Համարը 
ՀՕ-29
Տեսակը 
Մայր
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.06.12/21(93)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.05.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.06.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի

մայիսի 14-ին

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման (այսուհետ` ծառայությունների մատուցում) համար գանձվող սակագների սահմանման սկզբունքները, ինչպես նաև դրանց սահմանումն ու վերանայումը:

 

Հոդված 2.

Ծառայությունների մատուցման սակագների ձևավորման սկզբունքները

 

1. Ծառայությունների մատուցման սակագները (այսուհետ` սակագներ) սահմանում և վերանայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):

2. Սակագների ձևավորման սկզբունքներն են`

1) միանմանությունն ու միասնականությունը բոլոր ծառայություն մատուցողների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում.

2) ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ` հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների և նյութական ակտիվների մաշվածության փոխհատուցման ապահովումը.

3) մատչելիությունը` տվյալ ծառայության բոլոր սպառողների համար.

4) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.

5) մատուցվող ծառայության որակի բարձրացման խթանների ստեղծումը.

6) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.

7) տրանսպորտային միջոցների տեսակներով ու առանձնահատկություններով պայմանավորված սակագների տարբերակումը:

 

Հոդված 3.

Սակագների սահմանումը և կիրառումը

 

1. Սակագների սահմանման և վերանայման կարգը, այդ առնչությամբ ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը սահմանում է Հանձնաժողովը:

2. Սահմանված սակագները ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո: Սակագների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս լինել չի կարող, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված սակագների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Հանձնաժողովն ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում:

3. Հանձնաժողովը կարող է սահմանել ծառայությունների մատուցման երկարաժամկետ սակագին:

4. Սահմանված սակագինը կարող է արտահայտվել ինչպես որոշակի թվային արժեքով, այնպես էլ հաշվարկվել որոշակի մեծություններից կախված բանաձևով:

5. Սահմանված սակագինը կարող է վերանայվել Հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ ծառայություններ մատուցողների պահանջով: Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո` 45-օրյա ժամկետում:

6. Հաշվետվություններ ներկայացնելու նպատակով ծառայություններ մատուցողների համար Հանձնաժողովը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, ազգային հաշվային պլանին և այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ:

7. Ծառայություններ մատուցողները սակագների սահմանման և վերանայման հետ կապված իրենց ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող հաշվետվությունները և այլ տեղեկատվությունը (անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով) ներկայացնում են Հանձնաժողով` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ձևերով և ցանկով:

8. Ներկայացված հաշվետվությունների և տեղեկությունների հավաստիության ճշգրտման նպատակով Հանձնաժողովն իրավասու է իրականացնելու կամ կազմակերպելու ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ` պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր:

9. Հիմք ընդունելով սույն օրենքի 2-րդ հոդվածը` Հանձնաժողովը հաստատում է սակագները և դրանց հաշվարկման անհրաժեշտ մեթոդիկաները:

 

Հոդված 4.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

4 հունիսի 2008թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-29