Համարը 
N 906-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.12.30/24(291)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.12.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման 1-ին կետի 2-3-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2015թ.

N 906-Ն

 

ք.Ստեփանակերտ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը                   ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) կենսաթոշակ վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող` կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքող լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն (այսուհետ` նախարարություն) է.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կենսաթոշակ վճարելու կարգը տարածվում է միայն նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության կողմից նշանակվող կենսաթոշակների վրա, որոնք մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վճարվում են միայն «Արցախբանկ» և «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերությունների միջոցով.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության (այսուհետ` համապատասխան մարմիններ) համակարգերի կենսաթոշակառուների կենսաթոշակները շարունակվում են վճարվել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող ընթացակարգերով` մինչև 2018 թվականի հունվարի 1-ը (համապատասխան մարմիններում կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը)։

(2-րդ կետը փոփ. 06.12.2016 N 800-Ն)

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) մինչև 2016 թվականի հունվարի 1-ը հաստատել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կենսաթոշակ վճարելու կարգի 4-րդ կետով սահմանված դիմումի ձևը.

2) ապահովել լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը նախարարության կայքէջում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից, բացի սույն որոշման 1-ին կետի 2-3-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 906-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) սոցիալական ապահովության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից նշանակվող կենսաթոշակի, կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի և կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարները վճարելուն առնչվող հարաբերությունները, եթե Արցախի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

(1-ին կետը լրաց. 01.11.2017 N 97-Ն)

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

1) կենսաթոշակի գումար` ըստ վճարման ցուցակների կենսաթոշակ ստացող անձին վճարվող գումար.

2) կենսաթոշակառու` անձ, ում կենսաթոշակ է նշանակվել, կամ ով օրենքով իրավունք (բացառությամբ լիազորագրով ստացած իրավունքի) ունի ստանալու կենսաթոշակառուի կենսաթոշակը.

3) կենսաթոշակ ստացող անձ` կենսաթոշակառու կամ կենսաթոշակառուի կենսաթոշակը լիազորագրով ստանալու իրավունք ունեցող անձ.

4) վճարման ցուցակ` կենսաթոշակ ստացող անձանց տվյալների և նրանց վճարման ենթակա գումարներին (այդ թվում` չվճարված կենսաթոշակի գումարներին) վերաբերող տվյալների ամբողջություն, որի հիման վրա վճարվում են կենսաթոշակները (կենսաթոշակների վճարման ցուցակում ներառվում են այն կենսաթոշակառուները, ում կենսաթոշակ վճարելն օրենքով սահմանված կարգով դադարեցված չէ).

5) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` գործակալության տարածքային ստորաբաժանումներ.

6) բանկ` նախարարության հետ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած` կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարող բանկ.

7) կազմակերպություն` նախարարության հետ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած` կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարող վճարահաշվարկային կազմակերպություն:

3. Կենսաթոշակը, կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով` բանկի կամ կազմակերպության միջոցով:

4. Կենսաթոշակառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` կենսաթոշակ ստանալու եղանակը կամ բանկը կամ կազմակերպությունը փոխելու համար: Կենսաթոշակ ստանալու եղանակը կամ բանկը կամ կազմակերպությունը փոխելու դիմումի ձևը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար կենսաթոշակառուն (անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցիչը) այցելում է բանկ և իր անվամբ բացում բանկային հաշիվ: Կենսաթոշակառուի պահանջով նրան տրամադրվում է բանկային հաշվի համարը հավաստող տեղեկանք՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը ներկայացնելու համար: Տեղեկանքում նշվում են կենսաթոշակառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթուղթը, բանկային հաշվի բացման ամսաթիվը և բանկային հաշվի համարը:

(4-րդ կետը լրաց. 01.11.2017 N 97-Ն)

5. Դիմումը ներկայացնելուն նախորդող ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են դիմումում նշված եղանակով (բանկի կամ կազմակերպության միջոցով):

6. Դիմումում ներառվում են`

1) կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը.

2) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

3) կենսաթոշակ ստանալու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև բանկում բացված իր բանկային (քարտային) հաշվի (այսուհետ` բանկային հաշիվ) համարը, իսկ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև կազմակերպության անվանումը:

6.1. Սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումին կից կարող է ներկայացվել նաև սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկանքը:

(6.1-ին կետը լրաց. 01.11.2017 N 97-Ն)

7. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարելու եղանակին (բանկին կամ կազմակերպությանը) վերաբերող տեղեկատվությունը մուտքագրում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան (այսուհետ` շտեմարան):

8. Տվյալ ամսվա կենսաթոշակը դիմումում նշված եղանակով (բանկի կամ կազմակերպության միջոցով) վճարվում է, եթե դիմումը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացվել մինչև տվյալ ամսվան նախորդող ամսվա 25-ը (եթե կենսաթոշակառուի տվյալներում անճշտություններ չկան):

 

II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼԸ

 

9. Կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բանկային հաշվին փոխանցելն է: Կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բանկային հաշվին է փոխանցվում գանձապետական համակարգի միջոցով:

10. Կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն կարգով, կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու մասին նախարարության և բանկի միջև կնքված պայմանագրով (այսուհետ` պայմանագիր), իսկ բանկային հաշվի սպասարկմանն առնչվող հարաբերությունները` կենսաթոշակառուի ու բանկի միջև կնքված բանկային հաշվի պայմանագրով (այսուհետ` բանկային հաշվի պայմանագիր):

10.1. Բանկը բանկային հաշվի պայմանագիր կնքելու համար կենսաթոշակառուից պահանջվող փաստաթղթերի ցանկը տեղադրում է բանկի պաշտոնական կայքում:

(10.1-ին կետը լրաց. 01.11.2017 N 97-Ն)

10.2. Բանկը փաստաթղթերի ընդունման պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում կենսաթոշակառուի հետ կնքում է բանկային հաշվի պայմանագիր, եթե Արցախի Հանրապետության օրենսդրությամբ կամ բանկի ներքին իրավական ակտերով այլ տեղեկատվություն ու դրա հետ կապված այլ ժամկետներ չեն պահանջվում, և բանկային հաշվի պայմանագիր կնքելու օրը կենսաթոշակառուի պահանջով տրամադրում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը ներկայացվելիք տեղեկանքը:

(10.2-րդ կետը լրաց. 01.11.2017 N 97-Ն)

11. Բանկը նախարարությանն է տրամադրում իր հետ բանկային հաշվի պայմանագիր կնքած կենսաթոշակառուների տվյալները, որոնք փոխանցվում են գործակալությանը:

12. Գործակալությունը շտեմարան ներառված` կենսաթոշակը տվյալ բանկի միջոցով ստանալու մասին դիմում ներկայացրած կենսաթոշակառուների տվյալները համեմատում է սույն կարգի 11-րդ կետում նշված տվյալների հետ և անհամապատասխանությունների առկայության դեպքում ճշտում դրանք: Եթե սույն կետում նշված անհամապատասխանությունները չեն ճշտվում, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին եղանակով (կազմակերպության կամ բանկի միջոցով): Սույն կետով սահմանված դեպքում` եթե կենսաթոշակը նախկին բանկի միջոցով վճարելը հնարավոր չէ բանկային հաշիվը փակված լինելու պատճառով, ապա կենսաթոշակը, մինչև անհամապատասխանությունները ճշտելը, վճարվում է կանխիկ եղանակով:

13. Գործակալությունը, հիմք ընդունելով շտեմարանում առկա տվյալները (այդ թվում` կենսաթոշակը վճարելու եղանակը և բանկային հաշվի համարը (բանկը), նախորդ ամսվա ընթացքում «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն տված անձանց վերաբերող տվյալները), ձևավորում է էլեկտրոնային վճարման ցուցակը և փոխանցում նախարարությանը:

14. Սույն կարգով և պայմանագրով սահմանված ժամկետներում ու կարգով նախարարությունը բանկին է տրամադրում էլեկտրոնային վճարման ցուցակը և, գանձապետական համակարգի միջոցով, ապահովում վճարման ենթակա գումարի (այդ թվում` պայմանագրով սահմանված` ծառայությունների դիմաց վճարման ենթակա փոխհատուցման գումարի) փոխանցումը բանկի տարանցիկ հաշվին:

15. Բանկը համապատասխան դրամական միջոցներն ընդունելուց հետո` մեկ բանկային օրվա ընթացքում, կենսաթոշակի գումարը մուտքագրում է կենսաթոշակառուի բանկային հաշվին:

16. Բանկը կատարած փոխանցումների մասին տեղեկատվությունը տրամադրում է նախարարությանը:

 

III. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼԸ

 

17. Կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու մասին նախարարության և կազմակերպության միջև կնքված պայմանագրով (այսուհետ` հիմնական պայմանագիր), իսկ կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուին տրամադրելու պայմաններն ու կարգը` սույն կարգով և իրավական այլ ակտերով:

18. Գործակալությունը, հիմք ընդունելով շտեմարանում առկա տվյալները (այդ թվում` կենսաթոշակը վճարելու եղանակին և վճարող կազմակերպությանը վերաբերող), ձևավորում է տվյալ ամսվա վճարման ցուցակը, տպագրում վճարման ցուցակի թղթային տարբերակը և տրամադրում նախարարությանը:

19. Նախարարությունը սույն կարգով և հիմնական պայմանագրով սահմանված ժամկետներում ու կարգով կազմակերպությանն է տրամադրում վճարման ցուցակի թղթային և էլեկտրոնային տարբերակներն ու ապահովում վճարման ենթակա գումարը կազմակերպությանը փոխանցելը:

20. Կազմակերպությունը կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում կամ կազմակերպության գրասենյակում` կենսաթոշակի գումարը կենսաթոշակ ստացող անձին տրամադրելու միջոցով:

21. Կենսաթոշակ ստացող անձը կենսաթոշակի գումարը ստանալու համար կազմակերպության համապատասխան աշխատողին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը:

22. Կազմակերպության համապատասխան աշխատողը համադրում է կենսաթոշակ ստացող անձի ներկայացրած փաստաթղթի և վճարման ցուցակի տվյալները:

23. Անհամապատասխանություններ չլինելու դեպքում կազմակերպության աշխատողը կենսաթոշակ ստացող անձին է տրամադրում կենսաթոշակի գումարը: Կազմակերպության համապատասխան աշխատողը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը կենսաթոշակի գումարը կենսաթոշակ ստացող անձին է տրամադրում նաև այն դեպքում, երբ, որպես սույն կարգի 21-րդ և սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 2.3.3-րդ կետերում նշված` անձը հաստատող փաստաթուղթ, ներկայացվել է վճարման ցուցակում ներառված` վավերականության ժամկետը լրացած անձնագիր:

(23-րդ կետը լրաց. 01.11.2017 N 97-Ն)

24. Կենսաթոշակ ստացող անձը ստորագրում է վճարման ցուցակում:

25. Կազմակերպությունը տվյալ ամսվա կենսաթոշակը վճարում է հիմնական պայմանագրով սահմանված ժամկետում և, հիմնական պայմանագրով սահմանված կարգով, վճարման ցուցակի հիման վրա, կենսաթոշակների վճարման վերաբերյալ անձնավորված տեղեկատվություն է տրամադրում գործակալությանը:

26. Կազմակերպության մատուցած ծառայությունների համար վճարումը կատարվում է հիմնական պայմանագրով սահմանված կարգով և չափով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակներում:

 

IV. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ԼԻԱԶՈՐԱԳՐՈՎ ՎՃԱՐԵԼԸ

 

27. Կենսաթոշակը կանխիկ եղանակով կարող է վճարվել «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված լիազորագրով:

28. Կենսաթոշակը լիազորագրի հիման վրա կանխիկ եղանակով վճարելու համար անձը կենսաթոշակառուի բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում լիազորագիրը և դրա լուսապատճենը:

29. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը լիազորագրի լուսապատճենը համեմատում է բնօրինակի հետ, լուսապատճենի վրա կատարում է «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը, կնքում տարածքային բաժնի կնիքով և վերադարձնում բնօրինակը:

30. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը շտեմարան է մուտքագրում լիազորված անձի տվյալները, որոնք, կենսաթոշակառուի տվյալների հետ միասին արտացոլվում են վճարման ցուցակում` որպես կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձ:

 

V. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼԸ

 

31. Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ստանալու համար անձը (այսուհետ` շահառու) դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ հաշվառված է եղել կենսաթոշակառուն:

32. Դիմումում նշում է նաև այն կազմակերպության կամ բանկի անվանումը, որի միջոցով ցանկանում է ստանալ վճարման ենթակա գումարները:

33. Դիմումը հաշվառվում է դիմումների հաշվառման մատյանում և շտեմարանի էլեկտրոնային մատյանում:

34. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը ընդունում է որոշում կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և (կամ) կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը շահառուին վճարելու կամ վճարելը մերժելու կամ վճարելու ժամկետը հետաձգելու վերաբերյալ:

35. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը մերժում է կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և (կամ) կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը շահառուին վճարելը, եթե շահառուն չի ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:

36. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը հետաձգում է կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և (կամ) կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը շահառուին վճարելու ժամկետը, եթե, շտեմարանի տվյալների համաձայն, առկա է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումար:

37. Սույն կարգի 36-րդ կետով սահմանված` կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների կենսաթոշակի գումարը կանխիկ եղանակով վճարված լինելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման ղեկավարը, շահառուի դիմելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, նախարարության անունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին:

38. Սույն կարգի 36-րդ կետով սահմանված` կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարված լինելու դեպքում` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դրա մասին տեղեկացնում է գործակալությանը` ներկայացնելով մահացած կենսաթոշակառուի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, կենսաթոշակի գործի համարը:

39. Սույն կարգի 38-րդ կետով սահմանված տվյալները փոխանցվում են նախարարությանը, որը պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում բանկին տեղեկացնում է կենսաթոշակառուի մահվան մասին և ներկայացնում վճարման պահանջագիր:

40. Եթե վճարման պահանջագրի հիման վրա, պայմանագրով սահմանված` կենսաթոշակառուի բանկային հաշվին բավարար միջոցների բացակայության դեպքում, կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարն ամբողջությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե չի փոխանցվում, նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին:

41. Նախարարությունը գործակալությանը տեղեկացնում է վճարման պահանջագրի հիման վրա կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու կամ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու վերաբերյալ:

42. Սույն կարգի 36-րդ կետով սահմանված դեպքում` կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և (կամ) կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը շահառուին վճարվում է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վերականգնելուց կամ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունվելուց հետո:

43. Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը կազմակերպության միջոցով ստանալու դեպքում` այդ գումարները վճարվում են դիմելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման հետ միաժամանակ, եթե շահառուն դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացրել է մինչև դիմելու ամսվա 25-ը (եթե կենսաթոշակառուի տվյալներում անճշտություններ չկան):

44. Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը բանկի միջոցով ստանալու դեպքում` այդ գումարները վճարվում են (բանկին են փոխանցվում) դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

45. Սույն կարգի 36-րդ կետով սահմանված դեպքում` սույն կարգի 43-րդ և 44-րդ կետերով սահմանված ժամկետները հաշվարկվում են կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վերականգնելը կամ քրեական գործով վարույթը կասեցնելը հաստատող տեղեկատվությունն ստանալու օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 906-Ն որոշման

 

 

 Oրինակելի ձև

լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` կենսաթոշակների

վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

ք. Ստեփանակերտ

__  __________20  թվական

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` պատվիրատու)` ի դեմս նախարար ______________-ի, ով գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի N 84 որոշմամբ հաստատված կանոնադրության հիման վրա, և ________________ ընկերությունը (այսուհետ` կատարող)` ի դեմս ___________________-ի, ով գործում է իր կանոնադրության հիման վրա (բոլորը միասին հիշատակման դեպքում այսուհետ` կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան և այլ պայմաններ

 

1.1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

1.1.1. կենսաթոշակ` պատվիրատուի առանձնացված ստորաբաժանման` սոցիալական ապահովության պետական գործակալության կողմից նշանակվող կենսաթոշակի գումար.

1.1.2. կենսաթոշակառու` անձ, ում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով` կատարողի մոտ իր անունով բացված բանկային (քարտային) հաշվին (այսուհետ` բանկային հաշիվ) փոխանցելու միջոցով.

1.1.3. շահառու` թաղման նպաստի և կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարները ստանալու իրավունք ունեցող անձ, ում տվյալները պատվիրատուն ներկայացրել է կատարողին:

1.2. Կատարողը սույն պայմանագրով պարտավորվում է մատուցել հետևյալ ծառայությունները`

1.2.1. պատվիրատուից ընդունել և կենսաթոշակառուի բանկային հաշվին մուտքագրել կենսաթոշակի գումարները` ըստ պատվիրատուի ներկայացրած` սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տեղեկատվության (այսուհետ` վճարման ցուցակ).

1.2.2. պատվիրատուից ընդունել և շահառուին կանխիկ եղանակով վճարել թաղման նպաստի և կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարները` անկախ շահառուի հետ բանկային հաշվի պայմանագիր կնքած լինելու հանգամանքից:

1.3. Բանկային հաշիվը բացելու և վարելու հետ կապված հարաբերությունները (ներառյալ ծառայությունների վարձավճարները) կարգավորվում են կենսաթոշակառուի և կատարողի միջև կնքված բանկային հաշվի պայմանագրով:

1.4. Կատարողը պարտավոր է կենսաթոշակառուին սպասարկել սույն պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող N 2 հավելվածով սահմանված` կենսաթոշակների վճարման համար սահմանված նվազագույն ծառայությունների առավելագույն սակագների համաձայն (այսուհետ` հիմնական ծառայությունների ցանկ):

1.5. Կատարողը կարող է սահմանել այլ լրացուցիչ ծառայությունների մատուցում, որոնք ներառված չեն հիմնական ծառայությունների ցանկում կամ սահմանել հատուկ պայմաններ` հիմնական ծառայությունների համար, որոնք չպետք է պակաս բարենպաստ վիճակի մեջ դնեն կենսաթոշակառուին:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

2.1. Կողմերն իրավունք ունեն`

2.1.1. սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.

2.1.2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը:

2.2. Կատարողը պարտավոր է`

2.2.1. համապատասխան դրամական միջոցներն ընդունելուց հետո` մեկ բանկային օրվա ընթացքում, կենսաթոշակի գումարը մուտքագրել կենսաթոշակառուի բանկային հաշվին.

2.2.2. կենսաթոշակառուի մահվան դեպքում, պատվիրատուի պահանջով, որպես սխալ վճարված գումար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե փոխանցել կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակների գումարները` պատվիրատուին տեղեկացնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարի (իսկ կենսաթոշակառուի բանկային հաշվին բավարար միջոցների բացակայության դեպքում` փոխանցման ենթակա` սակայն չփոխանցված գումարի) մասին` համապատասխան պահանջագիրը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ: Կատարողը պատասխանատվություն չի կրում սխալ վճարված գումարների համար, եթե դրանք հաշվից ելքագրվել են մինչև կենսաթոշակառուի մահվան մասին տեղեկատվությունն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը (սույն կետի իմաստով մահվան մասին տեղեկատվություն ստանալու օր է համարվում կենսաթոշակառուի մահվան վկայականի պատճենը կատարողին ներկայացնելու կամ սույն պայմանագրի 2.3.2-րդ կետով սահմանված` կենսաթոշակառուի մահվան մասին տեղեկատվությունը պատվիրատուից ստանալու օրը).

2.2.3. կենսաթոշակառուի մահվան մասին տեղեկատվություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ (սույն կետի իմաստով մահվան մասին տեղեկատվության ստանալու օր է համարվում կենսաթոշակառուի մահվան վկայականի պատճենը կատարողին ներկայացնելու օրը) տեղեկացնել պատվիրատուին և դադարեցնել տվյալ կենսաթոշակառուի հաշվով գործառույթների իրականացումը.

2.2.4. կենսաթոշակառուին մատչելի եղանակով անվճար տրամադրել իր բանկային հաշվին մուտքագրված կենսաթոշակի գումարների մասին տեղեկատվություն (այսուհետ` քաղվածք)` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ.

2.2.5. մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը պատվիրատուին տրամադրել այն կենսաթոշակառուների ցուցակը, ովքեր նախորդ ամսվա ընթացքում «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով տվել են հայտարարություն: Ընդ որում, կենսաթոշակառուի կողմից հայտարարություն տալ է համարվում նաև առնվազն տարեկան մեկ անգամ անձամբ կատարողի մոտ ներկայանալով` որևէ փաստաթուղթ ստորագրելը.

2.2.6. կողմերի միջև փոխհամաձայնեցված ժամկետներում պատվիրատուին տրամադրել մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը (ներառյալ) իր հետ բանկային հաշվի պայմանագիր կնքած կենսաթոշակառուների տվյալները.

2.2.7. թաղման նպաստի և կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարներն իր բանկային հաշվին մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ ապահովել գումարի վճարումը` իր ցանկացած մասնաճյուղում։

2.3. Պատվիրատուն պարտավոր է`

2.3.1. տվյալ ամսվա վճարման ցուցակը կատարողին տրամադրելու օրվան հաջորդող բանկային օրվանից ոչ ուշ կատարողի հաշվին փոխանցել վճարման ենթակա ամբողջ գումարը.

2.3.2. կենսաթոշակառուի մահվան մասին տեղեկատվություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ կատարողին տեղեկացնել դրա մասին և դադարեցնել կենսաթոշակի վճարումը.

2.3.3. օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիությունը.

2.3.4. սույն պայմանագրի 2.2.2-րդ կետում նշված գումարների վերադարձման նպատակով կատարողին ներկայացնել սահմանված ձևով վճարման պահանջագիր.

2.3.5. շահառուի տվյալները կատարողին տրամադրելու օրվան հաջորդող բանկային օրվանից ոչ ուշ կատարողի հաշվին փոխանցել թաղման նպաստի և կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարը:

 

3. Պայմանագրի գինը

 

3.1. Սույն պայմանագրի 1.2.1-ին և 1.2.2-րդ կետերով նախատեսված ծառայությունների մատուցման համար պատվիրատուն կատարողին փոխհատուցում չի վճարում։

3.2. Կատարողը սույն պայմանագրի 1.2.2-րդ կետով նախատեսված գումարները շահառուին կանխիկ վճարելու համար ծառայությունների վարձավճար (կանխիկացման վճար) չի գանձում:

 

4. Վեճերի լուծման կարգը

 

4.1. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր ու տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.2. Վեճերի ու տարաձայնությունների վերաբերյալ բանակցությունների կամ դատական գործընթացների ժամանակահատվածում կատարողը պարտավոր է շարունակել մատուցել սույն պայմանագրով սահմանված ծառայությունները:

 

5. Եզրափակիչ դրույթներ

 

5.1. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

5.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։

5.3. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:

Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով ծանուցել կենսաթոշակառուին` պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:

Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառած վնասները լրիվ հատուցելու պայմանով:

5.4. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարար

Բանկի նախագահ/գործադիր

տնօրեն

___________________

ստորագրությունը

___________________

անունը, ազգանունը

__________________

ստորագրությունը

___________________

անունը, ազգանունը

 

 

 Հավելված N 1

կենսաթոշակների վճարման ծառայությունների

մատուցման պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

1. Բանկի անվանումը։

2. Կենսաթոշակառուի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, առկայության դեպքում` կենսաթոշակառուի փոխարեն կենսաթոշակը ստանալու` օրենքով այդ իրավունքն ունեցող անձի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը։

3. Կենսաթոշակառուի բանկային հաշվի համարը։

4. Վճարման ենթակա կենսաթոշակի գումարը (այդ թվում` տվյալ ամսվան նախորդող ժամանակահատվածի համար)` ըստ ժամանակահատվածի և տեսակների։

5. Վճարման ենթակա ընդհանուր գումարը։

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարար

Բանկի նախագահ/գործադիր

տնօրեն

___________________

ստորագրությունը

___________________

անունը, ազգանունը

__________________

ստորագրությունը

___________________

անունը, ազգանունը

 

 

 Հավելված N 2

կենսաթոշակների վճարման ծառայությունների

մատուցման պայմանագրի

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN

Ծառայությունների տեսակը

Առավելագույն սակագինը

1.

Բանկային (քարտային) հաշվի բացում և սպասարկում

անվճար

2.

Քարտերի թողարկում և տրամադրում

անվճար

3.

Պլաստիկ քարտով բանկային (քարտային) հաշվից միջոցների

կանխիկացում (տվյալ բանկի սպասարկման կետերում)

անվճար

4.

Պլաստիկ քարտով քարտային հաշվից միջոցների

կանխիկացում (այլ բանկերի` Հայաստանի Հանրապետության

և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում

գործող սպասարկման կետերում)

0.5 %

5.

Քարտի բլոկավորում և ապաբլոկավորում (քարտապանի

պահանջով)

անվճար

6.

Բանկոմատի միջոցով քարտի առգրավման դեպքում (բանկի

սեփական սպասարկման կետերում) քարտի վերադարձ

անվճար

7.

Բանկոմատի միջոցով քարտի առգրավման դեպքում (այլ

բանկերի սպասարկման կետերում) քարտի վերադարձ

200 դրամ

8.

ՊԻՆ կոդի վերականգնում

700 դրամ

9.

Քարտի վերաթողարկում (կորցնելու դեպքում)

900 դրամ

10.

Քարտային գործարքների վերաբերյալ ամսական քաղվածքի

տրամադրում

անվճար

11.

Անկանխիկ վճարումների ապահովում

անվճար

12.

Քարտային հաշվին առկա դրական մնացորդի դիմաց

հաշվեգրվող տարեկան տոկոսաչափ

6.0 %

 

Սույն աղյուսակի 7-9-րդ կետերում նշված ծառայություններն առաջին դեպքի համար մատուցվում են անվճար, իսկ հետագայում` ըստ աղյուսակի, եթե բանկն ավելի նպաստավոր պայմաններ չի առաջարկում:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարար

Բանկի նախագահ/գործադիր

տնօրեն

___________________

ստորագրությունը

___________________

անունը, ազգանունը

__________________

ստորագրությունը

___________________

անունը, ազգանունը

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 906-Ն որոշման

 

 

 Oրինակելի ձև

լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակեպության

միջև կնքվող` կենսաթոշակները կանխիկ եղանակով

վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

ք. Ստեփանակերտ

____  _______20 թվական

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` պատվիրատու)` ի դեմս նախարար _________________ -ի, ով գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի N 84 որոշմամբ հաստատված կանոնադրության հիման վրա, և _________________ վճարահաշվարկային կազմակերպությունը (այսուհետ` կատարող)` ի դեմս _________________-ի, ով գործում է իր կանոնադրության հիման վրա (բոլորը միասին հիշատակման դեպքում այսուհետ` կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան և այլ պայմաններ

 

1.1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

1.1.1. կենսաթոշակ` պատվիրատուի առանձնացված ստորաբաժանման` սոցիալական ապահովության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից նշանակվող կենսաթոշակի գումար (այդ թվում` կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի և կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումար).

1.1.2. կենսաթոշակառու` անձ, ում կենսաթոշակը վճարվում է կանխիկ եղանակով` կենսաթոշակի գումարն անձամբ նրան կամ նրա փոխարեն կենսաթոշակը ստանալու` օրենքով այդ իրավունքն ունեցող անձին տրամադրելու միջոցով:

1.2. Կատարողը սույն պայմանագրով պարտավորվում է իր և իր մասնաճյուղերի բանկային հաշիվներին մուտքագրված կենսաթոշակի գումարները, ըստ գործակալության տարածքային բաժինների ներկայացրած` սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տվյալների (այսուհետ` վճարման ցուցակ)` մինչև տվյալ ամսվա 25-ը տրամադրել կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակը ստանալու` օրենքով այդ իրավունքն ունեցող անձին (այսուհետ` ծառայությունների մատուցում):

1.3. Կատարողը սույն պայմանագրի 1.2-րդ կետով սահմանված ծառայությունը մատուցում է կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում կամ իր սպասարկման գրասենյակում:

Կատարողը ծառայությունը մատուցում է իր սպասարկման գրասենյակում, եթե կենսաթոշակառուն կատարողին ներկայացրել է դիմում կենսաթոշակը կատարողի սպասարկման գրասենյակում ստանալու մասին, կամ կենսաթոշակառուն (նրա փոխարեն կենսաթոշակը ստանալու` օրենքով այդ իրավունքն ունեցող անձը) կենսաթոշակը ստանալու համար այցելել է կատարողի սպասարկման գրասենյակ:

Կատարողի (նրա աշխատողի) գործողությունների կամ անգործության հետևանքով պետությանը կամ այլ անձանց պատճառած նյութական վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման:

1.4. Կատարողը սույն պայմանագրով սահմանված ծառայությունը մատուցում է անվճար:

1.5. Սույն պայմանագրով սահմանված ծառայությունը կատարողի կողմից համարվում է մատուցված` նախորդ ամսվա ընթացքում կենսաթոշակների վճարման արդյունքների մասին սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված տվյալներ ներառող փոխադարձ հաշվարկների ակտի (այսուհետ` փոխադարձ հաշվարկների ակտ) հաստատման պահից:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

2.1. Կատարողն իրավունք ունի`

2.1.1. սույն պայմանագրով սահմանված կարգով լուծելու պայմանագիրը.

2.1.2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու պատվիրատուի գործողությունները և (կամ) անգործությունը.

2.1.3. սույն պայմանագրով սահմանված կարգով ստանալու ծառայությունների մատուցման միջնորդավճարի գումարը:

2.2. Պատվիրատուն իրավունք ունի`

2.2.1. սույն պայմանագրով սահմանված կարգով լուծելու պայմանագիրը.

2.2.2. ցանկացած ժամանակ ստուգելու կատարողի մատուցած ծառայությունների ընթացքը և որակը` առանց միջամտելու կատարողի գործողություններին.

2.2.3. կատարողից պահանջելու` անհապաղ վերացնել հայտնաբերված թերությունները.

2.2.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու կատարողի գործողությունները և (կամ) անգործությունը.

2.2.5. սույն պայմանագրով սահմանված ծառայությունների մատուցման միջնորդավճարի գումարը կատարողի և կատարողի մասնաճյուղերի հաշիվներին փոխանցել տվյալ ամսվա` վճարման ենթակա կենսաթոշակի գումարի հետ:

2.3. Կատարողը պարտավոր է`

2.3.1. տվյալ ամսվա կենսաթոշակի գումարն իր և իր մասնաճյուղերի հաշիվներին մուտքագրվելու և վճարման ցուցակը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից սկսած` կենսաթոշակի վճարման կարգի համաձայն ապահովել ծառայության մատուցումն իր սպասարկման գրասենյակում.

2.3.2. կենսաթոշակը կենսաթոշակառուին տրամադրելու նպատակով կենսաթոշակառուի բնակության վայրի հասցե այցելել առնվազն երկու անգամ (եթե առաջին այցելության արդյունքում հնարավոր չի եղել կենսաթոշակը տրամադրել կենսաթոշակառուին).

(2.3.2-րդ կետը խմբ. 01.11.2017 N 97-Ն, ուժի մեջ է 01.11.2018 թվականի հունվարի 1-ից)

2.3.3. կենսաթոշակը տրամադրել բացառապես վճարման ցուցակում ներառված` կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակը ստանալու` օրենքով այդ իրավունքն ունեցող անձին` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

2.3.4. կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ գործակալության տարածքային բաժիններին տրամադրել նախորդ ամսվա կենսաթոշակների վճարման արդյունքների մասին տեղեկատվությունը, իսկ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ` փոխադարձ հաշվարկների ակտը.

2.3.5. պատվիրատուի կամ գործակալության պահանջով տրամադրել անձնավորված տեղեկատվություն` կենսաթոշակը կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակը ստանալու` օրենքով այդ իրավունքն ունեցող անձին տրամադրելու մասին:

2.4. Պատվիրատուն պարտավոր է`

2.4.1. տվյալ ամսվա վճարման ցուցակը կատարողի մասնաճյուղերին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ կատարողի և կատարողի մասնաճյուղերի հաշիվներին փոխանցել վճարման ենթակա գումարը.

2.4.2. փոխադարձ հաշվարկների ակտը հաստատելու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում կատարողի և կատարողի մասնաճյուղերի հաշիվներին փոխանցել սույն պայմանագրով սահմանված ծառայությունների մատուցման միջնորդավճարի գումարը:

 

3. Պայմանագրի գինը

 

3.1. Սույն պայմանագրով սահմանված ծառայությունների մատուցման համար պատվիրատուն կատարողին վճարում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի__________ տոկոսի չափով միջնորդավճար:

 

4. Վեճերի լուծման կարգը

 

4.1. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր և տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

5. Եզրափակիչ դրույթներ

 

5.1. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

5.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ։

5.3. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանիորեն հրաժարվելու դեպքում: Պայմանագրի լուծման վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:

Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով ծանուցել կենսաթոշակառուին` պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:

Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառած վնասները լրիվ հատուցելու պայմանով:

5.4. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարար

Վճարահաշվարկային

կազմակերպության

նախագահ/գործադիր տնօրեն

___________________

ստորագրությունը

___________________

անունը, ազգանունը

__________________

ստորագրությունը

___________________

անունը, ազգանունը

 

 

 Հավելված N 1

կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարելու

ծառայությունների մատուցման պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Վճարահաշվարկային կազմակերպության անվանումը։

2. Կենսաթոշակառուի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, առկայության դեպքում` կենսաթոշակառուի փոխարեն կենսաթոշակը ստանալու` օրենքով այդ իրավունքն ունեցող անձի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը։

3. Վճարման ենթակա կենսաթոշակի գումարը (այդ թվում` տվյալ ամսվան նախորդող ժամանակահատվածի համար)` ըստ ժամանակահատվածի և տեսակների։

4. Վճարման ենթակա ընդհանուր գումարը։

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարար

Վճարահաշվարկային

կազմակերպության

նախագահ/գործադիր տնօրեն

___________________

ստորագրությունը

___________________

անունը, ազգանունը

__________________

ստորագրությունը

___________________

անունը, ազգանունը

 

 

 Հավելված N 2

կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարելու

ծառայությունների մատուցման պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԱԿՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Ամիսը, որի ընթացքում իրականացվել են կենսաթոշակների վճարումները։

2. Կենսաթոշակ ստացած անձանց թիվը` ըստ տեսակների։

3. Վճարված կենսաթոշակի գումարը` ըստ տեսակների։

4. Մատուցված ծառայությունների միջնորդավճարի գումարը։

5. Կողմերի վավերապայմանները, կնիքները և լիազորված անձանց անունները, ազգանուններն ու ստորագրությունները։

6. Փոխադարձ հաշվարկների ակտը կնքելու օրը, ամիսը, տարեթիվը։

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարար

Վճարահաշվարկային

կազմակերպության

նախագահ/գործադիր տնօրեն

___________________

ստորագրությունը

___________________

անունը, ազգանունը

__________________

ստորագրությունը

___________________

անունը, ազգանունը

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ