններ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում գրանցված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ.

4) հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման միջնորդության.

5) մասնագիտական կողմնորոշման.

6) լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների և անգործության` վերադասության կամ դատական կարգով բողոքարկման:

2. Գործազուրկը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներից բացի, իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում հետևյալ ուղղություններով`

1) մասնագիտական ուսուցում, որի ընթացքում ծրագրում ընդգրկվող անձին յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով, ընդ որում` կրթաթոշակը նշանակվում և վճարվում է սահմանված ամսական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված տվյալ ամսվա ընթացքում իրականացված ուսումնական դասընթացների oրերի համար.

2) ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց համար` մասնագիտական աշխատանքային փորձի ձեռք բերման աջակցություն.

3) (կետն ուժը կորցրել է 29.12.2016 ՀՕ-48-Ն)

4) վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցություն:

Գործազուրկը սույն մասով նախատեսված իրավունքներից բացի ունի սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով սահմանված այլ զբաղվածության պետական ծրագրերից օգտվելու իրավունք:

3. Հաշմանդամություն ունեցող գործազուրկը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքներից բացի`

1) ունի աշխատանքի տեղավորման իրավունք` սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված քվոտայի ապահովման շրջանակներում.

2) աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատատեղի հարմարեցման աջակցության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

4. Աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձն իրավունք ունի ընդգրկվել ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում:

5. Լիազորված մարմնի կողմից աշխատանք փնտրող անձին տրամադրվող զբաղվածության ծառայությունները մատուցվում են անվճար:

(21-րդ հոդվածը փոփ., լրաց. 29.12.2016 ՀՕ-48-Ն)

 

ԳԼՈՒԽ 4

 

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԱՆՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 22.

Աշխատաշուկայում անմրցունակության որոշարկումը

 

1. Աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշներն են`

1) անձի հաշմանդամություն ունենալու հանգամանքը.

2) անձի սոցիալական կարգավիճակը, ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից վերադառնալու, արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հաշվառված և դադարի (ռեմիսիայի) շրջանում գտնվելու, թրաֆիքինգի զոհ հանդիսանալու հանգամանքները.

3) անձի տարիքը.

4) անձի գործազուրկի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը.

5) անձի բնակության վայրը (քաղաքային, գյուղական).

6) անձի փախստական լինելու հանգամանքը.

7) անձի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը.

8) անձի` առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը.

9) անձի աշխատանք գտնելու կամ մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները` ելնելով այդ անձի ունեցած մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատանքային ստաժից, աշխատանքային փորձից, աշխատանք փնտրելու ակտիվությունից և աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի առկայությունից.

10) անձի մինչև երեք տարեկան երեխա խնամելու հանգամանքը.

11) անձի ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում լիազորված մարմնում հաշվառվելու հանգամանքը:

2. Հիմք ընդունելով սույն հոդվածի առաջին մասով նախատեսված չափանիշները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը սահմանում է աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման կարգը:

(22-րդ հոդվածը փոփ. 29.12.2016 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 23.

Աշխատաշուկայում անմրցունակ անձի զբաղվածության ապահովումը

 

1. Աշխատաշուկայում անմրցունակ անձը սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված իրավունքներից բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ունի`

1) լիազորված մարմնի կողմից զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունք.

2) աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատավարձի մասնակի փոխհատուցման իրավունք.

3) աշխատանքի տեղավորման դեպքում` անհրաժեշտ աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռք բերման համար միանվագ փոխհատուցման իրավունք:

4) (կետն ուժը կորցրել է 29.12.2016 ՀՕ-48-Ն)

5) (կետն ուժը կորցրել է 29.12.2016 ՀՕ-48-Ն)

6) (կետն ուժը կորցրել է 29.12.2016 ՀՕ-48-Ն)

7) (կետն ուժը կորցրել է 29.12.2016 ՀՕ-48-Ն)

(23-րդ հոդվածը փոփ. 29.12.2016 ՀՕ-48-Ն)

 

ԳԼՈՒԽ 5

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 24.

Զբաղվածության պետական կարգավորման ոլորտի տեղեկատվական ապահովումը

 

1. Զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, ամենամյա պետական ծրագրի հասցեականության ապահովման, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, այդ թվում՝ պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում, աշխատաշուկայի օբյեկտիվ վերլուծության և կանխատեսման նպատակներով լիազորված մարմինը ձևավորում և վարում է տեղեկատվական շտեմարան:

2. Տեղեկատվական շտեմարանը ներառում է տեղեկատվություն` աշխատանք փնտրող անձանց, գործատուների կողմից ներկայացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, զբաղվածության պետական ծրագրերի հնարավորությունների և այդ ծրագրերի ընթացիկ արդյունքների վերաբերյալ: Գործատուների կողմից ներկայացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի ցանկը տեղադրվում է լիազորված մարմնի կայքէջում:

3. Զբաղվածության պետական ծրագրում ներգրավված անձանց աշխատանքի տեղավորման, ինչպես նաև այդ անձանց` տվյալ աշխատատեղում աշխատանքային հարաբերությունների հետագա շարունակության վերաբերյալ ստացված տեղեկատվությունը պարբերաբար ներառվում է տեղեկատվական շտեմարանում և օգտագործվում ամենամյա ծրագրի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի, գնահատման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով:

4. Տեղեկատվական շտեմարանն ապահովում է`

1) աշխատանք փնտրող անձանց և գործատուների` լիազորված մարմին անհատական այցելությունների և (կամ) էլեկտրոնային ձևով և առցանց եղանակով գրանցման և համապատասխան տեղեկատվության մուտքագրման հնարավորությունները.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում լիազորված մարմնի հետ հետադարձ կապի հնարավորությունը.

3) լիազորված մարմին անհատական այցելությունների և (կամ) էլեկտրոնային ձևով և առցանց եղանակով տեղեկատվության հասանելիությունը շահագրգիռ բոլոր կողմերին, այդ թվում` աշխատանք փնտրող անձինք, գործատուներ, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններ:

5. Աշխատանք փնտրող անձանց և գործատուների անձնական տվյալներն առցանց եղանակով կարող են հասու լինել միայն նրանց գրավոր համաձայնությամբ:

6. Տեղեկատվական շտեմարանի ներդրման, վարման և շահագործման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:

(24-րդ հոդվածը փոփ. 24.02.2016 ՀՕ-1-Ն)

 

ԳԼՈՒԽ 6

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ OՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 25.

Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

 

1. Սույն oրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 7

 

OՐԵՆՔԸ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 26.

Օրենքը ուժի մեջ մտնելը

 

1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ 4-րդ մասը` 2016 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի փետրվարի 15-ի ՀO-267 oրենքը:

4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիազորված մարմնում հաշվառված և գործազրկության նպաստի ստացման իրավունք ունեցող անձանց գործազրկության նպաստի նշանակման, վճարման, վերահաշվարկի, կասեցման, դադարեցման և վերականգնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածի 5-19-րդ մասերով:

5. Գործազուրկին գործազրկության նպաստ է նշանակվում լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ գործազուրկի կարգավիճակ ստանալու oրվանից` նրա անվամբ առնվազն մեկ տարի սոցիալական ապահովության վճարներ կատարված լինելու դեպքում:

6. Գործազրկության նպաստի վճարման նվազագույն տևողությունը սահմանվում է 6 ամիս, իսկ առավելագույն տևողությունը գործազուրկի կարգավիճակում գտնվելու յուրաքանչյուր ժամանակահատվածում սահմանվում է 12 ամիս, ընդ որում` առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող անձանց գործազրկության նպաստի վճարման ժամկետները երկարաձգվում են յուրաքանչյուր երեք տարվա համար մեկ ամսով:

7. Գործազրկության նպաստի չափը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:

8. Եթե անձը գործազրկության նպաստ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նրան գործազրկության նպաստ է նշանակվում նրա գործազուրկի կարգավիճակը դադարեցնելուց հետո նրա անվամբ առնվազն մեկ տարի սոցիալական ապահովության վճարներ կատարվելու դեպքում, ընդ որում` գործազրկության նպաստի վճարման տևողությունը հաշվարկվում է լիազորված մարմնի կողմից վերջին անգամ անձի հաշվառումից հանվելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի չափին համապատասխան:

9. Գործազրկության նպաստը լիազորագրով կարող է վճարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Նշանակված, սակայն գործազրկության նպաստ նշանակող մարմնի մեղքով չվճարված գործազրկության նպաստը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման, ընդ որում` նշված դեպքում չստացած գործազրկության նպաստը վճարվում է միանվագ:

11. Իրավասու մարմինների կողմից կալանքի տակ կամ ազատազրկման վայրում գտնվող կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների ենթարկված անձանց մինչև կալանավորման կամ ազատազրկման oրը, ինչպես նաև հարկադիր բուժման ենթարկման օրը չստացած գործազրկության նպաստը վճարվում է միանվագ` առանց ժամկետի սահմանափակման: Չստացած գործազրկության նպաստը կարող է վճարվել նաև սույն հոդվածի 9-րդ մասում նշված լիազորագրի հիման վրա:

12. Հանրապետության տարածքում բնակության վայրը փոխած նպաստառու գործազուրկի գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է, և նոր բնակավայրում շարունակվում է նպաստի վճարումը կասեցման oրվանից:

13. Նպաստառու գործազուրկի մահվան դեպքում չստացած գործազրկության նպաստի գումարը վճարվում է ընտանիքի չափահաս անդամին կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողներից որևէ մեկին կամ անչափահաս երեխաների oրինական ներկայացուցչին, խնամակալին կամ հոգաբարձուին, եթե նշված անձանցից որևէ մեկը գործազուրկի մահից հետո` վեց ամսվա ընթացքում, ներկայացրել է դիմում:

14. Գործազրկության նպաստի վճարումը լիազորված մարմնի կողմից կասեցվում է, եթե անձը գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածում դարձել է ժամանակավոր զբաղված` ժամանակավոր զբաղվածության տևողությանը համապատասխան ժամկետով:

15. Եթե գործազրկության նպաստի վճարման կասեցման ժամանակահատվածն ավարտվելուց հետո անձն ունի գործազրկության նպաստ ստանալու իրավունք, ապա լիազորված մարմինը վերականգնում է գործազրկության նպաստի վճարումը կասեցման ժամկետն ավարտվելու հաջորդ oրվանից:

16. Երկու ամիս ժամկետով կասեցվում է գործազրկության նպաստի վճարումը, եթե գործազուրկը մեկ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից, իսկ ժամանակավոր աշխատանքի, մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելուց հրաժարվելու դեպքում` դրանց տևողությանը համապատասխան ժամկետով:

17. Գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքերի ի հայտ գալու դեպքում լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ նշանակվում է գործազրկության նպաստ, կամ կատարվում է վերահաշվարկ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

18. Լիազորված մարմինը դադարեցնում է գործազրկության նպաստի վճարումը սույն oրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ`

1) գործազրկության նպաստի վճարումը կասեցնելիս պարզվում է, որ դրա ստացման ժամկետը լրանում է կասեցման ժամկետից ավելի շուտ կամ միաժամանակ.

2) գործազուրկը հեռացվել է ուսումնական հաստատությունից մասնագիտական ուսուցման ընթացքում ներքին կարգապահական կանոնները խախտելու պատճառով:

19. Գործազրկության նպաստը նշանակվում, վճարվում, կասեցվում, վերականգնվում և դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ:

20. Մինչև զբաղվածության իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը սույն oրենքին համապատասխանեցնելը` դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն oրենքին:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-114-Ն