Համարը 
ՀՕ-203
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.05.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.06.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.07.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքով լիցենզավորման հարաբերությունները կարգավորող դրույթները ուժի մեջ են մտնում հրապարակումից վեց ամիս հետո:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2005 թվականի

մայիսի 25-ին

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում փոստային կապի բնագավառում գործունեության իրականացման իրավական հիմքերը, փոստային կապի գործունեության կարգավորմանն ուղղված պետական կառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև փոստային կապի գործունեությանը մասնակցող կամ փոստային կապի ծառայություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները:

Պետական սուրհանդակային կապի բնագավառի հարաբերությունները սույն օրենքով չեն կարգավորվում:

 

Հոդված 2.

Փոստային կապի բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական այլ ակտերով:

Եթե միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

փոստային կապ` փոստային առաքանու, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը ապահովող կապի տեսակ, որն իրենից ներկայացնում է տեխնիկական և տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր.

փոստային առաքանի` հասցեագրված նամակագրական թղթակցություն, փոստային ծանրոցներ ու բեռնարկղեր, համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակություններ.

փոստային առաքում` փոստային առաքանու ընդունում, մշակում, փոխադրում և հանձնում հասցեատիրոջը.

միջազգային փոստային կապ` տարբեր պետությունների իրավասության ներքո գտնվող փոստային կապի օպերատորների միջեւ փոստային առաքանու փոխանակում.

նամակագրական թղթակցություն` հասարակ և գրանցվող նամակներ, փոստային բացիկներ, սեկոգրամներ, փաթեթներ և փոքր փաթեթներ.

գնահատված փոստային առաքանի` փոստային առաքանի, որն ընդունվում է ուղարկողի կողմից ներդրվածքի արժեքի գնահատմամբ, ուղարկողին անդորրագրի հանձնումով, և հասցեատիրոջը հանձնվում է ստորագրությամբ.

սեկոգրամ` բացառապես կույրերի համար նախատեսված փոստային առաքանի, որը հանձնվում է բաց տեսքով, սեկոգրաֆիայի եղանակով գրված նամակագրական հաղորդակցություններով և հրատարակություններով, սեկոգրաֆիայի նշաններով կլիշեներով, ձայնագրություններով, տիֆլոտեխնիկական միջոցներով.

փոքր փաթեթ` ապրանքների նմուշներով և ոչ ծավալուն առարկաներով միջազգային պատվիրված փոստային առաքանի.

դրամական միջոցների փոստային փոխադրություններ` փոստային կապի օպերատորի կողմից մատուցվող ծառայություն դրամական միջոցների, ինչպես նաև գանձված կոմունալ վարձերի և այլ տեսակի գումարների ընդունման, մշակման, փոխադրության և քարտերի հանձնման գծով, որոնք ոչ բանկային գործարքներ են, սակայն հավասարեցվում են դրամական (փողային) փոխանցումներին` փոստային կապի և հեռահաղորդակցության ցանցերի օգտագործմամբ:

Դրամական միջոցների փոստային փոխադրություններն իրականացվում են սույն օրենքով փոստային կապի ծառայությունների համար սահմանված կանոններով, եթե դրամական (փողային) փոխանցումները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով այլ կանոններ սահմանված չեն.

տպագիր հրատարակությունների տարածում` տպագիր հրատարակությունների բաժանորդագրություն և առաքում բաժանորդներին.

փոստային կապի ծառայություններ` գործողություն կամ գործունեություն փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման և պարբերականների բաժանորդագրության գծով.

փոստային կապի ունիվերսալ ծառայություններ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում փոստային կապի ծառայություններ` նամակագրական թղթակցության, մինչև 20 կիլոգրամ քաշով ծանրոցների և գյուղական բնակավայրերում պարբերականների առաքման գծով, ինչպես նաև «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված փաստաթղթերի հատուկ առաքում.

փոստային կապի ծառայություններից օգտվող` ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման մարմիններ, որոնք օգտվում են փոստային կապի ծառայություններից.

փոստային կապի ծառայությունների մատուցման ժամկետ` փոստային կապի որոշակի ծառայությունների ժամկետներից և նորմատիվներից բաղկացած ամբողջություն՝ սահմանված առանձին տեխնոլոգիական գործողությունների կատարման համար.

հսկիչ ժամկետներ` փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների` փոստային կապի ընդունման վայրից մինչև փոստային կապի օբյեկտի հանձնման վայրը առաքման, ինչպես նաև փոստային կապի օբյեկտներում դրանց վերամշակման առանձին գործառնությունների համար սահմանված ժամանակ.

փոստային կապի ծառայությունների սակագին` փոստային կապի ծառայությունների վճարման սահմանված չափ.

փոստային կապի օպերատոր` փոստային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է տրված լիցենզիայի համաձայն.

փոստային կապի ազգային օպերատոր` փոստային կապի օպերատոր, որը մատուցում է փոստային կապի ունիվերսալ ծառայություններ և կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոստի խորհրդանիշը.

փոստային կապի օբյեկտներ` փոստային կապի օպերատորի առանձնացված ստորաբաժանումներ` փոստի տեսակավորման և փոխադրման կենտրոն, օդակայաններին կամ երկաթուղային կայարաններին կից փոստի փոխադրման բաժանմունքներ, փոստափոխանակման կետեր, փոստային բաժանմունքներ, փոստային շարժական կետեր և այլն.

փոստային կապի երթուղի` փոստային կապի օբյեկտների միջև փոստային տրանսպորտի երթուղի.

փոստային կապի ցանց` փոստային կապի օբյեկտների և փոստային երթուղիների ամբողջություն.

փոստային կապի միջոցներ` փոստային կապի ծառայություններ մատուցելու համար օգտագործվող շենքեր, շինություններ, ոչ բնակելի տարածքներ, սարքավորումներ և փոստային տրանսպորտ, փոստային ծրարներ, բացիկներ և փոստային տարա.

փոստային վճարման պետական նշաններ (նիշեր)` փոստային նամականիշներ կամ այլ նիշեր, որոնք դրվում են փոստային առաքանիների վրա և հաստատում են փոստային կապի ծառայությունների վճարումը.

ֆրանկոմեքենա և նիշավորող մեքենա` նամակագրական թղթակցության վրա փոստային կապի ծառայությունների վճարումը, տվյալ թղթակցության ընդունման ամսաթվերը և այլ տեղեկատվություն հաստատող փոստային վճարման պետական նշաններ դրոշմելու համար նախատեսված մեքենաներ.

փոստային դասիչ` փոստային կապի օբյեկտին տրվող փոստային հասցեի պայմանական թվային նիշավորում, որը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում և պարտադիր է փոստային կապի օպերատորների համար.

անվանական իր` սարք (դրոշմ), որը նախատեսված է փաստաթղթերի և փոստային առաքանիների դրոշմվածքների համար` նշելով փոստային կապի օբյեկտի անվանումը, փոստային առաքանու ընդունման և հանձնման ամսաթիվը և այլ տեղեկատվություն.

փոստարկղ` հասարակ նամակների և փոստային բացիկների հավաքման համար նախատեսված հատուկ փակվող արկղ.

հասցեատեր` ֆիզիկական անձ կամ կազմակերպություն, որին հասցեագրված են փոստային առաքանի, դրամական միջոցների փոստային փոխադրություններ, հեռագրային կամ այլ հաղորդագրություններ.

փոստային բաժանորդային արկղ` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար նախատեսված հատուկ փակվող արկղ.

փոստային բաժանորդային պահարան` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար բնակելի շենքերում, ինչպես նաև հանձնման տեղամասերում տեղադրվող փակվող խցիկներով հատուկ պահարան.

փոստային անվանական պահարան` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար որոշակի ժամկետով տրամադրվող` փոստային կապի օբյեկտներում տեղադրվող փակվող խցիկներով հատուկ պահարան.

հենակետային փոստարկղ` փոստային առաքանին ժամանակավորապես պահելու կամ հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար հանձնման կետերում նախատեսվող հատուկ փակվող պահարան:

(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.12.2007 ՀՕ-109) 

 

Հոդված 4.

Փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունքները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունքներն են՝

ա) փոստային կապի հաղորդակցության ազատության և գաղտնիության ապահովումը.

բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար փոստային կապի ունիվերսալ ծառայություններից օգտվելու մատչելիությունը.

գ) փոստային առաքանիների տարանցման ազատությունը.

դ) փոստային կապի ծառայություններից օգտվողների իրավունքների հավասարությունը.

ե) փոստային կապի կառավարելիության և հուսալիության ապահովումը:

 

Հոդված 5.

Փոստային կապի ծառայություններից օգտվողի իրավունքները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի ծառայություններից օգտվողներն ունեն փոստային կապի ծառայություններից օգտվելու հավասար իրավունքներ:

Փոստային կապի ծառայություններից օգտվողն իրավունք ունի ստանալու մատչելի տեղեկատվություն մատուցվող փոստային կապի ծառայությունների, փոստային կապի ծառայությունների սակագների, փոստային առաքանիների առաքման հսկիչ ժամկետների, առաքման համար արգելված առարկաների և նյութերի, փոստային կապի ծառայությունների մատուցման լիցենզիայի գործողության ժամկետի վերաբերյալ:

Փոստային կապի ծառայություններից օգտվողն իրավունք ունի ցպահանջ կամ փոստային բաժանորդային պահարանի օգտագործմամբ իր հասցեով ստանալու փոստային առաքանիները և դրամական միջոցների փոստային փոխադրությունների ծանուցումները: Հասցեատերն իրավունք ունի հրաժարվելու իր հասցեով ստացված փոստային առաքանիներից կամ փոստային դրամական միջոցների փոստային փոխադրություններից:

Փոստային կապի ծառայություններից օգտվողներն ինքնուրույն են որոշում գնահատված փոստային առաքանու ներդրվածքի արժեքը, որը պետք է համապատասխանի ներդրվածքի իրական արժեքին, իրենց հայտարարագրով ընտրում են փաթեթավորման տեսակը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 6.

Փոստային կապի օպերատորի և ազգային օպերատորի պարտականությունները

 

Փոստային կապի օպերատորը և ազգային օպերատորը պարտավոր են`

ա) ունենալ անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ և մեքենայացման, ավտոմատացման ու տեղեկատվայնացման միջոցներ` փոստային կապի ծառայություններից օգտվողի համար.

բ) ապահովել հսկիչ ժամկետներում նամակագրական թղթակցության առաքումը փոստային կապի ծառայություններից օգտվողներին.

գ) ապահովել փոստային կապի ծառայություններից օգտվողներից ընդունված փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների պահպանությունը.

դ) ապահովել փոստային կապի գործունեությունը կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերով սահմանված ստանդարտներին համապատասխան` փոստային կապի ծառայությունների որակը, ինչպես նաև դրա համապատասխանությունը պայմանագրի պայմաններին և տվյալ ծառայությունների մատուցման պայմանների վերաբերյալ տեղեկատվությանը.

ե) ապահովել փոստային կապի գաղտնիության պահպանումը.

զ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով աջակցել իրավապահ մարմիններին օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման և դատավարական գործողությունների կատարման ժամանակ.

է) ապահովել մատչելի տեղեկատվություն փոստային կապի ծառայությունների սակագների, փոստային առաքանու առաքման ժամկետների, աշխատանքի ռեժիմի վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկություններ, որ մատչելի է դարձնում փոստային կապի ծառայությունների մատուցումը:

Փոստային կապի ազգային օպերատորը պարտավոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը:

 

Հոդված 61.

Փոստային կապի ազգային օպերատորի գործունեությունը

 

Փոստային կապի ազգային օպերատորը՝ որպես վճարահաշվարկային կազմակերպություն, կարող է իրականացնել առևտրային և ցանկացած այլ գործունեություն, որի ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

(61-րդ հոդվածը լրաց. 14.06.2006 ՀՕ-295)

 

Հոդված 7.

Փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների պահպանությունը

 

Փոստային կապի օպերատորների միջև փոստային առաքանիների և դրամական միջոցների ընդունումը և հանձնումն իրականացվում են՝ ապահովելով հանձնվող և ընդունվող փոստային առաքանիների և դրամական միջոցների ճշգրիտ հաշիվը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Թերություններով (ուղեկից փաստաթղթերում նշված քաշից տարբերություն, փաթեթավորման, կնիքների, կապերի և այլ թերություններ) փոստային առաքանու հայտնաբերման դեպքում փոստային կապի օպերատորը պարտավոր է ձևակերպել և այդպիսի փոստային առաքանին հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փոստային կապի ազգային օպերատորն օրենքով սահմանված կարգով իրավասու է ունենալու քաղաքացիական և ծառայողական զենք, որն անհրաժեշտ է պահպանելու համար փոստային առաքանին և դրամական միջոցները, ինչպես նաև փոստային կապի օբյեկտները:

Շինությունները, որտեղ իրականացվում են փոստային առաքանու մշակումը և դրամական միջոցների պահպանումը, պետք է կահավորված լինեն պաշտպանական և հակահրդեհային միջոցներով:

Ինքնաթիռները, փոստային վագոնները, ավտոմեքենաները և տրանսպորտային այլ միջոցներ, որոնք փոխադրում են փոստային առաքանի ու դրամական միջոցներ, պետք է սարքավորված լինեն այնպես, որ բացառվի համապատասխան տարածքներ կողմնակի անձանց մուտքի հնարավորությունը:

Փոստային կապի օպերատորն իրավասու է ունենալու փոստային անվտանգության ստորաբաժանումներ և պաշտպանության միջոցներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 8.

Փոստային կապի ծառայությունների հատուկ պայմանները

 

Փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները, որոնք հնարավոր չէ տեղ հասցնել (հանձնել) փոստային ծառայություններից օգտվողների հասցեի անճշտության կամ դրա անհրաժեշտ տվյալների բացակայության, հասցեատիրոջ` այլ բնակավայր մեկնելու կամ ուրիշ հանգամանքների պատճառով, որոնք բացառում են փոստային կապի ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված` փոստային կապի օպերատորի կողմից իր պարտականությունների կատարումը, ողջամիտ ժամկետներում վերադարձվում են ուղարկողին: Վերադարձվող փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները ուղարկողի կողմից ստանալու մերժման դեպքում դրանք հանձնվում են փոստային կապի օպերատորին ժամանակավոր պահպանման` որպես չպահանջված փոստային առաքանի և դրամական միջոցների փոստային փոխադրություններ:

Չպահանջված փոստային առաքանիների և չպահանջված դրամական միջոցների ժամանակավոր պահումը վեց ամսվա ընթացքում իրականացնում է փոստային կապի օպերատորը:

Պահման սահմանված ժամկետի ընթացքում դրամական միջոցները կարող են հանձնվել հասցեատիրոջը կամ ուղարկողին նրանց դիմումի հիման վրա` փոստային կապի օպերատորի թույլտվությամբ:

Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո չպահանջված նամակագրական հաղորդակցությունը ենթակա է առգրավման և ոչնչացման: Չպահանջված փոստային առաքանիների մյուս ներդրվածքները` որպես տիրազուրկ գույք, դառնում են փոստային կապի օպերատորի սեփականությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Եթե չպահանջված փոստային առաքանու ներդրվածքի արժեքը կամ չպահանջված դրամական միջոցների գումարը պակաս է նվազագույն աշխատավարձի հնգապատիկից, ապա փոստային առաքանու ներդրվածքը և դրամական միջոցները ակտով հանձնվում են փոստային կապի օպերատորի հաշվեկշռին: Եթե չպահանջված փոստային առաքանու ներդրվածքի արժեքը կամ չպահանջված դրամական միջոցների գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, ապա փոստային առաքանու ներդրվածքը և դրամական միջոցները դատարանի որոշման հիման վրա հանձնվում են փոստային կապի օպերատորի հաշվեկշռին` ըստ փոստային կապի օպերատորի հայցի:

Եթե փոստային կապի ծառայություններից օգտվողի հասցեի անհրաժեշտ տվյալների բացակայության պատճառով տեղ չհասցված (չհանձնված) փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները հնարավոր չէ վերադարձնել ուղարկողին, ապա դրանք հանձնվում են ժամանակավոր պահպանման. փոստային առաքանին` որպես չհանձնված փոստային առաքանի, իսկ դրամական միջոցների փոստային փոխադրությունները` որպես չպահանջված դրամական միջոցների փոստային փոխադրություններ:

Փոստային կապի ծառայություններից օգտվողի հասցեի տվյալները ճշտելու կամ հասցեատիրոջը հանձնելու կամ ուղարկողին վերադարձնելու համար այլ տվյալներ ստանալու նպատակով չհանձնված փոստային առաքանիները ենթակա են բացման: Չհանձնված փոստային առաքանիների բացումը կատարվում է դատարանի որոշման հիման վրա:

Չհանձնված փոստային առաքանին բացելիս պետք է պահպանել անվտանգության անհրաժեշտ միջոցները: Եթե փոստային կապի օպերատորը նախնական հետազոտմամբ պարզել է, որ չհանձնված փոստային առաքանու ներդրվածքը պարունակում է առարկաներ կամ նյութեր, որոնք չհանձնված փոստային առաքանին բացելիս կարող են վնաս հասցնել մարդկանց կյանքին և առողջությանը, ապա փոստային տվյալ առաքանին կարող է սույն օրենքով սահմանված կարգով առգրավվել և ոչնչացվել առանց բացելու:

Չհանձնված փոստային առաքանիները բացվում են դատարանի վճռի հիման վրա` հասցեատիրոջը հանձնելու կամ ուղարկողին վերադարձնելու համար անհրաժեշտ այլ տվյալներ պարզելու նպատակով:

Փոստային կապի օպերատորը պարտավոր է չհանձնված փոստային առաքանիների ժամանակավոր պահման համար, բայց եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս, դիմել դատարան` փոստային առաքանիները բացելու թույլտվություն ստանալու նպատակով:

Չհանձնված փոստային առաքանիները բացելու վերաբերյալ նյութերի քննարկումը հնգօրյա ժամկետում իրականացնում է փոստային առաքանիների ժամանակավոր պահումն իրականացնող փոստային կապի օբյեկտի գտնվելու վայրի դատարանը:

Չհանձնված փոստային առաքանիների բացումը, նախնական հետազոտումը և ոչնչացումը կատարում է փոստային կապի օպերատորի ղեկավարի կամ տեղակալի կազմած հանձնաժողովը, որի ձևավորման կարգը, ինչպես նաև աշխատակարգը սահմանում է փոստային կապի օպերատորի ղեկավարը: Չհանձնված փոստային ծանրոցների, գնահատված նամակների և գնահատված փաթեթների բացման դեպքում փոստային կապի օպերատորի կազմած հանձնաժողովների կազմում ընդգրկվում են նաև ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության մարմինների ներկայացուցիչներ:

Չհանձնված փոստային առաքանին բացելու, առգրավելու կամ ոչնչացնելու վերաբերյալ նշված հանձնաժողովը կազմում է ակտ:

Եթե չհանձնված փոստային առաքանին բացելիս հաջողվել է պարզել փոստային կապի ծառայությունից օգտվողի հասցեի տվյալները, ապա փոստային կապի օպերատորը փոստային առաքանին առաքում է հասցեատիրոջը կամ վերադարձնում ուղարկողին: Եթե չհանձնված փոստային առաքանին բացելիս չի հաջողվել պարզել փոստային կապի ծառայությունից օգտվողի հասցեի տվյալները, ապա այդպիսի փոստային առաքանին դասվում է չպահանջվածների թվին:

Չհանձնված փոստային առաքանին սահմանված հասցեով առաքելու կամ վերադարձնելու համար փոստային կապի ծառայությունից օգտվողից գանձվում է գումար, որի չափը որոշվում է վերադարձի օրը գործող սակագներով:

Չհանձնված միջազգային փոստային առաքանին պահման ժամկետի լրանալու դեպքում ուղարկվում է միջազգային փոստափոխանակման վայր, որտեղից այն ստացվել է:

Հասցեատիրոջը չգտնելու կամ նրա մահվան, ստանալուց հրաժարվելու և այլ պատճառներով վերադարձված փոստային առաքանին ուղարկվում է օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ Ո Ւ Խ  2

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 9.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորությունները փոստային կապի բնագավառում

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը փոստային կապի բնագավառում`

ա) (կետն ուժը կորցրել է 12.12.2007 ՀՕ-109) 

բ) սահմանում է փոստային կապի ազգային օպերատոր.

գ) լիազորում է փոստային կապի ազգային օպերատորին մատուցելու փոստային կապի ունիվերսալ ծառայություններ և կրելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոստի խորհրդանիշը.

դ) սահմանում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների կարգավորման հետևանքով փոստային կապի ազգային օպերատորի չստացած եկամուտների փոխհատուցման կարգը.

ե) սահմանում է փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին.

զ) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

(9-րդ հոդվածը փոփ. 12.12.2007 ՀՕ-109) 

 

Հոդված 10.

Փոստային կապի բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում պետական կառավարումը և կարգավորումն իրականացնում է փոստային կապի բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

Լիազորված մարմինը՝

ա) իրականացնում է փոստային կապի բնագավառում պետական քաղաքականություն.

բ) օրենքով սահմանված կարգով իրականացնում է փոստային կապի ծառայությունների լիցենզավորում.

գ) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոստային նամականիշների պատկերը, թեման.

դ) սահմանում է փոստային վճարման պետական նշանների նմուշները, անվանագները, տպաքանակը, գործողության ժամկետները և կազմակերպում է դրանց հրատարակումն ու տարածումը.

ե) սահմանում է փոստային օբյեկտների դասիչները.

զ) սահմանում է նամակագրական թղթակցության` փոստարկղերից հավաքման հաճախականությունը և փոստային առաքանիների անցման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետները.

է) ապահովում է գործող փոստային կապի ցանցերի գործունեությունն արտակարգ իրավիճակներում.

ը) իրականացնում է գործող լիցենզիաների պահանջների նկատմամբ հսկողություն.

թ) իր իրավասության սահմաններում իրականացնում է փոստային կապի բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային համագործակցությունը և ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը փոստային կապի միջազգային կազմակերպություններում.

ժ) աջակցում է փոստային կապի ծառայությունների շուկայում ազատ և հավասար մրցակցությանը.

ժա) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 11.

Փոստային կապի բնագավառում գործունեության լիցենզավորումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունները ենթակա են լիցենզավորման, բացառությամբ պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, դիվանագիտական և հյուպատոսական կարիքների համար նախատեսված փոստային կապի ցանցերի:

Լիցենզավորումն իրականացվում է փոստային կապի ծառայությունների մատուցման գործունեության կարգավորման և վերահսկողության նպատակով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման լիցենզիան տալիս է լիազորված մարմինը` «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:

Դրամական միջոցների փոստային փոխադրությունները օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ենթակա են լիցենզավորման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, բացառությամբ փոստային կապի ազգային օպերատորի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով մատուցած դրամական միջոցների փոստային փոխադրությունների:

Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար վճարվում են տարեկան տուրքեր` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

Հոդված 12.

Փոստային կապի բնագավառում գործունեության կառավարումն արտակարգ իրավիճակներում

 

Արտակարգ իրավիճակներում փոստային կապի բնագավառում գործունեության համակարգումն ու կառավարումն իրականացնում է լիազորված մարմինը` համագործակցելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության պետական կառավարման լիազորված մարմնի և այն մարմինների հետ, որոնց տնօրինության տակ գտնվում են փոստային կապի ցանցեր:

 

Հոդված 13.

Փոստային կապի բնագավառում լեզուների օգտագործումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում փոստային առաքանու հասցեները ձևակերպվում են հայերենով, իսկ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ այլ լեզուներով:

 

Հոդված 14.

Հաշվառման ժամանակը փոստային կապի բնագավառում

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում տեխնոլոգիական գործունեություն իրականացնելիս հաշվառման ժամանակը ընդունվում է տեղական ժամանակը:

Միջազգային փոստային կապի հաղորդակցության հաշվառման ժամանակը սահմանվում է համաշխարհային համակարգված ժամանակով, եթե միջազգային պայմանագրերով այլ հաշվառման ժամանակ սահմանված չէ:

 

Գ Լ Ո Ւ Խ  3

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 15.

Փոստային կապի գործունեության ֆինանսավորումը

 

Փոստային կապի օպերատորների գործունեության ֆինանսավորումը կատարվում է՝

ա) փոստային կապի օպերատորների կողմից փոստային կապի ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին.

բ) սույն օրենքով նախատեսված պայմանագրային ծառայությունների մատուցումից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեությունից ստացվող միջոցների հաշվին:

 

Հոդված 16.

Փոստային առաքանու փոխադրման համար տրանսպորտային միջոցների օգտագործումը

 

Փոստային կապի օպերատորի տրանսպորտը պետք է ունենա հատուկ տարբերանշան:

Փոստային կապի ազգային օպերատորի տրանսպորտային միջոցները շահագործվում են հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված կարգով և պայմաններով:

Փոստային կապի ազգային օպերատորի տրանսպորտը, որպես տարբերանշան, ունի դեղին հենք և «Լեռնային Ղարաբաղի փոստ» մակագրություն և կարող է սարքավորված լինել լուսային ազդանշաններով:

Փոստային կապի ազգային օպերատորի փոստային տրանսպորտն իրավունք ունի անարգել անցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր բնակավայրերի փողոցներով ու ճանապարհներով, ինչպես նաև օպերատիվ և հատուկ ծառայությունների ավտոմեքենաների հետ միաժամանակ առանց հերթի լիցքավորվել վառելանյութով:

Փոստային կապի ազգային օպերատորի փոստային տրանսպորտը չի կարող առանց այդ կազմակերպությունների համաձայնության ներգրավվել իր գործունեությանը չառնչվող ծառայությունների և աշխատանքների կատարման համար:

Փոստափոխանակման համար փոստային կապի օպերատորի փոստային տրանսպորտի անցումը դեպի փոստային օբյեկտներ և բեռնային համալիրներ կատարվում է առաջնահերթ և անվճար:

 

Հոդված 17.

Փոստային կապի օբյեկտների և միջոցների տեղաբաշխումը

 

Բնակավայրերի զարգացումը պլանավորելիս քաղաքային և գյուղական համայնքների, շրջանների, ինչպես նաև բնակելի շենքերի և պլանավորման կառուցվածքի այլ տարրերի շինարարության և վերակառուցման ժամանակ պետական քաղաքաշինության նորմատիվներին և կանոններին համապատասխան պետք է նախատեսվեն փոստային կապի օբյեկտների տեղակայման համար շենքերի, ինչպես նաև տարածքների նախագծում և շինարարություն:

Փոստային կապի օբյեկտների տեղակայման համար նախատեսված հողամասերը հատկացվում են պետական կարիքների համար` հողերի հատկացման կարգով:

Փոստային կապի ազգային օպերատորին փոստային կապի օբյեկտների տեղակայման համար հողամասերի հատկացումն իրականացվում է լիազորված մարմնի միջնորդությամբ: Լիազորված մարմինը հանդես է գալիս որպես համապատասխան աշխատանքների պատվիրատու:

Փոստային կապի ազգային օպերատորին փոստային կապի օբյեկտների համար հատկացված հողամասերը կարող են տրամադրվել մշտական (անժամկետ) անհատույց օգտագործման համար:

Փոստային կապի ազգային օպերատորը ազատվում է գույքահարկից, հողի հարկից, տեղական հարկերից և տեղական ինքնակառավարման մարմինների սեփականությունը համարվող տարածքների վարձակալման համար նախատեսված վճարներից և վարձավճարներից:

Փոստային կապի ազգային օպերատորին փոստային կապի օբյեկտների շինարարության համար հողամասերը պետք է տրամադրվեն բնակավայրերի կենտրոնական մասում` ապահովելով համապատասխան պայմաններ տրանսպորտային միջոցներով փոխադրվող փոստային առաքանու փոստափոխանակման համար:

Փոստային կապի ազգային օպերատորի փոստային կապի օբյեկտների տեղակայումն ավտոկայանների, երկաթուղային կայանների և օդակայանների մոտ կատարվում է տեխնոլոգիական նորմաներին համապատասխան:

Տեղական ինքնակառավարման մարմինները փոստային կապի ազգային օպերատորին տրամադրում են գործող (կամ կառուցվող) բնակելի կամ այլ շենքերում ոչ բնակելի տարածքներ, ըստ տեխնոլոգիական նորմաների՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշվող կարգով և պայմաններով:

Փոստային բաժանորդային պահարանները բազմահարկ բնակելի շենքերում տեղադրում են շինարարական կազմակերպությունները:

Փոստային բաժանորդային պահարանների ձեռքբերման և տեղադրման ծախսերը ներառվում են այդ շենքերի շինարարության նախահաշվում:

Բնակելի շենքերում փոստային կապի ծառայություններից օգտվողները փոստային առաքանի ստանալու համար փոստային բաժանորդային արկղերը տեղադրում են սեփական միջոցների հաշվին:

Փոստային կապի ազգային օպերատորը իրավունք ունի հասարակ նամակների և փոստային բացիկների հավաքման համար անհատույց փոստարկղեր տեղադրելու բնակելի և վարչական շենքերի պատերին և հարմար այլ վայրերում` նախապես համաձայնեցնելով բնակելի և վարչական շենքերի սեփականատիրոջ հետ:

Փոստային կապի օբյեկտներում այլ կազմակերպությունների տեղակայումը թույլատրվում է փոստային առաքանու և դրամական միջոցների պահման անվտանգության և փոստային կապի գաղտնիության ապահովման պայմանով, ինչպես նաև եթե այդ տեղակայումը չի խաթարում և չի խոչընդոտում փոստային կապի ծառայությունների մատուցումը:

(17-րդ հոդվածը լրաց. 12.12.2007 ՀՕ-109) 

 

Հոդված 18.

Փոստային կապի ծառայությունների սակագները

 

Փոստային կապի ծառայությունների սակագները, բացառությամբ փոստային կապի ունիվերսալ ծառայությունների, սահմանում է փոստային կապի օպերատորը:

(2-րդ մասն ուժը կորցրել է 12.12.2007 ՀՕ-109) 

(3-րդ մասն ուժը կորցրել է 12.12.2007 ՀՕ-109) 

Առաքվող նամակագրական թղթակցության վճարը հաստատող փոստային վճարման պետական վաճառված նշանները հետ չեն ընդունվում և չեն փոխանակվում:

(18-րդ հոդվածը փոփ. 12.12.2007 ՀՕ-109) 

 

Հոդված 181.

Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագները և դրանց ձևավորման սկզբունքները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագները սահմանում և վերանայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Կարգավորող հանձնաժողով):

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների ձևավորման սկզբունքներն են՝

ա) փոստային կապի ունիվերսալ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցման ապահովումը.

բ) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.

գ) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.

դ) ծառայությունների տեսակներով և առանձնահատկություններով պայմանավորված սակագների տարբերակումը.

ե) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը:

3. Փաստաթղթերի հատուկ առաքման սակագնի ձևավորման հիմքում ընկած է ծախսածածկման սկզբունքը:

(181-րդ հոդվածը լրաց. 12.12.2007 ՀՕ-109) 

 

Հոդված 182.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանումը և կիրառումը

 

1. Սակագների սահմանման և վերանայման կարգը, այդ առնչությամբ փոստային կապի ազգային օպերատորի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Կարգավորող հանձնաժողովը:

2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո: Սակագների գործողության ժամկետը 6 ամսից պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված սակագների մեծությունների՝ դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Կարգավորող հանձնաժողովը ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում:

3. Կարգավորող հանձնաժողովը կարող է սահմանել փոստային կապի ազգային օպերատորի կողմից մատուցվող փոստային կապի ունիվերսալ ծառայության երկարաժամկետ սակագին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրա ճշգրտման սկզբունքները:

4. Սահմանված սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև:

5. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես փոստային կապի ազգային օպերատորի, այնպես էլ Կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ: Կարգավորող հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում փոստային կապի ազգային օպերատորի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո՝ 45-օրյա ժամկետում:

6. Փոստային կապի ազգային օպերատորը կարող է փոստային կապի ունիվերսալ ծառայությունները մատուցել Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր սակագնով՝ բացառելով գնային խտրականությունը: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս Կարգավորող հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով փոստային կապի ազգային օպերատորի վնասները:

7. Կարգավորող հանձնաժողովին հաշվետվություններ ներկայացնելու նպատակով Կարգավորող հանձնաժողովը փոստային կապի ազգային օպերատորի համար սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, ազգային հաշվային պլանին և իրավական այլ ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ:

8. Փոստային կապի ազգային օպերատորը իր ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող հաշվետվությունները, այլ տեղեկատվությունը (անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով) ներկայացնում է Կարգավորող հանձնաժողով՝ վերջինիս սահմանած ձևերով և կարգով:

9. Ներկայացված հաշվետվությունների ու տեղեկատվությունների հավաստիության ճշգրտման նպատակով Կարգավորող հանձնաժողովն իրավասու է իրականացնելու կամ կազմակերպելու ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ՝ պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր:

(182-րդ հոդվածը լրաց. 12.12.2007 ՀՕ-109) 

 

Գ Լ Ո Ւ Խ  4

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 19.

Փոստային կապի օպերատորի պատասխանատվությունը

 

Փոստային կապի օպերատորը փոստային առաքանու կորստի, վնասվածքի, ներդրվածքի պակասորդի, առաքման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետների ուշացման, փոստային կապի գաղտնիությունը չպահպանելու համար, որոնց հետևանքով վնաս է պատճառվել այդ ծառայություններից օգտվողներին, պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

Փոստային կապի օպերատորը փոստային կապի ծառայություններից օգտվողներին զանգվածային լրատվության միջոցներով տեղեկացնում է իր գործունեության, նոր ծառայությունների, սակագների, փոստային կապի բնագավառում նվաճումների վերաբերյալ:

Փոստային կապի օպերատորը պարտավոր է փոստային կապի ծառայություններից օգտվողի պահանջով տրամադրել տեղեկություններ փոստային նամակագրական թղթակցությունների առաքման հսկիչ ժամկետների մասին:

Փոստային կապի ծառայությունների մատուցման ժամանակ փոստային կապի ծառայությունից օգտվողին պատճառած վնասները փոստային կապի օպերատորը հատուցում է հետևյալ չափերով.

ա) գնահատված փոստային առաքանու կորստի կամ ներդրվածքը փչացնելու (վնասելու) դեպքում` գնահատված արժեքի և սակագնային վճարի գումարի չափով, բացառությամբ հայտարարված արժեքի համար սակագնային վճարից.

բ) ներդրվածքի հայտարարագրով առաքման ժամանակ գնահատված փոստային առաքանու ներդրվածքի մի մասը կորցնելու կամ փչացնելու (վնասելու) դեպքում` ուղարկողի կողմից նշված ներդրվածքի պակասող կամ փչացած (վնասված) մասի գնահատված արժեքի չափով.

գ) առանց հայտարարագրի առաքվող գնահատված փոստային առաքանու ներդրվածքի մի մասի կորստի կամ փչացնելու (վնասելու) դեպքում` գնահատված փոստային առաքանու ներդրվածքի մասի արժեքի չափով, որը որոշվում է ներդրվածքի պակասող կամ փչացած (վնասված) զանգվածի և առաքվող ներդրվածքի զանգվածի համամասնությամբ, առանց փոստային առաքանու փաթեթավորման զանգվածի.

դ) դրամական միջոցների փոստային փոխադրությունները չվճարելու (չիրականացնելու) դեպքում` փոխադրության գումարի և սակագնային վճարի գումարի չափով.

ե) գրանցվող փոստային այլ առաքանու կորստի կամ փչացնելու (վնասելու) դեպքում` սակագնային վճարի գումարի կրկնապատիկի չափով, իսկ ներդրվածքի մի մասի կորստի կամ փչացնելու (վնասելու) դեպքում` սակագնային վճարի գումարի չափով.

զ) փոստային առաքանու առաքման և դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետները խախտելու դեպքում փոստային կապի օպերատորները վճարում են փոստային կապի ծառայության դիմաց վճարի 3 տոկոսի չափով տուժանք` չառաքված յուրաքանչյուր օրվա համար, բայց ոչ ավելի տվյալ ծառայության դիմաց վճարված գումարից, ինչպես նաև օդային տրանսպորտով փոստային առաքանու առաքման հսկիչ ժամկետները խախտելու համար` օդային և վերգետնյա տրանսպորտով առաքման միջև տարբերության գումարի չափով:

Միջազգային փոստային առաքանու կորստի կամ վնասվածքի համար պատասխանատվության հարցերը կարգավորվում են օրենքով և միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 20.

Փոստային կապի ծառայություններից օգտվողի պատասխանատվությունը և գործողությունների սահմանափակումը

 

Փոստային կապի ծառայություններից օգտվողն օրենքով սահմանված դեպքերում պատասխանատվություն է կրում այն վնասի համար, որը հասցվել է փոստային առաքանու մշակմամբ զբաղվող աշխատողներին կամ փոստային ուրիշ առաքանու, եթե այդ վնասն առաջացել է օգտվողի կողմից արգելված առարկաների ներդրման կամ առաքվող ներդրվածքի թերի փաթեթավորման հետևանքով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում փոստային առաքանիներում առաքման համար արգելված առարկաներն են՝

ա) հրազեն, գազային զենք, նետողական զենք, ազդանշանային զենք, օդաճնշիչ զենք, ռազմամթերք, սառը զենք, էլեկտրաշոկային սարքեր և կայծահաններ, ինչպես նաև զենքի և հրազենի հիմնական մասեր.

բ) թմրամիջոցներ կամ հոգեներգործուն, ռադիոակտիվ, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ և այլ վտանգավոր նյութեր.

գ) թունավոր կենդանիներ և բույսեր.

դ) Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր և տարադրամ.

ե) շուտ փչացող սննդամթերք.

զ) առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել փոստային կապի աշխատողներին, աղտոտել փոստային կապի մյուս առաքանիներն ու փոստային կապի սարքավորումները:

Փոստային կապի օպերատորն իրավունք ունի փոստային առաքանին, որի ներդրվածքը արգելված է առաքման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, չառաքելու և այն պահելու հայտնաբերման վայրում:

Այդպիսի փոստային առաքանիների ժամանակավոր պահումն իրականացվում է փոստային կապի օբյեկտում՝ ապահովելով դրա ճիշտ հաշվառումը և պահպանվածությունը: Արգելվում է կողմնակի անձանց մուտքը այդպիսի առաքանիների պահոց:

Փոստային առաքանիներում սույն հոդվածի «ա» և «բ» կետերում նշված առարկաները և նյութերը հայտնաբերելու և այդ փոստային առաքանին չառաքելու փաստի մասին փոստային կապի օպերատորը անհապաղ հաղորդում է ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության մարմիններին: Հիշյալ մարմինների աշխատակիցները փոստային կապի օբյեկտի ղեկավարի կամ նրա տեղակալի ներկայությամբ առգրավում են արգելված առարկան կամ նյութը և այդ մասին կազմված ակտի մեկ օրինակն ուղարկում են առաքանին ուղարկողին:

Փոստային առաքանու մեջ հայտնաբերված թունավոր կենդանիները և բույսերը հանձնվում են ակտով համապատասխան անասնաբուժական կամ ֆիտոսանիտարական վերահսկողության մարմիններ:

Փոստային առաքանու մեջ հայտնաբերված` Հայաստանի Հանրապետության դրամական նիշերը վերադարձվում են ուղարկողին կամ փոստային փոխադրությամբ առաքվում են հասցեատիրոջը, ընդ որում՝ հայտնաբերված գումարից պահվում է առաքման համար վճարին համարժեք գումար: Փոստային առաքանուց առգրավված տարադրամն առաքվում է ուղարկողին կամ հասցեատիրոջը` գնահատված նամակով: Առաքման համար գանձվում է սահմանված սակագնով հաշվարկված գումար:

Շուտ փչացող սննդամթերքը, ինչպես նաև այն առարկաները, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել փոստային կապի աշխատողների կամ երրորդ անձանց կյանքին և առողջությանը, աղտոտել կամ վնասել փոստային մյուս առաքանիները կամ փոստային սարքավորումները, առգրավում է փոստային կապի օպերատորը և ոչնչացնում է սույն օրենքով սահմանված կարգով, եթե այդ վտանգը չի կարելի ոչնչացնել այլ եղանակով: Այս կապակցությամբ կազմվում է ակտ, և մեկ օրինակն առաքվում է ուղարկողին:

Առաքման համար արգելված առարկաների և նյութերի առգրավման կամ ոչնչացման մասին փոստային կապի օպերատորը 10-օրյա ժամկետում գրավոր հաղորդում է ուղարկողին կամ հասցեատիրոջը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված առարկաների և նյութերի առգրավման փաստի առթիվ ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության մարմինը որոշում է ընդունում օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին:

Միջազգային փոստային առաքանու՝ արգելվող առարկաների և նյութերի ցանկը, դրանց հանման ու ոչնչացման կարգը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողությունը և ձևակերպումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

Փոստային կապի օպերատորը սույն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի զննելու և հանելու ուղարկվող փոստային առաքանին, որի ներդրվածքի պարունակությունն արգելված է ուղարկել, ինչպես նաև ոչնչացնելու կամ թույլատրելու ոչնչացնել փոստային առաքանին, որի ներդրվածքի պարունակությունը վտանգ է սպառնում փոստային կապի օպերատորի աշխատողների կամ երրորդ անձանց առողջությանն ու կյանքին, և եթե այդ վտանգը հնարավոր չէ կանխել այլ ճանապարհով:

 

Հոդված 21.

Պատասխանատվությունը փոստային վճարման պետական նշանների և անվանական իրերի կեղծման, օգտագործման կամ թողարկման դեպքում

 

Փոստային վճարման պետական նշանների և միջազգային պատասխան կտրոնների պատրաստումը կամ դրանք կեղծելով իրացումը, ինչպես նաև ֆրանկոմեքենաների և նիշավորող մեքենաների կեղծված դրոշմվածքների և անվանական իրերի օգտագործումն առաջացնում են օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն:

 

Հոդված 22.

Պատասխանատվությունը փոստային կապի բնագավառում

 

Սույն օրենքի դրույթները խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Փոստարկղերի, փոստային բաժանորդային պահարանների, փոստային անվանական պահարանների, հենակետային փոստարկղերի փչացման, փոստային առաքանու թալանի, ոչնչացման կամ վնասման մեջ մեղավոր անձինք, ինչպես նաեւ փոստային տրանսպորտին, գույքին և փոստային կապի օպերատորների մյուս սարքավորումներին վնաս պատճառող մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով ենթարկվում են պատասխանատվության:

Փոստային կապի օպերատորները պատասխանատվություն չեն կրում փոստային առաքանու կորստի, փչանալու (վնասվածքի), չհանձնելու կամ դրա առաքման հսկիչ ժամկետները խախտելու համար, եթե դրանք կատարվել են անհաղթահարելի ուժի ազդեցությամբ կամ պայմանավորված են փոստային առաքանու ներդրվածքի հատկանիշներով, որն ապացուցվել է հետագայում:

Միջազգային փոստային առաքանու կորստի կամ փչանալու (վնասվածքի) դեպքում պատասխանատվության հարցերը կարգավորվում են օրենքով սահմանված կարգով և միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 23.

Փոստային կապի օպերատորին պահանջներ և բողոքներ ներկայացնելու կարգը

 

Փոստային կապի օպերատորի կողմից փոստային կապի ծառայությունների մատուցման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում փոստային կապի ծառայությունից օգտվողն իրավունք ունի փոստային առաքանու և դրամական միջոցների հանձնման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջելու պատճառված վնասի փոխհատուցում:

Փոստային առաքանու ընդունման և ուղարկման վայրի փոստային կապի օպերատորին ներկայացված պահանջները և բողոքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պարտադիր գրանցման և քննարկման:

Միջազգային փոստային առաքանու որոնման պահանջներն ընդունվում և քննարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ու ժամկետներում:

 

Գ Լ Ո Ւ Խ  5

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 24.

Միջազգային համագործակցությունը

 

Փոստային կապի բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:

Փոստային կապի բնագավառում միջազգային գործունեություն իրականացնելիս լիազորված մարմինը հանդես է գալիս որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոստային կապի ադմինիստրացիա և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած իրավասության շրջանակներում ներկայացնում և պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերն օտարերկրյա պետությունների փոստային կապի ադմինիստրացիաների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս:

 

Գ Լ Ո Ւ Խ  6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 25.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքով լիցենզավորման հարաբերությունները կարգավորող դրույթները ուժի մեջ են մտնում հրապարակումից վեց ամիս հետո:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

25 հունիսի 2005թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-203