Համարը 
ՀՕ-71-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենսգիրք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.12.30/38(110)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
17.12.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2008
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 

Ծանուցում
Սույն օրենսգիրքն ուժը կորցրել է 07.09.2018 թ., բացառությամբ օրենսգրքի 16-22-րդ գլուխների, որոնք գործում են մինչև 01.01.2018 թ., ինչպես նաև Արդարադատության խորհրդին վերաբերող դրույթների, որոնք գործում են մինչև Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումը:


ԼՂՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ

 

Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք

 

Ընդունված է 2008 թվականի

դեկտեմբերի 17-ին

 

Մ Ա Ս  1

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Դատական իշխանությունը

 

Դատական իշխանությունն իրականացնում են դատարանները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ` Սահմանադրություն) և օրենքներին համապատասխան:

 

Հոդված 2.

Սույն օրենսգրքի կարգավորման առարկան

 

Սույն օրենսգիրքը կարգավորում է դատական իշխանության կազմակերպման և գործունեության հետ կապված հարաբերություններն այնքանով, որքանով դրանք չեն վերաբերում սահմանադրական արդարադատության իրականացմանը:

 

Հոդված 3.

Դատարանները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանն է (այսուհետ` Գերագույն դատարան), որը կոչված է ապահովելու Սահմանադրության գերակայությունը և օրենքի միատեսակ կիրառությունը: Գերագույն դատարանը սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում են նաև ընդհանուր իրավասության առաջին ատյանի (այսուհետ` առաջին ատյանի) և վերաքննիչ դատարանները:

 

Հոդված 4.

Դատավորը

 

1. Դատավոր է Գերագույն, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների նախագահների և դատավորների պաշտոնում օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:

2. Յուրաքանչյուր դատավոր օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ:

(4-րդ հոդվածը խմբ. 27.05.2009 ՀՕ-19-Ն) 

 

Հոդված 5.

Դատարանի իրավասության սահմանները

 

Ցանկացած հարցի` դատարանի իրավասությանը ենթակա լինելը որոշում է դատարանը` օրենքի հիման վրա:

 

Հոդված 6.

Դատարանը հարգելու պարտականությունը

 

1. Բոլորը պարտավոր են դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորել:

2. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելն առաջացնում է դատական սանկցիայի կիրառում, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պատասխանատվություն:

3. Դատախազը պարտավոր է հարգել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը և մասնավորապես չպետք է իր գործողություններով կասկածի տակ դնի դատական ակտի օրինականությունը կամ խոչընդոտի դրա կատարմանը, բացառությամբ դատական ակտի բողոքարկման իր իրավունքն իրագործելիս:

 

Հոդված 7.

Դատական պաշտպանության իրավունքը

 

1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու ինչպես անձամբ, այնպես էլ իր ներկայացուցչի կամ պաշտպանի միջոցով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 8.

Արդարադատության իրականացումը` օրենքին համապատասխան

 

Դատարաններն արդարադատությունն իրականացնում են Սահմանադրությանը, միջազգային իրավունքի նորմերին և օրենքներին համապատասխան:

 

Հոդված 9.

Դատական իշխանության ինքնավարությունը

 

1. Դատական իշխանությունն ինքնավար է:

2. Դատական իշխանության ինքնակառավարումն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ինքնակառավարման մարմինների միջոցով:

 

Հոդված 10.

Դատավորի ապաքաղաքականացվածությունը

 

1. Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատավորը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

2.Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատավորը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Դատավորը չի կարող մասնակցել նախընտրական քարոզչությանը:

3. Դատավորների կամ դատավորների մասնագիտական միավորումների կամ դատավորների ինքնակառավարման մարմինների կողմից դատական իշխանության գործունեությունը կարգավորող կամ դրանց առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական քննարկումները կամ եզրակացությունները, դատական իշխանության բնականոն գործունեության վերաբերյալ քննարկումները և հայտարարությունները, այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն:

 

Հոդված 11.

Դատավորի անկախությունը և դատարանի ինքնուրույնությունը

 

1. Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորն անկախ է:

2. Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորը հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է: Նման արարքը քրեորեն հետապնդելի է և առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

4. Արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտության մասին դատավորը պարտավոր է անմիջապես հայտնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Եթե Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը համարի, որ տեղի է ունեցել օրենքով չնախատեսված միջամտություն դատավորի գործունեությանը, ապա նա պարտավոր է դիմել համապատասխան մարմիններին՝ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ:

5. Պաշտոնավարման ընթացքում և լիազորությունները դադարեցվելուց հետո դատավորը չի կարող հարցաքննվել որպես վկա իր քննած գործի վերաբերյալ:

(11-րդ հոդվածը փոփ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 12.

Դատավորի՝ գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու սահմանափակումը

 

Դատավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

 

Հոդված 13.

Դատավորի անձեռնմխելիությունը

 

1. Դատավորն անձեռնմխելի է:

2. Դատավորը չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Դատավորի ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը և Գերագույն դատարանի նախագահը: Ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Հանրապետության Նախագահին և Գերագույն դատարանի նախագահին: Ձերբակալումը կատարած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել Գերագույն դատարանի նախագահի անարգել մուտքն այն վայր, որտեղ պահվում է ձերբակալված դատավորը, և ապահովել նրա տեսակցությունը դատավորի հետ:

3. Դատավորին չի կարելի կալանավորել, նրան որպես մեղադրյալ ներգրավել, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել՝ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության խորհրդի (այսուհետ` Արդարադատության խորհուրդ) եզրակացության հիման վրա Հանրապետության Նախագահի տված համաձայնության:

4. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ` գլխավոր դատախազ):

5. Դատավորին չի կարելի բերման ենթարկել: Առանց փաստաթղթերի բերման ենթարկված դատավորի ինքնությունը պարզելուց հետո իրավասու պետական մարմինը պետք է անմիջապես ազատ արձակի նրան:

6. Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված չէ:

7. Խուզարկություն, զննում, փաստաթղթերի կամ իրերի առգրավում կատարելու համար դատարանի շենք մուտք գործելն իրականացվում է դատարանի նախագահի իրազեկմամբ:

8. Դատավորը չի կարող ենթարկվել քաղաքացիաիրավական պատասխանատվության իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասի համար, բացառությամբ, երբ վնասը պատճառվել է դիտավորությամբ կատարված գործողության հետևանքով:

9. Ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը չի վերացնում սույն հոդվածում ամրագրված անձեռնմխելիության երաշխիքները:

 

Հոդված 14.

Դատավորի անփոփոխելիությունը

 

1. Դատավորն անփոփոխելի է:

2. Դատավորը պաշտոնավարում է մինչև իր 65 տարին լրանալը: Դատավորի լիազորությունները, որի պաշտոնավարման տարիքը լրացել է, դադարում են իր 65 տարին լրանալու հաջորդ օրը:

3. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-97-Ն) 

(14-րդ հոդվածը լրաց. 30.11.2011 ՀՕ-65-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-97-Ն) 

 

Հոդված 15.

Հավասարությունը օրենքի և դատարանի առջև

 

1. Բոլորը հավասար են օրենքի և դատարանի առջև:

2. Իրավունքների, ազատությունների և պարտականությունների խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծննդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

3. Յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում՝ օրենքի մեկնաբանությունները):

4. Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Գերագույն դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

 

Հոդված 16.

Արդարադատության արդյունավետ իրականացման սկզբունքները

 

1. Դատարանում գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով կողմերի մասնակցությամբ, որպես կանոն, իրականացվում է գործի դատական քննության նախապատրաստական փուլ:

2. Դատական քննությունը, որպես կանոն, պետք է ավարտվի մեկ դատական նիստով:

3. Գործի դատաքննության նախապատրաստությունը և բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում:

 

Հոդված 17.

Դատական քննության մրցակցության սկզբունքը 

 

Դատական քննությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, մրցակցային է:

 

Հոդված 18.

Դատավարության լեզուն

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:

2. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:

3. Քրեական գործով գործին մասնակցող և հայերենին չտիրապետող անձանց դատարանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով:

4. Վարչական գործերով և օրենքով սահմանված քաղաքացիական գործերով գործին մասնակցող ֆիզիկական անձանց դատարանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե նրանք չեն տիրապետում հայերենին և ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում դատարանի որոշման հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) սահմանած կարգով նշանակվում է թարգմանիչ: Թարգմանիչների վարձատրության չափը և կարգը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 19.

Գործերի քննության հրապարակայնությունը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարաններում գործերի քննությունը դռնբաց է:

2. Դատական քննությունը կամ դրա մի մասն անցկացվում է դռնփակ` միայն դատարանի որոշմամբ, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով: Որդեգրման գործերով որդեգրողի պահանջով դատական քննությունն անցկացվում է դռնփակ:

3. Գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակվում է դատարանի դռնբաց նիստում: Որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը կարող է հրապարակվել միայն որդեգրողի համաձայնությամբ:

4. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու դատական գործին, որով գործն ըստ էության լուծող դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Գործի` դռնփակ նիստում քննված մասին և որդեգրման գործին անձը կարող է ծանոթանալ միայն դատական ակտը կայացրած դատարանի որոշմամբ:

 

Հոդված 20.

Դատարանի լրացուցիչ որոշումը

 

1. Քրեական և վարչական գործերով դատարանը դատավճռի, վճռի կամ որոշման հետ միաժամանակ համապատասխան հիմքերի առկայության դեպքում պարտավոր է կայացնել լրացուցիչ որոշում, որով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց ուշադրությունն է հրավիրում դատական քննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել վարչական կամ քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում:

2. Դատարանի լրացուցիչ որոշումը պետք է լինի պատճառաբանված: Լրացուցիչ որոշումը դատարանի հայեցողությամբ կարող է հրապարակվել դատական նիստում:

3. Լրացուցիչ որոշումն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, իսկ այդպիսինը չլինելու դեպքում՝ խախտում թույլ տված պաշտոնատար անձին, որը պարտավոր է որոշումը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, քննարկել այն:

 

Հոդված 20.1.

Դատական վիճակագրության վարումը և հրապարակայնության ապահովումը

 

1. Դատարանների գործունեության արդյունավետությունը, թափանցիկությունը և հանրության առջև հաշվետվողականությունն ապահովելու նպատակով դատարանները վարում են դատական վիճակագրություն:

2. Դատական վիճակագրությանը ներկայացվող պահանջներն են`

1) վիճակագրության օբյեկտիվությունը, հիմնավորվածությունը, անաչառությունը.

2) վիճակագրական տվյալների արժանահավատությունը, ճշտությունը, համադրելիությունը ժամանակի և տարածության մեջ.

3) վիճակագրական տեղեկատվության արդիականությունը, կայունությունը և ամբողջականությունը.

4) վիճակագրական ամփոփ տվյալների պարբերական հրապարակումը.

5) վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը, հրապարակայնությունը:

3. Կառավարությունը սահմանում է ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը: Պարտադիր հրապարակվող վիճակագրական տվյալները (տեղեկությունները) պետք է ներառեն առնվազն սույն հոդվածի 9-12-րդ մասերով նախատեսված տվյալները (տեղեկությունները):

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը (այսուհետ` Դատարանների նախագահների խորհուրդ) սահմանում է դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգը, դատական վիճակագրության վարման կարգը, ինչպես նաև, դատական իշխանության գործառույթների արդյունավետ իրականացման կարիքներից ելնելով, կարող է սահմանել դատական վիճակագրության վարման լրացուցիչ վիճակագրական դասակարգիչներ:

5. Վիճակագրական դասակարգիչներում փոփոխություններ կատարվելու դեպքում դրանք կիրառում են միայն փոփոխություններ կատարելուն հաջորդող տարվանից:

6. Դատական վիճակագրության հավաքումն ու վարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտը (այսուհետ` Դատական դեպարտամենտ):

7. Դատական դեպարտամենտը Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում Դատարանների նախագահների խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատարանների գործունեության կիսամյակային և տարեկան վիճակագրական տվյալների վերաբերյալ հաշվետվությունները:

8. Դատական դեպարտամենտն ապահովում է դատական գործի վիճակագրական քարտի հիման վրա հավաքված վիճակագրական տվյալների մատչելիությունը հանրության համար, բացառությամբ օրենքով նախատեսված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության: Վիճակագրական տվյալները Դատական դեպարտամենտը հրապարակում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ վիճակագրական տվյալների հրապարակման համար առանձնացված հատուկ բաժնում:

9. Առաջին ատյանի դատարանի և դատավորի վերաբերյալ՝ ըստ քրեական, քաղաքացիական և վարչական գործերի, հրապարակվում են մասնավորապես հետևյալ տվյալները (տեղեկությունները)՝

1) դատավորների քանակը.

2) հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր քանակը.

3) հաշվետու ժամանակահատվածում ստացված գործերի ընդհանուր քանակը.

4) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի ընդհանուր քանակը (այդ թվում՝ գործն ըստ էության լուծելու, գործի վարույթը կարճելու և այլ հիմքերով ավարտված).

5) հաշվետու ժամանակահատվածում կասեցված վարույթներով գործերի ընդհանուր քանակը.

6) գործի քննության միջին տևողությունը՝ ըստ նիստերի քանակի.

7) գործի քննության միջին տևողությունը՝ ըստ ժամանակի (հաշվարկի միավոր` ժամ), այդ թվում՝ ըստ դատաքննության նախապատրաստության, դատաքննության և դատական ակտի կայացման փուլերի միջին տևողության).

8) մինչդատական վարույթի գործերը՝ ըստ տեսակների.

9) հաշվետու ժամանակահատվածում անավարտ գործերի ընդհանուր քանակը.

10) բողոքարկված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների.

11) բեկանված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների:

10. Վերաքննիչ դատարանի, դատական կազմի և դատավորի վերաբերյալ հրապարակվում են մասնավորապես հետևյալ տվյալները (տեղեկությունները)՝

1) սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-7-րդ, 9-11-րդ կետերով նախատեսված տվյալները (տեղեկությունները).

2) հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր քանակը.

3) հաշվետու ժամանակահատվածում վերադարձված բողոքների ընդհանուր քանակը.

4) միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը՝ ըստ ակտերի տեսակների և ըստ բողոքարկվող ակտը կայացրած դատարանների:

11. Գերագույն դատարանի վերաբերյալ՝ վճռաբեկ պալատի մասով, հրապարակվում են սույն հոդվածի 9-րդ մասով, բացառությամբ 9-րդ մասի 4-6-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված տեղեկությունների, ինչպես նաև՝ սույն հոդվածի 10-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված տեղեկությունները: Սույն հոդվածի 9-րդ մասի 7-րդ կետով նախատեսված տեղեկությունները հաշվարկվում են ըստ օրերի:

12. Դատական դեպարտամենտի կողմից տարեկան ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը, հրապարակվում են նաև հետևյալ տվյալները (տեղեկությունները)՝

1) դատարանների բյուջեն, այդ թվում՝ ֆինանսական ծախսերի համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ՝ ըստ դատարանների, դատավորների միջին աշխատավարձը և դրա համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ.

2) վճարված պետական տուրքի ընդհանուր չափը.

3) դատավորների կարգապահական պատասխանատվության մասով՝ հարուցված կարգապահական վարույթների քանակը՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների և վարույթի հարուցման հիմքերի, Արդարադատության խորհրդի կողմից կարճված վարույթներով գործերի քանակը՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների, նշանակված կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական պատասխանատվության կրկնակիության դեպքերի ընդհանուր քանակը.

4) սույն հոդվածի 9-12-րդ մասերով նախատեսված տվյալների համեմատականը նախորդ տարվա տվյալների հետ:

(20.1-ին հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԸ

 

Հոդված 21.

Առաջին ատյանի դատարանի իրավասությունը

 

1. Առաջին ատյանի դատարանին են ենթակա բոլոր քաղաքացիական, քրեական և վարչական գործերը: Առաջին ատյանի դատարանը վարում է սնանկության գործեր:

2. Առաջին ատյանի դատարանը քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում քրեական վարույթի մինչդատական փուլի նկատմամբ:

3. Առաջին ատյանի դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:

4. Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում առաջին ատյանի դատարանը կայացնում է դատական ակտեր, որոնք վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:

(21-րդ հոդվածը փոփ. 30.11.2011 ՀՕ-65-Ն) 

 

Հոդված 22.

Առաջին ատյանի դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը 

 

1. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Օրենքով կարող է նախատեսվել այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ:

2. Եթե գումարը բռնագանձելու պահանջի մասին կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ապա առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

3. Առաջին ատյանի դատարանի՝ սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

4. (մասն ուժը կորցրել է 27.05.2009 ՀՕ-19-Ն) 

5. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը (բացառությամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացրած դատական ակտերի) բացառիկ դեպքերում կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելը անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման նույն դատարանի` օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սահմանված կարգով:

6. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող (այսուհետ` միջանկյալ) դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե դատավարական օրենքով այլ բան նախատեսված չէ:

7. Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերով առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

(22-րդ հոդվածը փոփ. 27.05.2009 ՀՕ-19-Ն) 

 

Հոդված 23.

Առաջին ատյանի դատարանը, դատավորների թվակազմը և նստավայրը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում է առաջին ատյանի մեկ դատարան` դատարանի նախագահի և տասնմեկ դատավորի կազմով:

2. Առաջին ատյանի դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում: Առաջին ատյանի դատարանը կարող է ունենալ այլ նստավայրեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ բնակավայրերում:

3. Առաջին ատյանի դատարանի դատական տարածքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն է:

(23-րդ հոդվածը փոփ. 19.09.2012 ՀՕ-21-Ն) 

 

Հոդված 24.

Առաջին ատյանի դատարանի նախագահը

 

Առաջին ատյանի դատարանի նախագահը՝

1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը.

2) (կետն ուժը կորցրել է 20.04.2015 ՀՕ-16-Ն)

3) հետևում է դատավորների կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը, գործի քննության ժամկետների խախտման վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին.

4) դատավորի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին.

5) դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.

6) դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է նրա վարույթում գտնվող գործերը.

7) դատարանի նախագահի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում նշանակում է փոխարինող` դատարանի դատավորներից.

8) վերահսկում է դատարանի աշխատակազմի գործունեությունը.

9) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.

10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

(24-րդ հոդվածը փոփ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Գ Լ ՈԻ Խ  4

 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ

 

Հոդված 25.

Վերաքննիչ դատարանի իրավասությունը

 

1. Վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը:

2. Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերը վերանայում է օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:

3. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

4. Վերաքննիչ դատարանի դատական տարածքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն է:

(25-րդ հոդվածը փոփ. 30.11.2011 ՀՕ-65-Ն) 

 

Հոդված 26.

Վերաքննիչ դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը 

 

1. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

2. Վերաքննիչ դատարանի` միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե դատավարական օրենքով այլ բան նախատեսված չէ:

(26-րդ հոդվածը լրաց. 27.05.2009 ՀՕ-19-Ն, խմբ. 30.11.2011 ՀՕ-65-Ն) 

 

Հոդված 27.

Վերաքննիչ դատարանը, դատավորների թվակազմը և նստավայրը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում է մեկ վերաքննիչ դատարան՝ դատարանի նախագահի և վեց դատավորի կազմով:

2. Վերաքննիչ դատարանի նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում:

 

Հոդված 28.

Վերաքննիչ դատարանի նախագահը

 

1. Վերաքննիչ դատարանի նախագահը դատավոր է:

2. Վերաքննիչ դատարանի նախագահն օժտված է առաջին ատյանի դատարանի նախագահի լիազորություններով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ

 

Հոդված 29.

Գերագույն դատարանի գործունեության նպատակը և իրավասությունը

 

1. Գերագույն դատարանի գործունեության նպատակն է ապահովել Սահմանադրության գերակայությունը և օրենքի միատեսակ կիրառությունը։ Այդ առաքելությունն իրականացնելիս Գերագույն դատարանը պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը։

2. Գերագույն դատարանն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վճռաբեկ բողոքի հիման վրա վերանայում է վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` օրենքով նախատեսված դեպքերում բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը։

3. Գերագույն դատարանը դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։

4. Գերագույն դատարանի դատական տարածքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն է:

(29-րդ հոդվածը փոփ. 30.11.2011 ՀՕ-65-Ն, խմբ. 20.04.2015 ՀՕ-16-Ն) 

Հոդված 30.

Գերագույն դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը և հրապարակելը

1. Գերագույն դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

2. Գերագույն դատարանի դատական ակտերը ենթակա են պաշտոնական հրապարակման «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

 

Հոդված 31.

Գերագույն դատարանի կառուցվածքը, դատավորների թվակազմը և նստավայրը

 

1. Գերագույն դատարանը կազմված է Գերագույն դատարանի նախագահից և վեց դատավորից:

2. Գերագույն դատարանն ունի երկու պալատ՝

1) սահմանադրական պալատ.

2) վճռաբեկ պալատ:

3. Պալատները կազմավորվում են յուրաքանչյուր գործով` Գերագույն դատարանի նախագահի կողմից:

4. Գերագույն դատարանի նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում:

(31-րդ հոդվածը փոփ., խմբ. 27.05.2009 ՀՕ-19-Ն) 

 

Հոդված 32.

Գերագույն դատարանի նախագահը

 

1. Գերագույն դատարանը գլխավորում է Գերագույն դատարանի նախագահը:

2. Գերագույն դատարանի նախագահն իրականացնում է Գերագույն դատարանի դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները:

3. Գերագույն դատարանի նախագահը՝

1) ապահովում է Գերագույն դատարանի բնականոն գործունեությունը.

2) հրավիրում և վարում է Գերագույն դատարանի նիստերը.

3) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակման է ուղարկում Գերագույն դատարանի որոշումները.

4) Գերագույն դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.

5) վերահսկում է Գերագույն դատարանի աշխատակազմի գործունեությունը.

6) ներկայացնում է Գերագույն դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.

7) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարգապահական վարույթ է հարուցում Գերագույն դատարանի դատավորի նկատմամբ.

8) վարում է Արդարադատության խորհրդի նիստերը.

9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ, որոնք չպետք է հակասեն սույն հոդվածի 3-րդ մասով Գերագույն դատարանի նախագահին վերապահված մյուս լիազորություններին:

4. Գերագույն դատարանի նախագահի բացակայության ժամանակ, վերջինիս հանձնարարությամբ, նրա լիազորություններն իրականացնում է Գերագույն դատարանի դատավորներից մեկը, իսկ նման հանձնարարության անհնարինության դեպքում` Գերագույն դատարանի տարիքով ավագ դատավորը:

(32-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.05.2009 ՀՕ-19-Ն, խմբ. 30.11.2011 ՀՕ-65-Ն) 

 

Հոդված 33.

Գերագույն դատարանի պալատի նախագահը

                      (33-րդ հոդվածն ուժը կորցրել է 27.05.2009 ՀՕ-19-Ն) 

 

Գ Լ ՈԻ Խ  6

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 34.

Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները

 

1. Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի դատավարությանը մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.

1) նախազգուշացում.

2) նիստերի դահլիճից հեռացնել.

3) դատական տուգանք.

4) դատախազին կամ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ փաստաբանների պալատ դիմել:

2. Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը:

Դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:

Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Հայցվորի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է սանկցիայի կիրառման ժամկետով:

Դատավարությանը մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի փաստաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:

3. Նախազգուշացումը և նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ:

4. Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով` դատական կարգադրիչների միջոցով:

5. Դատական տուգանքը կիրառվում է դատավարությանը մասնակցող անձանց և փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների նկատմամբ: Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչև 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, սակայն, բացի արարքի ծանրությունից, պետք է հաշվի առնվի նաև արարք կատարողի անձը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Քրեական գործի քննության ժամանակ ամբաստանյալի կողմից դատական նիստի կարգը խախտելու և նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու դեպքում դատարանը կիրառում է նախազգուշացում: Միաժամանակ, նախագահող դատավորն ամբաստանյալին բացատրում է, որ դատական նիստի կարգը կրկին խախտելու և նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու դեպքում նա կարող է հեռացվել նիստերի դահլիճից: Նույն դատական նիստում ամբաստանյալի կողմից դատական նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելը կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելը հիմք է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան կիրառելու համար, որի դեպքում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:

Եթե դատարանը գտնում է, որ ամբաստանյալը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա դատավորը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան ամբաստանյալի նկատմամբ կիրառում է առանց նախազգուշացման, և գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:

(3-րդ պարբերությունն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-65-Ն)

7. Գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ կարող են կիրառվել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված սանկցիաները: Գլխավոր դատախազին կամ փաստաբանների պալատ դիմելն իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դատական սանկցիան պարտադիր հիմք է դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

8. Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումը հրապարակման պահից ուժի մեջ է: Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո` եռօրյա ժամկետում:

9. Եթե դատարանը գտնում է, որ դատավարությանը մասնակցող անձը, ներկայացուցիչը կամ դատական նիստին ներկա գտնվող այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա դատավորը կարող է սույն հոդվածով սահմանված կարգով կարգազանց անձի նկատմամբ կիրառել դատական սանկցիա և պարտավոր է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին:

(34-րդ հոդվածը խմբ. 27.05.2009 ՀՕ-19-Ն, խմբ., լրաց., փոփ. 30.11.2011 ՀՕ-65-Ն) 

 

Հոդված 35.

Դատարանների ֆինանսավորումը

 

1. Դատարանների ֆինանսավորումն իրականացվում է Դատական դեպարտամենտի միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում առանձին տողով` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարաններ:

2. Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է համապատասխան առանձնացված ստորաբաժանումը, իսկ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի բյուջետային հայտի նախագիծը՝ կենտրոնական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը կամ պաշտոնատար անձը:

3. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների կողմից ներկայացված հայտերի հիման վրա նախապատրաստվում են Դատարանների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջետային հայտը, այնուհետև Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից ներկայացվում է Դատարանների նախագահների խորհրդի հաստատմանը: Դատարանների նախագահների խորհուրդը կարող է անհրաժեշտ փոփոխություններ կատարել բյուջետային հայտում: Հաստատված բյուջետային հայտը և միջնաժամկետ ծախսերի ծրագիրը` առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշմամբ, սահմանված ժամկետներում ներկայացվում են կառավարություն` պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

4. Դատարանների բյուջետային հայտը կառավարության կողմից ընդունվում և ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկությունների դեպքում այն պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով և Դատարանների նախագահների խորհրդին է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկությունների մանրամասն հիմնավորումները:

5. Բյուջետային հայտը պետք է պարունակի դատարանների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:

6. Դատարանների նախագահների խորհրդի դիրքորոշումը բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ Ազգային ժողովում ներկայացնում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:

7. Դատարանների բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է դատարանների պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով դատարանների համար նախատեսված ծախսերի երկու տոկոսին: Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ:

8. Դատարանների բնականոն գործունեության ապահովման համար դատարանների պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում կառավարությունը պակասը լրացնում է կառավարության պահուստային ֆոնդից:

(35-րդ հոդվածը փոփ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 36.

Դատավորի և դատարանի կնիքը

 

1. Յուրաքանչյուր դատավոր ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով, դատարանի անվանմամբ և դատավորի անվամբ կնիք, Դատարանների նախագահների խորհրդի կողմից սահմանված դրոշմակնիքներ: Յուրաքանչյուր դատավոր իրավունք ունի օրենքով սահմանված կարգով կիրառելու էլեկտրոնային թվային ստորագրություն:

2. Գերագույն դատարանն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:

 

Հոդված 37.

Պետական խորհրդանիշների օգտագործումը դատարանում

 

1. Դատարանների բոլոր նստավայրերի շենքերի վրա կամ շքամուտքի մոտ բարձրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:

2. Դատարանի նիստերի դահլիճում և դատավորի աշխատասենյակում առկա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը և տեղադրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:

 

Հոդված 38.

Դատական իշխանության պաշտոնական կայքը

 

Դատական իշխանությունն ունի պաշտոնական ինտերնետային կայք, որը կառավարում է Դատական դեպարտամենտը: Սույն օրենսգրքով նախատեսված տեղեկատվությունը կայքում զետեղվում է հանրության համար հասանելի ձևով: Կայքի կառուցվածքը, վարման կարգը, ինչպես նաև կայքում զետեղվող այլ տեղեկատվությունը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:

 

Հոդված 39.

Դատական ակտերի հրապարակումը

 

1. Գերագույն դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը, բացառությամբ դռնփակ դատական նիստերում կայացված դատական ակտերի, ենթակա են պարտադիր հրապարակման «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:

2. Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է նաև այլ ատյանների դատական ակտերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման կարգը:

 

Հոդված 40.

Դատարանների գործունեության նյութատեխնիկական ապահովումը

 

Դատարանների գործունեության նյութատեխնիկական ապահովումը իրականացնում է Դատական դեպարտամենտը:

 

Գ Լ ՈԻ Խ  7

 

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 41.

Դատական իշխանության ինքնակառավարման մարմինները

 

1. Դատական իշխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում է ինքնակառավարման սկզբունքի հիման վրա:

2. Դատական իշխանության ինքնակառավարման մարմիններն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը (այսուհետ` Դատավորների ընդհանուր ժողով) և Դատարանների նախագահների խորհուրդը:

3. Դատական իշխանության ինքնակառավարման մարմինների գործունեությունը չի կարող սահմանափակել դատավորի անկախությունը:

 

Հոդված 42.

Դատավորների ընդհանուր ժողովը

 

1. Դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմինն է: Նրա որոշումները գերակա են Դատարանների նախագահների խորհրդի որոշումների նկատմամբ: Ժողովը կազմված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր դատավորներից:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին առնվազն մեկ անգամ` Գերագույն դատարանի նախագահի կողմից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել դատավորների առնվազն 1/4-ի, Դատարանների նախագահների խորհրդի կամ Գերագույն դատարանի նախագահի կողմից:

3. Դատավորների ընդհանուր ժողովը`

1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց, այդ թվում` Դատարանների նախագահների խորհրդի իրավասությանը վերապահված.

2) ընտրում է Արդարադատության խորհրդի դատավոր անդամներին:

4. Դատավորների ընդհանուր ժողովը գործում է իր հաստատած կանոնակարգին համապատասխան:

5. Դատավորների ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի 2/3-ից ավելին: Ժողովում որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Ժողովի կանոնակարգով նախատեսված դեպքերում, ինչպես նաև ժողովի որոշմամբ կարող է իրականացվել փակ քվեարկություն: Ընտրություններն իրականացվում են քվեաթերթիկներով` փակ քվեարկությամբ:

6. Դատավորների ընդհանուր ժողովը նախագահում է Գերագույն դատարանի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Գերագույն դատարանի նախագահին փոխարինող անձը:

(42-րդ հոդվածը փոփ. 30.11.2011 ՀՕ-65-Ն)

 

Հոդված 43.

Դատարանների նախագահների խորհուրդը

 

1. Դատարանների նախագահների խորհուրդը դատական իշխանության մշտապես գործող ինքնակառավարման մարմին է:

2. Դատարանների նախագահների խորհրդի անդամներն են առաջին ատյանի, վերաքննիչ և Գերագույն դատարանների նախագահները: Խորհրդի անդամի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է նրան դատարանի նախագահի պաշտոնում փոխարինող անձը:

3. Դատարանների նախագահների խորհուրդը՝

1) մշակում է դատարանների գործունեության բարելավմանն ուղղված միջոցառումներ և առաջարկություններ, նման առաջարկություններ է ներկայացնում իրավասու պետական մարմիններին.

2) քննարկում է դատարանների և դատավորի անկախության հետ կապված կամ այն վտանգող յուրաքանչյուր հարց և առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններին դրանց լուծման վերաբերյալ.

3) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.

4) հաստատում է դատարանների գործավարության կանոնները.

5) կայացնում է Դատական դեպարտամենտի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.

6) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը, դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման ցանկը.

7) հաստատում է դատավորների վերապատրաստման կարգը.

8) մշակում և հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ դատարանների համագործակցության կանոնները.

9) սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը և հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի բաշխման կարգը.

10) մշակում և հաստատում է առաջին ատյանի դատարանում գործերի բաշխման, վերաքննիչ դատարանում դատական կազմերի և դրանցում նախագահող դատավորների նշանակման, դատավորների և դատարանների նախագահների գործուղման, արձակուրդի կամ հիվանդության դեպքերում նրանց փոխարինելու կարգը.

11) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ որևէ դատավորի դիմումի հիման վրա կարող է տալ դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ.

12) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անձնագրերը.

13) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը` ըստ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների.

14) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև բաց մրցույթում թեստավորման, հարցազրույցի անցկացման և թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և դրանց աշխատակարգը.

15) սահմանում է դատական ծառայողի գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը.

16) հաստատում է դատական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը.

17) հաստատում է Դատական դեպարտամենտի նախապատրաստած բյուջետային հայտը.

18) դատարանների ներկայացրած հայտերի հիման վրա մշակում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը.

19) բաշխում է դատարանների պահուստային ֆոնդի միջոցները.

20) Գերագույն դատարանի նախագահի ներկայացմամբ նշանակում և հետ է կանչում Դատական դեպարտամենտի ղեկավարին.

21) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում և փոփոխում է դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը և առանձնացված ստորաբաժանումների ցանկը.

22) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ՝ պետական բյուջեի հատկացումների սահմաններում հաստատում է դատական կարգադրիչների հաստիքների թիվը` ըստ առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը.

23) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին որպես խրախուսանք շնորհվող կրծքանշանների տեսակները և ձևերը.

24) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու և կրելու կարգը.

25) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

4. Դատարանների նախագահների խորհրդի հերթական նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ: Դատարանների նախագահների խորհրդի արտահերթ նիստ գումարվում է խորհրդի մեկ անդամի պահանջով` նրա սահմանած օրակարգով:

5. Դատարանների նախագահների խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալու որևէ հարցի վերաբերյալ քվեարկելուց:

6. Դատարանների նախագահների խորհրդի նիստերին կարող են հրավիրվել խորհրդի անդամ չհանդիսացող դատավորներ, ինչպես նաև այլ անձինք:

7. Դատարանների նախագահների խորհուրդն ապահովում է նիստերի ողջ ընթացքի արձանագրումը, իսկ ըստ անհրաժեշտության՝ նաև ուղիղ հեռարձակումը նիստերի դահլիճից դուրս` հանրության համար մատչելի տարածքում:

8. Դատարանների նախագահների խորհուրդը գործում է իր հաստատած կանոնակարգին համապատասխան:

9. Դատարանների նախագահների խորհուրդն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդ» գրառմամբ կնիք:

(43-րդ հոդվածը խմբ. 27.05.2009 ՀՕ-19-Ն, լրաց. 30.11.2011 ՀՕ-65-Ն, լրաց. 27.12.2011 ՀՕ-104-Ն, խմբ. 20.04.2015 ՀՕ-16-Ն) 

 

Հոդված 44.

Դատարանների նախագահների խորհրդի նախագահը

 

1. Դատարանների նախագահների խորհրդի նախագահն ի պաշտոնե Գերագույն դատարանի նախագահն է: Գերագույն դատարանի նախագահի բացակայության դեպքում Դատարանների նախագահների խորհուրդը նախագահում է Գերագույն դատարանի նախագահին փոխարինող անձը:

2. Դատարանների նախագահների խորհրդի նախագահը`

1) նախագահում է Դատարանների նախագահների խորհուրդը.

2) Գերագույն դատարանի դատավորների կազմից նշանակում է մեկ դատավոր` փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովում ընդգրկվելու համար.

3) Դատարանների նախագահների խորհրդին է ներկայացնում Դատական դեպարտամենտի ղեկավարի թեկնածությունը և նրան աշխատանքից ազատելու մասին առաջարկությունը.

4) իրականացնում է Դատական դեպարտամենտի գործունեության ընդհանուր ղեկավարումը.

5) առաջին ատյանի դատարանի կամ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար.

6) դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս այդ մասին հաղորդում է ներկայացնում համապատասխանաբար Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին.

7) ներկայացնում է դատական իշխանությունը այլ մարմինների հետ հարաբերություններում.

8) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

(44-րդ հոդվածը փոփ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 44.1.

Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովները

 

1. Դատավորների ընդհանուր ժողովը ձևավորում է էթիկայի և կարգապահական հարցերի, ինչպես նաև դատավորների գնահատման հանձնաժողովները:

2. Հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենսգրքով իրենց վերապահված լիազորությունները:

3. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում են առաջին ատյանի, վերաքննիչ և Գերագույն դատարանների դատավորներից ընտրված մեկական անդամներ: Դատարանների նախագահները և Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող ընդգրկվել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:

4. Դատավորների գնահատման հանձնաժողովի (այսուհետ՝ գնահատման հանձնաժողով) կազմում ընդգրկվում են հինգ անդամ` երկուսը՝ իրավաբան, մեկը՝ առաջին ատյանի դատարանի դատավորներից, մեկը՝ վերաքննիչ դատարանի դատավորներից, մեկը՝ Գերագույն դատարանի դատավորներից:

5. Գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածուն պետք է ունենա դատավորի պաշտոնում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ և գործունեության գնահատման վերջին արդյունքներով՝ բարձր կամ լավ գնահատական:

6. Դատարանների նախագահները և Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող ընդգրկվել գնահատման հանձնաժողովի կազմում:

7. Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ ընդգրկվել Դատավորների ընդհանուր ժողովի մեկ այլ հանձնաժողովի կազմում:

8. Դատավորների ընդհանուր ժողովի անդամը կարող է առաջադրվել որպես հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրման կամ Դատավորների ընդհանուր ժողովի որևէ այլ անդամի կողմից առաջադրվելու եղանակով: Իրավաբանը կարող է առաջադրվել որպես գնահատման հանձնաժողովի անդամ Դատավորների ընդհանուր ժողովի որևէ անդամի կողմից: Գնահատման հանձնաժողովի իրավաբան անդամ կարող է առաջադրվել այն անձը, որն ունի գիտաուսումնական կազմակերպություններում վերջին ութ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա աշխատանքի փորձ:

9. Հանձնաժողովների անդամներն ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի անդամների կողմից` գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով:

10. Քվեարկությունն անցկացվում է առանձին քվեաթերթիկներով՝ ըստ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված՝ դատարանների (գնահատման հանձնաժողովի դեպքում՝ նաև ըստ իրավաբանների) բաժանման: Քվեաթերթիկում ներառվում են համապատասխան դատարանի (դատարանների) բոլոր այն դատավորների (գնահատման հանձնաժողովի դեպքում՝ նաև իրավաբանների) անունները, որոնք առաջադրվել են սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով: Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունում: Քվեարկելիս դատավորն ունի մեկ ձայնի իրավունք: Ընտրված են համարվում առավել շատ ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ունի դատավորի պաշտոնում պաշտոնավարման ավելի երկար ստաժ, իսկ ստաժի հավասարության դեպքում` այն թեկնածուն, որն ունի ավելի երկար մասնագիտական աշխատանքային ստաժ: Մեկ թեկնածու առաջադրվելու դեպքում նա համարվում է ընտրված ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:

11. Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների թեկնածուներին գրանցելու, ինչպես նաև քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու և քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Դատավորների ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով՝ կազմված երեք անդամից, որոնց ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը՝ բաց քվեարկությամբ: Դատավորները կարող են առաջադրվել որպես հաշվիչ հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրման կամ Դատավորների ընդհանուր ժողովի որևէ այլ մասնակցի կողմից առաջադրվելու եղանակով: Հաշվիչ հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է Դատավորների ընդհանուր ժողովի կանոնակարգով:

12. Յուրաքանչյուր հանձնաժողով իր կազմից` հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:

(44.1-ին հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Գ Լ ՈԻ Խ  8

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 45.

Դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանվող հավելավճարները

 

1. Դատավորի վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

2. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-97-Ն) 

3. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-97-Ն) 

(45-րդ հոդվածը փոփ. 27.05.2009 ՀՕ-19-Ն, լրաց. 28.10.2010 ՀՕ-42-Ն, խմբ., փոփ. 26.12.2013 ՀՕ-97-Ն) 

 

Հոդված 45.1.

Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակային ապահովությունը

(45.1-ին հոդվածը լրաց. 26.12.2013 ՀՕ-97-Ն, ուժը կորցրել է 25.12.2014 ՀՕ-69-Ն) 

Հոդված 46.

Դատավորի արձակուրդը

1. Դատավորներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ:

2. Դատավորին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատարանի բնականոն գործունեության իրականացումը: Դատավորներին ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:

3. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, դատարանի նախագահի կողմից դատավորին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ տարեկան հանրագումարային մինչև 30 օր տևողությամբ:

4. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատավորն ունի մինչև 30 աշխատանքային օր տևողությամբ չվճարվող արձակուրդի իրավունք:

5. Արձակուրդի տրամադրման հետ կապված վեճերը կարող են լուծվել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից:

(46-րդ հոդվածը փոփ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 47.

Դատավորի` կրթական ծրագրերին մասնակցելու իրավունքը

 

1. Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի, դատավորն իրավունք ունի մասնակցելու այլ կրթական վերապատրաստման ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների:

2. Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչև հինգ օր տևողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է դատարանի նախագահը: Դրանից ավելի ժամկետով թույլտվություն ստանալու համար դատավորը դիմում է Դատարանների նախագահների խորհրդին:

3. Այն դեպքում, երբ դատավորը ստացել է դատարանի նախագահի կամ դատարանների նախագահների խորհրդի համաձայնությունը, այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ դատավորի բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ:

 

Հոդված 48.

Դատավորի անձնական գործը

 

1. Յուրաքանչյուր դատավորի վերաբերյալ կազմվում և վարվում է անձնական գործ: Դատավորի անձնական գործը վարում է Դատական դեպարտամենտը: Դատավորի անձնական գործը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) տեղեկություններ` դատավորի անվան, ազգանվան, ծննդյան տարեթվի, մշտական բնակության վայրի, կրթության և օտար լեզուների իմացության մասին.

2) դատավորի նշանակման մասին ակտի պատճենը.

2.1) տեղեկություններ` մասնագիտական պատրաստման ընթացքում նրա առաջադիմության և դատարաններում փորձաշրջանի ընթացքի վերաբերյալ.

3) տեղեկություններ` դատավորի պաշտոնում աշխատելու ժամանակ դատավորի անցած վերապատրաստման դասընթացների և ժամաքանակի վերաբերյալ.

4) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ընդունած որոշումներ` դատավորի կողմից գործի քննությունը ձգձգելու դեպքերի վերաբերյալ.

5) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ կարգապահական գործը կարճելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումների պատճենները.

6) դատավորի կողմից աշխատանքային կարգապահության խախտման վերաբերյալ տեղեկություններ.

7) դատավորի և իր հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը.

8) աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ.

9) Դատարանների նախագահների խորհրդի կողմից սահմանված այլ տեղեկություններ:

2. Դատավորի անձնական գործում եղած տեղեկությունները հրապարակման ենթակա չեն: Դատավորից բացի, նրա անձնական գործին իրավունք ունեն ծանոթանալու Հանրապետության Նախագահը, Գերագույն դատարանի նախագահը, համապատասխան դատարանի նախագահը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող անձը, Արդարադատության խորհրդի անդամները, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամները:

 (48-րդ հոդվածը լրաց. 26.06.2014 ՀՕ-24-Ն, փոփ. 20.04.2015 ՀՕ-16-Ն, 1-ին մասի 6-րդ կետը 20.04.2015 ՀՕ-16-Ն օրենքի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2019թ.)

 

Հոդված 49.

Դատարանի աշխատակազմը 

 

1. Առաջին ատյանի դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի մեկ օգնական և դատական նիստերի մեկ քարտուղար:

2. Վերաքննիչ դատարանի համար նախատեսվում է դատավորի օգնականի յոթ և դատական նիստերի քարտուղարի հինգ հաստիք:

3. Գերագույն դատարանի համար նախատեսվում է դատավորի օգնականի յոթ և դատական նիստերի քարտուղարի երեք հաստիք: Գերագույն դատարանի նախագահի համար նախատեսվում է խորհրդականի մեկ հաստիք:

4. Դատավորի օգնականը և դատական նիստերի քարտուղարը համարվում են դատավորին կցվող դատական ծառայողներ:

(49-րդ հոդվածը փոփ. 19.09.2012 ՀՕ-21-Ն) 

 

Հոդված 50.

Դատավորի հանդերձանքը դատական նիստի ընթացքում

 

1. Դատական նիստին դատավորը մասնակցում է սահմանված ձևի պատմուճանով, որը նրան տրամադրվում է անվճար:

2. Պատմուճանի նկարագրությունը հաստատում է Դատարանների նախագահների խորհուրդը:

 

Հոդված 51.

Դատավորի աշխատասենյակը

 

1. Դատավորին հատկացվում է առանձին ծառայողական աշխատասենյակ:

2. Դատավորի աշխատասենյակում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերը, իսկ աշխատասեղանի մոտ տեղադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:

 

Հոդված 52.

Դատավորի զինվորական ամրագրումը

 

Դատավորն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայության զորակոչից, զորահավաքներից և վարժական հավաքներից:

 

Հոդված 53.

Դատավորի ծառայողական վկայականը

 

Դատավորին իր գործունեության ողջ ժամանակահատվածի համար տրվում է ծառայողական վկայական: Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորներին վկայականը տրվում է Հանրապետության Նախագահի կողմից, իսկ Գերագույն դատարանի դատավորներին` Ազգային ժողովի կողմից:

 

Հոդված 54.

Դատավորի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները

 

1. Դատավորներն ունեն հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է կառավարության լիազորած մարմինը:

2. Դատավորը և նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Դատավորի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում դատավորի կամ դատարանի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դատավորի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

 

Հոդված 55.

Դատավորի գործուղման ծախսերը

 

Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս դատավորին, օրենսդրությամբ սահմանած չափերով և կարգով, վճարվում են գործուղման ծախսեր:

 

Հոդված 56.

Դատավորի անհապաղ ընդունելության իրավունքը

 

Դատավորն ունի անհապաղ ընդունելության իրավունք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` արդարադատության նախարար) և Գերագույն դատարանի նախագահի մոտ:

 

Գ Լ ՈԻ Խ  9

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 57.

Դատավորի վարքագծի կանոնները

 

1. Սույն գլխով սահմանված դատավորի վարքագծի կանոնները սպառիչ չեն: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է սահմանել վարքագծի լրացուցիչ կանոններ:

2. Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատավորների համար:

3. Սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող բոլոր անձանց համար այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ:

 

Հոդված 58.

Վարքագծի կանոնների նպատակը և դրանց պահպանմանը հետևելու պարտականությունը

 

1. Դատավորը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչպես նաև նպաստել դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն այդ նպատակի իրականացմանը:

2. Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով իր գործընկերների կողմից դրանց պահպանմանը:

 

Հոդված 59.

Դատավորի պաշտոն զբաղեցնող անձի վարքագիծը

 

1. Սույն հոդվածի պահանջները վերաբերում են դատավորի ամենօրյա վարքագծին ինչպես դատարանում ի պաշտոնե գործելիս, այնպես էլ դատարանից դուրս:

2. Դատավորը պարտավոր է հարգել օրենքը և ենթարկվել օրենքին:

3. Դատավորն ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս պարտավոր է խուսափել դատական իշխանության հեղինակությունը վարկաբեկող կամ ոչ վայել վարքագիծ դրսևորելուց, ինչպես նաև նման տպավորություն ստեղծելուց:

4. Դատավորը պարտավոր է թույլ չտալ, որ իր ընտանեկան, սոցիալական կամ այլ բնույթի հարաբերությունները որևէ կերպ ներազդեն դատարանում իր լիազորությունների իրականացման վրա:

5. Դատավորը պարտավոր է թույլ չտալ, որ ստեղծվի այնպիսի տպավորություն, կարծես այլ անձը, իր ընտանեկան, սոցիալական, պաշտոնական կամ այլ դիրքից ելնելով, կարող է ազդել դատավորի վրա:

6. Դատավորը պարտավոր է չօգտագործել դատավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի:

7. Դատավորն իրավունք չունի Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված անձնական երաշխավորություն տալու հօգուտ որևէ անձի:

8. Դատավորն իրավունք չունի քաղաքացիական, վարչական կամ քրեական վարույթի շրջանակներում բնութագիր տալու որևէ անձի հատկանիշներին այլ կերպ, քան դատական ակտով:

9. Դատավորը չպետք է անդամակցի այնպիսի կազմակերպությունների, որոնք սերմանում են թշնամանք և խտրականություն` կախված ռասայից, սեռից, ազգային պատկանելությունից, դավանանքից կամ այլ հատկանիշներից, ինչպես նաև այն կազմակերպություններին, որոնք իրականացնում են օրենքով արգելված գործունեություն:

10. Դատավորն իրավունք չունի որևէ կերպ մասնակցելու սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրօգուտ նպատակներ հետապնդող ծրագրերի համար միջոցների ներգրավման գործընթացին, ինչպես նաև թույլ տալու, որ այդ նպատակով օգտագործվի իր պաշտոնի հեղինակությունը: Այս դրույթը չի սահմանափակում դատավորի կողմից այդ ծրագրերի համար նվիրատվություն կամ նվիրաբերություն տալը:

11. Դատավորն իրավունք ունի առաջարկներ ներկայացնելու դրամաշնորհներ տվող կազմակերպություններին՝ իրավունքին, օրենսդրությանը, ինչպես նաև արդարադատության իրականացմանը վերաբերող ծրագրերի հետ կապված միջոցներ հատկացնելու վերաբերյալ, եթե այդ դատարանում չի քննվում կամ ողջամտորեն չի ակնկալվում գործ, որը կապված է այդ կազմակերպության շահերի հետ:

 

Հոդված 60.

Դատավորի պատշաճ վարքագիծը ի պաշտոնե գործելիս

 

1. Սույն հոդվածի պահանջները վերաբերում են դատավորի վարքագծին, երբ նա գործում է ի պաշտոնե:

2. Դատական իշխանությունն իրականացնելու հետ կապված դատավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ:

3. Դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է՝

1) քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր.

2) գործը քննելիս և լուծելիս ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն.

3) թույլ չտալ, որ իր վրա ներազդեն թաքնված շահերը, հասարակական դժգոհությունը կամ քննադատված լինելու վախը.

4) դատական նիստի բոլոր ներկաներից պահանջել կարգուկանոնի և էթիկայի կանոնների պահպանում.

5) համբերատար, արժանապատիվ և կիրթ վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե: Դատավորը պարտավոր է նմանատիպ վերաբերմունք պահանջել դատարանի աշխատակազմից և այլ անձանցից, որոնք գտնվում են դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո.

6) իր պարտականություններն իրականացնել անկողմնակալ: Դատավորն ի պաշտոնե գործելիս պարտավոր է զերծ մնալ խոսքով կամ վարքով կողմնակալություն ցուցաբերելուց, ինչպես նաև նման տպավորություն ստեղծելուց: Նման կողմնակալությունն ընդգրկում է ինչպես որոշակի անձանց նկատմամբ կողմնակալությունը, այնպես էլ կողմնակալությունը` հիմնված ռասայի, սեռի, դավանանքի, ազգային պատկանելության, ֆիզիկական արատների, տարիքի, սոցիալական դրության և այլ նմանատիպ հատկանիշների վրա: Սույն կետը չի խոչընդոտում դատարանին անդրադառնալ ռասայի, սեռի, դավանանքի, ազգային պատկանելության, ֆիզիկական արատների, տարիքի, սոցիալական դրության, ինչպես նաև այլ նմանատիպ հատկանիշներին, եթե վերջիններս հանդիսանում են դատական քննության առարկա.

7) վերահսկել և թույլ չտալ դատարանի աշխատակազմին և այլ անձանց, որոնք գտնվում են դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո, դրսևորել կողմնակալություն.

8) քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետներում` խուսափելով անհարկի ձգձգումներից.

9) դատարանի միջոցները տնօրինել արդյունավետ՝ խուսափելով անհարկի ծախսերից.

10) չհաստատել այն դատական ծախսերը, որոնց չափը չի համապատասխանում դրանց ողջամիտ արժեքին.

11) զերծ մնալ որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց: Դատավորը պարտավոր է զերծ մնալ նաև իր կարծիքը ոչ հրապարակային հայտնելուց, եթե դա կարող է միջամտել գործի քննությանը: Դատավորը պարտավոր է նմանատիպ վարքագիծ պահանջել նաև դատարանի աշխատակազմից և այլ անձանցից, որոնք գտնվում են դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո: Սույն կետը չի արգելում դատավորի կողմից իր պաշտոնեական պարտականությունների հետ կապված հրապարակային հայտարարություններ անելը կամ հասարակությանը դատարանում գործերի քննության ընթացակարգին իրազեկելը: Սույն կետը չի կիրառվում այն դեպքում, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ.

12) դատական իշխանությունն իրականացնելուց դուրս չհրապարակել և չօգտագործել իր պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկությունները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

4. Դատավորը պարտավոր է գործի ելքով շահագրգռված յուրաքանչյուր անձի կամ նրա փաստաբանին հնարավորություն տալ իրականացնելու դատարանի կողմից լսվելու` օրենքով նախատեսված իրավունքը:

5. Դատավորն իրավունք չունի դատաքննությունից դուրս ինքնուրույն որոնելու ապացույցներ կամ հետախուզելու փաստեր` իր վարույթում գտնվող գործով:

6. Դատավորը պարտավոր է չնախաձեռնել, թույլ չտալ և հաշվի չառնել առանց դատավարության հակառակ կողմի կամ նրա փաստաբանի մասնակցության ("ex parte", այսուհետ՝ ընդդիմազերծ) դատավարության մյուս կողմի կամ նրա փաստաբանի հետ շփումները, ինչպես նաև պարտավոր է հաշվի չառնել առանց դատավարության կողմերի մասնակցության որևէ այլ անձի հետ իր շփումները, որոնք վերաբերում են դատավորի կողմից քննվող գործին: Սույն կանոնից բացառությունները թույլատրելի են միայն հետևյալ դեպքերում.

1) երբ հանգամանքների բերումով ընդդիմազերծ շփումներն անհրաժեշտ են կազմակերպական նպատակներով, ինչպես, օրինակ, նիստի ամսաթիվը և ժամը համաձայնեցնելու կամ նմանատիպ այլ անհետաձգելի դեպքերում, և այն պայմանով, որ շփումները չեն վերաբերում գործի էությանը, դրանց արդյունքում դատավարության կողմերից մեկը չի ստանում դատավարական կամ այլ առավելություն մյուս կողմի նկատմամբ, և դատավորը անհապաղ հայտնում է այդ շփումների բովանդակությունը մյուս կողմին՝ նրան հնարավորություն տալով արձագանքելու.

2) երբ դատավորը կիրառման ենթակա իրավունքի վերաբերյալ հարցերով դիմում է գործի ելքում չշահագրգռված մասնագետի, պայմանով, որ կողմերը կտեղեկացվեն մասնագետի ինքնության և նրա տեսակետի վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն կունենան այդ տեսակետի վերաբերյալ իրենց կարծիքը ներկայացնելու.

3) երբ դատավորը խորհրդակցում է այլ դատավորների կամ դատարանի աշխատակազմի այն աշխատակիցների հետ, որոնց գործառույթը դատավորին դատական իշխանություն իրականացնելիս օժանդակելն է: Եթե շփումը իրականացվում է գործը լսող տարբեր դատական ատյանների դատավորների միջև, ապա դրա բովանդակությունը հայտնվում է կողմերին.

4) երբ դատավորի կողմից ընդդիմազերծ շփումներ իրականացնելն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված սահմանափակումները տարածվում են և´ բանավոր, և´ գրավոր շփումների վրա:

8. Եթե դատավորի կամքից անկախ տեղի են ունեցել սույն հոդվածի 6-րդ մասով անթույլատրելի ընդդիմազերծ շփումներ, ապա դատավորը պարտավոր է անհապաղ հայտնել դրանց բովանդակությունը այն կողմին, որը մասնակից չի եղել այդ շփումներին:

9. Դատավորը պետք է վերահսկի, որպեսզի սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված սահմանափակումները պահպանվեն նաև դատարանի աշխատակազմի և այլ անձանց կողմից, որոնք գտնվում են դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո:

10. Կազմակերպական լիազորություններ իրականացնելիս դատարանի նախագահը և յուրաքանչյուր դատավոր պարտավոր են առանց կողմնակալության իրականացնել իրենց կազմակերպական պարտականությունները՝ ապահովելով կազմակերպական ունակությունների պատշաճ մակարդակ: Նրանք պարտավոր են անհրաժեշտության դեպքում համագործակցել այլ դատավորների և դատարանի աշխատակազմի հետ: Դատարանի նախագահը և դատավորը պետք է նմանատիպ վերաբերմունք պահանջեն դատարանի աշխատակազմից և այլ անձանց կողմից, որոնք գտնվում են նրանց ղեկավարության կամ վերահսկողության ներքո:

 

Հոդված 61.

Դատավորի ինքնաբացարկը

 

1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմանակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլոց այն դեպքերը, երբ`

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.

2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է այն փաստերին, որոնք վիճարկվում են դատաքննության ընթացքում.

3) դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ: Սույն օրենքի իմաստով անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները: Անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Անձի հետ արյունակցական կապի մինչև 3-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք.

4) դատավորը գիտի, որ նա անձամբ կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձինք տնտեսական շահ ունեն` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ:

2. Սույն հոդվածի իմաստով տնտեսական շահ հասկացությունը չի ընդգրկում`

1) բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր անուղղակի ունենալը, եթե դա իրականացվում է ներդրումային կամ կենսաթոշակային հիմնադրամի կամ այլ անվանական սեփականատիրոջ միջոցով, և դատավորը չգիտի, որ հանդիսանում է տվյալ ընկերության բաժնետեր.

2) բանկում ավանդ ունենալը, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը, վարկային կամ խնայողական միության ավանդատու կամ անդամ հանդիսանալը, եթե գործի ելքի արդյունքում այդ կազմակերպության վճարունակությանը էական վտանգ չի սպառնա.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ համայնքի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը:

3. Դատավորը, որը ինքնաբացարկ է հայտնել, պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, ինչը ենթակա է բառացի արձանագրման: Ինքնաբացարկ հայտնած դատավորը, եթե համարում է, որ ինքը կարող է տվյալ գործով լինել անկողմնակալ, կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկը անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի դատաքննությունը:

4. (մասն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-65-Ն)

(61-րդ հոդվածը փոփ. 30.11.2011 ՀՕ-65-Ն)

 

Հոդված 62.

Դատավորի ոչ դատական գործունեությունը

 

1. Դատավորի ոչ դատական գործունեության իրականացումը չպետք է`

1) ողջամիտ կասկածներ առաջացնի որպես դատավոր անկողմնակալ գործելու նրա ունակության վերաբերյալ.

2) նսեմացնի դատավորի պաշտոնի հեղինակությունը, կամ

3) խոչընդոտի դատական պարտականությունների պատշաճ իրականացմանը:

2. Դատավորը չպետք է զբաղվի փաստաբանական գործունեությամբ, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա իր ընտանիքի անդամներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց առանց հատուցման իրավաբանական խորհրդատվություն է մատուցում:

3. Դատավորը չի կարող գործել որպես գույքի հավատարմագրային կառավարիչ կամ կտակակատար, բացառությամբ, երբ նա առանց հատուցման գործում է իր ընտանիքի անդամի կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի գույքի կապակցությամբ:

4. Դատավորը կարող է զբաղեցնել ոչ առևտրային կազմակերպությունում պաշտոն, եթե ՝

1) իր գործունեությունը այդ պաշտոնում իրականացվում է անհատույց.

2) համապատասխան դատարանում կամ ստորադաս դատարանում չի քննվում կամ ողջամտորեն չի ակնկալվում գործ, որը կապված է այդ կազմակերպության շահերի հետ.

3) այդ պաշտոնը չի ենթադրում ֆինանսական միջոցների տնօրինում, կազմակերպության անունից քաղաքացիաիրավական գործարքների կնքում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպության գույքային շահերի ներկայացուցչության իրականացում:

5. Դատավորը պարտավոր է իր կողմից իրականացվող ոչ դատական գործունեության մասին հնարավոր սեղմ ժամկետում հայտնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ նշելով վերաբերելի մանրամասներ:

(62-րդ հոդվածը փոփ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 63.

Դատավորի ոչ դատական գործունեությունից ստացվող հատուցումները

 

1. Դատավորին գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց դատավոր չհանդիսացող անձը կարող էր հավակնել:

2. Սույն հոդվածի 1-ին մասի կանոններին համապատասխան իրականացվող ոչ դատական գործունեության համար դատավորը կարող է ստանալ ծախսերի հատուցում, եթե նման հատուցումների աղբյուրն ողջամտորեն չի կարող ընկալվել որպես դատական պարտականությունների կատարման հարցում դատավորի վրա ներգործություն, և ծախսերի հատուցումը սահմանափակվում է դատավորի (իրադարձությանը համապատասխան դեպքերում՝ նաև նրա ամուսնու) ճանապարհածախսի, սննդի և բնակության ողջամիտ ծախսերի իրական արժեքով:

 

Հոդված 64.

Դատավորի` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը

 

1. Դատավորն իրավունք չունի լինելու անհատ ձեռնարկատեր:

2. Դատավորն իրավունք չունի լինելու տնտեսական ընկերությունների մասնակից կամ վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու, եթե`

1) դա ողջամտորեն ենթադրում է դատավորի պաշտոնեական դիրքի օգտագործում, կամ

2) բացի ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելուց, դատավորը ներգրավվում է նաև այդ կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը, կամ

3) ողջամտորեն ենթադրվում է, որ առևտրային կազմակերպությունը համապատասխան դատարանում հաճախ հանդես է գալու որպես գործին մասնակցող անձ:

3. Դատավորը պետք է ձգտի կառավարել իր ներդրումներն այնպես, որ նվազագույնի հասցնի այն գործերի քանակը, որոնցով նա պետք է ինքնաբացարկ հայտնի:

 

Հոդված 65.

Դատավորի կողմից նվերներ ընդունելու արգելքը

 

1. Դատավորը չպետք է որևէ մեկից նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա: Դատավորը պետք է ձգտի զերծ պահել իր հետ բնակվող ընտանիքի անդամներին այդպիսի գործողություններից: Սույն օրենքի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որն ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Սույն օրենքի իմաստով «նվեր» հասկացությունն ընդգրկում է նաև ներված պահանջը, անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը կամ մատուցված ծառայությունը, փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը և այլն:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները չեն տարածվում՝

1) հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների և պարգևների վրա.

2) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի և նմանատիպ այլ նյութերի վրա.

3) պաշտոնական արարողության ժամանակ կազմակերպվող հյուրասիրության վրա.

4) դատավորի հետ բնակվող ընտանիքի այլ անդամի կողմից իր ձեռնարկատիրական, մասնագիտական կամ այլ բնույթի գործունեության հետ կապված նվերի վրա, այդ թվում` այն նվերի, որը կարող է համատեղ օգտագործվել ընտանիքի այլ անդամների, այդ թվում` դատավորի կողմից, սակայն պայմանով, որ նման նվերը չի կարող ողջամտորեն ընկալվել որպես դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված.

5) կենցաղային հյուրընկալության դեպքում տրվող նվերների վրա.

6) հատուկ իրադարձությունների, մասնավորապես՝ ամուսնության, հոբելյանի կամ ծննդյան կապակցությամբ ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերի վրա, եթե նվերն էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է իրադարձությանը և միմյանց միջև հարաբերությունների բնույթին.

7) ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերի վրա, եթե նվերը էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին.

8) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի վրա, որը տրվել է հրապարակային մրցույթի արդյունքում` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում.

9) ֆինանսական ինստիտուտներից սովորական կամ ընդհանուր պայմաններով ստացած փոխառության վրա:

3. Եթե սույն հոդվածով թույլատրելի համարվող նվերները, որոնք օրացուցային տարվա ընթացքում ստացվել են նույն անձից, իրենց արժեքով գերազանցում են 250.000 դրամը, կամ օրացուցային տարում ստացված թույլատրելի համարվող բոլոր նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է 1.000.000 դրամը, ապա դատավորը պարտավոր է դրա մասին հնարավոր սեղմ ժամկետում հայտնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:

4. Եթե դատավորին հայտնի է դառնում, որ իր հետ համատեղ չբնակվող արյունակցական կապի մինչև 3-րդ աստիճանի մեջ գտնվող անձին տրվել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված, ապա նա պարտավոր է դրա մասին տեղեկություն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայտնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:

5. Եթե դատավորին տրվել է սույն հոդվածով թույլատրելի չհամարվող նվեր, որը վերադարձնելը ողջամիտ ջանքերով հնարավոր չէ, ապա նա պարտավոր է այն հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

(65-րդ հոդվածը փոփ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 66.

Դատավորի կողմից ֆինանսական հայտարարագիր ներկայացնելը

 

1. Դատավորը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ներկայացվող հայտարարագրի պատճենը ուղարկել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:

(66-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 9.1

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

(9.1-ին գլուխը լրաց. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 66.1.

Դատավորների գործունեության գնահատումը

 

1. Դատավորների գործունեությունը պաշտոնում նշանակման օրվան հաջորդող երկրորդ տարվանից հետո ենթակա է պարբերաբար գնահատման:

2. Դատավորների գործունեության գնահատման նպատակն է՝

1) բացահայտել և դատավորներին մատնանշել իրենց աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները.

2) նպաստել դատավորների կողմից իրենց գործունեության վերլուծությանը.

3) դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը:

3. Դատավորների գործունեության գնահատումն իրականացնում է գնահատման հանձնաժողովը:

4. Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է դատավորների գործունեության գնահատման կարգը, ժամանակացույցը, մեթոդաբանությունը և ինքնագնահատման թերթիկի ձևը:

5. Դատական դեպարտամենտը յուրաքանչյուր տարի քանակական չափանիշներին վերաբերող անհրաժեշտ տվյալները ուղարկում է դատավորին և գնահատման հանձնաժողովին:

(66.1-ին հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 66.2.

Դատավորների գործունեության գնահատման չափանիշները

 

1. Դատավորների գործունեության գնահատումն իրականացվում է քանակական և որակական չափանիշների հիման վրա:

2. Քանակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատումն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ գործերի կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով, որը վարում է դատական դեպարտամենտը:

3. Որակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատումն անցկացվում է գնահատման ժամանակահատվածում ընդգրկված չորս տարիների տվյալների հիման վրա:

4. Գնահատումն անցկացվում է՝ սկսած գնահատման ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվանից:

5. Ըստ քաղաքացիական, քրեական և վարչական գործերի՝ դատավորների գործունեության գնահատման քանակական չափանիշներն են՝

1) դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և քանակական կատարողականությունը.

2) ըստ գործերի առանձին տեսակների՝ գործերի քննության միջին տևողությունը (հաշվարկի միավոր` օր).

3) դատավորի կողմից դատավարական առանձին գործողությունների կատարման համար օրենքով սահմանված ժամկետների պահպանումը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և քանակական կատարողականությունը գնահատվում են դատավորի անհատական աշխատանքային ծանրաբեռնվածության գործակցով: Այդ գործակիցը որոշվում է տարվա ընթացքում դատավորի անհատական քանակական կատարողականի գործակիցը բաժանելով տարվա համար դատարանի միջին քանակական կատարողականի գործակցին:

7. Տարվա ընթացքում դատավորի անհատական քանակական կատարողականի գործակիցը որոշվում է տարվա ընթացքում դատավորի ավարտած բոլոր գործերի քանակը բաժանելով չավարտված գործերի քանակին: Չավարտված գործերի քանակը որոշվում է նախորդ տարվանից փոխանցված գործերի քանակը գումարելով տարվա ընթացքում դատավորին հանձնված բոլոր նոր գործերի քանակին: Փոխանցված և հանձնված գործերի թվում չեն հաշվարկվում տարվա ընթացքում կասեցված գործերը:

8. Տարվա համար դատարանի միջին քանակական կատարողականության գործակիցը որոշվում է տարվա ընթացքում դատարանի դատավորների ավարտած գործերի քանակը բաժանելով չավարտված գործերի քանակին: Չավարտված գործերի քանակը որոշվում է նախորդ տարվանից փոխանցված (բոլոր դատավորների մոտ առկա) գործերի քանակը գումարելով տարվա ընթացքում դատարան ներկայացված գործերի քանակին: Փոխանցված և հանձնված գործերի թվում չեն հաշվարկվում տարվա ընթացքում կասեցված գործերը:

9. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ գործի քննության միջին տևողությունը գնահատելու համար Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետներ՝ ըստ քաղաքացիական, քրեական և վարչական գործերի առանձին տեսակների և բարդության, իսկ սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված չափանիշի հաշվարկման կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:

10. Դատավորների գործունեության գնահատման որակական չափանիշներն են՝

1) դատական ակտերի պատճառաբանման կարողությունը, մասնավորապես՝

ա. դատական ակտերի կառուցվածքին ներկայացվող պահանջները պահպանելը,

բ. դատական ակտի հստակությունը,

գ. գրավոր խոսքի մատչելիությունը,

դ. վերլուծական հմտությունները,

ե. դատական ակտի եզրափակիչ մասի որոշակիությունը.

2) մասնագիտական կարողությունները՝

ա. դատավարության մասնակիցների նկատմամբ անկողմնակալ վերաբերմունքը,

բ. ինքնատիրապետումը պահպանելու կարողությունը,

գ. դատական նիստը վարելու հմտությունները.

3) կազմակերպչական հմտությունները՝

ա. արդարադատության արդյունավետությանն ուղղված նպատակներ սահմանելու և դրանց հասնելու համար մարդկային ու նյութական ռեսուրսները կազմակերպելու ունակությունը,

բ. գործընկեր դատավորների և դատական ծառայողների հետ հարաբերությունների պատշաճ մակարդակն ապահովելու ունակությունը:

11. Վերաքննիչ և Գերագույն դատարանի դատավորի գործունեությունը գնահատելիս հաշվի են առնվում կոլեգիալ կազմով քննվող այն գործերը, որոնցում նա հանդես է եկել որպես զեկուցող: Եթե կոլեգիալ կազմով քննվող գործով դատավորը ներկայացրել է հատուկ կարծիք, ապա նրա գործունեությունը սույն հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով սահմանված չափանիշներով չի գնահատվում:

12. Կոլեգիալ կազմով գործերի քննության դեպքում սույն հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված չափանիշով գնահատվում է բացառապես կոլեգիալ կազմով քննված գործերով դատական նիստը նախագահողը:

13. Յուրաքանչյուր դատավոր քանակական և որակական չափանիշների հիման վրա իրականացնում է ինքնագնահատում գնահատման ժամանակահատվածում ընդգրկված չորս տարվա տվյալների հիման վրա:

14. Որակական չափանիշներով գնահատման համար հանձնաժողովը պետք է հաշվի առնի դատավորի քննած գործերի առնվազն 10 դատական նիստի ձայնային արձանագրություններ (բացակայության դեպքում՝ պարզ թղթային արձանագրություններ) և առնվազն 10 գործն ըստ էության լուծող դատական ակտեր (պատահական ընտրությամբ):

15. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեության գնահատման որակական չափանիշները պետք է առնվազն 20 տոկոսով գերակայեն քանակական չափանիշների նկատմամբ:

(66.2-րդ հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 66.3.

Դատավորների գործունեության գնահատման արդյունքների ամփոփումը

 

1. Ինքնագնահատման թերթիկը ստանալու օրվան հաջորդող երեք շաբաթվա ընթացքում դատավորը գնահատման հանձնաժողով է ներկայացնում լրացված ինքնագնահատման թերթիկ:

2. Դատավորի ինքնագնահատման թերթիկի և Դատական դեպարտամենտի տրամադրած՝ սույն օրենսգրքի 66.1-ին հոդվածի 5-րդ մասով և 66.2-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված տվյալների հիման վրա գնահատման հանձնաժողովը իրականացնում է դատավորների գործունեության գնահատում:

3. Դատավորների գործունեության գնահատման ընդհանուր արդյունքները հաշվարկվում են սույն օրենսգրքի 66.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գնահատման չորս տարվա և 66.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գնահատման արդյունքների հիման վրա:

4. Գնահատման հանձնաժողովը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գնահատման ընդհանուր արդյունքների հիման վրա, ըստ յուրաքանչյուր չափանիշի և ըստ գնահատումների հանրագումարի, դատավորների գործունեությունը գնահատում է՝

1) բարձր.

2) լավ.

3) միջին.

4) ցածր:

5. Դատավորների գործունեության գնահատման արդյունքներով բացահայտված խնդիրները, ինչպես նաև առանձին դատավորների գործունեության ցածր արդյունքները քննարկվում են գնահատման հանձնաժողովում:

6. Գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատավորի եռօրյա ժամկետում ուղարկում է նրա` սույն հոդվածի 4-րդ մասում նշված գնահատականը: Գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են նաև այն դատարանի նախագահին, որտեղ աշխատում է դատավորը:

7. Գնահատման արդյունքների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատարան:

8. Գնահատման հանձնաժողովի որոշումը դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է տվյալ դատավորի գործունեության նոր գնահատում՝ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

9. Դատավորը կարող է գնահատման արդյունքների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումների դեմ ներկայացնել առարկություն, որը կցվում է այդ որոշումներին:

(66.3-րդ հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 66.4.

Դատավորների գործունեության գնահատման հետևանքները

 

1. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատելու դեպքում գնահատման հանձնաժողովը որոշում է կայացնում դատավորին լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու մասին՝ սահմանելով այն չափանիշները, որոնցով նրա հմտությունները կատարելագործվելու անհրաժեշտություն ունեն:

Գնահատման հանձնաժողովի որոշումները տրամադրվում են Դատարանների նախագահների խորհրդին` վերապատրաստման ուղղությունները որոշելու նպատակով:

2. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը միջին գնահատվելու դեպքում գնահատման հանձնաժողովը դատավորին առաջարկում է անցնել լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ, եթե գնահատմամբ բացահայտվում է որոշակի չափանիշով նրա հմտությունները կատարելագործելու անհրաժեշտություն: Դատավորի՝ վերապատրաստում անցնելու համաձայնության դեպքում գնահատման հանձնաժողովի որոշումը տրամադրվում է Դատարանների նախագահների խորհրդին` վերապատրաստման ուղղությունները որոշելու նպատակով:

3. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատվելու դեպքում դատավորը չի կարող դիմել ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու կամ դատարանի նախագահի թափուր պաշտոնը համալրելու համար՝ մինչև գնահատման արդյունքների հաջորդ ամփոփումը:

4. Այն դատավորները, որոնց գործունեությունը գնահատման ընդհանուր արդյունքներով երկու անգամ անընդմեջ գնահատվել է բարձր, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար դիմելիս ունեն ցուցակում ընդգրկվելու նախապատվության իրավունք:

5. Այն դատավորները, որոնց գործունեությունը գնահատման ընդհանուր արդյունքներով երկու անգամ անընդմեջ գնահատվել է համապատասխանաբար բարձր և լավ, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար դիմելիս սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձանցից հետո ունեն ցուցակում ընդգրկվելու նախապատվության իրավունք՝ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով, իսկ նրանցից հետո նախապատվության իրավունք ունեն այն դատավորները, որոնց գործունեությունը գնահատման ընդհանուր արդյունքներով երկու անգամ անընդմեջ գնահատվել է լավ:

6. Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու նպատակով դիմել է ցուցակը լրացնելու համար նախապատվության իրավունք ունեցող անհրաժեշտ քանակից ավելի թեկնածու, ապա Արդարադատության խորհուրդը նրանց վերաբերյալ անցկացնում է քվեարկություն՝ սույն օրենսգրքի 96–րդ հոդվածով նախատեսված կարգով, հաշվի առնելով՝

1) ինքնագնահատման թերթիկը.

2) գնահատման հանձնաժողովի որոշումը.

3) գնահատման հանձնաժողովի որոշման վերաբերյալ դատավորի առարկությունը (առկայության դեպքում):

(66.4-րդ հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 66.5.

Գնահատման հանձնաժողովի անդամ գործող դատավորների գործունեության գնահատումը

 

1. Գնահատման հանձնաժողովի անդամ գործող դատավորների գնահատումն իրականացվում է սույն գլխով սահմանված ընդհանուր կարգով:

Հանձնաժողովի գնահատվող անդամը չի մասնակցում իր գործունեության գնահատմանը և արդյունքների ամփոփմանը:

2. Հանձնաժողովի անդամի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելիս ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված՝ հօգուտ գնահատման հանձնաժողովի անդամի:

(66.5-րդ հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

(9.1-ին գլուխը լրաց. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 67.

Արդարադատության խորհուրդը և դրա լիազորությունները

 

1. Արդարադատության խորհուրդն անկախ մարմին է, որը Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորություններն իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով: Արդարադատության խորհուրդն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության խորհուրդ» գրառմամբ կնիք: 

2. Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով օրենքով սահմանված կարգով ընտրված հինգ դատավորներ, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբաններ:

(67-րդ հոդվածը լրաց. 30.11.2011 ՀՕ-65-Ն)

 

Հոդված 68.

Արդարադատության խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները

 

1. Արդարադատության խորհրդի դատավոր անդամ կարող է ընտրվել դատավորի պաշտոնում առնվազն հինգ տարի աշխատած այն դատավորը, որը վերջին հինգ տարիների ընթացքում չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

Դատարանի նախագահը չի կարող լինել Արդարադատության խորհրդի անդամ:

1.1. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել կամ նշանակվել Արդարադատության խորհրդի անդամ:

2. Արդարադատության խորհրդի իրավաբան անդամի պաշտոնը պետական պաշտոն է: Արդարադատության խորհրդի իրավաբան անդամ կարող է նշանակվել այն անձը, որն ունի առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժ:

(68-րդ հոդվածը փոփ. 27.05.2009 ՀՕ-19-Ն, լրաց. 20.04.2015 ՀՕ-16-Ն) 

 

Հոդված 69.

Արդարադատության խորհրդի դատավոր անդամների ընտրության կարգը

 

1. Արդարադատության խորհրդի դատավոր անդամներն ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովում` ըստ հետևյալ խմբերի.

1) առաջին ատյանի դատարանից` երկու անդամ.

2) վերաքննիչ դատարանից` երկու անդամ.

3) Գերագույն դատարանից` մեկ անդամ:

2. Արդարադատության խորհրդի դատավոր անդամի տեղը թափուր մնալու դեպքում նոր անդամի ընտրությունը կատարվում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով՝ եռամսյա ժամկետում, իսկ եթե Արդարադատության խորհրդում դատավոր անդամների թիվը պակաս է չորսից, ապա` մեկշաբաթյա ժամկետում:

3. Այն դեպքում, եթե Արդարադատության խորհրդի դատավոր անդամը տեղափոխվում է այլ դատարան, նա շարունակում է պաշտոնավարել Արդարադատության խորհրդի անդամի պաշտոնում, սակայն հետագայում թափուր տեղ առաջանալու դեպքում Դատավորների ընդհանուր ժողովը հնարավորության դեպքում թափուր տեղը լրացնում է այն հաշվով, որ վերականգնվի Արդարադատության խորհրդում դատավորների` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համամասնությունը:

 

Հոդված 70.

Արդարադատության խորհրդի դատավոր անդամների ընտրության ժամանակ քվեարկության կարգը

 

1. Քվեարկությունը գաղտնի է, տեղի է ունենում քվեաթերթիկներով: Քվեաթերթիկները պատրաստվում են ըստ սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խմբերի: Քվեաթերթիկներում ներառվում են բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները:

2. Յուրաքանչյուր քվեաթերթիկով քվեարկելիս դատավորն ունի մեկ ձայնի իրավունք: Յուրաքանչյուր տեղի համար ընտրված է համարվում առավել շատ ձայներ ստացած դատավորը: Եթե սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խմբերից որևիցե մեկից պետք է միաժամանակ ընտրվի երկու անդամ, ապա ընտրված է համարվում առավել շատ ձայներ ստացած երկու դատավորը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն:

 

Հոդված 71.

Արդարադատության խորհրդի դատավոր անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

 

Արդարադատության խորհրդի դատավոր անդամի լիազորությունները համարվում են օրենքի ուժով վաղաժամկետ դադարեցված, եթե սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով վաղաժամկետ դադարեցվել կամ դադարել են նրա՝ որպես դատավորի լիազորությունները:

 

Հոդված 72.

Արդարադատության խորհրդի իրավաբան անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

 

1. Արդարադատության խորհրդի իրավաբան անդամի լիազորությունները համարվում են օրենքի ուժով վաղաժամկետ դադարեցված, եթե՝

1) նրա նկատմամբ կա դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, կամ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել մահացած, կամ

3) նա նշանակվել է դատավոր:

2. Արդարադատության խորհրդի իրավաբան անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել նրան նշանակող մարմնի կողմից, եթե նա պարբերաբար անհարգելի պատճառով չի մասնակցում Արդարադատության խորհրդի աշխատանքներին: Այս հիմքով իրավաբան անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը նշանակող մարմնին ներկայացնում է Գերագույն դատարանի նախագահը:

3. Արդարադատության խորհրդի իրավաբան անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքերում Գերագույն դատարանի նախագահը մեկշաբաթյա ժամկետում դիմում է համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին կամ Ազգային ժողով՝ Արդարադատության խորհրդի նոր անդամ նշանակելու համար:

(72-րդ հոդվածը լրաց. 26.06.2014 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 73.

Արդարադատության խորհրդի անդամի լիազորությունների ժամկետը

 

1. Արդարադատության խորհրդի դատավոր անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 70-րդ հոդվածին համապատասխան ընդունված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` հինգերորդ տարին լրանալու հաջորդ օրը:

2. Արդարադատության խորհրդի` Հանրապետության Նախագահի կողմից նշանակված իրավաբանների լիազորությունները դադարում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի լիազորությունները դադարելու դեպքում նոր անդամի նշանակմամբ:

3. Արդարադատության խորհրդի` Ազգային ժողովի կողմից նշանակված իրավաբանների լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու կամ Ազգային ժողովի արձակման դեպքում նոր անդամի նշանակմամբ:

4. Գերագույն դատարանի նախագահը, համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվան կամ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկշաբաթյա ժամկետում, դիմում է նշանակող մարմնին` Արդարադատության խորհրդի նոր անդամ նշանակելու համար։

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում Արդարադատության խորհրդի իրավաբան նոր անդամը նշանակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետում։

6. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում Արդարադատության խորհրդի իրավաբան նոր անդամը նշանակվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող հնգամսյա ժամկետում։

7. Մինչև համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից Արդարադատության խորհրդի իրավաբան նոր անդամների նշանակումը նախկին անդամները շարունակում են պաշտոնավարել։

(73-րդ հոդվածը լրաց. 26.06.2014 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 74.

Արդարադատության խորհրդի անդամի մասնակցությունն որոշումներ կայացնելուն

 

1. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի մեկ ձայն:

2. Արդարադատության խորհրդի դատավոր անդամը չի մասնակցում այն որոշումների կայացմանը, որոնք վերաբերում են`

1) Արդարադատության խորհրդի կողմից նրա կամ նրա մերձավոր ազգականի` որպես դատավորի լիազորությունները դադարեցնելուն, նրան կամ նրա մերձավոր ազգական հանդիսացող դատավորին կալանավորելուն, որպես մեղադրյալ ներգրավելու կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին եզրակացություն ներկայացնելուն.

2) նրան կամ նրա մերձավոր ազգական հանդիսացող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն.

3) որպես դատարանի նախագահ, այլ դատարանի դատավոր առաջարկելու նպատակով իր կամ իր մերձավոր ազգականի թեկնածության քննարկմանը.

4) իր ամուսնուն կամ իր հետ արյունակցական՝ մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձանց դատավորի թեկնածուների կամ առաջխաղացման ցուցակում ներառելուն:

3. (մասն ուժը կորցրել է 20.04.2015 ՀՕ-16-Ն)

4. Արդարադատության խորհրդի իրավաբան անդամը չի մասնակցում այն որոշումների կայացմանը, որոնք վերաբերում են իրեն կամ իր մերձավոր ազգականին, իր ամուսնուն կամ իր հետ արյունակցական՝ մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձանց դատավորի թեկնածուների կամ առաջխաղացման ցուցակում ներառելուն, ինչպես նաև իրեն կամ իր մերձավոր ազգականին դատավոր նշանակելու վերաբերյալ առաջարկություն տալուն: Արդարադատության խորհրդի իրավաբան անդամը չի մասնակցում նաև իր մերձավոր ազգական հանդիսացող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման կայացմանը:

(74-րդ հոդվածը խմբ. 26.06.2014 ՀՕ-24-Ն, փոփ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 75.

Արդարադատության խորհրդի անդամի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Արդարադատության խորհրդի անդամն իրավունք ունի՝

1) ծանոթանալու նիստում քննարկվող հարցերին առնչվող նյութերին.

2) ելույթ ունենալու խորհրդում քննարկվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ.

3) հարցեր տալու.

4) առաջարկություններ անելու:

2. Արդարադատության խորհրդի անդամը պարտավոր է՝

1) մասնակցել Արդարադատության խորհրդի նիստերին և կողմ կամ դեմ քվեարկել քննարկման դրվող յուրաքանչյուր հարցի շուրջ, բացառությամբ սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված դեպքերի.

2) մասնակցել քվեաթերթիկներով քվեարկություններին.

3) կատարել Արդարադատության խորհրդի որոշմամբ իրեն տրված հանձնարարությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 76.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը 

(76-րդ հոդվածը փոփ. 27.05.2009 ՀՕ-19-Ն, ուժը կորցրել է 20.04.2015 ՀՕ-16-Ն) 

 

Հոդված 77.

Արդարադատության խորհրդի նիստերը

 

1. Արդարադատության խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը հրավիրում է Գերագույն դատարանի նախագահը: Գերագույն դատարանի նախագահը Արդարադատության խորհրդի նիստ գումարում է երկշաբաթյա ժամկետում` սկսած այն պահից, երբ ծագել է խորհրդի որոշում պահանջող հարց: Սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերում նիստերը գումարվում են հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան խորհրդին դիմելու հաջորդ օրը: Հեռակա քվեարկություն թույլատրվում է միայն սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով և 115-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

2. Արդարադատության խորհրդի նիստերին մասնակցելու կապակցությամբ Արդարադատության խորհրդի անդամներն այդ ընթացքում ազատվում են իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելուց` աշխատավարձի և այլ հավելավճարների պահպանմամբ: Շրջաններում աշխատող Արդարադատության խորհրդի անդամներին հատուցվում են խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գործուղման ծախսերը:

3. Դատական դեպարտամենտը Արդարադատության խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի և վայրի մասին ողջամիտ ժամկետում ծանուցում է Արդարադատության խորհրդի անդամներին, գործին մասնակցող այլ անձանց, արդարադատության նախարարին: Երբ Արդարադատության խորհուրդը գործում է որպես դատարան, գործին մասնակցող անձանց օրենքով նախատեսված կարգով ուղարկվում է ծանուցում:

4. Արդարադատության խորհրդի նիստերը վարում է Գերագույն դատարանի նախագահը` առանց քվեարկության իրավունքի:

4.1. Արդարադատության խորհրդի նիստերի ժամանակ նիստը վարողն իրավունք չունի կարգապահական վարույթին ըստ էության վերաբերող հարցեր տալու զեկուցողներին: 

5. Արդարադատության խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը:

(77-րդ հոդվածը լրաց. 26.06.2014 ՀՕ-24-Ն, խմբ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 78.

Արդարադատության խորհրդի նիստերի արձանագրությունը

 

1. Արդարադատության խորհրդի նիստերն արձանագրվում են պարզ թղթային արձանագրման կամ համակարգչային եղանակով` ձայնային արձանագրման և միաժամանակ համառոտագրման միջոցով:

2. Որպես դատարան գործելիս Արդարադատության խորհրդի նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են`

1) նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) նիստը սկսելու և ավարտելու ժամը.

3) նիստին ներկա Արդարադատության խորհրդի անդամների և դատական նիստի քարտուղարի անունը.

4) տեղեկություններ՝ Արդարադատության խորհրդի կողմից քննվող հարցի վերաբերյալ.

5) տեղեկություններ` Արդարադատության խորհրդի նիստին մասնակցող անձանց ներկայանալու մասին.

6) Արդարադատության խորհրդի` առանց նիստերի դահլիճից հեռանալու կայացրած որոշումները և նիստը նախագահողի կարգադրությունները.

7) նիստին մասնակցող անձանց հայտարարությունները, միջնորդությունները և բացատրությունները.

8) վկաների ցուցմունքները, փորձագետների բանավոր պարզաբանումներն իրենց եզրակացությունների վերաբերյալ.

9) տեղեկություններ` ապացույցների հրապարակման, զննման և հետազոտման վերաբերյալ.

10) Արդարադատության խորհրդի աշխատակարգային որոշումների տեսքով ձևակերպվող որոշումների բովանդակությունը.

11) Արդարադատության խորհրդի որոշումների և եզրակացությունների եզրափակիչ մասը:

3. Արդարադատության խորհրդի նիստի մասնակցի պահանջով կամ նիստը նախագահողի ցուցումով արձանագրությունում ներառվում է նիստի ընթացքում արված կարևոր համարվող արտահայտության բառացի վերարտադրությունը:

4. Արձանագրությունը ստորագրում են նիստը նախագահողը և արձանագրողը:

5. Համակարգչային եղանակով ձայնային արձանագրման ժամանակ համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը պահպանվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը պահպանվում է թղթային կրիչի վրա` հավաստված արձանագրողի ստորագրությամբ:

6. Արդարադատության խորհրդի նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ, խորհրդի նիստին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է խորհրդի նիստից անմիջապես հետո: Արդարադատության խորհրդի նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը նիստի գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը: Արձանագրությունը հրապարակել կարող է միայն այն դատավորը, որի նկատմամբ հարուցված է կարգապահական վարույթ:

 

Հոդված 79.

Հարցերի քննության կարգը Արդարադատության խորհրդում

 

1. Նիստը վարողը բացում է Արդարադատության խորհրդի նիստը` հայտարարելով, թե ինչ հարց է ենթակա քննության, ինչպես նաև խորհրդի անդամների համաձայնությամբ սահմանում է նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննության կարգը, ղեկավարում է նիստի ընթացքը:

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Արդարադատության խորհրդի որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով:

(79-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 80.

Տեղեկատվություն ստանալու իրավունքը

 

Արդարադատության խորհուրդը Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների իրականացման համար պաշտոնատար անձանցից և պետական մարմիններից, այդ թվում` դատարաններից, դատախազությունից, հետաքննության և նախաքննության մարմիններից վարչական, քրեական, քաղաքացիական գործեր, անհրաժեշտ, այդ թվում` նախաքննության գաղտնիք պարունակող տեղեկություններ, նյութեր, տեղեկանքներ և այլ փաստաթղթեր ստանալու իրավունք ունի: Բացառություն են կազմում միայն պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները:

 

Հոդված 81.

Արդարադատության խորհրդի ակտերը և դրանց ընդունման կարգը

 

1. Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս Արդարադատության խորհուրդն ընդունում է եզրակացություններ, իսկ 1-ին և 3-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս՝ որոշումներ:

2. Արդարադատության խորհուրդը իր քննարկման ենթակա հարցերի նախապատրաստման նպատակով, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ: Աշխատակարգային որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:

3. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե դրան մասնակցել է Արդարադատության խորհրդի առնվազն հինգ անդամ:

4. Բաց քվեարկությամբ ընդունվող որոշումները և եզրակացություններն ընդունվում են քվեարկությանը մասնակցած Արդարադատության խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Քվեաթերթիկներով գաղտնի քվեարկությամբ որոշումներ և եզրակացություններ ընդունելու կարգը սահմանված է սույն օրենսգրքով:

5. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար համաձայնություն տալու վերաբերյալ, ինչպես նաև դատավորների թեկնածուների և դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելու հետ կապված Արդարադատության խորհրդի որոշումը և եզրակացությունները կայացվում են խորհրդակցական սենյակում և ստորագրվում դրանց կայացմանը մասնակցած բոլոր անդամների կողմից: Արդարադատության խորհրդի այլ որոշումները ստորագրում է նիստը վարողը: Արդարադատության խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Արդարադատության խորհրդում ընդունված ցանկացած որոշման վերաբերյալ: Եթե Արդարադատության խորհրդի անդամը որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նշում է արվում Արդարադատության խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը կցվում է որոշմանը:

6. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրա լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար համաձայնություն տալու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումը և եզրակացությունները վերջնական են, ուժի մեջ են մտնում Արդարադատության խորհրդի նիստում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չեն: Այդ որոշումը և եզրակացությունները ենթակա են հրապարակման «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում:

7. Արդարադատության խորհրդի` սույն հոդվածի 6-րդ մասում չներառված որոշումները և եզրակացություններն ուժի մեջ են մտնում դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակման պահից: Շահագրգիռ անձինք կարող են այդ ակտերը բողոքարկել առաջին ատյանի դատարան` ակտն ընդունվելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում: Դատարանը գործը քննում և լուծում է վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(81-րդ հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 82.

Արդարադատության խորհրդի աշխատակազմը

 

1. Արդարադատության խորհրդի աշխատակազմի գործառույթներն իրականացնում է Դատական դեպարտամենտը:

2. (մասն ուժը կորցրել է 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 3. Դատական դեպարտամենտը նախապատրաստում է Արդարադատության խորհրդի նիստերը, սույն օրենսգրքով նախատեսված ժամկետներում Արդարադատության խորհրդի անդամներին, գործին մասնակցող այլ անձանց, արդարադատության նախարարին է ուղարկում Արդարադատության խորհրդում քննվող հարցերի վերաբերյալ նյութերը, արձանագրում է Արդարադատության խորհրդի նիստերը, առաքում և հրապարակում է Արդարադատության խորհրդի ընդունած ակտերը:

(82-րդ հոդվածը փոփ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 83.

Արդարադատության խորհրդի ֆինանսավորումը

 

Արդարադատության խորհրդի ֆինանսավորումը նախատեսվում է Դատական դեպարտամենտին հատկացված բյուջեով:

 

Հոդված 84.

Դատավորների թեկնածուների ցուցակը

 

Արդարադատության խորհուրդը սույն օրենսգրքով սահմանված կարգով որակավորման ստուգման հիման վրա կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածուների ցուցակը: Դատավորների թեկնածուների ցուցակում լրացումներ և փոփոխություններ կատարվում են նույն կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

                                (վերնագիրը փոփ. 27.05.2009 ՀՕ-19-Ն) 

 

Հոդված 85.

Որակավորման ստուգումը

 

1. Դատարանների նախագահների խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ տեղերի քանակը և դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համալրման կամ դրա անհրաժեշտության բացակայության մասին:

2. Անհրաժեշտության դեպքում Դատարանների նախագահների խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման մասին:

3. Դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ կարգով համալրումը կատարվում է հերթական համալրման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով արտահերթ համալրման մասին որոշումը կայացնելուն հաջորդող գործողություններում՝ պահպանելով սույն օրենսգրքով հերթական համալրման համար նախատեսված ժամկետների համամասնությունը:

4. Դատական դեպարտամենտը ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 10-ը առնվազն 500 տպաքանակ ունեցող մամուլում և դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակում է հայտարարություն` դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման գրավոր քննության օրը, համալրման ենթակա տեղերի քանակը:

5. Որակավորման ստուգումը կատարվում է մրցութային կարգով` գրավոր քննության արդյունքներով:

6. Արդարադատության խորհուրդը ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 30-ը սահմանում և հրապարակում է որակավորման ստուգման գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, քննության և Արդարադատության խորհրդում հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքների ստուգման և միավորների հաշվարկման կարգը, որակավորման ստուգման գնահատման չափորոշիչները, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը, ինչպես նաև Արդարադատության խորհուրդ ներկայացված հավակնորդների վերաբերյալ սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ հարցումների իրականացման կարգը, հարցման շրջանակում ընդգրկված մարմինների ցանկը և հարցման նպատակով կիրառվող գրավոր հարցաթերթիկների ձևը:

7. Քննական հարցերի, ինչպես նաև սույն օրենսգրքի 85.2-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված հոգեբանական թեստի մշակման համար Արդարադատության խորհուրդն ընտրում է համապատասխան մասնագետ (մասնագետներ) կամ մասնագիտացված կազմակերպություն: Քննական հարցերը մշակողը պատասխանատվություն է կրում մինչև որակավորման ստուգման անցկացումը հարցերի գաղտնիության պահպանման համար: Որակավորման ստուգման քննական հարցերի մշակումը չի կարող հանձնարարվել Արդարադատության խորհրդի անդամներին: Համապատասխան որակավորման ստուգման քննական հարցերը մշակած անձինք չեն կարող ընդգրկվել այդ հարցերի հիման վրա որակավորման ստուգման գնահատման հանձնաժողովներում:

8. Որակավորման ստուգման անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Դատական դեպարտամենտը:

9. Որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 28-ից 60 տարեկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստացել են բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, ունեն իրավաբանի առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ, տիրապետում են հայերենին և համապատասխանում են սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

10. Հայտերը ներկայացվում են Դատական դեպարտամենտ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից մեկամսյա ժամկետում:

11. Հայտերի հետ հավակնորդները ներկայացնում են համաձայնություն` իրենց մասին պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում` բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու վերաբերյալ:

12. Հավակնորդը պարտավոր է ներկայացնել նաև`

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ.

3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).

4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդներ են).

5) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ:

13. Հավակնորդն իրավունք ունի ներկայացնելու նաև Արդարադատության խորհրդի սահմանած ձևի երաշխավորագիր-նամակներ:

14. Դատական դեպարտամենտը կարող է ստուգել ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը: Դատական դեպարտամենտը համապատասխան հարցումների միջոցով ճշտում է հավակնորդի դատվածության առկայությունը կամ բացակայությունը:

15. Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք Դատական դեպարտամենտի կողմից ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դատական դեպարտամենտը կարող է հարգելի համարել դիմումը ներկայացնելու ժամկետի բացթողումը, եթե ուշացումը պայմանավորված է եղել անձի կամքից անկախ հանգամանքներով, և եթե դիմումը ներկայացնելու պահից մինչև որակավորման քննության սկիզբը մնացել է ոչ պակաս, քան մեկ շաբաթ: Դատական դեպարտամենտի կողմից հայտի ընդունումը մերժվելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել դատարան մերժումը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դատարանը գործը քննում և լուծում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

16. Դատական դեպարտամենտի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և որակավորման ստուգումների` սույն օրենսգրքով նախատեսված ընթացակարգը:

17. Դատական դեպարտամենտի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչվելու դեպքում հավակնորդն իրավունք ունի անցնելու որակավորման ստուգումը, իսկ եթե որակավորման ստուգման անցկացումն սկսվել է, ապա հայտատուն իրավունք ունի առանց նոր հայտ ներկայացնելու՝ մասնակցելու հաջորդ որակավորման ստուգմանը:

18. Որակավորման քննությանը մասնակցելու համար հավակնորդից գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով:

(85-րդ հոդվածը խմբ. 26.06.2014 ՀՕ-24-Ն, փոփ., լրաց 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 85.1.

Որակավորման քննության թափանցիկության ապահովումը

                      (վերնագիրը փոփ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

1. Որակավորման քննությունն անցկացվում է հայերենով:

2. Գրավոր քննության, ինչպես նաև Արդարադատության խորհրդում հարցազրույցի ողջ ընթացքը, բացառությամբ Խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման, տեսաձայնագրվում է Դատական դեպարտամենտի կողմից:

3. Հավակնորդն իրավունք ունի ստանալու գրավոր քննության ողջ ընթացքի, Արդարադատության խորհրդում հարցազրույցի՝ իրեն վերաբերող մասի տեսաձայնագրության կրկնօրինակը, ինչպես նաև սույն օրենսգրքի 85.2-րդ հոդվածով նախատեսված գրավոր քննության ստուգված ցանկացած աշխատանքի պատճենները՝ «Տեղեկատվության ազատության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահը և արդարադատության նախարարը կարող են ցանկացած ժամանակ դիմել և եռօրյա ժամկետում ստանալ գրավոր քննության ընթացքի, Արդարադատության խորհրդում հարցազրույցի տեսաձայնագրության կրկնօրինակը կամ գրավոր քննության ստուգված աշխատանքների պատճենները:

5. Որակավորման գրավոր քննության և Արդարադատության խորհրդում հարցազրույցին (բացառությամբ խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման) ներկա կարող են լինել և դրանց ընթացքին հետևել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի նշանակած մեկ ներկայացուցիչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստաբանների պալատի նշանակած մինչև երեք փաստաբան և որակավորման ստուգման անցկացումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Արդարադատության խորհուրդ համապատասխան հայտ ներկայացրած` իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչև հինգ ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման առաջնահերթության: Դատական դեպարտամենտը նշված անձանց պարտավոր է ապահովել քննության և հարցազրույցի ընթացքին հետևելու համար անհրաժեշտ պայմաններով՝ այնպես, որ չխաթարվի դրանց բնականոն ընթացքը:

6. Որակավորման գրավոր քննության յուրաքանչյուր փուլի արդյունքներով հավակնորդների ստացած միավորներն արդյունքների ամփոփումից հետո անհապաղ հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:

7. Որակավորման գրավոր քննության և Արդարադատության խորհրդում հարցազրույցի անցկացման ժամի և վայրի մասին հայտարարությունը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ որակավորման գրավոր քննության կամ հարցազրույցի օրվանից առնվազն 10 օր առաջ:

(85.1-ին հոդվածը լրաց. 26.06.2014 ՀՕ-24-Ն, փոփ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 85.2.

Որակավորման գրավոր քննությունը

                     (վերնագիրը խմբ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

1. Որակավորման գրավոր քննությունն անցկացվում է թեստերի միջոցով, որոնք պարունակում են իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու և կիրառելու պահանջով:

2. Իրավական խնդրում ներկայացված յուրաքանչյուր հանգամանք վեր հանելու, վերլուծելու և իրավական որակում տալու համար տրվում է համապատասխան միավոր՝ կախված հանգամանքների բարդությունից:

3. Սույն հոդվածով նախատեսված գրավոր քննության ժամանակ հավակնորդին կարող են տրամադրվել հանձնարարվող խնդիրների փաստական հանգամանքների վերաբերյալ նյութեր, ինչպես նաև խնդրի լուծման համար անհրաժեշտ տեսական գրականություն և իրավական ակտեր, որոնց շրջանակը որոշում է (են) սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ընտրված համապատասխան մասնագետը (մասնագետները) կամ մասնագիտացված կազմակերպությունը:

4. Թեստերը կարող են պարունակել նաև բազմակի ընտրության հարցեր:

5. Սույն հոդվածով նախատեսված թեստն ուղղված է բացի ակադեմիական գիտելիքներից, նաև հավակնորդի վերլուծական կարողությունների, բարդ տեքստերի համակարգված, արագ ըմբռնման կարողությունների ստուգմանը:

6. Թեստի ժամանակ հարցերն ընտրվում են պատահականության սկզբունքով: Թեստի անցկացման համար նախատեսված հարցերի ընդհանուր քանակը, որից կատարվում է հարցերի ընտրությունը, պետք է առնվազն կրկնակի գերազանցի մեկ թեստի համար նախատեսված հարցերի քանակը:

7. Արդարադատության խորհուրդը սահմանում է սույն հոդվածով նախատեսված թեստի անցկացման համար մշակման ենթակա տարբերակների նվազագույն քանակը:

8. Որակավորման գրավոր քննության օրվանից առնվազն 10 օր առաջ Դատական դեպարտամենտը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է սույն հոդվածով նախատեսված որակավորման գրավոր քննության առաջադրանքների առնվազն մեկ նմուշօրինակ:

9. Սույն հոդվածով նախատեսված որակավորման գրավոր քննության արդյունքներով անցողիկ միավորներ հավաքած հավակնորդները անցնում են հոգեբանական թեստ` ուղղված պատասխանատվության զգացման, ունկնդրելու կարողության, ինքնատիրապետման, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառման և դատավորի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշների ստուգմանը:

10. Հոգեբանական թեստի արդյունքներն ունեն միայն խորհրդատվական նշանակություն, ենթակա չեն հրապարակման և տրամադրվում են միայն Արդարադատության խորհրդի անդամներին՝ խորհրդում հարցազրույցի անցկացումից հետո մինչև ամփոփիչ քննարկումը: Հոգեբանական թեստի արդյունքները, դատավորների թեկնածուների ցուցակը Հանրապետության Նախագահի կողմից հաստատվելուց հետո, ենթակա են ոչնչացման:

(85.2-րդ հոդվածը լրաց. 26.06.2014 ՀՕ-24-Ն, խմբ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 85.3.

Որակավորման գրավոր քննության արդյունքների ամփոփումը

 

1. Սույն օրենսգրքի 85.2-րդ հոդվածով նախատեսված որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորվում է համապատասխան գնահատման հանձնաժողով, իսկ քննության արդյունքների բողոքարկման հետ կապված հարցեր լուծելու նպատակով՝ բողոքարկման հանձնաժողով:

2. Գնահատման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում երեք դատավոր և երկու իրավաբան:

3. Բողոքարկման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում երկու դատավոր և մեկ իրավաբան:

4. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար որակավորման գրավոր քննության համապատասխան փուլի անցկացումից ոչ շուտ, քան չորս օր առաջ Դատարանների նախագահների խորհուրդը առաջարկում է հինգ դատավորի թեկնածություն՝ վերջիններիս համաձայնությամբ, իսկ արդարադատության նախարարը՝ երեք իրավաբանի թեկնածություն` վերջիններիս համաձայնությամբ: Որակավորման գրավոր քննության անցկացման օրը` քննության ավարտից անմիջապես հետո, նշված դատավորներից և իրավաբաններից վիճակահանությամբ ընտրվում են գնահատման հանձնաժողովի անդամներ: Նույն անձը չի կարող միաժամանակ լինել և բողոքարկման, և գնահատման հանձնաժողովի անդամ:

5. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների աշխատանքն իրականացվում է գաղտնի և դռնփակ ընթացակարգով: Գնահատման և բողոքարկման հանձնաժողովի անդամների անունները ենթակա չեն հրապարակման համապատասխանաբար մինչև քննության կամ բողոքարկման արդյունքների հրապարակումը:

6. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների կազմում չեն կարող ընդգրկվել Արդարադատության խորհրդի անդամները և դատարանների նախագահները:

7. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են համապատասխանաբար իր թեկնածությունն առաջադրած Դատարանների նախագահների խորհրդի կամ արդարադատության նախարարի կողմից`

1) դատավորի պաշտոնում իր լիազորությունները դադարելու դեպքում.

2) եթե որակավորման ստուգմանը մասնակցում է իր ամուսինը կամ իր հետ արյունակցական՝ մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը.

3) եթե համապատասխանաբար Դատարանների նախագահների խորհուրդը կամ արդարադատության նախարարը, քննարկելով սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան ներկայացված փաստերը կամ հանգամանքները, կարծում է, որ դրանք կարող են ողջամիտ կասկած հարուցել որակավորման ստուգմանը անձի մասնակցության անկողմնակալության մեջ:

8. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամը պարտավոր է համապատասխանաբար իր թեկնածությունն առաջադրած Դատարանների նախագահների խորհրդին կամ արդարադատության նախարարին, ինչպես նաև Արդարադատության խորհրդին անհապաղ գրավոր հայտնել, եթե տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել որակավորման ստուգմանը նրա մասնակցության անկողմնակալության մեջ:

9. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում նոր անդամը նշանակվում է հանձնաժողովի համապատասխան անդամի նշանակման համար սույն հոդվածով սահմանված կարգով:

10. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովները ղեկավարում են հանձնաժողովների կազմից անդամների ձայների ընդհանուր մեծամասնությամբ ընտրված անձինք:

11. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովները լուծարվում են որակավորման գրավոր քննության արդյունքների ամփոփման և բողոքարկման ժամկետը լրանալուց հետո:

12. Սույն օրենսգրքի 85.2-րդ հոդվածով նախատեսված գրավոր աշխատանքների ստուգումն իրականացնում են գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված երկու ստուգողներ, որոնցից մեկը պետք է լինի դատավոր, իսկ մյուսը՝ իրավաբան:

13. Եթե սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան` ստուգման արդյունքներով ստուգողների նշանակած միավորներում առկա է քսան տոկոսից ավելի շեղում, նշանակվում է լրացուցիչ ստուգում, որին մասնակցում են գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված համապատասխանաբար մեկ այլ դատավոր և մյուս իրավաբանը:

14. Որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգումը և գնահատումը գնահատման հանձնաժողովն իրականացնում է անանուն:

15. Գրավոր աշխատանքների ստուգման և գնահատման համար գնահատման հանձնաժողովը պետք է ապահովված լինի աշխատանքների ստուգումն ուղղորդող տիպային պատասխաններով:

16. Արդարադատության խորհուրդը սահմանում է սույն օրենսգրքի 85.2-րդ հոդվածով նախատեսված գրավոր աշխատանքները գնահատելու չափորոշիչները և դրանց հիման վրա՝ գրավոր քննության արդյունքների ստուգաթերթի ձևը: Գրավոր աշխատանքի ստուգումն իրականացրած գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատման ենթակա չափորոշիչներից յուրաքանչյուրի վերաբերյալ կատարում է վերջնական գնահատականը հիմնավորող նշումներ գրավոր քննության արդյունքների ստուգաթերթում:

17. Ստուգված գրավոր աշխատանքը պետք է պարունակի դրանցում առկա թերությունների վերաբերյալ ստուգողների կատարած համապատասխան նշումներ, որոնք հնարավորություն կտան եզրահանգումներ անելու գնահատման հիմքում ընկած հանգամանքների մասին:

18. Գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ծանոթանալու ստուգված գրավոր աշխատանքին և ներկայացնելու իր նկատառումները:

19. Որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման արդյունքներով վերջնական գնահատականը որոշում է գնահատման հանձնաժողովը՝ առնվազն երեք ձայնով ընդունված որոշմամբ: Գնահատման հանձնաժողովի որոշման մեջ նշվում են նաև սույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով նախատեսված ստուգողների գնահատականները:

20. Եթե գնահատման հանձնաժողովը անհրաժեշտ ձայներով որոշում չի կայացնում վերջնական գնահատականի վերաբերյալ, ապա այն որոշվում է համապատասխանաբար երկու, իսկ լրացուցիչ ստուգում նշանակված լինելու դեպքում՝ չորս ստուգողների նշանակած գնահատականների միջինով:

21. Արդյունքների հրապարակումից հետո հավակնորդի պահանջով անհապաղ, բայց ոչ ուշ, քան մինչև դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, տրամադրվում է իր գնահատված գրավոր աշխատանքի պատճենը` սույն հոդվածի 17-րդ մասով նախատեսված նշումներով:

22. Հավակնորդն իրավունք ունի դիմելու և գնահատման հանձնաժողովի անդամներից ստանալու իր գնահատականի վերաբերյալ լրացուցիչ բանավոր պարզաբանումներ:

23. Յուրաքանչյուր հավակնորդ գնահատման հանձնաժողովի որոշման հրապարակման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել բողոքարկման հանձնաժողով, եթե համարում է, որ խախտվել է քննության անցկացման ընթացակարգը, կամ վիճարկում է քննության գնահատականը:

24. Քննության ընթացակարգը կամ գնահատականը բողոքարկելիս հավակնորդը հստակ նշում է բողոքի հիմքում ընկած հանգամանքները և իր հիմնավորումները:

25. Գրավոր քննության արդյունքների հրապարակումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված Դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության նախարարի առաջարկած թեկնածուներից ձևավորվում է երկու դատավոր և մեկ իրավաբան անդամներից կազմված բողոքարկման հանձնաժողով:

26. Հավակնորդի գրավոր աշխատանքը և բողոքը բողոքարկման հանձնաժողովին տրամադրվում են անանուն:

27. Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված հարցեր քննարկելիս բողոքարկման հանձնաժողովի անդամները, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրել և լսել գնահատման հանձնաժողովի անդամներին, այլ իրավաբանների կամ հավակնորդին:

28. Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են հավակնորդի բողոքը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

29. Բողոքարկման հանձնաժողովը բողոքները քննում է բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Բողոքարկման արդյունքներով կայացված որոշումները պատճառաբանվում են: Դրանք անհապաղ հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով սկզբնական և բողոքարկման արդյունքում ստացված միավորները:

30. Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատարան միայն գրավոր քննության անցկացման ընթացակարգի, գրավոր աշխատանքների ստուգման, գնահատման և բողոքարկման ընթացակարգային նորմերի խախտման հիմքով:

31. Որակավորման ստուգումը և արդյունքների ամփոփումը, այդ թվում` որակավորման արդյունքների բողոքարկումը, պետք է իրականացվեն սույն օրենսգրքի 85-րդ հոդվածին համապատասխան հայտերի ընդունման ժամկետի ավարտին հաջորդող մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև նոյեմբերի 15-ը:

32. Որակավորման ստուգումը պետք է կազմակերպվի այն հաշվով, որ սույն օրենսգրքի 85.2-րդ հոդվածով նախատեսված գրավոր քննության արդյունքների հրապարակումից հետո երաշխավորվի առնվազն ութ աշխատանքային օր ժամանակ բողոքարկման համար:

33. Մինչև բողոքարկման հանձնաժողովի կողմից որոշման կայացումը հավակնորդն իրավունք ունի մասնակցելու որակավորման ստուգման հաջորդ փուլին, եթե այն արդեն սկսվել է:

(85.3-րդ հոդվածը լրաց. 26.06.2014 ՀՕ-24-Ն, փոփ., լրաց., խմբ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 86.

Արդարադատության խորհրդում հարցազրույցի համար նյութերի նախապատրաստումը

                     (վերնագիրը խմբ. 26.06.2014 ՀՕ-24-Ն)

 

1. Սույն օրենսգրքի 85.3-րդ հոդվածի 23-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Դատական դեպարտամենտը սույն օրենսգրքի 85.2-րդ հոդվածով նախատեսված որակավորման գրավոր քննության հանրագումարային արդյունքներով դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան 2-ով գերազանցող թվաքանակի (բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան թվաքանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները) ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակը ներկայացնում է Արդարադատության խորհուրդ` հարցազրույց անցնելու նպատակով։ Հավասար անցողիկ միավոր ունեցող հավակնորդների առկայության դեպքում բոլոր այդ հավակնորդներն ընդգրկվում են ցուցակում:

2. Դատական դեպարտամենտը Արդարադատության խորհուրդ ներկայացված հավակնորդների ցուցակը միաժամանակ հրապարակում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում: Հավակնորդների ցուցակի հետ հրապարակվում են նաև յուրաքանչյուր հավակնորդի կրթության, հետբուհական աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություններ:

3. Պետական մարմինները և պաշտոնատար անձինք, որոնք տիրապետում են տվյալ դատավորի թեկնածուի վերաբերյալ այնպիսի տեղեկատվության, որը կասկած է հարուցում տվյալ անձի հեղինակության և նրա` դատավորի լիազորությունները պատշաճ իրականացնելու վերաբերյալ, պարտավոր են հավակնորդների ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում այդ մասին հայտնել Արդարադատության խորհրդին: Պետական մարմինները և պաշտոնատար անձինք նշված տեղեկությունները պարտավոր են տրամադրել նաև Արդարադատության խորհրդի պահանջով:

4. Հավակնորդները ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրավունք ունեն Արդարադատության խորհուրդ ներկայացնելու ցանկացած այլ փաստաթուղթ, որը կարող է հավաստել իրենց մասնագիտական փորձառությունը և նպաստել դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների և արժանիքների գնահատմանը Արդարադատության խորհրդում հարցազրույցի ժամանակ:

5. Դատական դեպարտամենտը Արդարադատության խորհրդի սահմանած կարգով գրավոր և բանավոր հարցումներ է կատարում հավակնորդի աշխատավայր, բարձրագույն ուսումնական հաստատություններ և հավակնորդի հետ առնչվող այլ հաստատություններ՝ հավակնորդի մասնագիտական որակների և անձնական հատկանիշների վերաբերյալ, ինչպես նաև հարկային և Արդարադատության խորհրդի սահմանած այլ վարչական մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանում է հավակնորդին վերաբերող անհատական տվյալներ։ Դատական դեպարտամենտը Արդարադատության խորհրդի սահմանած կարգով իրականացնում է նաև հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի հավաստիության ստուգում:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակը Արդարադատության խորհուրդ ուղարկելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Դատական դեպարտամենտը Արդարադատության խորհուրդ է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործը, որում պետք է ներառվեն սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, որակավորման գրավոր քննության արդյունքում ստացած միավորները և սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով ստացված տեղեկությունները:

7. Դատական դեպարտամենտը ապահովում է, որ հավակնորդների անձնական գործին ծանոթանան Արդարադատության խորհրդի բոլոր անդամները:

8. Արդարադատության խորհրդում հարցազրույցին մասնակցող անձինք իրավունք ունեն դիմելու և դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան Արդարադատության խորհրդում հարցազրույցին նախորդող օրը ծանոթանալու սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրենց անձնական գործին:

(86-րդ հոդվածը խմբ. 26.06.2014 ՀՕ-24-Ն, փոփ., լրաց., խմբ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 86.1.

Արդարադատության խորհրդում հարցազրույցի անցկացումը

 

1. Արդարադատության խորհրդում հարցազրույցի նպատակը դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների և արժանիքների վերհանումն է՝ հավակնորդի մասնագիտական փորձառության, դատավոր դառնալու մոտիվացիայի, դատավորի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածության, նրա անձնական հատկանիշների (մասնավորապես ինքնատիրապետում, վարվեցողություն, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառում, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, արդարամտություն, վերլուծական կարողություններ և այլն) գնահատման միջոցով:

2. Արդարադատության խորհրդում հարցազրույցը կազմված է երեք մասից.

1) յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործի և անցած մասնագիտական ուղու ուսումնասիրություն, որը ներկայացնելու համար Արդարադատության խորհրդի անդամներից մեկը խորհրդում հանդես է գալիս որպես զեկուցող: Հավակնորդն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր անձնական գործում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ: Խորհրդի անդամները կարող են հարցեր տալ հավակնորդին՝ նրա մասնագիտական փորձառությունը, գիտական հետաքրքրությունները, դատավորի պաշտոնում նրա ակնկալիքները և մոտիվացիան, դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական որակները և արժանիքները գնահատելու համար.

2) դատավորի վարքագծի կանոններին վերաբերող հիպոթետիկ խնդրի վերաբերյալ հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում՝ դատավորի վարքագծի հիմնարար կանոնների, դատավորին ներկայացվող պահանջների և որպես դատավոր գործելու համար կարևոր այլ անձնական հատկանիշները գնահատելու համար.

3) մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի, այդ թվում՝ հիպոթետիկ իրավական նորմ, դատական ակտում արտահայտված դիրքորոշում, տեսության մեջ արտահայտված իրավական կարծիքներ և այլն) հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները և դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակները և արժանիքները գնահատելու համար: Թեկնածուին տրվող հարցերը չպետք է ունենան նրա նեղ մասնագիտական իրավաբանական գիտելիքները ստուգելու նպատակ:

3. Արդարադատության խորհրդում հարցազրույցի ժամանակ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հարցերի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ, որից հետո ելույթին պատրաստվելու համար հավակնորդին տրամադրվում է մինչև քսան րոպե ժամանակ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հարցերի շուրջ հավակնորդի բանավոր ելույթը յուրաքանչյուրի հարցի վերաբերյալ տևում է առավելագույնը 10 րոպե: Հավակնորդի ելույթին հետևում է Արդարադատության խորհրդի անդամների հետ քննարկումը` յուրաքանչյուր հարցի շուրջ ոչ ավելի, քան քսան րոպե տևողությամբ:

5. Արդարադատության խորհրդում յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցի առավելագույն տևողությունը մեկուկես ժամ է:

6. Արդարադատության խորհրդում հարցազրույցի ժամանակ խորհրդի անդամներին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են Արդարադատության խորհրդի որոշմամբ սահմանված գնահատման ենթակա այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են և կարևոր դատավոր դառնալու համար: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ գնահատում է յուրաքանչյուր հավակնորդի՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ:

7. Բոլոր հավակնորդների հարցազրույցների ավարտից հետո Արդարադատության խորհրդի անդամների միջև տեղի է ունենում հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում:

(86.1-ին հոդվածը լրաց. 26.06.2014 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 87.

Դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը

 

1. Արդարադատության խորհրդում հարցազրույցի և արդյունքների վերաբերյալ ամփոփիչ քննարկման ավարտից հետո յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ անցկացվում է բաց քվեարկություն, որի ժամանակ Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ «կողմ» կամ «դեմ» է քվեարկում յուրաքանչյուր հավակնորդի:

2. Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքներով կազմվում է թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ տեղերի թվաքանակին հավասար թվաքանակի առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցուցակ: Ձայների հավասարության դեպքում նախապատվություն է տրվում այն հավակնորդին, որը որակավորման գրավոր քննության արդյունքներով ունի առավել բարձր հանրագումարային միավորներ: Եթե արդյունքում առկա են հավասար միավորներ ունեցող անձինք, ապա բոլոր նշված անձինք ընդգրկվում են ցուցակում:

3. Ցուցակը կազմելու ընթացքում հաշվի է առնվում սեռային հավասարակշռությունը: Եթե որևէ սեռի դատավորների թիվը պակասի դատավորների ընդհանուր թվի քսանհինգ տոկոսից, ապա այդ սեռի թեկնածուներին ցուցակում կերաշխավորվի առնվազն մեկ տեղ:

4. Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո հարցազրույցին մասնակցած յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհուրդը կազմում է զեկույց, որում խորհրդի անդամների կողմից լրացված հարցաթերթերի, ամփոփիչ քննարկման ժամանակ արտահայտված կարծիքների և Արդարադատության խորհրդի անդամների կողմից ներկայացված հատուկ կարծիքների հիման վրա՝ ընտրված հավակնորդների պարագայում մանրամասն ներկայացվում են այն հանգամանքները, որոնք պայմանավորել են հավակնորդի ընտրությունը, իսկ հարցազրույցի արդյունքում չընտրված հավակնորդների մասով՝ ներկայացվում են նրանց ընտրությունը մերժելու պատճառները:

5. Արդարադատության խորհրդում հարցազրույցին մասնակցած անձինք իրավունք ունեն դիմելու և Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ստանալու սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան իրենց վերաբերյալ կազմված զեկույցը:

6. Արդարադատության խորհուրդը դատավորների թեկնածուների ցուցակը Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված փաստաթղթերը Արդարադատության խորհրդի կողմից ստանալու օրվանից քսանհինգօրյա ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան մինչև հունվարի 20-ը:

7. Դատավորների թեկնածուների ցուցակի հետ Հանրապետության Նախագահին են ուղարկվում հարցազրույցին մասնակցած բոլոր հավակնորդների անձնական գործերը և նրանց վերաբերյալ սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան կազմված զեկույցները` Արդարադատության խորհրդի անդամների ներկայացրած հատուկ կարծիքների հետ:

8. Հանրապետության Նախագահը ցուցակը ստանալու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում, հաստատում է Արդարադատության խորհրդի կազմած ցուցակը` իր համար ընդունելի թեկնածուներով:

(87-րդ հոդվածը խմբ. 26.06.2014 ՀՕ-24-Ն, փոփ., լրաց. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 88.

Դատավորների թեկնածուների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում նախկին դատավորների ընդգրկման կարգը

                      (վերնագիրը խմբ. 26.06.2014 ՀՕ-24-Ն)

 

1. Դատավոր աշխատած այն անձինք, որոնց լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են կամ պաշտոնավարումը դադարել է սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ կամ 5-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով սահմանված հիմքով (այսուհետ` նախկին դատավորներ), և որոնք վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարի աշխատել են որպես դատավոր, կարող են ընդգրկվել դատավորների թեկնածուների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում սույն հոդվածով սահմանված կարգով: Այն դատավորները, որոնց լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են կամ պաշտոնավարումը դադարել է սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 5-րդ մասի 3-րդ կետերով նախատեսված հիմքով, կարող են դատավորների թեկնածուների և առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու նպատակով դիմել այն դեպքում, եթե վերացել են լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կամ պաշտոնավարումը դադարելու հիմք ծառայած հանգամանքները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք տարին մեկ անգամ` ոչ ուշ, քան մինչև հուլիսի 1-ը, կարող են դիմում ներկայացնել Արդարադատության խորհրդին` կցելով սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

3. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածությունը, անհրաժեշտության դեպքում թեկնածուին հրավիրում զրույցի:

4. Դատավորների թեկնածուների ցուցակի լրացման նպատակով Արդարադատության խորհուրդը անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն: Քվեաթերթիկում թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունիներում: Քվեարկության մասնակիցը թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ», իսկ դեմ քվեարկելիս` «դեմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Եթե թեկնածուն ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա նա ներկայացվում է Հանրապետության Նախագահին: Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի լրացնում դատավորների թեկնածուների ցուցակը, ապա այդ թեկնածությունը համարվում է մերժված:

5. Արդարադատության խորհրդի կողմից թեկնածությունը չառաջարկվելու կամ Հանրապետության Նախագահի կողմից թեկնածությունը մերժվելու դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք զրկվում են մերժման պահից երեք տարվա ընթացքում սույն հոդվածով սահմանված կարգով դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար կրկին դիմելու հնարավորությունից:

6. Եթե անձը նախկինում դատավոր է աշխատել վերաքննիչ դատարանում կամ Գերագույն դատարանում կամ ընդգրկված է եղել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում կամ աշխատել է որպես դատավոր և բավարարում է սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված պահանջները, ապա իր ցանկության դեպքում թեկնածուների ցուցակում ընդգրկելու հետ մեկտեղ առանձին քվեաթերթիկով նույն կարգով քվեարկության է դրվում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացվում նաև դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում նրա ընդգրկվելու հարցը:

(88-րդ հոդվածը խմբ. 26.06.2014 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 89.

Դատավոր նշանակվելու սահմանափակումները

 

1. Դատավոր չի կարող նշանակվել այն անձը`

1) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

2) որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով.

3) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

4) որն ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

5) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից կամ ունեն տարկետում` օրենքով նախատեսված կարգով ու հիմքով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 90.

Դատավորների թեկնածուների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը

 

1. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝

1) նա նշանակվել է դատավորի պաշտոնում.

2) նա դիմում է այդ մասին.

3) լրացել է նրա 65 տարին.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ.

5) նա առանց հարգելի պատճառի չի անցել տարեկան վերապատրաստման ծրագիրը.

6) նա չի համաձայնվում նշանակվել իրեն առաջարկված դատավորի պաշտոնում.

7) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

8) նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

9) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

10) նա կորցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը.

11) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

12) մասնագիտական պատրաստումն ավարտելուց հետո ավելի քան չորս ամիս անընդմեջ չի զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով և չի դիմել Դատական դեպարտամենտում աշխատանքի անցնելու համար.

13) դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու պահից երկու տարվա ընթացքում չի անցել մասնագիտական պատրաստումը.

14) մասնագիտական պատրաստման ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից.

15) մասնագիտական պատրաստման ընթացքում ժամանակավոր անաշխատունակության հետևանքով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից, բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի.

16) մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքում ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար սահմանված նվազագույն միավորից, կամ նա չի անցել օրենքով նախատեսված փորձաշրջանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-13-րդ կետերով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո` եռօրյա ժամկետում, Գերագույն դատարանի նախագահը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 14-16-րդ կետերով նախատեսված դեպքերում` համապատասխան ուսումնական հաստատության լիազոր մարմինը դատավորների թեկնածուների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ դիմում են Արդարադատության խորհուրդ:

3. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է Գերագույն դատարանի նախագահի կամ համապատասխան ուսումնական հաստատության լիազոր մարմնի միջնորդությունը: Եթե բաց քվեարկության արդյունքներով Արդարադատության խորհուրդը համարում է, որ միջնորդությունը համապատասխանում է սույն հոդվածի պահանջներին, ապա դիմում է Հանրապետության Նախագահին՝ անձին ցուցակից հանելու առաջարկությամբ:

4. Եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում համապատասխան անձին հանում է դատավորների թեկնածուների ցուցակից:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով անձին դատավորների թեկնածուների ցուցակից հանելու միջնորդությունը ներկայացվում է սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգին համապատասխան:

(90-րդ հոդվածը խմբ. 26.06.2014 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 91.

Դատավորի պաշտոնում թափուր տեղ առաջանալու հիմքերը

 

Դատավորի պաշտոնում թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝

1) ստեղծվում է նոր դատարան.

2) դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները.

3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:

 

Հոդված 92.

Առաջին ատյանի դատարանի դատավորի և դատարանի նախագահի թափուր տեղի համար թեկնածություն առաջարկելու և նշանակելու կարգը

 

1. Առաջին ատյանի դատարանի դատավորի և դատարանի նախագահի թեկնածությունները Արդարադատության խորհրդին ներկայացնում է Գերագույն դատարանի նախագահը` գործող (պաշտոնավարող) դատավորների թվից, դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված նախկին դատավորներից և այն անձանց թվից, ովքեր անցել են մասնագիտական պատրաստում: 

Առաջին ատյանի դատարանի դատավորի և դատարանի նախագահի թեկնածություն առաջարկելիս առաջնությունը տրվում է գործող (պաշտոնավարող) այն դատավորին, ով մինչ այդ գրավոր դիմել է Գերագույն դատարանի նախագահին` խնդրելով իրեն տեղափոխել առաջին ատյանի դատարանի դատավորի կամ դատարանի նախագահի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագին:

2. Մեկ թափուր տեղի համար Գերագույն դատարանի նախագահը ներկայացնում է մեկ թեկնածություն` բնութագրելով թեկնածուի մասնագիտական, գործնական և բարոյական հատկանիշները:

3. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածուի անձնական գործը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրան զրույցի:

Արդարադատության խորհուրդը ներկայացրած թեկնածության վերաբերյալ անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն: Թեկնածուն համարվում է քվեարկությունն անցած, եթե ստացել է Արդարադատության խորհրդի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին: Սահմանված քանակի ձայներ չստանալու դեպքում սույն հոդվածով սահմանված կարգով Գերագույն դատարանի նախագահը ներկայացնում է նոր թեկնածություն:

4. Թեկնածությունը Արդարադատության խորհրդի դրական եզրակացության դեպքում ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին: Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի նշանակում դատավորին, ապա այդ թեկնածությունը համարվում է մերժված, իսկ թափուր տեղի համար Գերագույն դատարանի նախագահը ներկայացնում է նոր թեկնածություն:

5. Եթե դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող առաջին ատյանի դատարանի դատավորի թեկնածությունը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում համարվել է մերժված, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում համապատասխան անձին հանում է դատավորների թեկնածուների ցուցակից:

(92-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.06.2014 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 93.

Դատավորի երդումը

 

1. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորի պաշտոնում նշանակված անձը նշանակման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում իր պաշտոնն ստանձնում է Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության Նախագահի ներկայությամբ, իսկ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում նշանակված անձը` Ազգային ժողովի նիստում տրված հետևյալ երդմամբ.

«Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ դատավորի պարտականություններս կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ և սկզբունքային, արդարացի և մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով Սահմանադրության և օրենքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:»:

2. Երդումը տրվում է հանդիսավոր պայմաններում, անհատական կարգով՝ յուրաքանչյուր դատավորի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով, որից հետո դատավորը ստորագրում է ընթերցված տեքստը:

 

Հոդված 94.

 

Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման, դատարանի նախագահի, վերաքննիչ դատարանի դատավորի նշանակման հետ կապված` քվեաթերթիկներով քվեարկության ժամանակ հաշվի առնվող հատկանիշները

                     

Արդարադատության խորհրդի անդամը, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման, դատարանի նախագահի, վերաքննիչ դատարանի դատավորի նշանակման հետ կապված, քվեաթերթիկներով քվեարկելիս հաշվի է առնում հետևյալ հատկանիշները.

1) դատավորի մասնագիտական գիտելիքները` հաշվի առնելով դատավորի մասնագիտական գործունեությունը, դատավորի մասնագիտական և հետբուհական կրթությունը.

2) դատավորի մասնագիտական հեղինակությունը.

3) աշխատանքային ունակությունները.

4) դատավորի կայացրած ակտերի որակը.

5) դատավորի կողմից դատարանի և դատավորի հեղինակության պաշտպանությունը և դատավորի վարքագծի կանոնների պահպանումը.

6) գրավոր և բանավոր հաղորդակցության ունակությունները` ելնելով դատական նիստերի արձանագրություններից, կայացրած դատական ակտերից.

7) դատավորի մասնակցությունը նախատեսված կրթական և մասնագիտական վերապատրաստման ծրագրերին.

8) դատավորի մասնակցությունը դատական իշխանության ինքնակառավարմանը.

9) դատավորի մասնակցությունը իրավունքի և օրենսդրության զարգացման ծրագրերին.

10) դատավորի պարտականությունները կատարելիս իր գործընկերների նկատմամբ դրսևորված վերաբերմունքը.

11) դատավորի կազմակերպչական ունակությունները, կառավարչական բնույթի աշխատանք իրականացնելու դեպքում այդ աշխատանքում դատավորի ցուցաբերած որակները:

(94-րդ հոդվածը 20.04.2015 ՀՕ-16-Ն օրենքի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2019թ.)

 

Հոդված 95.

Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակը

 

1. Արդարադատության խորհուրդը կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակը: Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում լրացումներ և փոփոխություններ կատարվում են նույն կարգով:

2. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող են ընդգրկվել այն անձինք, ովքեր աշխատում են դատավորի պաշտոնում, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ անձինք:

 

Հոդված 96.

Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմումը և հաստատումը

 

1. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող են ընդգրկվել`

1) առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարի աշխատած անձը, ով չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.

2) (կետն ուժը կորցրել է 26.06.2014 ՀՕ-24-Ն)

3) վերջին ութ տարվա ընթացքում առնվազն հինգ տարի դատավոր աշխատած նախկին դատավորը.

4) վերջին ութ տարվա ընթացքում առնվազն երեք տարի դատարանի նախագահ, վերաքննիչ դատարանի դատավոր, Գերագույն դատարանի դատավոր աշխատած նախկին դատավորը:

2. Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակը սպառվել է, կամ եթե ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ ցուցակում առկա է ոչ ավելի, քան հինգ դատավոր, ապա Գերագույն դատարանի նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքի և առնվազն 500 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակում է դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման մասին հայտարարություն: Հայտարարության մեջ նշվում են թեկնածուների կողմից դիմումների և փաստաթղթերի ներկայացման ժամկետները և վայրը:

3. Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար կարող են Արդարադատության խորհրդին ներկայացնել դիմում` դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու ցանկությամբ:

4. Դիմումներ ընդունելու սահմանված ժամկետի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնորդների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի:

5. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման նպատակով Արդարադատության խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 94-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն: Քվեաթերթիկներում ընդգրկվում են հայտ ներկայացրած բոլոր թեկնածուները: Յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյան մեջ:

6. Եթե դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար դիմել է ցուցակը լրացնելու համար անհրաժեշտ թվաքանակից ավելի շատ թեկնածու, ապա քվեարկելիս Արդարադատության խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է 6 թվի և առաջխաղացման ցուցակում քվեարկության օրվա դրությամբ առկա անձանց թվի տարբերությանը: Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Եթե քվեարկության մասնակիցը ավելի ձայն է տվել, քան սահմանված է սույն մասով, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր: Քվեարկության արդյունքներով առաջխաղացման ցուցակում ընդգրկելու համար Հանրապետության Նախագահին են առաջարկվում առավել «կողմ» ձայներ ստացած այնքան դատավորներ, որքան ձայն ուներ քվեարկության մասնակիցը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած դատավորներին: Լրացուցիչ քվեարկության ժամանակ Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

7. Եթե դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար դիմել է անհրաժեշտ թվաքանակից ավելի քիչ կամ դրան հավասար թեկնածու, ապա քվեարկելիս Արդարադատության խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է թեկնածուների թվին: Քվեարկության արդյունքներով անցած են համարվում այն թեկնածուները, որոնց օգտին է քվեարկել քվեարկությանը մասնակցած Արդարադատության խորհրդի անդամների կեսից ավելին:

8. Հանրապետության Նախագահը Արդարադատության խորհրդի ներկայացրած ցուցակից թողնում է իր համար ընդունելի թեկնածությունները և ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում հրամանագրով լրացնում է դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակը: Նշված ժամկետում ցուցակը չլրացնելու դեպքում այն համարվում է մերժված:

 (96-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.06.2014 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 97.

Դատավորների ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակից դուրս թողնելու հիմքերը

 

1. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձը դուրս է թողնվում ցուցակից՝

1) եթե նա առաջխաղացման կարգով նշանակվել է դատավորի պաշտոնում.

2) եթե նա դիմում է այդ մասին.

3) եթե դադարեցվել են նրա` որպես դատավորի լիազորությունները.

4) եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ծառայողական առաջխաղացման ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ.

5) եթե նա վերջին հինգ տարում ընդգրկված է եղել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում.

6) եթե Արդարադատության խորհուրդը նրա նկատմամբ որպես կարգապահական պատասխանատվության միջոց կիրառել է նկատողություն կամ խիստ նկատողություն.

7) եթե նա հանվել է դատավորների թեկնածուների ցուցակից:

2. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակից անձը դուրս է թողնվում այն ժամանակ, երբ ի հայտ են գալիս սույն հոդվածով սահմանված հիմքերը: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերում Արդարադատության խորհրդին այդ մասին առաջարկով դիմում է Գերագույն դատարանի նախագահը:

3. Անձին ցուցակից դուրս թողնելը արգելք չէ ցուցակում ընդգրկվելու նպատակով կրկին դիմելու համար:

 

Հոդված 98.

Վերաքննիչ դատարանի դատավորի և դատարանի նախագահի թափուր տեղի համար թեկնածություն առաջարկելու և նշանակելու կարգը

 

1. Վերաքննիչ դատարանի դատավորի և դատարանի նախագահի թեկնածությունները Արդարադատության խորհրդին ներկայացնում է Գերագույն դատարանի նախագահը` վերաքննիչ և Գերագույն դատարանների գործող (պաշտոնավարող) դատավորների թվից և դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակից:

Վերաքննիչ դատարանի դատավորի և դատարանի նախագահի թեկնածություն առաջարկելիս առաջնությունը տրվում է Գերագույն և վերաքննիչ դատարանների, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման ցուցակում ընգրկված գործող (պաշտոնավարող) այն դատավորին, ով մինչ այդ գրավոր դիմել է Գերագույն դատարանի նախագահին` խնդրելով իրեն տեղափոխել վերաքննիչ դատարանի դատավորի կամ դատարանի նախագահի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագին:

2. Մեկ թափուր տեղի համար Գերագույն դատարանի նախագահը ներկայացնում է մեկ թեկնածություն` բնութագրելով թեկնածուի մասնագիտական, գործնական և բարոյական հատկանիշները:

3. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածուի անձնական գործը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրան զրույցի:

Արդարադատության խորհուրդը ներկայացրած թեկնածության վերաբերյալ անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն: Թեկնածուն համարվում է քվեարկությունն անցած, եթե ստացել է Արդարադատության խորհրդի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին: Սահմանված քանակի ձայներ չստանալու դեպքում սույն հոդվածով սահմանված կարգով Գերագույն դատարանի նախագահը ներկայացնում է նոր թեկնածություն:

4. Թեկնածությունը խորհրդի դրական եզրակացության դեպքում ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին:

Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի նշանակում դատավորին, ապա այդ թեկնածությունը համարվում է մերժված, իսկ թափուր տեղի համար Գերագույն դատարանի նախագահը ներկայացնում է նոր թեկնածություն:

4.1. Եթե դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում գտնվող վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածությունը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում համարվել է մերժված, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում համապատասխան անձին հանում է դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակից:

5. Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակում այլ անձինք չկան, ապա Գերագույն դատարանի նախագահը սույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված կարգով հրապարակում է դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման մասին հայտարարություն:

(98-րդ հոդվածը լրաց. 26.06.2014 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 99.

Գերագույն դատարանի դատավորների և դատարանի նախագահի նշանակման կարգը

                     (վերնագիրը փոփ. 27.05.2009 ՀՕ-19-Ն) 

 

Գերագույն դատարանի դատավորներին և դատարանի նախագահին նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը` Հանրապետության Նախագահի առաջարկությամբ:

(99-րդ հոդվածը փոփ. 27.05.2009 ՀՕ-19-Ն) 

 

Հոդված 100.

Գերագույն դատարանի դատավորին ներկայացվող պահանջները

 

1. Գերագույն դատարանի դատավոր կարող է լինել 35 տարին լրացած, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող, այլ պետության քաղաքացիություն չունեցող, բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող, հայերենին տիրապետող, սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող այն քաղաքացին, որը իրավունքի ասպարեզում ունի առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարի աշխատում է վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում և չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով, կամ վերջին 12 տարվա ընթացքում առնվազն ութ տարի աշխատել է որպես դատավոր:

2. Գերագույն դատարանի դատավոր նշանակելիս հաշվի են առնվում նաև Գերագույն դատարանի դատավորի թեկնածուի բարոյական հատկանիշները:

(100-րդ հոդվածը փոփ. 26.06.2014 ՀՕ-24-Ն)

 

ԳԼՈՒԽ 12.1

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ: ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

(գլուխը լրաց. 26.06.2014 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 100.1.

Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը

 

1. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, բացառությամբ նախկին դատավորների, մասնագիտական պատրաստումն իրականացվում է Դատարանների նախագահների խորհրդի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

2. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն անց է կացնում Դատարանների նախագահների խորհրդի կողմից ընտրված հաստատությունը:

3. Մասնագիտական պատրաստումն ավարտելուց հետո դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք պարտավոր են դիմել Դատական դեպարտամենտ իրավաբանի որակավորում պահանջող աշխատանքի անցնելու համար, եթե նրանք ավելի քան չորս ամիս անընդմեջ չեն զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով:

(100.1-ին հոդվածը լրաց. 26.06.2014 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 100.2.

Դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց վերապատրաստումը

 

1. Դատավորները և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված ու մասնագիտական պատրաստում անցած անձինք պարտավոր են անցնել Դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով և ժամաքանակով վերապատրաստման դասընթացներ:

2. Դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց վերապատրաստումը անց է կացնում Դատարանների նախագահների խորհրդի կողմից ընտրված հաստատությունը:

3. Վերապատրաստման ընթացքում դատավորները և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք ազատվում են իրենց պաշտոնեական պարտականությունների կատարումից` վարձատրության իրավունքի պահպանմամբ:

(100.2-րդ հոդվածը լրաց. 26.06.2014 ՀՕ-24-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հոդված 101.

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը

 

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Արդարադատության խորհուրդը:

2. Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են՝

1) արդարադատություն իրականացնելիս նյութական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ.

2) արդարադատություն իրականացնելիս դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ.

3) դատավորի կողմից վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը.

4) դատավորի կողմից սույն օրենսգրքի 12-րդ հոդվածով, 75-րդ հոդվածի 2-րդ մասով, 104-րդ հոդվածի 3-րդ մասով, 107-րդ հոդվածի 3-րդ մասով, 115-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունները չկատարելը.

5) սույն օրենսգրքով սահմանված կարգով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու կամ օրենքով չնախատեսված այլ ներգործության մասին չհայտնելը:

3. Դատական ակտը բեկանելը կամ փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ ակտը կայացրած դատավորի պատասխանատվություն:

4. Դատավորին քրեական, վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը և հակառակը:

(101-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 101.1.

Կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու ժամկետները

 

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել`

1) սույն օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով՝ տվյալ գործով կամ հարցով համապատասխան դատական ակտը կայացնելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում.

2) սույն օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց վեց ամիս հետո.

3) սույն օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո.

4) սույն օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո:

(101.1-ին հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 101.2.

Նյութական և դատավարական նորմն ակնհայտ և կոպիտ խախտելը չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ

 

1. Սույն գլխի իմաստով ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

2. Կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որը հեղինակազրկում է արդարադատությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ:

3. Կոպիտ է նաև պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է արդարադատությունը կամ դատավորի բարձր կոչումը:

4. Սույն գլխի իմաստով նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը կատարված է չարամտությամբ, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

5. Սույն գլխի իմաստով նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը կատարված է կոպիտ անփութությամբ, եթե դատավորը չի կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

6. Արդարադատություն իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:

(101.2-րդ հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 102.

 

Դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելու մասին հաղորդումը Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում քննարկելը

                     (վերնագիրը խմբ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում ստանալով կամ նման փաստի հանդիպելով` իր իրավասության շրջանակում որևէ այլ հարց քննելիս կազմակերպում է քննարկում՝ մասնակից դարձնելով դատավորին: Եթե քննարկման արդյունքում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը գտնում է, որ այդ խախտումները կոպիտ չեն և չեն կրում պարբերական բնույթ, ապա նա կարող է սահմանափակվել հարցի քննարկմամբ: Հակառակ դեպքում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը հարուցում է կարգապահական վարույթ սույն օրենսգրքի 103-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, ստանալով սույն օրենսգրքի 65-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված տեղեկատվությունը, եթե գտնում է, որ տեղեկությունները ամբողջական չեն կամ կասկածելի են, ապա կարող է սեփական նախաձեռնությամբ կազմակերպել հարցի քննարկում՝ մասնակից դարձնելով դատավորին: Քննարկման հետևանքները որոշվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:

(102-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 103.

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը

 

1. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորի և դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն`

1) արդարադատության նախարարը.

2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:

2. Գերագույն դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն՝

1) Գերագույն դատարանի նախագահը` էթիկայի և կարգապահական կանոնների խախտման հիմքերով.

2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ միայն էթիկայի կանոնների խախտման հիմքով:

3. Գերագույն դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունի Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:

4. Եթե Արդարադատության նախարարը կամ Գերագույն դատարանի նախագահը հարուցել է կարգապահական վարույթ, ապա այդ մասին, նշելով ենթադրյալ խախտումը, տեղեկացնում է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի դատավորի կամ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, նշելով ենթադրյալ խախտումը, այդ մասին տեղեկացնում է արդարադատության նախարարին, իսկ էթիկայի կանոնների խախտման հիմքով՝ Գերագույն դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում` Գերագույն դատարանի նախագահին: Նույն խախտման կապակցությամբ անձի նկատմամբ միաժամանակ երկու վարույթ չի հարուցվում:

5. Կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝

1) (կետն ուժը կորցրել է 20.04.2015 ՀՕ-16-Ն)

2) անձի դիմումը.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձի հաղորդումը.

4) (կետն ուժը կորցրել է 20.04.2015 ՀՕ-16-Ն)

5) դատական պրակտիկայի ամփոփման կամ ուսումնասիրման արդյունքներով կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի հայտնաբերումը.

6) վարույթ հարուցող անձանց կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դիմումը, հաղորդումը կամ միջնորդությունը, որը չի պարունակում դատավորի կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի կատարման մասին առերևույթ հիմքեր, առանց քննության վերադարձվում է դրանք ներկայացնող անձին:

7. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դիմումի, հաղորդման կամ միջնորդության հիման վրա վարույթ չհարուցելու դեպքում վարույթ հարուցողը պարտավոր չէ իր պատասխանում հիմնավորել վարույթ չհարուցելու պատճառները:

(103-րդ հոդվածը փոփ. 27.05.2009 ՀՕ-19-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.04.2015 ՀՕ-16-Ն) 

 

Հոդված 104.

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքը

 

1. Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող 6 շաբաթից ավելի լինել, բացառությամբ դատավորի բացակայության դեպքերի: Կարգապահական վարույթի տևողությունը կարող է երկարաձգվել դատավորի բացակայության ժամանակահատվածով:

2. Կարգապահական վարույթի շրջանակներում վարույթ հարուցող անձն իրավունք ունի՝

1) դատարանից պահանջելու և ուսումնասիրելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութեր.

2) դատարանում ծանոթանալու քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութերի, որոնց վերաբերյալ դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ.

3) դատավորից պահանջելու գրավոր բացատրություններ.

4) կանչելու և լսելու վկաների.

5) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու նյութեր.

6) դիմելու կարգապահական վարույթ հարուցելու առիթ հանդիսացած դիմում ներկայացրած անձին` լրացուցիչ պարզաբանումներ տալու առաջարկությամբ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք պարտավոր են տալ պարզաբանումներ:

3. Դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, պարտավոր է վարույթ հարուցած անձին ներկայացնել գրավոր բացատրություններ:

4. Կատարված ուսումնասիրությունների արդյունքում վարույթ հարուցող անձը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) կարգապահական վարույթը կարճելու մասին.

2) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Արդարադատության խորհրդին դիմելու մասին:

5. Եթե արդարադատության նախարարը կամ Գերագույն դատարանի նախագահը կարճել են կարգապահական վարույթը, ապա այդ մասին տեղեկացնում են Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի դատավորի կամ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթը կարճելու դեպքում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը այդ մասին տեղեկացնում է արդարադատության նախարարին, իսկ Գերագույն դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը կարճելու դեպքում` Գերագույն դատարանի նախագահին: Վարույթ հարուցողը իր կողմից կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում կայացնելուց հետո չի կարող նույն հիմքով կրկին վարույթ հարուցել:

6. Եթե վարույթ հարուցող անձը որոշում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ դիմել Արդարադատության խորհրդին, ապա նա պետք է կազմի կարգապահական խախտման մասին եզրակացություն, որը պետք է նկարագրի դատավորի կողմից կատարված կարգապահական խախտում հանդիսացող յուրաքանչյուր արարք, ներկայացնի այդ արարքի կատարված լինելը հիմնավորող ապացույցներ, արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները, այդ թվում` կատարված արարքում դատավորի մեղքի առկայությունը և դրա տեսակը:

7. Մինչև կարգապահական վարույթի նյութերն Արդարադատության խորհուրդ ուղարկելը դրանց հետ իրավունք ունի ծանոթանալու այն դատավորը, որի նկատմամբ վարույթ է հարուցվել: Դատավորին նյութերը հանձնվում են ոչ ուշ, քան սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վերջնաժամկետից երկու շաբաթ առաջ: Նյութերը ստանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում դատավորն իրավունք ունի ներկայացնելու լրացուցիչ բացատրություններ կամ միջնորդություն հարուցելու լրացուցիչ ստուգումներ կատարելու մասին: Վարույթ հարուցած անձը դատավորի լրացուցիչ բացատրությունների կամ լրացուցիչ ստուգումների հիման վրա իրավունք ունի փոխելու իր եզրակացությունը, եթե դա չի վատթարացնում դատավորի վիճակը:

8. Վարույթ հարուցած անձը կարգապահական վարույթի նյութերն ուղարկում է Արդարադատության խորհրդին և այն դատավորին, որի նկատմամբ վարույթ է հարուցվել` հանձնման մասին ծանուցմամբ: Կարգապահական վարույթի նյութերն Արդարադատության խորհրդին ուղարկելու պահից վարույթ հարուցած անձը չի կարող հետ կանչել վարույթի նյութերը, և դրանք ենթակա են Արդարադատության խորհրդում ըստ էության քննության:

9. Կարգապահական վարույթի նյութերը ստանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում դատավորն իրավունք ունի Արդարադատության խորհրդին ուղարկելու պատասխան: Դատավորի կողմից պատասխան չուղարկելը չի խոչընդոտում Արդարադատության խորհրդում նրա նկատմամբ կարգապահական գործի քննությանը: Դատավորի միջնորդությամբ խորհուրդը կարող է երկարաձգել դատավորին տրամադրված ժամկետը:

10. Վարույթ հարուցող անձը, վարույթին մասնակցած վկաները և այլ անձինք պարտավոր են պահպանել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Կարգապահական վարույթի շրջանակներում առաքվող բոլոր փաստաթղթերը պետք է առաքվեն փակ ծրարներով` «գաղտնի» դրոշմագրով:

(104-րդ հոդվածը փոփ. 27.05.2009 ՀՕ-19-Ն, փոփ. 20.04.2015 ՀՕ-16-Ն) 

 

Հոդված 105.

Դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով.

3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին մեկ տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով.

4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:

2. Նախազգուշացումը դատավորին տրվող պաշտոնական նախատինք է, որը կիրառվում է Արդարադատության խորհրդի կողմից նվազ ծանրության ճանաչված կարգապահական խախտման համար, եթե դատավորը չունի տույժ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի տեսակը ենթակա է կիրառման այն դեպքում, եթե դատավորի կողմից թույլ տրված կարգապահական կոպիտ կամ պարբերական խախտման հետևանքով նա այլևս անհամատեղելի է դատավորի պաշտոնի համար: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի տեսակը Գերագույն դատարանի դատավորի նկատմամբ կարող է կիրառվել միայն Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա:

4. Դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Արդարադատության խորհուրդը հաշվի է առնում նաև խախտման հետևանքները, դատավորի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը, դատավորին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

5. Եթե նկատողություն կամ խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, իսկ նախազգուշացում ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:

6. Եթե դատավորը հաջորդաբար ենթարկվել է կարգապահական տույժերի, որոնք առաջացնում են աշխատավարձի իջեցում, ապա աշխատավարձի ընդհանուր իջեցումը յուրաքանչյուր ամիս չի կարող գերազանցել աշխատավարձի 50 տոկոսը:

 

Հոդված 106.

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկի քննությունը

 

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս Արդարադատության խորհուրդը գործում է որպես դատարան: Որպես դատարան գործելիս Արդարադատության խորհրդում գործերի քննության կարգի նկատմամբ կիրառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Արդարադատության խորհրդում գործի քննության նկատմամբ և չեն հակասում սույն օրենսգրքի նորմերին:

2. Արդարադատության խորհրդի անդամը չի կարող ինքնաբացարկ հայտնել:

3. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության ապացուցման պարտականությունը կրում է վարույթը հարուցած անձը: Արդարադատության խորհրդի նիստում դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

4. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը Արդարադատության խորհուրդը քննում է ողջամիտ ժամկետում:

5. Արդարադատության խորհրդի կողմից ուսումնասիրված փաստաթղթերը կցվում են քննված նյութերին` բնօրինակով կամ պատշաճ կերպով հաստատված պատճենով:

 

Հոդված 107.

Արդարադատության խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքը

 

1. Արդարադատության խորհրդում հարցի քննությունը սկսվում է հարցի էության և կարգապահական խախտման մասին եզրակացության վերաբերյալ վարույթ հարուցած անձի զեկուցմամբ: Եթե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է արդարադատության նախարարը, ապա վերջինս պարտավոր է ներկա գտնվել Արդարադատության խորհրդի նիստին և իրավունք ունի հանդես գալու անձամբ կամ նախարարության պետական ծառայողի միջոցով: Եթե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է Գերագույն դատարանի նախագահը, ապա հարցը զեկուցում է անձամբ: Եթե կարգապահական վարույթը հարուցվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից, ապա Արդարադատության խորհրդի նիստին կարգապահական խախտման մասին եզրակացության վերաբերյալ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի հանձնարարությամբ զեկուցում է դրա անդամներից մեկը:

2. Այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը Արդարադատության խորհրդին ուղարկելուց հետո կարգապահական վարույթ հարուցած անձին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք մեղմացնում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած անձը պարտավոր է դրա մասին հայտնել Արդարադատության խորհրդին:

3. Արդարադատության խորհրդում վարույթ հարուցած անձի զեկուցումից հետո խորհուրդը լսում է այն դատավորի բացատրությունները, որի նկատմամբ վարույթ է հարուցվել: Դատավորը Արդարադատության խորհրդում բացատրություն է տալիս կարգապահական խախտման մասին եզրակացության մեջ արտացոլված յուրաքանչյուր խախտման վերաբերյալ: Նա կարող է ժխտել իր կողմից կարգապահական խախտում համարվող արարքի կատարման փաստը, վիճարկել արարքի որակումը` որպես կարգապահական խախտում, կամ վերոհիշյալ երկուսը` միաժամանակ: Եթե դատավորը չի վիճարկում կարգապահական խախտման փաստի առկայությունը և համաձայնվում է տվյալ արարքի որակմանը՝ որպես կարգապահական խախտում, ապա Արդարադատության խորհուրդն անմիջապես անցնում է դատավորի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հարցի քննարկմանը:

4. Եթե դատավորը վիճարկում է իր կողմից կարգապահական խախտում կատարելու փաստը, ապա նրա բացատրությունները լսելուց հետո Արդարադատության խորհուրդն անցնում է վարույթի նյութերի և ապացույցների հետազոտմանը:

5. Արդարադատության խորհուրդն իրավունք ունի նաև իր նախաձեռնությամբ նիստին հրավիրելու ու հարցաքննելու վկաների: Վկաների չներկայանալու դեպքում Արդարադատության խորհուրդն իրավունք ունի վկային բերման ենթարկելու մասին որոշում կայացնելու:

6. Արդարադատության խորհուրդը գործով հրավիրված վկաներին նախազգուշացնում է վկայություն տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ վկայություն տալու, իսկ փորձագետին` եզրակացություն տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին:

7. Գործի նյութերի ուսումնասիրությունից հետո Արդարադատության խորհուրդը լսում է նիստին մասնակցող անձանց եզրափակիչ ելույթները, որից հետո անցնում է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու համար:

8. Խորհրդակցական սենյակում նախ քվեարկության է դրվում արարքի կատարման մեջ դատավորի մեղավորության հարցը, ապա` կարգապահական տույժի տեսակի վերաբերյալ հարցը:

(107-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 108.

Դատավորի իրավունքները և պարտականությունները Արդարադատության խորհրդում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս

 

1. Դատավորն իրավունք ունի`

1) ծանոթանալու Արդարադատության խորհրդում հարցի քննության համար հիմք հանդիսացող նյութերին, քաղվածքներ անելու, ստանալու դրանց պատճենները.

2) հարցեր տալու ելույթ ունեցողին, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ անելու.

3) ապացույցներ ներկայացնելու և մասնակցելու դրանց հետազոտմանը.

4) մասնակցելու նիստին՝ հանդես գալով անձամբ կամ փաստաբանի միջոցով:

2. Դատավորի փաստաբանը բոլոր դեպքերում իրավունք ունի մասնակցելու Արդարադատության խորհրդում տվյալ դատավորի վերաբերյալ հարցի քննարկմանը և օգտվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներից:

3. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում Արդարադատության խորհրդին բացատրություններ տալը նրա պարտականությունն է:

4. Արդարադատության խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս դատավորն օգտվում է Սահմանադրության 45-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներից:

5. Արդարադատության խորհրդի կանչին դատավորի անհարգելի չներկայանալու դեպքում Արդարադատության խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցն իրավունք ունի քննելու դատավորի բացակայությամբ:

 

Հոդված 109.

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումը

 

1. Մեկ կարգապահական վարույթի քննության շրջանակներում, անգամ եթե նույն դատավորը կատարել է մի քանի կարգապահական խախտում, Արդարադատության խորհուրդը կայացնում է մեկ որոշում:

2. Որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում: Արդարադատության խորհրդում քննված հարցով որոշումը կայացնելու համար խորհրդակցական սենյակում գտնվելու իրավունք ունեն միայն Արդարադատության խորհրդի անդամները: (նախադասությունը հանվել է 20.04.2015 ՀՕ-16-Ն) Որոշումն ընդունվում է Արդարադատության խորհրդի անդամների բաց քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ավելի բարենպաստ է դատավորի համար:

3. Արդարադատության խորհրդի խորհրդակցական սենյակում քննարկված հարցերը, խորհրդի անդամների կողմից արտահայտված դիրքորոշումը և քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո, բացառությամբ խորհրդի անդամի կողմից արտահայտված դիրքորոշման շրջանակներում սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` խորհրդի անդամի կողմից ներկայացված հատուկ կարծիքի դեպքի:

4. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.

1) դատավորին սույն օրենսգրքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին.

2) գործը կարճելու մասին:

(109-րդ հոդվածը լրաց. 26.06.2014 ՀՕ-24-Ն, փոփ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 110.

Արդարադատության խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու հիմքերը

 

1. Արդարադատության խորհուրդը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը այն դեպքում, երբ՝

1) հիմնավորված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը.

2) վարույթը հարուցած անձը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, եթե դատավորը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով.

3) դադարեցվել են նրա լիազորությունները, կամ նա ազատվել է իր պաշտոնից:

2. Եթե Արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ՝ որոշմամբ ամրագրելով կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը և կարճելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը: Սույն մասը նույն դատավորի նկատմամբ կարող է կիրառվել միայն մեկ անգամ:

(110-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 111.

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի որոշմանը ներկայացվող պահանջները և որոշման հրապարակումը

 

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Արդարադատության խորհրդի որոշումը պետք է պարունակի`

1) Արդարադատության խորհրդի անվանումը և կազմը.

2) Արդարադատության խորհրդում հարցի քննության վայրը և ժամանակը.

3) այն դատավորի անունը, ազգանունը և պաշտոնը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ.

4) վարույթը հարուցած անձի անունը, ազգանունը և պաշտոնը.

5) գործի հանգամանքները.

6) վարույթը հարուցած անձի կամ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում նրա ներկայացուցչի դիրքորոշումը.

7) այն դատավորի բացատրությունները, որի նկատմամբ վարույթ է հարուցվել.

8) այն անձանց բացատրությունները, որոնք հրավիրվել են Արդարադատության խորհրդի նիստին.

9) դատավորի անձը բնութագրող հանգամանքները.

10) Արդարադատության խորհրդի պատճառաբանված եզրակացությունը` առկա ապացույցների վկայակոչմամբ.

11) սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշումը:

2. Գործի քննությունը ավարտված հայտարարելուց հետո Արդարադատության խորհուրդն անցնում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար: Սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշումը հրապարակվում է գործի քննության ավարտման օրը: Սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման հետ մեկտեղ Արդարադատության խորհուրդը հայտարարում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման հրապարակման վայրը և ժամանակը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը հրապարակվում է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման օրվանից հետո` 15 օրվա ընթացքում:

2.1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացնելիս Արդարադատության խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը Արդարադատության խորհրդի որոշման հետ հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

3. Որոշումը հրապարակվելուց հետո` հնգօրյա ժամկետում, այն ուղարկվում է վարույթ հարուցած անձին, դատավորին և Դատական դեպարտամենտ, իսկ դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելու մասին որոշումը՝ նաև Հանրապետության Նախագահին:

4. Արդարադատության խորհրդի որոշումները հրապարակվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:

(111-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.06.2014 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 112.

Արդարադատության խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների վերանայումը նոր երևան եկած հանգամանքներով

 

1. Արդարադատության խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին իր որոշումը նոր երևան եկած հանգամանքներով:

2. Արդարադատության խորհրդի որոշումը վերանայելու միջնորդությունը կարող է ներկայացվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած անձի կամ այն դատավորի կողմից, որի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել:

3. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի որոշումը վերանայելու համար հիմք հանդիսացող հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է միջնորդությունը ներկայացրած անձը:

4. Եթե Արդարադատության խորհուրդը գտնում է, որ բացակայում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու հիմքերը, ապա որոշում է ընդունում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ:

5. Արդարադատության խորհրդի որոշումը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում Արդարադատության խորհուրդը ուժը կորցրած է ճանաչում իր որոշումը և կայացնում է նոր որոշում:

6. Եթե Արդարադատության խորհուրդը որպես կարգապահական տույժ կիրառել է դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը, և Հանրապետության Նախագահը այդ միջնորդության հիման վրա դադարեցրել է դատավորի լիազորությունները, ապա Արդարադատության խորհրդի որոշումը նոր երևան եկած հանգամանքներով ուժը կորցրած ճանաչելու դեպքում խորհուրդը որոշում է կայացնում կարգապահական տույժի ենթարկված դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելու վերաբերյալ:

 

Հոդված 113.

Դատարանի նախագահի կարգապահական պատասխանատվությունը

                      (վերնագիրը փոփ. 27.05.2009 ՀՕ-19-Ն) 

 

1. Դատարանի նախագահի կողմից նախագահի իր պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելը նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է: Կարգապահական վարույթի և գործի քննության նկատմամբ կիրառելի են սույն գլխի դրույթներն այնքանով, որքանով չեն հակասում սույն հոդվածի դրույթներին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով կարգապահական վարույթը կարող է հարուցվել խախտումը հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումից մեկ տարի հետո:

3. Եթե վարույթը հարուցելու համար հիմք են հանդիսացել միայն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները, ապա Արդարադատության խորհուրդը կարող է դատարանի նախագահի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել՝

1) նախազգուշացում.

2) նկատողություն, որը զուգորդվում է` դատարանի նախագահի հավելավճարից վեց ամիս ժամկետով զրկելով.

3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է` դատարանի նախագահի հավելավճարից տասներկու ամիս ժամկետով զրկելով.

4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:

4. Եթե Արդարադատության խորհուրդը կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է, որ դատարանի նախագահը խախտել է իր պարտականությունները թե´ որպես դատավոր, թե´ որպես նախագահ, ապա կիրառում է հետևյալ կարգապահական տույժերից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն, որը զուգորդվում է` վեց ամիս ժամկետով դատավորի աշխատավարձի 25 տոկոսից և դատարանի նախագահի հավելավճարից զրկելով.

3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է` տասներկու ամիս ժամկետով դատավորի աշխատավարձի 25 տոկոսից և դատարանի նախագահի հավելավճարից զրկելով.

4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կամ 4-րդ մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի տեսակը Գերագույն դատարանի նախագահի նկատմամբ կարող է կիրառվել միայն Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա:

(113-րդ հոդվածը փոփ. 27.05.2009 ՀՕ-19-Ն) 

 

Հոդված 114.

Արդարադատության խորհրդի՝ դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությունը Հանրապետության Նախագահի կողմից մերժելու հետևանքները

 

Եթե Հանրապետության Նախագահը Արդարադատության խորհրդի՝ դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի դադարեցնում դատավորի լիազորությունները, ապա միջնորդությունը համարվում է մերժված: Այդ դեպքում օրենքի ուժով դատավորը համարվում է համապատասխանաբար սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 113-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կամ 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի ենթարկված:

 

Հոդված 114.1.

Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվությունը

 

1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձի կողմից սույն օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում ստանալով կամ նման փաստի հանդիպելով` իր իրավասության շրջանակում որևէ այլ հարց քննելիս կազմակերպում է քննարկում՝ մասնակից դարձնելով խախտում կատարած անձին:

2. Եթե քննարկումից հետո Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը գտնում է, որ այդ խախտումները կոպիտ չեն և չեն կրում պարբերական բնույթ, ապա նա կարող է սահմանափակվել հարցի քննարկմամբ: Հակառակ դեպքում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը հարուցում է կարգապահական վարույթ սույն օրենսգրքի 103-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո Արդարադատության խորհուրդը նրանց նկատմամբ կարող է կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) դատավորների թեկնածուների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:

4. Եթե Հանրապետության Նախագահը Արդարադատության խորհրդի՝ անձին դատավորների թեկնածուների ցուցակից հանելու վերաբերյալ միջնորդությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, անձին չի հանում ցուցակից, ապա միջնորդությունը համարվում է մերժված: Այդ դեպքում օրենքի ուժով դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը համարվում է սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված համապատասխան կարգապահական տույժի ենթարկված:

5. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության ընթացակարգի վրա տարածվում են սույն գլխի նորմերը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ:

(114.1-ին հոդվածը լրաց. 26.06.2014 ՀՕ-24-Ն, փոփ., խմբ. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 115.

Կարգապահական պատասխանատվության հետ չկապված հիմքով դատավորի լիազորությունների դադարեցումը և պաշտոնավարման դադարումը

 

1. Դատավորի լիազորություններն Արդարադատության խորհրդի եզրակացությամբ դադարեցվում են Հանրապետության Նախագահի կողմից, եթե`

1) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ ավելի քան վեց ամիս օրացուցային տարվա ընթացքում ի վիճակի չի եղել կատարելու իր պաշտոնեական պարտականությունները.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ապացուցված է, որ նա նշանակվել է դատավորի պաշտոնում` օրենքի պահանջների խախտմամբ.

3) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

4) նա երկու անգամ անընդմեջ չի անցել պարտադիր վերապատրաստման ծրագրերը.

5) նշանակումից հետո նա ձեռք է բերել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն:

2. Գերագույն դատարանի դատավորի լիազորություններն Արդարադատության խորհրդի եզրակացությամբ կարող են դադարեցվել նաև, եթե նա մեկ տարվա ընթացքում երեք օր անհարգելի պատճառով չի մասնակցել սահմանադրական գործերով Գերագույն դատարանի (սահմանադրական պալատի) նիստերին, կամ նախապես կարծիք է հայտնել Գերագույն դատարանում քննվելիք սահմանադրական գործի վերաբերյալ, կամ այլ գործողություններով կասկածի տակ է դրել իր անաչառությունը, կամ տեղեկություններ է հայտնել դռնփակ խորհրդակցության ընթացքի մասին, կամ այլ կերպ դրժել է Գերագույն դատարանի դատավորի իր երդումը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Արդարադատության խորհրդին դատավորի լիազորությունների դադարեցման մասին միջնորդությամբ պարտավոր է դիմել Գերագույն դատարանի նախագահը:

4. Եթե առերևույթ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը, ապա արդարադատության նախարարը և Գերագույն դատարանի նախագահը համատեղ դիմում են իրավասու պետական մարմին` դատավորի բժշկական զննությունը կազմակերպելու համար: Դատավորը պարտավոր է անցնել բժշկական զննությունը: Եթե զննության արդյունքում հիմնավորվում է, որ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը, ապա Գերագույն դատարանի նախագահը համապատասխան միջնորդություն է ներկայացնում Արդարադատության խորհրդին:

5. Դատավորի պաշտոնավարումը դադարում է, եթե`

1) նա դիմում է այդ մասին (հրաժարական է տալիս).

2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

4) նա կորցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը:

6. Գերագույն դատարանի դատավորի պաշտոնավարումը դադարում է նաև, եթե նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն:

7. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է Հանրապետության Նախագահի հրամանագրում նշված օրվանից:

Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա 65 տարին լրանալու հաջորդ օրվանից: Եթե Գերագույն դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալու պահին մասնակցում է մեկ կամ մեկից ավելի սահմանադրական գործերի դատաքննությանը, ապա նրա լիազորությունները դադարում են այդ գործի (գործերի) ավարտման օրը, բայց ոչ ուշ, քան պաշտոնավարման տարիքը լրանալու օրվանից վեց ամիս հետո:

Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից:

Սույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի կամ 6-րդ մասի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու հաջորդ օրվանից:

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ, ՆՐԱՆ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

 

Հոդված 116.

Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին եզրակացությունը

 

1. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին եզրակացություն ներկայացնելու հարցով Արդարադատության խորհուրդ է դիմում գլխավոր դատախազը, իսկ տվյալ դատավորի նկատմամբ գործը դատական քննության փուլում գտնվելու դեպքում նրան կալանավորելու համաձայնություն տալու մասին եզրակացություն ներկայացնելու հարցով` գործը քննող դատարանը:

2. Գլխավոր դատախազը կամ գործը քննող դատարանը Արդարադատության խորհրդին են ներկայացնում դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար հիմք հանդիսացող նյութերը: Գերագույն դատարանի դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին Արդարադատության խորհրդի եզրակացությունը տրվում է Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա:

3. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին ներկայացված Արդարադատության խորհրդի եզրակացության վերաբերյալ Հանրապետության Նախագահը որոշում է կայացնում երկօրյա ժամկետում: Նշված ժամկետում համաձայնություն չտալու դեպքում Արդարադատության խորհրդի եզրակացությունը համարվում է չընդունված:

4. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին Արդարադատության խորհրդի եզրակացությունը և դրա հիման վրա տրված Հանրապետության Նախագահի համաձայնությունը չեն նշանակում դատավորին կալանավորելու, նրան դատական կարգով քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության հաստատում և չեն կաշկանդում իրավասու դատարանին համապատասխան հարցը օրենքով սահմանված կարգով լուծելիս:

5. Երկրորդ անգամ նույն հիմքով դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին եզրակացություն չի կարող տրվել:

6. Եթե դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու մասին Արդարադատության խորհրդի կողմից համաձայնությունը ստանալուց հետո մեղադրանքի ծավալի այնպիսի փոփոխման անհրաժեշտություն է առաջացել, որը վատթարացնում է կամ կարող է վատթարացնել դատավորի վիճակը, ապա դա կարող է իրականացվել միայն սույն հոդվածով նախատեսված ընթացակարգի պահպանմամբ:

7. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին եզրակացություն ներկայացնելու հարցերով Արդարադատության խորհուրդը որոշում է կայացնում՝ ողջամտորեն խուսափելով նիստն ընդմիջելուց կամ հետաձգելուց:

 

Հոդված 117.

Արդարադատության խորհրդի եզրակացության հիման վրա դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու դեպքում դատավորի լիազորությունների կասեցումը

 

1. Արդարադատության խորհրդի եզրակացության հիման վրա Հանրապետության Նախագահի կողմից դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու դեպքում դատավորի լիազորությունները համարվում են կասեցված` նախաքննության և դատաքննության ժամկետով: Դատավորի լիազորությունները կասեցվելիս նրա վարույթում գտնվող գործերը փոխանցվում են տվյալ դատարանի մեկ այլ դատավորի: Եթե դատավորը մասնակցում է գործի կոլեգիալ քննությանը, ապա նրա լիազորությունների կասեցման դեպքում դատավորը փոխարինվում է տվյալ դատարանի մեկ այլ դատավորով: Դատավորի նկատմամբ հարուցված քրեական գործի կասեցման դեպքում դատավորը շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչև քրեական գործի վերսկսման մասին որոշման կայացումը:

2. Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը ստանում է հատուցում` որպես ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվող:

 

Հոդված 118.

Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին Արդարադատության խորհրդի կողմից եզրակացության տրման կարգը

 

1. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին եզրակացության տրման ժամանակ կիրառվում են սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով, 109-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 111-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կանոնները:

2. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին եզրակացության տրման ժամանակ գլխավոր դատախազը պարտավոր է ներկա գտնվել Արդարադատության խորհրդի և Գերագույն դատարանի նիստերին և անձամբ ներկայացնել իր դիրքորոշումը:

3. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին Արդարադատության խորհրդի եզրակացության պատճենն անհապաղ ուղարկվում է Հանրապետության Նախագահին և գլխավոր դատախազին:

 

Մ Ա Ս  2

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  4

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ  15

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ

 

Հոդված 119.

Դատական ծառայությունը

 

1. Դատական ծառայությունը օրենքով դատարաններին, ինչպես նաև դատական իշխանության մարմիններին վերապահված լիազորությունների ու գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեությունն է: Դատական ծառայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության մասն է:

2. Դատական ծառայությունն իրականացվում է Դատական դեպարտամենտի՝

1) կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում.

2) առանձնացված ստորաբաժանումներում:

3. Դատական ծառայություն չեն համարվում պաշտոնավարումը դատավորի պաշտոնում, ինչպես նաև դատարանի նշանակած փորձագետների, մասնագետների, անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների, ինչպես նաև տեխնիկական սպասարկման և պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձանց գործունեությունը:

4. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համարվում են Դատական դեպարտամենտի աշխատողներ, և նրանց հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 120.

Դատական դեպարտամենտը

 

1.Դատական դեպարտամենտը սույն օրենսգրքին և կանոնադրության նպատակներին համապատասխան՝

1) կազմակերպում է դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նպատակով անցկացվող որակավորման ստուգումը.

2) կազմակերպում է որակավորման ստուգման արդյունքներով դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը.

3) կազմակերպում է դատավորների և ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց վերապատրաստումը.

4) կազմակերպում և անցկացնում է դատական ծառայողների մասնագիտական վերապատրաստումը.

5) կազմակերպում և անցկացնում է իրավական համակարգի, օրենսդրության և արդարադատության իրականացման կատարելագործմանն ուղղված սեմինարներ, գիտաժողովներ, հրատարակում է ուսումնական գրականություն և այլն.

6) իրականացնում է ուսումնական ծրագրերի մշակումներ.

7) իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ նախատեսված այլ գործունեություն:

2. Դատական դեպարտամենտին հանձնարարություններ տալու իրավունք ունեն Արդարադատության խորհուրդը՝ աշխատակարգային որոշումներ ընդունելու միջոցով, խորհրդի այն անդամը, որին խորհրդի որոշմամբ տրվել են հանձնարարություններ, Դատարանների նախագահների խորհրդի կանոնակարգով սահմանված կարգով` Դատարանների նախագահների խորհուրդը, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի կանոնակարգով սահմանված կարգով՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, Դատավորների ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովը:

(120-րդ հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 121.

Դատական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը

 

1. Դատական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

2. Դատական ծառայության հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

3. Դատական ծառայողների միջև ծառայողական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով և Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ:

 

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 122.

Դատական կարգադրիչների ծառայությունը

 

1. Դատական կարգադրիչների ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որը ստեղծվում և գործում է Դատական դեպարտամենտի կազմում:

2. Դատական կարգադրիչների ծառայության առանձնահատկությունները, կազմակերպման կարգն ու պայմանները սահմանվում են սույն օրենսգրքով:

 

Հոդված 123.

Դատական կարգադրիչների մասին օրենսդրությունը

 

1. Դատական կարգադրիչի իրավունքներն ու պարտականությունները, ատեստավորման, փորձաշրջանի նշանակման, ծառայության և հանգստի ժամանակի, արձակուրդի, դատական կարգադրիչներին հրամաններ տալու սահմանափակումների, նրա գործունեության նկատմամբ հսկողության, դատական կարգադրիչի պատասխանատվության, պաշտոնեական երաշխիքների և սահմանափակումների, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատական կարգադրիչների ծառայության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատական կարգադրիչների ծառայության նկատմամբ և չեն հակասում սույն օրենսգրքին: Դատական կարգադրիչների ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրառման դեպքում օրենքով արդարադատության նախարարին և գլխավոր հարկադիր կատարողին վերապահված լիազորություններն իրականացվում են Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից, եթե այլ բան չի բխում սույն օրենսգրքի դրույթներից:

2. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատական կարգադրիչների ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատական կարգադրիչների նկատմամբ և չեն հակասում սույն օրենսգրքին:

 

Հոդված 124.

Դատական կարգադրիչների ծառայության խնդիրները

 

1. Դատական կարգադրիչների ծառայության խնդիրներն են սույն օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխան ապահովել՝

1) դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.

2) դատարանի տարածքում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը.

3) տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը.

4) դատարանի գույքի, ինչպես նաև շենքի և դրա սպասարկման տարածքի պահպանությունը:

2. Դատական կարգադրիչների ծառայությունը իր խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության և պետական այլ մարմինների հետ՝ տեղեկատվություն փոխանակելով, համատեղ գործողություններ կազմակերպելով և իրականացնելով, ինչպես նաև միմյանց ծառայությունն իրականացնելիս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով:

 

Հոդված 125.

Դատական կարգադրիչների գործունեության սկզբունքները

 

1. Դատական կարգադրիչների գործունեությունն իրականացվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և թափանցիկության սկզբունքների խստիվ պահպանմամբ:

2. Դատական կարգադրիչի կողմից մարդուն խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը կամ նրա նկատմամբ բռնություն կիրառելն արգելվում է և առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

3. Դատական կարգադրիչները մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում պարտավոր են նրան անմիջապես ներկայացնել սահմանափակման հիմքերը և բացատրել նրա իրավունքները և պարտականությունները, իսկ արգելանքի վերցնելու դեպքում անհապաղ ապահովել նրա հանձնումը ոստիկանություն:

 

Գ Լ ՈՒ Խ  17

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 126.

Դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը

 

1. Դատական կարգադրիչների ծառայության համակարգը կազմված է դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումներից: Դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումները, որպես կանոն, ստեղծվում են ըստ դատարանների:

2. Դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումների ցանկը հաստատում է Դատարանների նախագահների խորհուրդը:

3. Դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը հաստատում է Դատարանների նախագահների խորհուրդը: Բյուջետային տարվա ընթացքում դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակի փոփոխությունները կատարվում են տվյալ տարվա բյուջետային միջոցների շրջանակում:

 

Հոդված 127.

Դատական կարգադրիչների ծառայության ղեկավարումը

 

1. Դատական կարգադրիչների ծառայության գործունեությունը համակարգում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:

2. Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը և ընդհանուր ղեկավարումն իրականացնում են դատարանների աշխատակազմերի ղեկավարները, իսկ անմիջական ղեկավարումը` ստորաբաժանումների պետերը:

3. Դատական նիստերի դահլիճում դատավորի տված հանձնարարությունները գերակա են և պարտադիր են կատարման դատական կարգադրիչի համար:

 

Հոդված 128.

Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնները

 

1. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) դատական կարգադրիչների ծառայության առաջատար խմբի պաշտոն՝ ստորաբաժանման պետ.

2) դատական կարգադրիչների ծառայության կրտսեր խմբի պաշտոններ՝ ավագ դատական կարգադրիչ և դատական կարգադրիչ:

2. Դատական կարգադրիչների ծառայության` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոն զբաղեցնողները համարվում են դատական կարգադրիչներ:

 

Հոդված 129.

Դատական կարգադրիչների ծառայության կոչումները

 

1. Դատական կարգադրիչներին շնորհվում են հետևյալ կոչումները`

1) արդարադատության կապիտան.

2) արդարադատության ավագ լեյտենանտ.

3) արդարադատության լեյտենանտ.

4) արդարադատության ավագ ենթասպա.

5) արդարադատության ենթասպա.

6) արդարադատության ավագ.

7) արդարադատության ավագ սերժանտ.

8) արդարադատության սերժանտ.

9) արդարադատության կրտսեր սերժանտ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կոչումները դասակարգված են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր:

3. Դատական կարգադրիչների ծառայության կոչումները շնորհում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:

4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով` զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան:

5. Դատական կարգադրիչների պաշտոնների համար սահմանվում են հետևյալ կոչումները.

 

Պաշտոնների խումբը

Պաշտոնը

Պաշտոնին համապատասխանող կոչման ներքին և վերին սահմանները

առաջատար

ստորաբաժանման պետ

արդարադատության լեյտենանտ-

արդարադատության կապիտան

կրտսեր

ավագ դատական կարգադրիչներ

արդարադատության ավագ-

արդարադատության ավագ ենթասպա

 

դատական կարգադրիչներ

արդարադատության կրտսեր սերժանտ- արդարադատության ավագ սերժանտ

6. Կոչումների շնորհումը, ժամկետները և դրանց հաշվարկման կարգը, ինչպես նաև կոչումից զրկելը սահմանվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 130.

Դատական կարգադրիչների ծառայությունում ընդգրկվելու համար ներկայացվող հիմնական պահանջները

 

Դատական կարգադրիչների ծառայությունում ընդգրկվելու համար ներկայացվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ներկայացվող պահանջները, ընդ որում` «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով միջին խմբի պաշտոններին վերաբերող դրույթները տարածվում են դատական կարգադրիչների ծառայության առաջատար խմբի պաշտոնների վրա:

 

Հոդված 131.

Դատական կարգադրիչի երդումը

 

Դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցնող քաղաքացիները Դատարանների նախագահների խորհրդի կողմից սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայությունում` երդվում եմ իմ լիազորությունները կատարելիս պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն և բարեխիղճ կատարել դատական կարգադրիչի ծառայողական պարտականություններս, բարձր պահել դատարանի հեղինակությունը:»:

 

Հոդված 132.

Դատական կարգադրիչներին պաշտոնում նշանակելը և ազատելը

 

Դատական կարգադրիչների ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններում նշանակում և ազատում է համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարը:

 

Հոդված 133.

Դատական կարգադրիչներին պաշտոնում նշանակելու պայմանները

 

1. Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի պաշտոնում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, որն իր գործնական և անձնական հատկանիշներով ունակ է կատարելու համապատասխան պաշտոնի պարտականությունները: Այդ պաշտոններում նշանակված քաղաքացիներին, լեյտենանտից ցածր զինվորական կամ հատուկ կոչում, դասային աստիճան, որակավորման դաս ունենալու, ինչպես նաև կոչում չունենալու դեպքում շնորհվում է արդարադատության լեյտենանտի կոչում:

2. Դատական կարգադրիչների ծառայության կրտսեր խմբի պաշտոնում կարող է նշանակվել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացին: Ավագ դատական կարգադրիչ կարող է նշանակվել այն քաղաքացին, որն ունի արդարադատության ավագից ոչ ցածր կոչում կամ մինչև նշանակումը արդարադատության ավագ սերժանտի կոչումով առնվազն երեք տարի զբաղեցրել է դատական կարգադրիչի պաշտոն: Դատական կարգադրիչի պաշտոնում նշանակվելու դեպքում քաղաքացուն շնորհվում է արդարադատության կրտսեր սերժանտի կոչում կամ ունեցած ավելի բարձր զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխանող կոչում:

3. Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության լիազոր մարմինների, ինչպես նաև արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համապատասխանությունը դատական կարգադրիչների ծառայության պաշտոններին սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  18

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

Հոդված 134.

Դատական կարգադրիչների ատեստավորումը

 

1. Դատական կարգադրիչների ատեստավորման հանձնաժողովը կազմավորում, ինչպես նաև ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:

2. Ատեստավորման հանձնաժողովը «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ատեստավորման արդյունքները, այդ թվում` բողոքարկումները և դրանց քննարկման արդյունքներն ու կայացված որոշումները, ներկայացնում է համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարին:

 

Հոդված 135.

Դատական կարգադրիչների վերապատրաստումը և հատուկ ուսուցումը

 

1. Դատական կարգադրիչներն անցնում են վերապատրաստում և հատուկ ուսուցում: Վերապատրաստումը և հատուկ ուսուցումն անցկացվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:

 

Հոդված 136.

Դատական կարգադրիչին այլ պաշտոնի փոխադրելը

 

Դատական կարգադրիչին այլ պաշտոնի է փոխադրում նրան պաշտոնի նշանակած անձը՝ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  19

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 137.

Դատարանի աշխատակազմի ղեկավարի` որպես դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման ընդհանուր ղեկավարումն իրականացնող անձի լիազորությունները

 

Դատարանի աշխատակազմի ղեկավարը`

1) իրականացնում է դատական կարգադրիչների ծառայության համապատասխան ստորաբաժանման ընդհանուր ղեկավարումը.

2) կազմակերպում է Դատարանների նախագահների խորհրդի և Դատական դեպարտամենտի ղեկավարի` դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերող որոշումների և կարգադրությունների կատարումը, ցուցումներ և հանձնարարություններ է տալիս դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետին.

3) Դատական դեպարտամենտի ղեկավարին առաջարկություն է ներկայացնում դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանումների և հաստիքների կառուցվածքի վերաբերյալ.

4) Դատական դեպարտամենտի ղեկավարին է ներկայացնում դատական կարգադրիչների ծառայության նյութատեխնիկական ապահովության մասին առաջարկություններ.

5) խրախուսում և կարգապահական տույժի է ենթարկում դատական կարգադրիչներին.

6) քննում է համապատասխան ստորաբաժանման պետի գործողությունների վերաբերյալ բերված բողոքները.

7) կազմակերպում է դատական կարգադրիչների մասնագիտական և հատուկ ուսուցումը.

8) տարեկան հաշվետվություն է ներկայացնում Դատական դեպարտամենտի ղեկավարին` դատական կարգադրիչների ծառայության գործունեության վերաբերյալ:

 

Հոդված 138.

Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի լիազորությունները

 

1. Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետը`

1) ապահովում է դատական կարգադրիչների ծառայության խնդիրների իրականացումը համապատասխան դատարանում.

2) կազմակերպում և վերահսկում է ստորաբաժանման գործունեությունը.

3) ղեկավարում է ստորաբաժանման կազմում գործող դատական կարգադրիչների գործունեությունը.

4) ապահովում է դատարանի նախագահի, նիստը նախագահողի կամ դատավորի` դատարանում հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված կարգադրությունների կատարումը.

5) իր իրավասության սահմաններում կարգապահական տույժի է ենթարկում դատական կարգադրիչներին.

6) առաջարկություն է ներկայացնում համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարին` դատական կարգադրիչներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու մասին.

7) քննում է համապատասխան ստորաբաժանման դատական կարգադրիչների գործողությունների վերաբերյալ բերված բողոքները.

8) իր իրավասության սահմաններում համապատասխան ստորաբաժանման դատական կարգադրիչներին տալիս է պարտադիր կատարման ենթակա հրամաններ և կարգադրություններ.

9) կատարում է համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարի ցուցումները և հանձնարարությունները:

2. Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետը պատասխանատվություն է կրում դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման խնդիրների իրականացման համար:

 

Հոդված 139.

Դատական կարգադրիչի գործառույթները

 

1. Դատական կարգադրիչը դատարանի գործունեության սահմանված կարգի պահպանման համար սույն օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխան`

1) ապահովում է դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և դատարանի տարածքի պահպանումը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.

2) կատարում է դատարանի նախագահի, նիստը նախագահողի կամ դատավորի կարգադրությունները` կապված դատարանում հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման հետ.

3) ապահովում է դատական գույքի, ինչպես նաև շենքի և դրա սպասարկման տարածքի պահպանությունը, դատավորի խորհրդակցական սենյակում գտնվելու ժամանակ դրա պահպանությունը.

4) ստուգում է դատական նիստերի դահլիճի պատրաստությունը դատական նիստին, ապահովում է դատավորի հանձնարարությամբ քրեական գործը և իրեղեն ապացույցները դատական քննության վայր հասցնելը և դրանց պահպանումը.

5) խափանում է հանցագործությունների և իրավախախտումների կատարումը դատարանում, ի հայտ եկած իրավախախտներին անհրաժեշտության դեպքում վերցնում է արգելանքի` ապահովելով նրանց անհապաղ հանձնումը ոստիկանություն:

2. Իր լիազորություններն իրականացնելիս դատական կարգադրիչը անհրաժեշտության դեպքում համագործակցում է իրավասու այլ պետական մարմինների հետ:

 

Հոդված 140.

Դատական կարգադրիչի իրավունքները և պարտականությունները իր գործառույթների կատարման ընթացքում

 

1. Դատական կարգադրիչն իր գործառույթներն իրականացնելու նպատակով իրավունք ունի՝

1) պարզելու դատարան մուտք գործող, դատական նիստերի դահլիճում գտնվող, ինչպես նաև դատական սանկցիայի ենթարկված անձի ինքնությունը.

2) դատարանի որոշման հիման վրա դատական նիստերի դահլիճից հեռացնելու անձին կամ սահմանափակելու այդ որոշման մեջ մատնանշված անձի մուտքը.

3) զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը.

4) սույն օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններում կիրառելու ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ:

2. Դատական կարգադրիչը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն իրականացնել օրենքին համապատասխան և իր գործունեության մեջ թույլ չտալ անձանց իրավունքների և օրինական շահերի խախտում:

 

Հոդված 141.

Դատական կարգադրիչի պահանջների պարտադիր լինելը

 

1. Դատական կարգադրիչի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են կատարման համար:

2. Սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներն իրականացնելիս դատական կարգադրիչի պահանջներին չենթարկվելու դեպքում դատական կարգադրիչը կարող է համապատասխանաբար արգելել անձի մուտքը դատարանի շենք, դատական նիստերի դահլիճում գտնվող անձի կողմից իր ինքնությունը ներկայացնելուց հրաժարվելու կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում նրան հեռացնել դատական նիստերի դահլիճից, իսկ դատական սանկցիայի ենթարկված անձի դեպքում այդ անձին հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն, ինչպես նաև անձի կողմից ցուցաբերվող դիմադրությունը կամ ոտնձգությունը կանխելու նպատակով նրան վերցնել արգելանքի տակ` անհապաղ ապահովելով նրա հանձնումը ոստիկանություն:

3. Դատական կարգադրիչի պահանջները չկատարելը և (կամ) նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 142.

Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրումը

 

1. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ու կարգով դատական կարգադրիչը ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու իրավունք ունի:

2. Դատական կարգադրիչները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու հմտությունը որոշող ստուգումներ:

3. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրման ընտրությունը կատարելիս դատական կարգադրիչն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:

4. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների բացակայության դեպքում դատական կարգադրիչն իրավունք ունի օգտագործելու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:

5. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրումն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 143.

Ֆիզիկական ուժի գործադրումը

 

Դատական կարգադրիչի օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով դատական կարգադրիչն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրելու ֆիզիկական հարկադրանք:

 

Հոդված 144.

Հատուկ միջոցների գործադրման դեպքերն ու կարգը

 

1. Դատական կարգադրիչներն իրավունք ունեն իրենց տրամադրության տակ գտնվող հատուկ միջոցներ գործադրելու`

1) դատավորի, դատական նիստին ներկա անձանց և դատական կարգադրիչի վրա կատարվող հարձակումը խափանելիս.

2) դատական կարգադրիչի նկատմամբ ցուցաբերվող անհնազանդությունը հաղթահարելիս կամ դիմադրությունը խափանելիս.

3) իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.

4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված հարձակում կամ դիմադրություն ցույց տալ.

5) իրավախախտում թույլ տալու համար բռնված կամ իր անձը ներկայացնելուց հրաժարվող կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնող անձանց արգելանքի վերցնելիս և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն հանձնելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, անհնազանդություն ցուցաբերել կամ դիմադրություն ցույց տալ դատական կարգադրիչին:

2. Դատական կարգադրիչները որպես հատուկ միջոցներ կարող են գործադրել ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ:

3. Հատուկ միջոցներ հատկացնելու և դրանք պահելու կարգը սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:

 

Գ Լ ՈՒ Խ  20

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 145.

Դատական կարգադրիչի արձակուրդը

 

Դատական կարգադրիչներին արձակուրդ տրամադրում է համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարը:

 

Հոդված 146.

Դատական կարգադրիչի նյութական ապահովությունը

 

1. Յուրաքանչյուր դատական կարգադրիչ ունի ծառայության համար համարժեք վարձատրության, ինչպես նաև հանդերձանք ստանալու իրավունք:

2. Դատական կարգադրիչների վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

(146-րդ հոդվածը խմբ. 26.12.2013 ՀՕ-97-Ն)

 

Հոդված 147.

Դատական կարգադրիչի համազգեստը և վկայականը

 

1. Դատական կարգադրիչը ծառայողական պարտականություններ կատարելիս կրում է համազգեստ, որն ունի տարբերանշաններ և խորհրդանշան, որոնց նկարագրերը սահմանում է կառավարությունը: Համազգեստը հատկացնելու և կրելու կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ:

2. Դատական կարգադրիչներին տրվում են Դատական դեպարտամենտի կողմից հաստատված միասնական նմուշի վկայականներ:

 

Հոդված 148.

Դատական կարգադրիչների ծառայության նյութատեխնիկական ապահովումը

 

Դատական կարգադրիչների ծառայության նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Դատական դեպարտամենտը:

 

Գ Լ ՈՒ Խ  21

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

 

Հոդված 149.

Դատական կարգադրիչների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար դատական կարգադրիչի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) արտահերթ կոչման շնորհում.

5) կրծքանշանով պարգևատրում:

2. Դատական կարգադրիչի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը` տույժը կիրառած ղեկավարի կամ նրա վերադասի կողմից:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը դատական կարգադրիչի նկատմամբ կիրառվում է բացառիկ դեպքերում և կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:

4. Միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:

5. Դատական կարգադրիչների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարը` համապատասխան ստորաբաժանման պետի ներկայացմամբ:

6. Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի նկատմամբ խրախուսանքը շնորհակալության հայտարարման, միանվագ դրամական պարգևատրման, հուշանվերով կամ կրծքանշանով պարգևատրման տեսքով կիրառում է համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարը, իսկ արտահերթ կոչում շնորհելու ձևով խրախուսանքը` Դատական դեպարտամենտի ղեկավարը:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կրծքանշանի տեսակները և ձևերը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:

8. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:

 

Հոդված 150.

Դատական կարգադրիչների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, օրենքների կամ իրավական այլ ակտերի պահանջները խախտելու դեպքերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, դատական կարգադրիչի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) պաշտոնի իջեցում.

4) կոչման իջեցում` մեկ աստիճանով.

5) ծառայությունից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը դատական կարգադրիչների նկատմամբ կիրառում է համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաև դատական կարգադրիչների ծառայության համապատասխան ստորաբաժանման պետը:

 

Գ Լ ՈՒ Խ  22

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

Հոդված 151.

Դատական կարգադրիչների ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը

 

Դատական կարգադրիչին դատական կարգադրիչների ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու դեպքում կիրառվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթները:

 

Հոդված 152.

Դատական կարգադրիչների ծառայությունում տարիքային սահմանափակումները

 

1. Դատական կարգադրիչների կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար սահմանային տարիք է համարվում 55 տարեկանը, առաջատար խմբի պաշտոն զբաղեցնելու համար` 60 տարեկանը:

2. Դատական կարգադրիչի` պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում դատական կարգադրիչի ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 տարի ժամկետով` նրան պաշտոնի նշանակած անձի կողմից:

3. Դատական կարգադրիչի ազատումը սահմանային տարիքը լրանալու հիմքով կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո` հաջորդ ամսվա 1-ին:

 

Հոդված 153.

Դատական կարգադրիչին ծառայության պաշտոնում վերականգնելը

 

Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնում վերականգնելու, ինչպես նաև պաշտոնում վերականգնելուց հետո կոչման շնորհման և ծառայության ժամկետի հետ կապված հարցերը կարգավորվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Բ Ա Ժ Ի Ն  6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 154.

Օրենսգրքի ուժի մեջ մտնելը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ է մտնում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2008թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-71-Ն