ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
Ընդունված է 2017 թվականի
հուլիսի 21-ին
Բ Ա Ժ Ի Ն 1
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Դատական իշխանությունը |
1. Դատական իշխանությունը Արցախի Հանրապետությունում իրականացվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ նաև՝ Սահմանադրություն) սահմանված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա՝ օրենքով ստեղծված անկախ և անաչառ դատարանների կողմից:
Հոդված 2. |
Դատական իշխանության կազմակերպումը և գործունեությունը կարգավորող օրենսդրությունը |
1. Դատական իշխանության և դրա գործունեության կազմակերպումը կարգավորվում են Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով և սույն օրենսգրքով:
Հոդված 3. |
Սույն օրենսգրքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենսգիրքը կարգավորում է դատական իշխանության և դրա գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերություններն այնքանով, որքանով դրանք չեն վերաբերում սահմանադրական արդարադատության իրականացմանը:
Հոդված 4. |
Արցախի Հանրապետության դատական համակարգը |
1. Արցախի Հանրապետությունում, Սահմանադրության 136-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, գործում են Գերագույն դատարանը, վերաքննիչ դատարանը և ընդհանուր իրավասության առաջին ատյանի (այսուհետ նաև՝ առաջին ատյանի) դատարանը:
2. Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:
3. Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:
Հոդված 5. |
Դատարանի խնդիրները |
1. Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատարանն ապահովում է անձի` Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով և օրենքով նախատեսված իրավունքների և ազատությունների, պետության և հասարակության շահերի պաշտպանությունը:
1. Դատավոր է Գերագույն, վերաքննիչ, առաջին ատյանի դատարանների նախագահների և դատավորների պաշտոնում Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:
2. Յուրաքանչյուր դատավոր օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ:
Հոդված 7. |
Դատարանի իրավասության սահմանները |
1. Ցանկացած հարցի` դատարանի իրավասությանը ենթակա լինելը որոշում է դատարանը` օրենքի հիման վրա:
Գ Լ ՈՒ Խ 2
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 8. |
Դատական իշխանության իրականացումը օրենքին համապատասխան |
1. Դատարանները դատական իշխանությունն իրականացնում են Սահմանադրությանը, Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին և օրենքին համապատասխան:
Հոդված 9. |
Դատական իշխանության անկախությունը և ինքնավարությունը |
1. Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատարաններն անկախ են պետական իշխանության այլ մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և գործում են միայն Սահմանադրությանը և օրենքին համապատասխան:
2. Դատավորը գործը կամ հարցը (այսուհետ նաև՝ գործ) քննում և լուծում է Սահմանադրությանը, Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին և օրենքին համապատասխան, գործի հանգամանքների անաչառ վերլուծության վրա հիմնված իր ներքին համոզմամբ՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
3. Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս և դրանից հետո դատավորը հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։
4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են հարգել դատական իշխանության անկախությունը և ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են վնասել կամ վտանգել դատական իշխանության անկախությունը կամ հեղինակությունը:
5. Արգելվում է արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատարանի գործունեությանը որևէ միջամտություն կամ դրա նկատմամբ որևէ ազդեցություն:
6. Դատարանի գործունեությանը միջամտությունը, ինչպես նաև դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:
7. Արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտության կամ դրա նկատմամբ ազդեցության վերաբերյալ դատավորի հայտարարության հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը եթե գտնում է, որ առերևույթ առկա է իրավախախտում պարունակող արարք, պարտավոր է մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմել համապատասխան մարմիններին։
8. Դատավորների մասնագիտական շահերի պաշտպանության և դատարանների ներքին գործունեության հետ կապված հարցերի լուծումը վերապահված են դատական իշխանության ինքնակառավարման մարմիններին: Ինքնակառավարման մարմիններն են Արցախի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը (այսուհետ նաև` Ընդհանուր ժողով), Բարձրագույն դատական խորհուրդը և Դատարանների նախագահների խորհուրդը։
Հոդված 10. |
Դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը |
1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու անձամբ, ինչպես նաև իր ներկայացուցչի կամ պաշտպանի միջոցով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 11. |
Հավասարությունը օրենքի և դատարանի առջև |
1. Բոլորը հավասար են օրենքի ու դատարանի առջև և հավասարապես պաշտպանվում են օրենքով:
2. Դատարանի կողմից արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Հոդված 12. |
Դատական քննության հրապարակայնությունը |
1. Արցախի Հանրապետության դատարաններում դատական նիստերը դռնբաց են, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Դատական նիստի ընթացքն օրենքով սահմանված կարգով արձանագրվում է:
3. Դատարանի վերջնական (եզրափակիչ), իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը ենթակա են հրապարակման։ Դատական նիստի ընթացքում հրապարակելու դեպքում հրապարակվում է դատական ակտի եզրափակիչ մասը։
4. Դատական քննությունը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:
5. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու ավարտված դատական գործին, որով վերջնական (եզրափակիչ) ակտը մտել է օրինական ուժի մեջ: Դատական քննության դռնփակ մասին անձը կարող է ծանոթանալ միայն դատական ակտը կայացրած դատարանի որոշմամբ:
● 6. Գործը քննող դատարանի, կողմերի, գործի էության, նիստերի ժամանակացույցի, գործի շարժի մասին տեղեկությունները, վերջնական (եզրափակիչ) դատական ակտերը պարտադիր հրապարակվում են Արցախի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Անձնական կյանքի տվյալներ, կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, ինչպես նաև երեխայի անձնական տվյալներ պարունակող դատական ակտերը հրապարակվում են այդ անձնական տվյալներն ապանձնավորված։
7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված և հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
8. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Գերագույն դատարանի կայացրած որոշումները ենթակա են պարտադիր հրապարակման նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:
Հոդված 13. |
Դատավարության լեզուն |
1. Արցախի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերենով:
2. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:
3. Քրեական գործով գործին մասնակցող և հայերենին չտիրապետող անձանց դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով:
4. Վարչական և քաղաքացիական գործերով գործին մասնակցող ֆիզիկական անձանց դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե նրանք չեն տիրապետում հայերենին և ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար:
5. Պետական միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում դատարանի որոշման հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով նշանակվում է թարգմանիչ: Թարգմանիչների վարձատրության չափը և կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Կառավարություն):
Հոդված 14. |
Դատական ակտերի պարտադիրությունը |
1. Դատարանները վերջնական (եզրափակիչ) դատական ակտերը կայացնում են հանուն Արցախի Հանրապետության:
2. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են, իսկ կատարում ենթադրող լինելու դեպքում ենթակա են պարտադիր կատարման պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:
3. Դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
4. Եթե դատարանը գործը քննելիս և լուծելիս շեղվում է Գերագույն դատարանի դատական ակտի հիմնավորումներից (այդ թվում՝ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանություններից), ապա պետք է ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորի իր դիրքորոշումը:
5. Օտարերկրյա պետությունների դատարանների դատական ակտերը, օտարերկրյա պետությունների արբիտրաժի որոշումները, միջազգային արբիտրաժի որոշումները, միջազգային դատարանների որոշումները ենթակա են կատարման Արցախի Հանրապետության տարածքում՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:
Հոդված 15. |
Դատական ակտերի բողոքարկումը և վերանայումը |
1. Դատավարության մասնակիցներն ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերը վերաքննության, իսկ վերաքննիչ դատարանի դատական ակտերը` վճռաբեկության կարգով վերանայման իրավունք օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
2. Նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով, ինչպես նաև նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով դատական ակտերը վերանայվում են օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։
3. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով դատական ակտը կարող է բողոքարկել գործին մասնակից չդարձված այն անձը, ում իրավունքներն ու օրինական շահերն այն շոշափում է, կամ այն մարմինը կամ պաշտոնատար անձը, ում լիազորություններին առնչվում է կայացված դատական ակտը:
Հոդված 16. |
Դատարանի կազմը |
1. Առաջին ատյանի դատարանում գործերը քննվում են միանձնյա՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Գործը միանձնյա քննող դատավորը գործում է որպես դատարան:
2. Վերաքննիչ դատարանում դատական ակտերի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Գերագույն դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` առնվազն հինգ դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:
4. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները Գերագույն դատարանը քննում է կոլեգիալ` առնվազն հինգ դատավորի կազմով:
Հոդված 17. |
Դատական իշխանության խորհրդանիշները |
1. Դատական նիստին դատավորը մասնակցում է սահմանված ձևի պատմուճանով, որը նրան տրամադրվում է պետական միջոցների հաշվին:
2. Դատավորը՝ բացառությամբ Գերագույն դատարանի դատավորի, ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով, դատարանի անվանմամբ և դատավորի անվամբ կնիք, Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված դրոշմակնիքներ:
3. Գերագույն դատարանն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և «Արցախի Հանրապետության Գերագույն դատարան» գրառմամբ կնիք:
4. Յուրաքանչյուր դատավոր իրավունք ունի օրենքով սահմանված կարգով կիրառելու էլեկտրոնային թվային ստորագրություն:
5. Դատարանների բոլոր նստավայրերի շենքերի վրա կամ շքամուտքի մոտ բարձրացվում է Արցախի Հանրապետության դրոշը:
6. Դատարանի նիստերի դահլիճում և դատավորի առանձին ծառայողական աշխատասենյակում տեղադրվում է Արցախի Հանրապետության զինանշանը և Արցախի Հանրապետության դրոշը:
7. Պատմուճանի, դատավորների և Գերագույն դատարանի կնիքների, դրոշմակնիքների նկարագրությունը և տրամադրման կարգը, դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման ցանկը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
Հոդված 18. |
Դատական իշխանության պաշտոնական կայքը |
1. Դատական իշխանությունն ունի պաշտոնական ինտերնետային կայք: Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը կայքում զետեղվում է հանրության համար հասանելի ձևով: Կայքի կառուցվածքը, վարման կարգը, ինչպես նաև կայքում զետեղվող այլ տեղեկատվությունը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
Հոդված 19. |
Դատական վիճակագրության վարումը |
1. Դատարանների գործունեության արդյունավետությունը, թափանցիկությունը և հանրության առջև հաշվետվողականությունն ապահովելու նպատակով Դատական դեպարտամենտը հավաքում և վարում է դատական վիճակագրություն Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:
2. Դատական վիճակագրությանը ներկայացվող պահանջներն են`
1) վիճակագրության օբյեկտիվությունը, հիմնավորվածությունը, անաչառությունը.
2) վիճակագրական տվյալների արժանահավատությունը, ճշտությունը, համադրելիությունը ժամանակի և տարածության մեջ.
3) վիճակագրական տեղեկատվության արդիականությունը, կայունությունը և ամբողջականությունը.
4) վիճակագրական ամփոփ տվյալների պարբերական հրապարակումը.
5) վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը, հրապարակայնությունը:
3. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը: Պարտադիր հրապարակվող վիճակագրական տվյալները (տեղեկությունները) պետք է ներառեն առնվազն սույն հոդվածի 9-11-րդ մասերով նախատեսված տվյալները (տեղեկությունները):
4. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգը, դատական վիճակագրության վարման կարգը, ինչպես նաև, դատական իշխանության գործառույթների արդյունավետ իրականացման կարիքներից ելնելով, կարող է սահմանել դատական վիճակագրության վարման լրացուցիչ վիճակագրական դասակարգիչներ:
5. Վիճակագրական դասակարգիչներում փոփոխություններ կատարվելու դեպքում դրանք կիրառվում են միայն փոփոխություններ կատարելուն հաջորդող տարվանից:
6. Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատարանների գործունեության կիսամյակային և տարեկան վիճակագրական տվյալների վերաբերյալ հաշվետվությունները:
7. Դատական դեպարտամենտն ապահովում է դատական գործի վիճակագրական քարտի հիման վրա հավաքված վիճակագրական տվյալների մատչելիությունը հանրության համար՝ բացառությամբ օրենքով նախատեսված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության: Վիճակագրական տվյալները Դատական դեպարտամենտը տրամադրում է Բարձրագույն դատական խորհրդին, և այդ տվյալները հրապարակում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ վիճակագրական տվյալների հրապարակման համար առանձնացված հատուկ բաժնում:
8. Առաջին ատյանի դատարանի և դատավորի վերաբերյալ՝ ըստ քրեական, քաղաքացիական, վարչական, սնանկության և մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի, հրապարակվում են մասնավորապես հետևյալ տվյալները՝
1) դատավորների քանակը.
2) հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր քանակը.
3) հաշվետու ժամանակահատվածում ստացված գործերի ընդհանուր քանակը.
4) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի ընդհանուր քանակը (այդ թվում՝ գործն ըստ էության լուծելու, գործի վարույթը կարճելու և այլ հիմքերով ավարտված).
5) հաշվետու ժամանակահատվածում կասեցված վարույթներով գործերի ընդհանուր քանակը.
6) մինչդատական վարույթի գործերը՝ ըստ տեսակների.
7) հաշվետու ժամանակահատվածում անավարտ գործերի ընդհանուր քանակը.
8) բողոքարկված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների.
9) բեկանված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների։
9. Վերաքննիչ դատարանի և դատավորի վերաբերյալ հրապարակվում են մասնավորապես հետևյալ տվյալները՝
1) սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 7-9-րդ կետերով նախատեսված տվյալները.
2) հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր քանակը.
3) հաշվետու ժամանակահատվածում վերադարձված բողոքների ընդհանուր քանակը.
4) գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը՝ ըստ ակտերի տեսակների և ըստ բողոքարկվող ակտը կայացրած դատարանների:
10. Գերագույն դատարանի վերաբերյալ հրապարակվում են սույն հոդվածի 8-րդ մասով, բացառությամբ 8-րդ մասի 3-7-րդ կետերով նախատեսված տվյալների, ինչպես նաև սույն հոդվածի 9-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված տվյալները:
11. Դատական դեպարտամենտի կողմից տարեկան՝ ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը, հրապարակվում են նաև հետևյալ տվյալները`
1) դատարանների բյուջեն, այդ թվում՝ ֆինանսական ծախսերի համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ՝ ըստ դատարանների, դատավորների միջին աշխատավարձը և դրա համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ.
2) վճարված և վճարման ենթակա պետական տուրքի ընդհանուր չափը.
3) դատավորների կարգապահական պատասխանատվության մասով՝ հարուցված կարգապահական վարույթների քանակը՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների և վարույթի հարուցման հիմքերի, կարճված վարույթներով գործերի քանակը՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների, նշանակված կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական պատասխանատվության կրկնակիության դեպքերի ընդհանուր քանակը.
4) սույն հոդվածի 8-10-րդ մասերով նախատեսված տվյալների համեմատականը նախորդ տարվա տվյալների հետ:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԸ
Հոդված 20. |
Առաջին ատյանի դատարանի իրավասությունը |
1. Առաջին ատյանի դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր հարցերը:
Հոդված 21. |
Առաջին ատյանի դատարանի դատական տարածքը |
1. Առաջին ատյանի դատարանի դատական տարածքը Արցախի Հանրապետության տարածքն է:
Հոդված 22. |
Առաջին ատյանի դատարանի դատավորների թվակազմը և նստավայրը |
1. Առաջին ատյանի դատարանը գործում է դատարանի նախագահի և 11 դատավորի կազմով:
2. Առաջին ատյանի դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում: Առաջին ատյանի դատարանը Արցախի Հանրապետության տարածքում կարող է ունենալ այլ նստավայրեր:
Գ Լ ՈՒ Խ 4
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ
Հոդված 23. |
Վերաքննիչ դատարանի իրավասությունը |
1. Վերաքննիչ դատարանն իր լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանի` վերջնական (եզրափակիչ) դատական ակտերը:
2. Այլ դատական ակտերը վերանայվում են օրենքով նախատեսված դեպքերում:
3. Վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի ակտերի դեմ բերված բողոքներով գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով։
Հոդված 24. |
Վերաքննիչ դատարանի դատական տարածքը |
1. Վերաքննիչ դատարանի դատական տարածքը Արցախի Հանրապետության տարածքն է:
Հոդված 25. |
Վերաքննիչ դատարանի դատավորների թվակազմը և նստավայրը |
1. Վերաքննիչ դատարանը գործում է դատարանի նախագահի և վեց դատավորի կազմով:
2. Վերաքննիչ դատարանի նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում:
Գ Լ ՈՒ Խ 5
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ
Հոդված 26. |
Գերագույն դատարանի իրավասությունը |
1. Գերագույն դատարանը՝ որպես բարձրագույն դատական ատյան, դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`
1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
2. Օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Գերագույն դատարանն ապահովում է վերանայվող դատական ակտով կիրառված օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի այն դրույթը մեկնաբանելով, որը վերանայվող և առնվազն մեկ այլ դատական ակտում կիրառվել է հակասական մեկնաբանությամբ կամ որի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
3. Մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու նպատակով Գերագույն դատարանը վերանայում է այն դատական ակտերը, որոնք կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել արդար դատաքննության իրավունքը կամ Սահմանադրությամբ և Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված` մարդու հիմնական իրավունքները խաթարող նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Հոդված 27. |
Գերագույն դատարանի դատական տարածքը |
1. Գերագույն դատարանի դատական տարածքը Արցախի Հանրապետության տարածքն է:
Հոդված 28. |
Գերագույն դատարանի դատավորների թվակազմը և նստավայրը |
1. Գերագույն դատարանը գործում է դատարանի նախագահի և վեց դատավորի կազմով:
2. Գերագույն դատարանի նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում:
Գ Լ ՈՒ Խ 6
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Հոդված 29. |
Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահները |
1. Առաջին ատյանի դատարանի նախագահը՝
1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը.
2) Դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով բաշխում, իսկ դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է գործերը.
3) դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով (այսուհետ՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով).
4) դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.
5) վերահսկում է դատարանի աշխատակազմի գործունեությունը.
6) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
7) դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ և Ընդհանուր ժողով,
8) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Վերաքննիչ դատարանի նախագահն օժտված է առաջին ատյանի դատարանի նախագահի, ինչպես նաև սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Գերագույն դատարանի նախագահին վերապահված լիազորություններով:
3. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահներն արձակուրդի կամ գործուղման մեկնելիս համապատասխան դատարանի դատավորներից նշանակում են իրենց փոխարինող:
4. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահների ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրանց փոխարինում է համապատասխան դատարանի տարիքով ավագ դատավորը:
Հոդված 30. |
Գերագույն դատարանի նախագահը |
1. Գերագույն դատարանի նախագահը՝
1) ապահովում է Գերագույն դատարանի բնականոն գործունեությունը.
2) Դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով ձևավորում է դատական կազմը և նշանակում նախագահող դատավորին.
3) Դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով բաշխում, իսկ դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է գործերը.
4) դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով.
5) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակման է ուղարկում Գերագույն դատարանի որոշումները.
6) Գերագույն դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.
7) վերահսկում է Գերագույն դատարանի աշխատակազմի գործունեությունը.
8) ներկայացնում է Գերագույն դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում,
9) դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ և Ընդհանուր ժողով.
10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։
2. Գերագույն դատարանի նախագահն արձակուրդի կամ գործուղման մեկնելիս Գերագույն դատարանի դատավորներից մեկին նշանակում է իրեն փոխարինող:
3. Գերագույն դատարանի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրան փոխարինում է Գերագույն դատարանի տարիքով ավագ դատավորը:
Գ Լ ՈՒ Խ 7
ԴԱՏԱՐԱՆԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 31. |
Դատարանների ֆինանսավորումը |
1. Դատարանների ֆինանսավորումն իրականացվում է Դատական դեպարտամենտի միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և ստորաբաժանումների ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում առանձին տողով` որպես Արցախի Հանրապետության դատարաններ:
2. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների կողմից ներկայացված հայտերի հիման վրա նախապատրաստվում են դատարանների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջետային հայտը, այնուհետև Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից դրանք ներկայացվում են Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանը: Հաստատված բյուջետային հայտը և միջնաժամկետ ծախսերի ծրագիրը առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշմամբ սահմանված ժամկետներում ներկայացվում են Կառավարություն` պետական բյուջեի նախագծում ներառելու համար:
3. Դատարանների բյուջետային հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում անփոփոխ, իսկ առարկության դեպքում` փոփոխված, ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Դատարանների բյուջետային հայտը և դրա վերաբերյալ Կառավարության կողմից կատարված փոփոխությունների հիմնավորումը պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողով (այսուհետ՝ Ազգային ժողով): Կառավարությունը բյուջետային հայտի վերաբերյալ իր փոփոխությունների հիմնավորումը ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդ:
4. Սահմանված ժամկետում բյուջետային հայտը չընդունվելու կամ պետական բյուջեն չհաստատելու դեպքերում, մինչև դրա ընդունումը կամ հաստատումը, ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:
5. Բյուջետային հայտը պետք է պարունակի դատարանների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
6. Բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշումը բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ Ազգային ժողովում ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչը:
7. Դատարանների բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է դատարանների պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով դատարանների համար նախատեսված ծախսերի 2 տոկոսին: Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ:
8. Դատարանների նախագահների խորհուրդը դատարանների պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում դիմում է Կառավարությանը:
9. Դատարանների բնականոն գործունեության ապահովման համար դատարանների պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Կառավարությունը պակասը լրացնում է Կառավարության պահուստային ֆոնդից:
Հոդված 32. |
Դատարանների գործունեության նյութատեխնիկական ապահովումը |
1. Դատարանների գործունեության նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Դատական դեպարտամենտը:
2. Դատական դեպարտամենտի կողմից նյութատեխնիկական ապահովման աջակցման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
Բ Ա Ժ Ի Ն 2
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Գ Լ ՈՒ Խ 8
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 33. |
Դատավորի ապաքաղաքականացվածությունը |
1. Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ հիմնադիր կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Դատավորը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատավորը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Դատավորը չի կարող մասնակցել նախընտրական քարոզչությանը:
3. Դատավորների մասնագիտական միավորման կամ դատավորների ինքնակառավարման մարմինների կողմից դատական իշխանության գործունեությունը կարգավորող կամ դրանց առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական քննարկումները կամ եզրակացությունները, դատական իշխանության բնականոն գործունեության վերաբերյալ քննարկումները և հայտարարությունները, այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն:
Հոդված 34. |
Դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջները |
1. Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
2. Դատավորը կարող է զբաղեցնել ոչ առևտրային կազմակերպությունում պաշտոն, եթե՝
1) իր գործունեությունն այդ պաշտոնում իրականացվում է անհատույց.
2) համապատասխան դատարանում կամ ստորադաս դատարանում չի քննվում կամ ողջամտորեն չի ակնկալվում գործ, որը կապված է այդ կազմակերպության շահերի հետ.
3) այդ պաշտոնը չի ենթադրում ֆինանսական միջոցների տնօրինում, կազմակերպության անունից քաղաքացիաիրավական գործարքների կնքում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպության գույքային շահերի ներկայացուցչության իրականացում:
3. Դատավորը չի կարող գործել որպես գույքի հավատարմագրային կառավարիչ կամ կտակակատար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նա անհատույց գործում է իր մերձավոր ազգականների կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի գույքի կապակցությամբ, եթե հավատարմագրային կառավարիչ լինելը չի ենթադրում ձեռնարկատիրական գործունեության իրականացում։
4. Դատավորը չպետք է հանդես գա որպես ներկայացուցիչ կամ տրամադրի խորհրդատվություն, այդ թվում` անհատույց հիմունքներով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում:
5. Սույն օրենսգրքի իմաստով մերձավոր ազգական են հանդիսանում՝ դատավորի ամուսինը, դատավորի կամ նրա ամուսնու ծնողը, զավակը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ծոռը, եղբոր կամ քրոջ ամուսինը, զավակի ամուսինը, ինչպես նաև որդեգրողը կամ որդեգրվածը:
Հոդված 35. |
Դատավորի զինվորական ամրագրումը |
1. Դատավորն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է զորահավաքներից, վարժական հավաքներից, զինվորական վարժանքներից և զորավարժություններից:
Հոդված 36. |
Դատավորի անձեռնմխելիությունը |
1. Դատավորը Սահմանադրության 137-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար՝ բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ։
2. Սահմանադրության 137-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ:
3. Դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: Դատավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: Ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին: Ձերբակալումը կատարած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի անարգել մուտքն այն վայր, որտեղ պահվում է ձերբակալված դատավորը և ապահովել նրա տեսակցությունը դատավորի հետ:
4. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ՝ գլխավոր դատախազ):
5. Խուզարկություն, զննում, փաստաթղթերի կամ իրերի առգրավում կատարելու համար դատարանի շենք մուտք գործելն իրականացվում է դատարանի նախագահի և Բարձրագույն դատական խորհրդի իրազեկմամբ:
6. Պաշտոնավարման ընթացքում և լիազորությունները դադարեցվելուց կամ դադարելուց հետո դատավորը չի կարող հարցաքննվել որպես վկա իր քննած գործի վերաբերյալ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
7. Ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը չի վերացնում սույն հոդվածում ամրագրված անձեռնմխելիության երաշխիքները:
Հոդված 37. |
Դատավորի անփոփոխելիությունը |
1. Դատավորը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը:
Հոդված 38. |
Դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանվող հավելավճարները |
1. Դատավորի համար Սահմանադրության 137-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Դատավորի վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
2. Դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանված հավելավճարները չեն կարող պակասեցվել նրա պաշտոնավարման ընթացքում:
3. Դատավորն օգտվում է այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված սոցիալական երաշխիքներից:
Հոդված 39. |
Դատավորի արձակուրդը |
1. Դատավորն ունի ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ:
2. Դատավորին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատարանի բնականոն գործունեության իրականացումը: Դատավորներին ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
3. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, դատարանի նախագահի կողմից դատավորին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ տարեկան հանրագումարային մինչև 30 օր տևողությամբ: Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատավորն ունի մինչև 30 աշխատանքային օր տևողությամբ չվճարվող արձակուրդի իրավունք:
4. Արձակուրդի տրամադրման հետ կապված վեճերը լուծվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից:
Հոդված 40. |
Դատավորի` կրթական ծրագրերին մասնակցելու իրավունքը |
1. Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի, դատավորն իրավունք ունի մասնակցելու այլ կրթական վերապատրաստման ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների:
2. Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է դատարանի նախագահը:
3. Այն դեպքում, երբ դատավորը ստացել է դատարանի նախագահի թույլտվությունը, այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ դատավորի բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ:
4. Թույլտվություն չտրամադրելու հետ կապված վեճերը լուծվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից:
Հոդված 41. |
Դատավորի անձնական գործը |
1. Դատական դեպարտամենտը յուրաքանչյուր դատավորի վերաբերյալ կազմում և վարում է անձնական գործ:
2. Դատավորի անձնական գործը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) տեղեկություններ` դատավորի անվան, ազգանվան, ծննդյան տարեթվի, մշտական բնակության վայրի, կրթության և օտար լեզուների իմացության մասին.
2) դատավորի նշանակման մասին ակտի պատճենը.
3) տեղեկություններ` համապատասխան կազմակերպությունում ուսանելու ընթացքում դատավորի առաջադիմության և դատարաններում փորձաշրջանի ընթացքի վերաբերյալ.
4) տեղեկություններ` դատավորի պաշտոնում աշխատելու ժամանակ դատավորի անցած վերապատրաստման դասընթացների և ժամաքանակի վերաբերյալ.
5) դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ կարգապահական գործի վարույթը կարճելու կամ դատավորի լիազորությունները դադարեցնելու կամ դադարելու վերաբերյալ որոշումների պատճենները.
6) դատավորի և իր հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը.
7) Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված այլ տեղեկություններ:
3. Բարձրագույն դատական խորհրդի կողմից կարող են սահմանվել անձնական գործում ներառվող այլ տեղեկություններ:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-7-րդ կետերում նշված տեղեկությունները հրապարակման ենթակա չեն՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Դատավորից բացի, իրենց լիազորություններն իրականացնելիս նրա անձնական գործին իրավունք ունեն ծանոթանալու դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը, Բարձրագույն դատական խորհուրդը և Դատարանների նախագահների խորհուրդը:
Հոդված 42. |
Դատավորի աշխատակազմը |
1. Առաջին ատյանի դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի մեկ օգնական և մեկ գործավար: Վերաքննիչ և Գերագույն դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի մեկ օգնական: Գերագույն դատարանի նախագահն ունի նաև մեկ խորհրդական:
2. Դատավորի խորհրդականը, օգնականը և գործավարը համարվում են դատավորին կցվող դատական ծառայողներ:
Հոդված 43. |
Դատավորի ծառայողական վկայականը |
1. Դատավորին իր գործունեության ողջ ժամանակահատվածի համար Ազգային ժողովի նախագահի կողմից տրվում է ծառայողական վկայական:
Հոդված 44. |
Դատավորի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները |
1. Դատավորներն ունեն հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով:
2. Դատավորը և նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Դատավորի, նրա ընտանիքի անդամների, նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների, մեքենաների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ դրա սպառնալիքի դեպքում դատավորն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու դիմում է ներկայացնում իրավասու պետական մարմիններին, որոնք պարտավոր են անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ դատավորի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների, մեքենաների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Հոդված 45. |
Դատավորի գործուղման և արտագնա նիստերի հետ կապված ծախսերը |
1. Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս դատավորին վճարվում է Կառավարության կողմից սահմանված չափով գործուղման, իսկ իր մշտական բնակության վայրից դուրս այլ նստավայր (շրջանից շրջան, շրջանից Ստեփանակերտ և հակառակը) տեղափոխվելու դեպքում` նաև իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման և բնակության հետ կապված ծախսերը:
2. Օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցվում են Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ՝ Կառավարության կողմից սահմանված չափով։
Հոդված 46. |
Դատավորի անհապաղ ընդունելության իրավունքը |
1. Դատավորն ունի անհապաղ ընդունելության իրավունք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Դատարանների նախագահների խորհրդի նախագահի մոտ:
Գ Լ ՈՒ Խ 9
ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 47. |
Դատավորի վարքագծի կանոնները |
1. Դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով։
2. Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատավորների համար: Դատավորը պարտավոր է պահանջել, որ ապահովվի սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասով, 50-րդ հոդվածի 1-ին մասի 9-10-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների պահպանումը դատարանի աշխատակազմի կամ այն անձանց կողմից, ովքեր դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո են: Դատարանի աշխատակազմի կամ դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո գտնվող անձանց կողմից վարքագծի կանոնների խախտում թույլ տալու դեպքում դատավորը դրա մասին հայտնում է դատական ծառայողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառող իրավասու մարմնին:
3. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց համար սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ:
4. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը դատավորի գրավոր պահանջով տալիս է խորհրդատվական բնույթի մեկնաբանություններ դատավորի վարքագծի կանոնների վերաբերյալ:
Հոդված 48. |
Վարքագծի կանոնների նպատակը և դրանց պահպանմանը հետևելու պարտականությունը |
1. Դատավորը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով ապահովել դատարանի անկախությունն ու անաչառությունը, ինչպես նաև նպաստել դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն այդ նպատակի իրականացմանը:
2. Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով իր գործընկերների կողմից դրանց պահպանմանը:
Հոդված 49. |
Դատավորի պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի ընդհանուր կանոնները |
1. Դատավորը պարտավոր է՝
1) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս զերծ մնալ դատական իշխանության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող, դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, այդ թվում՝ հօգուտ որևէ անձի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված անձնական երաշխավորություն տալուց, ինչպես նաև խուսափել դատավորի կոչմանն անհարիր այնպիսի կապերից կամ այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որոնք կարող են արատավորել դատավորի հեղինակությունը, պատիվը և արժանապատվությունը.
2) զերծ մնալ օրենսդիր և գործադիր մարմինների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի և այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից և այլ միջամտությունից, ազատ լինել քննադատության մտավախությունից և անկախ մարդու համբավ ձեռք բերել անկողմնակալ դիտորդի մոտ, զերծ մնալ որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ կարծիք հայտնելուց: Սույն կետը չի կիրառվում այն դեպքում, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ կամ վերջինիս օրինական ներկայացուցիչ.
3) զերծ մնալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը և իր գործընկերների գործողությունները, մասնագիտական և անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց.
4) դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն, ձեռնպահ մնալ որևէ վարքագիծ դրսևորելուց, որը կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվելու տպավորություն ստեղծել.
5) իր համար ընդունել այնպիսի սահմանափակումներ, որոնք կապահովեն իր հավասարակշռվածության ու արդարամտության հասարակական ընկալումը.
6) չնախաձեռնել, թույլ չտալ առանց դատավարության հակառակ կողմի կամ նրա ներկայացուցչի, փաստաբանի մասնակցության («ex parte» (ընդդիմազերծ)) դատավարության մյուս կողմի կամ նրա ներկայացուցչի, փաստաբանի հետ շփումները, դատավորի կամքից անկախ «ex parte» (ընդդիմազերծ) շփումներ տեղի ունենալու դեպքում անհապաղ հայտնել դրանց բովանդակությունը այն կողմին, որը մասնակից չի եղել այդ շփումներին, և հաշվի չառնել դրանք:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված կանոնից բացառությունները թույլատրելի են միայն հետևյալ դեպքերում՝
1) երբ հանգամանքների բերումով ընդդիմազերծ շփումներն անհրաժեշտ են կազմակերպական նպատակներով, ինչպես, օրինակ, նիստի ամսաթիվը և ժամը համաձայնեցնելու կամ նմանատիպ այլ անհետաձգելի դեպքերում, և այն պայմանով, որ շփումները չեն վերաբերում գործի էությանը, դրանց արդյունքում դատավարության կողմերից մեկը չի ստանում դատավարական կամ այլ առավելություն մյուս կողմի նկատմամբ, և դատավորն անհապաղ հայտնում է այդ շփումների բովանդակությունը մյուս կողմին՝ նրան հնարավորություն տալով արձագանքելու,
2) երբ դատավորի կողմից ընդդիմազերծ շփումներ իրականացնելն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:
Հոդված 50. |
Դատավորի վարքագծի կանոնները ի պաշտոնե գործելիս |
1. Ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝
1) գործել Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան.
2) լինել անկախ և անաչառ.
3) դատական ակտերը կայացնել ինքնուրույն, ինչը չի բացառում բարդ գործերով իրավաբանական հարցերի շուրջ դատավոր գործընկերներից խորհուրդ ստանալը` պայմանով, որ վերջնական որոշումը դատավորի կողմից կայացվի ինքնուրույն.
4) բարեխղճորեն կատարել իր պաշտոնեական պարտականությունները, առաջնահերթության կարգով կատարել արդարադատության իրականացմանն ուղղված իր պարտականությունները՝ օրենքով դատավորին թույլատրված գործունեության այլ տեսակների նկատմամբ.
5) ապահովել իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունը, միջոցներ ձեռնարկել ներպետական ու միջազգային իրավունքի վերաբերյալ իր գիտելիքների հարստացման, հմտությունների և անձնական հատկանիշների շարունակական կատարելագործման ուղղությամբ.
6) առանց արդարադատության շահերին վնասելու, ողջամիտ ժամկետում և նվազագույն ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը,
7) նիստերը վարել օրենքով սահմանված հանդերձանքով, չմիջամտել ձայնագրման համակարգի անխափան աշխատանքին.
8) իր պարտականություններն իրականացնելիս դրսևորել անաչառություն, զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն ցուցաբերելուց, խտրականություն դրսևորելուց, նման տպավորություն ստեղծելուց.
9) ողջամտության սահմաններում իրեն դրսևորել այնպես, որպեսզի նվազագույնի հասցնի ինքնաբացարկի անհրաժեշտություն առաջացնող դեպքերը.
10) արդարադատության իրականացումից զատ այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկատվությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
11) համբերատար, արժանապատիվ, հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե:
Հոդված 51. |
Դատավորի վարքագծի կանոնները ոչ դատական գործունեություն իրականացնելիս |
1. Ոչ դատական գործունեություն իրականացնելիս դատավորը պարտավոր է՝
1) չօգտագործել դատավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի.
2) թույլ չտալ շահերի բախում, որպեսզի իր ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունները որևէ կերպ ազդեն ի պաշտոնե իր լիազորությունների իրականացման վրա.
3) զերծ մնալ գործի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հետ անհարկի շփումներից:
Հոդված 52. |
Դատավորի ինքնաբացարկը |
1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով կամ հարցով նրա անաչառության մեջ:
2. Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`
1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.
2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է այն հանգամանքներին, որոնք վիճարկվում են գործի քննության ընթացքում.
3) դատավորը կամ նրա մերձավոր ազգականը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորադաս դատարանում՝ որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ.
4) դատավորը գիտի, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունեն` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ.
5) դատավորը պաշտոն է զբաղեցնում ոչ առևտրային կազմակերպությունում, և գործով կարող են շոշափվել այդ կազմակերպության շահերը:
3. Սույն հոդվածի իմաստով տնտեսական շահ հասկացությունը չի ընդգրկում`
1) ներդրումային կամ կենսաթոշակային ֆոնդի կամ այլ անվանական սեփականատիրոջ միջոցով բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր կառավարելը, եթե դատավորը չգիտի այդ մասին.
2) բանկում ավանդ ունենալը, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը, վարկային կամ խնայողական միության մասնակից հանդիսանալը, եթե գործի ելքի արդյունքում այդ կազմակերպության վճարունակությանն էական վտանգ չի սպառնա.
3) Արցախի Հանրապետության կամ համայնքի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը:
4. Դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, ինչը ենթակա է բառացի արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզում ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:
Հոդված 53. |
Դատավորի ոչ դատական գործունեությունից ստացվող հատուցումները |
1. Դատավորին գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց դատավոր չհանդիսացող անձը կարող էր հավակնել:
2. Սույն հոդվածի 1-ին մասի կանոններին համապատասխան իրականացվող ոչ դատական գործունեության համար դատավորը կարող է ստանալ ծախսերի հատուցում, եթե նման հատուցումների աղբյուրը ողջամտորեն չի կարող ընկալվել որպես դատական պարտականությունների կատարման հարցում դատավորի վրա ներգործություն, և ծախսերի հատուցումը սահմանափակվում է դատավորի (իրադարձությանը համապատասխան դեպքերում՝ նաև նրա ամուսնու) ճանապարհածախսի, սննդի և բնակության ողջամիտ ծախսերի իրական արժեքով:
Հոդված 54. |
Դատավորի` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը |
1. Դատավորն իրավունք չունի լինելու անհատ ձեռնարկատեր:
2. Դատավորն իրավունք չունի լինելու տնտեսական ընկերությունների մասնակից (բաժնետեր) կամ վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու, եթե`
1) բացի ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելուց, դատավորը ներգրավվում է նաև այդ կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը, կամ
2) ողջամտորեն ենթադրվում է, որ առևտրային կազմակերպությունը համապատասխան դատարանում հաճախ հանդես է գալու որպես գործին մասնակցող անձ,
3) դատավորը կամ նրա ընտանիքի անդամները (ամուսին, ծնող, զավակ, պապ, տատ, թոռ, որդեգրող, որդեգրված) կամ վերջիններս միասին տիրապետում են ընկերության կանոնադրական կապիտալի կամ ընկերակցության բաժնեհավաք կապիտալի 10 տոկոսից ավելիին:
3. Դատավորը պետք է ձգտի կառավարել իր ներդրումներն այնպես, որ նվազագույնի հասցնի այն գործերի քանակը, որոնցով նա պետք է ինքնաբացարկ հայտնի:
Հոդված 55. |
Դատավորի կողմից նվերներ ընդունելու արգելքը |
1. Դատավորը չպետք է որևէ մեկից նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա: Դատավորը պետք է ձգտի զերծ պահել իր հետ բնակվող ընտանիքի անդամներին այդպիսի գործողություններից:
2. Սույն օրենքի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Սույն օրենքի իմաստով «նվեր» հասկացությունն ընդգրկում է նաև ներված պահանջը, անհատույց և ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը և այլ գործողություններ, որոնց արդյունքում անձը ստանում է օգուտ (առավելություն):
3. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում՝
1) հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների և պարգևների վրա.
2) դատավորի հետ բնակվող ընտանիքի այլ անդամի կողմից իր ձեռնարկատիրական, մասնագիտական կամ այլ բնույթի գործունեության հետ կապված ստացված նվերի վրա, այդ թվում` այն նվերի, որը կարող է համատեղ օգտագործվել ընտանիքի այլ անդամների, այդ թվում` դատավորի կողմից, սակայն պայմանով, որ նման նվերը չի կարող ողջամտորեն ընկալվել որպես դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված.
3) կենցաղային հյուրընկալության դեպքում տրվող նվերների վրա.
4) հատուկ իրադարձությունների, մասնավորապես՝ ամուսնության, հոբելյանի կամ ծննդյան կապակցությամբ ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերի վրա, եթե նվերն իր էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է իրադարձությանը և միմյանց միջև հարաբերությունների բնույթին.
5) ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերի վրա, եթե նվերն իր էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին.
6) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի վրա, որը տրվել է հրապարակային մրցույթի արդյունքում` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում.
7) ֆինանսական կազմակերպություններից սովորական կամ ընդհանուր պայմաններով ստացած փոխառության վրա:
4. Եթե սույն հոդվածով թույլատրելի համարվող նվերները, որոնք օրացուցային տարվա ընթացքում ստացվել են նույն անձից, իրենց արժեքով գերազանցում են 250 000 ՀՀ դրամը, կամ օրացուցային տարում ստացված թույլատրելի համարվող բոլոր նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է 1 000 000 ՀՀ դրամը, ապա դատավորը պարտավոր է դրա մասին տասնօրյա ժամկետում հայտնել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով:
5. Եթե դատավորին հայտնի է դառնում, որ իր մերձավոր ազգականին տրվել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված, ապա նա պարտավոր է դրա մասին տեղեկություն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայտնել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով:
6. Եթե դատավորին տրվել է սույն հոդվածով թույլատրելի չհամարվող նվեր, որը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը նվերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում հնարավոր չէ, ապա նա պարտավոր է նվերը ստանալուց հետո երկամսյա ժամկետում այն հանձնել Արցախի Հանրապետությանը՝ Կառավարության սահմանած կարգով:
Հոդված 56. |
Դատավորի կողմից ֆինանսական հայտարարագիր ներկայացնելը |
1. Դատավորը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ներկայացվող հայտարարագրի պատճենն ուղարկել Դատական դեպարտամենտ:
Գ Լ ՈՒ Խ 10
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Հոդված 57. |
Դատավորների գործունեության գնահատումը |
1. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդ դիմում ներկայացրած դատավորների գործունեությունը ենթակա է գնահատման:
2. Դատավորների գործունեության գնահատման նպատակն է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը:
3. Դատավորների գործունեության գնահատումն իրականացնում է Դատարանների նախագահների խորհուրդը՝ քանակական և որակական չափանիշների հիման վրա:
4. Քանակական գնահատում իրականացվում է դիմում ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատավորի գործունեությունը Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ սահմանված կարգով հավաքագրված տվյալների հիման վրա գնահատելու միջոցով, իսկ որակական գնահատումն իրականացվում է սույն օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված չափանիշների հիման վրա:
5. Նախկին դատավորների գործունեության գնահատումն իրականացվում է նրանց պաշտոնավարման վերջին երեք տարիների կտրվածքով:
Հոդված 58. |
Դատավորների գործունեության գնահատման չափանիշները |
1. Դատավորների գործունեության գնահատման քանակական չափանիշներն են՝
1) դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և քանակական կատարողականը.
2) ըստ գործերի առանձին տեսակների՝ գործերի քննության միջին տևողությունը (հաշվարկի միավոր` օր).
3) դատավորի կողմից դատավարական առանձին գործողությունների կատարման համար օրենքով սահմանված ժամկետների պահպանումը:
2. Դատավորների գործունեության գնահատման որակական չափանիշներն են՝
1) դատական ակտերի պատճառաբանման կարողությունը, մասնավորապես՝
ա. դատական ակտերի կառուցվածքին ներկայացվող պահանջները պահպանելը,
բ. դատական ակտի հստակությունը,
գ. գրավոր խոսքի մատչելիությունը,
դ. վերլուծական հմտությունները,
ե. դատական ակտի եզրափակիչ մասի որոշակիությունը.
2) մասնագիտական կարողությունները՝
ա. դատավարության մասնակիցների նկատմամբ անաչառ վերաբերմունքը,
բ. ինքնատիրապետումը պահպանելու կարողությունը,
գ. դատական նիստը վարելու հմտությունները:
3. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորների գործունեության գնահատման կարգը, մեթոդաբանությունը և դատավորների գործունեության գնահատման համար անհրաժեշտ այլ մանրամասները:
4. Որակական չափանիշներով գնահատման համար Դատարանների նախագահների խորհուրդը պետք է ուսումնասիրի դատավորի քննած գործերի արձանագրություններ և այդ գործերով կայացված դատական ակտեր, որոնց քանակը, ընտրության կարգը և այլ մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
Հոդված 59. |
Դատավորների գործունեության գնահատման արդյունքների ամփոփումը |
1. Քանակական և որակական չափանիշներով իրականացված գնահատման ընդհանուր արդյունքների հիման վրա, ըստ յուրաքանչյուր չափանիշի և ըստ գնահատումների հանրագումարի, դատավորների գործունեությունը գնահատվում է՝
1) բարձր.
2) լավ.
3) միջին.
4) ցածր:
2. Գնահատման արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելիս ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում դատավորի համար բարենպաստ որոշումը:
3. Դատարանների նախագահների խորհուրդը դատավորին և Բարձրագույն դատական խորհրդին եռօրյա ժամկետում ուղարկում է գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումը:
4. Դատավորը կարող է գնահատման արդյունքների վերաբերյալ Դատարանների նախագահների խորհրդի որոշման դեմ ներկայացնել առարկություն, որը կցվում է այդ որոշմանը:
5. Գնահատման արդյունքների վերաբերյալ Դատարանների նախագահների խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել Բարձրագույն դատական խորհրդին՝ որոշումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:
6. Դատարանների նախագահների խորհրդի որոշումը Բարձրագույն դատական խորհրդի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է տվյալ դատավորի գործունեության նոր գնահատում՝ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:
7. Գնահատման արդյունքները՝ դրանց համար հիմք հանդիսացող նյութերով, ներկայացվում են Բարձրագույն դատական խորհրդին:
Հոդված 60. |
Դատավորների գործունեության գնահատման հետևանքները |
1. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատվելու դեպքում դատավորը գնահատմանը հաջորդող տարվանից սկսած երեք տարվա ընթացքում չի կարող Բարձրագույն դատական խորհրդին առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմում ներկայացնել:
2. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատվելու դեպքում Դատարանների նախագահների խորհուրդը որոշում է կայացնում դատավորին իր համաձայնությամբ լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու մասին՝ սահմանելով այն չափանիշները, որոնցով նրա հմտությունները կատարելագործվելու անհրաժեշտություն ունեն: Դատարանների նախագահների խորհրդի որոշումը տրամադրվում է Բարձրագույն դատական խորհրդին` վերապատրաստման ուղղությունները որոշելու նպատակով:
Հոդված 61. |
Դատարանների նախագահների խորհրդի և Բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավորների գործունեության գնահատումը |
1. Դատարանների նախագահների խորհրդի և Բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավորների գնահատումն իրականացվում է սույն գլխով սահմանված ընդհանուր կարգով:
2. Դատարանների նախագահների խորհրդի անդամը չի մասնակցում իր գործունեության գնահատմանը և արդյունքների ամփոփմանը:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 11
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
Հոդված 62. |
Դատավորների ընդհանուր ժողովը |
1. Ընդհանուր ժողովը կազմված է Արցախի Հանրապետության բոլոր դատավորներից:
2. Արցախի Հանրապետության դատավորների հերթական Ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին առնվազն մեկ անգամ` Գերագույն դատարանի նախագահի կողմից: Արցախի Հանրապետության դատավորների արտահերթ Ընդհանուր ժողով կարող է հրավիրվել դատավորների առնվազն մեկ երրորդի կամ Գերագույն դատարանի նախագահի կողմից:
3. Ընդհանուր ժողովը`
1) ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին.
2) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
4. Ընդհանուր ժողովը գործում է իր հաստատած կանոնակարգին համապատասխան:
5. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Ընդհանուր ժողովի կանոնակարգով նախատեսված դեպքերում, ինչպես նաև Ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է իրականացվել փակ քվեարկություն: Ընդհանուր ժողովում ընտրություններն իրականացվում են քվեաթերթիկներով` գաղտնի քվեարկությամբ:
6. Ընդհանուր ժողովը նախագահում է Գերագույն դատարանի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Գերագույն դատարանի նախագահին փոխարինող անձը:
Հոդված 63. |
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը |
1. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը ձևավորվում է Ընդհանուր ժողովի կողմից:
2. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն իրականացնում է սույն օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունները:
3. Դատարանների նախագահները և Բարձրագույն դատական խորհրդի անդամները չեն կարող լինել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ:
4. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում են առաջին ատյանի, վերաքննիչ և Գերագույն դատարանների դատավորներից ընտրված մեկական անդամներ:
5. Ընդհանուր ժողովի անդամը կարող է առաջադրվել որպես Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրման կամ Ընդհանուր ժողովի որևէ այլ անդամի կողմից իր համաձայնությամբ առաջադրվելու եղանակով:
6. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներն ընտրվում են Ընդհանուր ժողովի անդամների կողմից` գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով:
7. Քվեարկությունն անցկացվում է յուրաքանչյուր դատարանի համար առանձին քվեաթերթիկներով: Քվեաթերթիկում ներառվում են համապատասխան դատարանի բոլոր այն դատավորների անունները, որոնք առաջադրվել են սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով: Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյան վերևում: Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Քվեարկելիս դատավորն ունի մեկ ձայնի իրավունք: Ընտրված են համարվում առավել շատ ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ունի դատավորի պաշտոնում պաշտոնավարման ավելի երկար ստաժ, իսկ ստաժի հավասարության դեպքում` այն թեկնածուն, որն ունի ավելի երկար մասնագիտական աշխատանքային ստաժ: Մեկ թեկնածու առաջադրվելու դեպքում նա համարվում է ընտրված ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:
8. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների թեկնածուներին գրանցելու, ինչպես նաև քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու և քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով՝ կազմված երեք անդամից, որոնց ընտրում է Ընդհանուր ժողովը՝ բաց քվեարկությամբ: Դատավորները կարող են առաջադրվել որպես հաշվիչ հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրման կամ Ընդհանուր ժողովի որևէ այլ մասնակցի կողմից իրենց համաձայնությամբ առաջադրվելու եղանակով: Հաշվիչ հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է Ընդհանուր ժողովի կանոնակարգով:
9. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն իր կազմից` հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:
Հոդված 64. |
Դատավորների ընդհանուր ժողովի բնականոն գործունեության ապահովումը |
1. Ընդհանուր ժողովին Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովում է Դատական դեպարտամենտը:
Գ Լ ՈՒ Խ 12
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 65. |
Բարձրագույն դատական խորհուրդը |
1. Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրության 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Հոդված 66. |
Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները |
1. Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրության 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կազմված է հինգ անդամից:
2. Սահմանադրության 144-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի ընտրված անդամ կարող է լինել դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն ունեցող դատավորը: Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատարանի նախագահ:
3. Սահմանադրության 144-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է լինել Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնական և այլ հեղինակավոր իրավաբան հանդիսացող անձը:
4. Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, ով հանդիսանում է դատավոր:
5. Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող նշանակվել այն անձը՝
1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
2) որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով.
3) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.
4) ով ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն:
Հոդված 67. |
Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության կարգը |
1. Բարձրագույն դատական խորհրդի երեք անդամներին ընտրում է Ընդհանուր ժողովն ինքնաառաջադրման կամ Ընդհանուր ժողովի որևէ այլ անդամի կողմից իրենց համաձայնությամբ առաջադրված թեկնածուներից՝ հաշվի առնելով սույն օրենսգրքով սահմանված՝ Ընդհանուր ժողովի կողմից իրականացվող ընտրությանը ներկայացվող պահանջները:
2. Բարձրագույն դատական խորհրդում պետք է ընդգրկվեն դատավորներ առաջին ատյանի, վերաքննիչ և Գերագույն դատարաններից:
3. Բարձրագույն դատական խորհրդի՝ Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամի տեղը թափուր մնալու դեպքում նոր անդամի ընտրությունը կատարվում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով՝ երկամսյա ժամկետում, իսկ եթե Բարձրագույն դատական խորհրդում Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամների թիվը պակաս է երկուսից, ապա՝ մեկշաբաթյա ժամկետում:
4. Սահմանադրության 144-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամը նշանակվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
5. Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամի նշանակման մանրամասները սահմանվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքով:
Հոդված 68. |
Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների ընտրության ժամանակ քվեարկության կարգը |
1. Բարձրագույն դատական խորհրդի՝ Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամների ընտրության ժամանակ քվեարկությունը գաղտնի է, տեղի է ունենում քվեաթերթիկներով: Քվեաթերթիկները պատրաստվում են ըստ դատարանների: Քվեաթերթիկներում ներառվում են բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են սույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջները: Քվեաթերթիկների պատրաստման կարգը և քվեաթերթիկներին ներկայացվող պահանջները սահմանում է Ընդհանուր ժողովը:
2. Յուրաքանչյուր քվեաթերթիկով քվեարկելիս դատավորն ունի մեկ ձայնի իրավունք: Յուրաքանչյուր տեղի համար ընտրված է համարվում քվեարկությանը մասնակցած դատավորների առավել շատ ձայներ ստացած դատավորը:
3. Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ժամկետն սկսվում է Ընդհանուր ժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից: Ընդհանուր ժողովի որոշումն ուժի մեջ է մտնում դահլիճում հրապարակման պահից:
Հոդված 69. |
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը |
1. Բարձրագույն դատական խորհուրդն իր դատավոր անդամների կազմից ընտրում է խորհրդի նախագահ:
2. Ընտրված է համարվում նիստին ներկա անդամների առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Բարձրագույն դատական խորհրդի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալու կամ հրաժարվելու քվեարկությունից:
3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը պաշտոնավարում է հինգ տարի ժամկետով:
4. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրում և վարում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը, Բարձրագույն դատական խորհրդի անունից ստորագրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար կամ այլ անձանց հասցեագրվող գրությունները, իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ գործառույթներ:
5. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում նոր նախագահի ընտրությունը կատարվում է սույն հոդվածով սահմանված կարգով՝ տասնհինգօրյա ժամկետում:
6. Մինչև Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի ընտրությունը վերջինիս լիազորությունները ժամանակավորապես կատարում է տարիքով ավագ դատավոր անդամը:
Հոդված 70. |
Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը և դադարեցումը |
1. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարման դեպքերն են՝
1) լիազորությունների ժամկետն ավարտվելը.
2) Արցախի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը.
3) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելը.
4) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը.
5) նրա հրաժարականը.
6) նրա մահը.
7) դատավոր հանդիսանալու դեպքում՝ վերջինիս լիազորությունների դադարեցումը կամ դադարումը:
2. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են՝
1) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ ավելի քան վեց ամիս օրացուցային տարվա ընթացքում իր պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության, կամ ընտրվելուց հետո իր պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու դեպքում.
2) երեք ամսվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքներին անհարգելի պատճառով երեք և ավելի անգամ անընդմեջ չմասնակցելու դեպքում.
3) մեկ անգամ քվեարկությունից հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու դեպքում, բացառությամբ սույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի:
3. Սահմանված ժամկետում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նիստ չհրավիրվելու դեպքում այն հրավիրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների մեկ երրորդի կողմից:
4. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է որոշում:
5. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքերում խորհրդի նախագահը 24 ժամվա ընթացքում դիմում է Հանրապետության նախագահին, Ազգային ժողով կամ Ընդհանուր ժողով՝ Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ նշանակելու համար:
Հոդված 71. |
Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ժամկետը |
1. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի:
2. Բարձրագույն դատական խորհրդի անդամների լիազորությունները դադարում են նրանց պաշտոնավարման ժամկետը լրանալու հաջորդ օրը:
Հոդված 72. |
Բարձրագույն դատական խորհրդի անդամի մասնակցությունը որոշումներ կայացնելուն |
1. Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:
2. Բարձրագույն դատական խորհրդի՝ Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը չի մասնակցում այն որոշումների կայացմանը, քվեարկություններին, նիստի մի մասին, որոնք վերաբերում են`
1) Բարձրագույն դատական խորհրդի կողմից իր կամ իր մերձավոր ազգականի` որպես դատավորի լիազորությունները դադարեցնելուն, իր կամ իր մերձավոր ազգական հանդիսացող դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալուն.
2) իրեն կամ իր մերձավոր ազգական հանդիսացող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն.
3) որպես դատարանի նախագահ կամ այլ դատարանի դատավոր առաջարկելու նպատակով իր կամ իր մերձավոր ազգականի թեկնածության քննարկմանը.
4) իրեն կամ իր մերձավոր ազգականին դատավորի թեկնածուների կամ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ներառելուն կամ ցուցակից հանելուն.
5) իր կամ իր մերձավոր ազգականի կողմից գործունեության գնահատման վերաբերյալ որոշումների դեմ ներկայացված բողոքների քննությանը:
3. Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի մասնակցում այն որոշումների կայացմանը, քվեարկություններին, նիստի մի մասին, որոնք վերաբերում են`
1) իր մերձավոր ազգականին դատավորի թեկնածուների կամ իրեն կամ իր մերձավոր ազգականին առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ներառելուն կամ ցուցակից հանելուն,
2) իրեն կամ իր մերձավոր ազգականին դատավոր նշանակելու վերաբերյալ առաջարկելուն.
3) իր մերձավոր ազգական հանդիսացող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման կայացմանը, լիազորությունները դադարեցնելուն, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալուն.
4) իր մերձավոր ազգականի կողմից գործունեության գնահատման վերաբերյալ որոշումների դեմ ներկայացված բողոքների քննությանը:
4. Բարձրագույն դատական խորհրդի անդամը պարտավոր է Բարձրագույն դատական խորհրդին նախօրոք գրավոր տեղեկացնել իր այն մերձավոր ազգականների վերաբերյալ, որոնց կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից պետք է կայացվի որոշում կամ իրականացվի քվեարկություն:
5. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը խորհրդի նիստի ընթացքում պարզում է սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված՝ խորհրդի անդամի ներկայությունը բացառող հանգամանքների առկայությունը և դրանց առկայության դեպքում Բարձրագույն դատական խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդում քննարկվող հարցը Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան անդամի բացակայությամբ քննելու մասին հարցը:
Հոդված 73. |
Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները |
1. Բարձրագույն դատական խորհուրդը`
1) կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Ազգային ժողովին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին.
3) Ազգային ժողովին առաջարկում է նշանակման ենթակա դատարանների նախագահների թեկնածուներին.
4) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.
5) լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.
6) լուծում է դատավորների լիազորությունների դադարեցման կամ դադարման հարցը.
7) հաստատում է դատարանների, ինչպես նաև Դատական դեպարտամենտի ծախսերի նախահաշիվները և ներկայացնում Կառավարություն` օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.
8) դադարեցնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները.
9) իր նախաձեռնությամբ կամ այլ անձանց առաջարկով քննարկում է դատարանների և դատավորի անկախության հետ կապված կամ այն վտանգող յուրաքանչյուր հարց և առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններին դրանց լուծման վերաբերյալ.
10) սահմանում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքը, վարման կարգը, կայքում զետեղվող այլ տեղեկատվությունը, դատական ակտերի` Արցախի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու կարգը.
11) հաստատում է պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը.
12) մշակում և հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության կանոնները.
13) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը, դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման ցանկը.
14) սահմանում է դատավորների և Գերագույն դատարանի կնիքների, դրոշմակնիքների նկարագրությունը և տրամադրման կարգը.
15) հաստատում է դատավորների վերապատրաստման կարգը.
16) սահմանում է դատավորների գործունեության գնահատման կարգը, մեթոդաբանությունը և դատավորների գործունեության գնահատման անհրաժեշտ այլ մանրամասները.
17) լուծում է դատավորի գործունեության գնահատման արդյունքների բողոքարկման հետ կապված վեճերը.
18) սահմանում է դատական վիճակագրության հավաքման կարգը.
19) սահմանում է ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը.
20) սահմանում է դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգը, դատական վիճակագրության վարման կարգը, ինչպես նաև, դատական իշխանության գործառույթների արդյունավետ իրականացման կարիքներից ելնելով, կարող է սահմանել դատական վիճակագրության վարման լրացուցիչ վիճակագրական դասակարգիչներ.
21) սահմանում է դատավորներին ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու կարգը.
22) լուծում է արձակուրդի տրամադրման հետ կապված և դատավորի` կրթական ծրագրերին մասնակցելու համաձայնություն չտալու վեճերը.
23) սահմանում է որակավորման գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, գրավոր քննության և հարցազրույցի կազմակերպման, անցկացման և գնահատման կարգը.
24) սահմանում է Բարձրագույն դատական խորհրդում քվեարկությունների համար անհրաժեշտ քվեաթերթիկների պատրաստման կարգը և դրանց ներկայացվող պահանջները,
25) սահմանում է անձնական տվյալների ապանձնավորման կարգը.
26) հաստատում է թարգմանչի նշանակման կարգը.
27) հաստատում է դատարանների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջետային հայտը.
28) կայացնում է Դատական դեպարտամենտի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.
29) ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
2. Բարձրագույն դատական խորհուրդն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և «Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդ» գրառմամբ կնիք:
Գ Լ ՈՒ Խ 13
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 74. |
Բարձրագույն դատական խորհրդի նիստերը |
1. Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու, Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, գործունեության գնահատման վերաբերյալ որոշումների դեմ ներկայացված բողոքների վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով:
2. Բարձրագույն դատական խորհրդի նիստերը հրավիրում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով: Բարձրագույն դատական խորհրդի նիստ հրավիրելու առաջարկ կարող է ներկայացնել Ընդհանուր ժողովը, ինչպես նաև դատավորը՝ իր անկախության հետ կապված կամ այն վտանգող հարցի կապակցությամբ:
3. Բարձրագույն դատական խորհրդի նիստերին խորհրդի նախագահի կամ անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ կարող են հրավիրվել այլ անձինք:
4. Բարձրագույն դատական խորհրդի նիստերը որպես դատարան հանդես գալու, ինչպես նաև դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների կազմման և հաստատման, Ազգային ժողովին նշանակման ենթակա դատավորների թեկնածուներ առաջարկելու դեպքերում անցկացվում են դռնբաց, եթե Բարձրագույն դատական խորհուրդը նիստերը դռնփակ անցկացնելու մասին որոշում չի կայացնում:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով չնախատեսված դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնփակ են, եթե Բարձրագույն դատական խորհուրդը նիստերը դռնբաց անցկացնելու մասին որոշում չի կայացնում:
Հոդված 75. |
Բարձրագույն դատական խորհրդի նիստերի գումարումը և անցկացումը |
1. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի նիստ գումարում և անցկացնում է երկշաբաթյա ժամկետում` սկսած այն պահից, երբ ծագել է խորհրդի որոշում պահանջող հարց: Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննության դեպքում նիստերը գումարվում են հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան խորհրդին դիմելու հաջորդ օրը:
2. Շրջաններում աշխատող Բարձրագույն դատական խորհրդի անդամներին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ հատուցվում են հետևյալ ծախսերը՝ գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից այլ վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը:
3. Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ կատարված ծախսերի հատուցման կարգը սահմանում է Կառավարությունը:
4. Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի և վայրի մասին ողջամիտ ժամկետում ծանուցում է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, հարցի քննարկմանը մասնակցող այլ անձանց: Բարձրագույն դատական խորհրդի անդամները նիստի մասին կարող են ծանուցվել պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, որի տրամադրման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
Հոդված 76. |
Բարձրագույն դատական խորհրդի նիստերի իրավազորությունը և նիստերի հետաձգումը |
1. Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է խորհրդի անդամների երկու երրորդի ներկայության դեպքում:
2. Բարձրագույն դատական խորհրդի նիստը կարող է հետաձգվել հետևյալ դեպքերում՝
1) Բարձրագույն դատական խորհրդի անդամի՝ խորհրդի նիստին հարգելի պատճառով չներկայանալու՝ հաշվի առնելով քվորումն ապահովելու անհրաժեշտությունը.
2) աշխատանքային օրն ավարտվելու.
3) վկաների, փորձագետների չներկայանալու.
4) այլ բնույթի հարգելի հանգամանքների առկայության դեպքում, որոնք անհնար են դարձնում տվյալ հարցի քննությունը տվյալ նիստում:
3. Բարձրագույն դատական խորհրդի նիստը հետաձգելու մասին որոշումը կայացվում է նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
Հոդված 77. |
Բարձրագույն դատական խորհրդի նիստերի արձանագրումը |
1. Բարձրագույն դատական խորհրդի նիստերն արձանագրվում են պարզ թղթային արձանագրման միջոցով, իսկ համակարգչային ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակյա համառոտագրման ձևով: Համառոտագրումը նիստերի ընթացքում կատարվող գործողությունների մասին նշումներն են: Ձայնային արձանագրությունը պահպանվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը պահպանվում է թղթային կրիչի վրա` հավաստված արձանագրողի ստորագրությամբ:
2. Բարձրագույն դատական խորհրդի նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են`
1) նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) նիստը սկսելու և ավարտելու ժամը.
3) նիստին ներկա Բարձրագույն դատական խորհրդի անդամների և նիստի քարտուղարի անունը.
4) տեղեկություններ՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից քննվող հարցի վերաբերյալ.
5) տեղեկություններ` Բարձրագույն դատական խորհրդի նիստին մասնակցող անձանց ներկայանալու մասին.
6) Բարձրագույն դատական խորհրդի` առանց նիստերի դահլիճից հեռանալու կայացրած որոշումները և նիստը նախագահողի կարգադրությունները.
7) նիստին մասնակցող անձանց հայտարարությունները, առարկությունները, միջնորդությունները և բացատրությունները.
8) որպես դատարան հանդես գալու դեպքում՝ վկաների ցուցմունքները, փորձագետների բանավոր պարզաբանումներն իրենց եզրակացությունների վերաբերյալ, տեղեկություններ` ապացույցների հրապարակման, զննման և հետազոտման վերաբերյալ.
9) Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգային որոշումների տեսքով ձևակերպվող որոշումների բովանդակությունը.
10) Բարձրագույն դատական խորհրդի որոշումների եզրափակիչ մասը.
11) Բարձրագույն դատական խորհրդի անդամի կողմից հատուկ կարծիք ներկայացվելու դեպքում՝ հատուկ կարծիքի առկայության մասին նշում:
3. Բարձրագույն դատական խորհրդի նիստի մասնակցի կամ նիստը նախագահողի պահանջով պարզ թղթային արձանագրությունում ներառվում է նիստի ընթացքում արված կարևոր համարվող արտահայտության բառացի վերարտադրությունը:
4. Պարզ թղթային արձանագրությունը ստորագրում են նիստը նախագահողը և արձանագրողը:
5. Բարձրագույն դատական խորհրդի նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ, խորհրդի նիստին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է նիստից անմիջապես հետո: Բարձրագույն դատական խորհրդի նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը խորհրդի նիստին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:
6. Բարձրագույն դատական խորհրդի անդամները և խորհրդի նիստին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալու պարզ թղթային եղանակով կազմված արձանագրությանը և դիտողություններ ներկայացնելու այն կազմելու լրիվության կամ ճշտության վերաբերյալ:
7. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ուսումնասիրում է նիստը նախագահողը՝ դրանք ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում:
8. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ընդունելու կամ մերժելու մասին նիստը նախագահողը կայացնում է որոշում։ Արձանագրության վերաբերյալ ներկայացված դիտողությունները կցվում և պահպանվում են համապատասխան գործի մեջ:
Հոդված 78. |
Հարցերի քննության կարգը Բարձրագույն դատական խորհրդում |
1. Բարձրագույն դատական խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը կամ վերջինիս բացակայության կամ նիստը վարելու անհնարինության դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի տարիքով ավագ դատավոր անդամը:
2. Նիստը վարողը բացում է Բարձրագույն դատական խորհրդի նիստը` հայտարարելով, թե ինչ հարց է ենթակա քննության և ովքեր են զեկուցելու, ինչպես նաև խորհրդի անդամների համաձայնությամբ սահմանում է նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննության կարգը, ղեկավարում է նիստի ընթացքը:
3. Բարձրագույն դատական խորհրդի նիստը սկսվում է խորհրդի նախագահի կամ խորհրդի այլ անդամի զեկուցումով: Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին:
4. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրավունք ունեն ծանոթանալու նիստում քննարկվող հարցերին առնչվող նյութերին, ստանալու այդ նյութերը, ելույթ ունենալու խորհրդում քննարկվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ, հարցեր տալու, ներկայացնելու առաջարկություններ և առարկություններ:
5. Բարձրագույն դատական խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել խորհրդի նիստերին, կողմ կամ դեմ քվեարկել քննարկման դրվող յուրաքանչյուր հարցի շուրջ՝ բացառությամբ սույն օրենսգրքի 72-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, մասնակցել քվեաթերթիկներով քվեարկություններին:
Հոդված 79. |
Բարձրագույն դատական խորհրդի ակտերը և դրանց ընդունման կարգը |
1. Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս ընդունում է որոշումներ:
2. Բարձրագույն դատական խորհուրդն իր քննարկման ենթակա հարցերի նախապատրաստման նպատակով, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ: Աշխատակարգային որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:
3. Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:
4. Բարձրագույն դատական խորհրդի որոշումները որպես դատարան հանդես գալու, ինչպես նաև դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների կազմման և հաստատման, Ազգային ժողովին նշանակման ենթակա դատավորների թեկնածուներ առաջարկելու դեպքերում ընդունվում են խորհրդի բոլոր անդամների ձայների առնվազն երկու երրորդով: Այս դեպքերում անցկացվում է փակ քվեարկություն:
5. Բարձրագույն դատական խորհրդի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալու կամ հրաժարվելու քվեարկությունից: Ձայների հավասարության դեպքում օրակարգում ընդգրկված հարցը համարվում է չհաստատված կամ չբավարարված:
6. Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդում ընդունված ցանկացած որոշման վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամը որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը կցվում է որոշմանը: Հատուկ կարծիք ներկայացնելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի ստորագրում Բարձրագույն դատական խորհրդի որոշումը:
7. Բարձրագույն դատական խորհրդի ընդունած ենթաօրենսդրական նորմատիվ ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու դեպքում կայացվող որոշումների:
8. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգային և անհատական որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից:
9. Բարձրագույն դատական խորհրդի որոշումները ենթակա են հրապարակման դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող որոշումների:
Հոդված 80. |
Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովումը |
1. Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովում է Դատական դեպարտամենտը:
Գ Լ ՈՒ Խ 14
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հոդված 81. |
Դատարանների նախագահների խորհուրդը |
1. Դատարանների նախագահների խորհրդի անդամներն են առաջին ատյանի, վերաքննիչ և Գերագույն դատարանների նախագահները: Խորհրդի անդամի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է նրան դատարանի նախագահի պաշտոնում փոխարինող անձը:
2. Դատարանների նախագահների խորհուրդը՝
1) մշակում է դատարանների գործունեության բարելավմանն ուղղված միջոցառումներ և առաջարկություններ, նման առաջարկություններ է ներկայացնում իրավասու պետական մարմիններին.
2) իրականացնում է դատավորների գործունեության գնահատումը.
3) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.
4) հաստատում է դատարանների գործավարության կանոնները.
5) մշակում և հաստատում է առաջին ատյանի, վերաքննիչ և Գերագույն դատարաններում գործերի բաշխման, վերաբաշխման, վերաքննիչ և Գերագույն դատարաններում դատական կազմերի և դրանցում նախագահող դատավորների նշանակման կարգը.
6) իր իրավասության շրջանակներում կայացնում է Դատական դեպարտամենտի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.
7) սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը և հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի բաշխման կարգը.
8) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անձնագրերը.
9) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում և փոփոխում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկը, հաստիքների քանակը` ըստ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների.
10) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև բաց մրցույթում թեստավորման, հարցազրույցի անցկացման և թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և դրանց աշխատակարգը.
11) սահմանում է դատական ծառայողի գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը.
12) հաստատում է դատական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը,
13) Դատարանների նախագահների խորհրդի նախագահի ներկայացմամբ նշանակում և ազատում է Դատական դեպարտամենտի ղեկավարին.
14) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում և փոփոխում է դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը.
15) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը.
16) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու և կրելու կարգը.
17) իր իրավասության շրջանակներում Դատական դեպարտամենտին տալիս է պարտադիր կատարման ենթակա հանձնարարություններ.
18) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
3. Դատարանների նախագահների խորհրդի հերթական նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ: Դատարանների նախագահների խորհրդի արտահերթ նիստ գումարվում է խորհրդի մեկ անդամի պահանջով` նրա սահմանած օրակարգով:
4. Դատարանների նախագահների խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի: Խորհրդի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալու որևէ հարցի վերաբերյալ քվեարկելուց:
5. Դատարանների նախագահների խորհրդի նիստերին կարող են հրավիրվել խորհրդի անդամ չհանդիսացող դատավորներ, ինչպես նաև այլ անձինք:
6. Դատարանների նախագահների խորհուրդն ապահովում է նիստերի ողջ ընթացքի արձանագրումը:
7. Դատարանների նախագահների խորհուրդը գործում է իր հաստատած կանոնակարգին համապատասխան:
8. Դատարանների նախագահների խորհուրդն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և «Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդ» գրառմամբ կնիք:
9. Դատարանների նախագահների խորհրդին սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովում է Դատական դեպարտամենտը:
Հոդված 82. |
Դատարանների նախագահների խորհրդի նախագահը |
1. Դատարանների նախագահների խորհրդի նախագահն ի պաշտոնե Գերագույն դատարանի նախագահն է: Գերագույն դատարանի նախագահի բացակայության դեպքում Դատարանների նախագահների խորհուրդը նախագահում է Գերագույն դատարանի նախագահին փոխարինող անձը:
2. Դատարանների նախագահների խորհրդի նախագահը`
1) նախագահում է խորհրդի նիստերը.
2) Դատարանների նախագահների խորհրդին է ներկայացնում Դատական դեպարտամենտի ղեկավարի թեկնածությունը և նրան աշխատանքից ազատելու մասին առաջարկությունը.
3) ներկայացնում է դատական իշխանությունը այլ մարմինների հետ հարաբերություններում.
4) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Գ Լ ՈՒ Խ 15
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 83. |
Դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրման մասին որոշումը |
1. Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը և դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը մեկով:
2. Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ քանակը մեկ թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:
3. Դատական դեպարտամենտը ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 10-ը առնվազն 500 տպաքանակ ունեցող մամուլում և դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն` դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգումներ անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, համալրման ենթակա տեղերի քանակը:
4. Եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումն ակնհայտ է դառնում, որ դատավորների թեկնածուների ցուցակում առկա անձանց քանակը պակաս է այդ կամ դրան հաջորդող տարվա համար դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից կամ հավասար է այդ քանակին, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման անհրաժեշտության մասին՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված քանակով: Եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա անձանց քանակը պակաս է այդ տարվա համար դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից, ապա թափուր մնացող համապատասխան տեղերի քանակը նույնպես ներառվում է սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան կատարվող հաշվարկում: Արտահերթ համալրում չի կարող իրականացվել, եթե մինչև հերթական համալրման համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը մնացել է ոչ ավելի, քան վեց ամիս:
5. Դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումը կատարվում է արտահերթ համալրմանը հաջորդող տարվանից:
6. Դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրումը կատարվում է հերթական համալրման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ արտահերթ համալրման մասին որոշումը կայացնելուն հաջորդող գործողություններում պահպանելով սույն օրենսգրքով հերթական համալրման համար նախատեսված ժամկետների համամասնությունը:
Հոդված 84. |
Որակավորման ստուգումները |
1. Որակավորման ստուգումները բաղկացած են հայտեր ներկայացնելուց, գրավոր քննությունից, հոգեբանական թեստից և Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացվող հարցազրույցից:
Հոդված 85. |
Դատավորի թեկնածուին ներկայացվող պահանջները |
1. Որակավորման ստուգումներին կարող են մասնակցել 28-60 տարեկան Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն ընտրական իրավունք, Արցախի Հանրապետությունում ստացել են բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Արցախի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, տիրապետում են հայերենին, ունեն առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ, և առկա չեն սույն օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասի սահմանափակումները:
Հոդված 86. |
Հայտերի ներկայացումը |
1. Որակավորման ստուգումներին մասնակցելու հայտերը ներկայացվում են Դատական դեպարտամենտ որակավորման ստուգումներ անցկացնելու մասին որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ մեկամսյա ժամկետում:
2. Հայտ ներկայացրած անձինք հայտի ներկայացման հետ մեկտեղ ներկայացնում են համաձայնություն` իրենց մասին պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում` բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու վերաբերյալ:
3. Հավակնորդը պարտավոր է հայտին կից ներկայացնել`
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) հինգ գունավոր լուսանկար.
3) հանրային ծառայությունների համարանիշ.
4) բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ.
5) իր կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).
6) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե հայտ ներկայացնող անձը արական սեռի է).
7) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ:
4. Հավակնորդը պարտավոր է ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված լրացուցիչ փաստաթղթեր:
5. Հավակնորդն իրավունք ունի ներկայացնելու նաև Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ձևի երաշխավորագիր-նամակներ:
6. Հավակնորդից գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 87. |
Հայտի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ստուգումը: Հայտի ընդունման մերժումը |
1. Դատական դեպարտամենտը պարտավոր է ստուգել հայտին կից ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը: Դատական դեպարտամենտը համապատասխան հարցումների միջոցով ճշտում է հայտատուի դատվածության առկայությունը կամ բացակայությունը:
2. Հայտի ընդունումը Դատական դեպարտամենտի կողմից մերժվում է, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջներին: Նման հայտերը Դատական դեպարտամենտի կողմից ենթակա են վերադարձման հայտատուին՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
3. Դատական դեպարտամենտը կարող է հարգելի համարել հայտը ներկայացնելու ժամկետի բացթողումը, եթե ուշացումը պայմանավորված է եղել հայտ ներկայացնող անձի կամքից անկախ հանգամանքներով, և եթե հայտը ներկայացնելու պահից մինչև որակավորման ստուգումների սկիզբը մնացել է ոչ պակաս, քան մեկ շաբաթ:
4. Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը հայտատուն կարող է բողոքարկել Բարձրագույն դատական խորհրդին կամ առաջին ատյանի դատարան՝ մերժումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գործը քննվում և լուծվում է դիմումը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
5. Հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և որակավորման ստուգումների անցկացման ժամկետները և ընթացակարգը:
6. Հայտի ընդունման մերժումը Բարձրագույն դատական խորհրդի կամ դատարանի կողմից անօրինական ճանաչվելու դեպքում հայտատուն իրավունք ունի մասնակցելու որակավորման ստուգումներին, իսկ եթե որակավորման ստուգումների անցկացումը սկսվել է, ապա հայտ ներկայացրած անձն իրավունք ունի առանց նոր հայտ ներկայացնելու մասնակցելու հաջորդ որակավորման ստուգումներին:
Հոդված 88. |
Որակավորման ստուգումների կազմակերպումը |
1. Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտության դեպքում ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 15-ը սահմանում և հրապարակում է որակավորման գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, գրավոր քննության և Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքների ստուգման և միավորների հաշվարկման կարգը, գրավոր քննության արդյունքների գնահատման չափորոշիչները, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը (որը չի կարող պակաս լինել ընդհանուր միավորների 50 տոկոսից), ինչպես նաև Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված հավակնորդների վերաբերյալ սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ հարցումների իրականացման կարգը, հարցման շրջանակում ընդգրկված մարմինների ցանկը և հարցման նպատակով կիրառվող գրավոր հարցաթերթիկների ձևը:
2. Գրավոր քննության հարցերի, ինչպես նաև հոգեբանական թեստի մշակման համար Բարձրագույն դատական խորհուրդն ընտրում է համապատասխան մասնագետ (մասնագետներ) կամ մասնագիտացված կազմակերպություն: Գրավոր քննության հարցերը մշակողը պատասխանատվություն է կրում մինչև որակավորման գրավոր քննության անցկացումը գրավոր քննության հարցերի գաղտնիության պահպանման համար: Գրավոր քննության հարցերի մշակումը չի կարող հանձնարարվել Բարձրագույն դատական խորհրդի անդամներին կամ Դատական դեպարտամենտին: Գրավոր քննության հարցերը մշակած անձինք չեն կարող ընդգրկվել այդ հարցերի հիման վրա իրականացված գրավոր քննությունների արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովներում:
3. Որակավորման ստուգումների անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Դատական դեպարտամենտը:
Հոդված 89. |
Որակավորման ստուգումների անցկացման ժամանակի, վայրի և արդյունքների հրապարակումը |
1. Որակավորման գրավոր քննության արդյունքներով հավակնորդների ստացած միավորներն արդյունքների ամփոփումից հետո անհապաղ հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:
2. Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացված հարցազրույցի արդյունքները դրանց ամփոփումից հետո անհապաղ հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:
3. Որակավորման գրավոր քննության և Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացվող հարցազրույցի անցկացման ժամի և վայրի մասին հայտարարությունը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ որակավորման գրավոր քննության կամ հարցազրույցի օրվանից առնվազն տասն օր առաջ:
Հոդված 90. |
Որակավորման ստուգումների թափանցիկությունը |
1. Դատական դեպարտամենտն ապահովում է գրավոր քննության և Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացվող հարցազրույցի ողջ ընթացքի ուղիղ հեռարձակումը քննասենյակից դուրս գտնվող տարածքում:
2. Գրավոր քննության, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացվող հարցազրույցի ողջ ընթացքը՝ բացառությամբ խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման, տեսաձայնագրվում է Դատական դեպարտամենտի կողմից:
3. Որակավորման ստուգումներին մասնակցած անձն իրավունք ունի ստանալու գրավոր քննության ողջ ընթացքի, Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի իրեն վերաբերող մասի տեսաձայնագրության կրկնօրինակը, ինչպես նաև որակավորման գրավոր քննության արդյունքում ստուգված ցանկացած աշխատանքի պատճենը՝ «Տեղեկատվության ազատության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Որակավորման գրավոր քննությանը և Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացվող հարցազրույցին (բացառությամբ խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման) ներկա կարող են լինել և դրանց ընթացքին հետևել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ՝ արդարադատության նախարար) կողմից նշանակված մեկական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից նշանակված մինչև երեք փաստաբան և որակավորման ստուգումների անցկացումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Բարձրագույն դատական խորհուրդ համապատասխան հայտ ներկայացրած` իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչև հինգ ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման առաջնահերթության: Դատական դեպարտամենտը նշված անձանց պարտավոր է ապահովել գրավոր քննության և հարցազրույցի ընթացքին հետևելու համար անհրաժեշտ պայմաններով՝ այնպես, որ չխաթարվի դրանց բնականոն ընթացքը: Հավակնորդի հարցազրույցի ընթացքը կարող է ձայնագրվել, տեսաձայնագրվել միայն նրա համաձայնության դեպքում:
Հոդված 91. |
Գրավոր քննության ընթացքը |
1. Որակավորման գրավոր քննությունն անցկացվում է գրավոր առաջադրանքների միջոցով, որոնք պարունակում են իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու և կիրառելու պահանջով:
2. Իրավական խնդրում ներկայացված յուրաքանչյուր հանգամանք վեր հանելու, վերլուծելու և իրավական որակում տալու համար տրվում է համապատասխան միավոր՝ կախված հանգամանքների բարդությունից:
3. Որակավորման գրավոր քննության ընթացքում հավակնորդներին կարող են տրամադրվել հանձնարարվող խնդիրների փաստական հանգամանքների վերաբերյալ նյութեր, ինչպես նաև խնդրի լուծման համար անհրաժեշտ տեսական գրականություն և իրավական ակտեր, որոնց շրջանակը որոշում է (են) սույն օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ընտրված համապատասխան մասնագետը (մասնագետները) կամ մասնագիտացված կազմակերպությունը:
4. Գրավոր առաջադրանքներն ուղղված են, բացի ակադեմիական գիտելիքներից, նաև վերլուծական կարողությունների ստուգմանը:
5. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է գրավոր քննության անցկացման համար մշակման ենթակա տարբերակների նվազագույն քանակը:
6. Գրավոր քննության անցկացման օրվանից առնվազն տասն օր առաջ Դատական դեպարտամենտը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է սույն հոդվածով նախատեսված գրավոր քննության առաջադրանքների առնվազն մեկ նմուշօրինակ:
7. Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել գրավոր քննությունների՝ տեխնիկական միջոցներով անցկացման կարգ:
Հոդված 92. |
Գրավոր քննության արդյունքների ստուգումը, գնահատումը և բողոքարկումը |
1. Գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորվում է գնահատման հանձնաժողով, իսկ քննության արդյունքների բողոքարկման հետ կապված հարցեր լուծելու նպատակով՝ բողոքարկման հանձնաժողով:
2. Գնահատման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում երեք դատավոր և երկու իրավաբան:
3. Բողոքարկման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում երկու դատավոր և մեկ իրավաբան:
4. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար գրավոր քննության անցկացումից ոչ շուտ, քան չորս օր առաջ Բարձրագույն դատական խորհուրդն առաջարկում է յոթ դատավորի թեկնածություն՝ վերջիններիս համաձայնությամբ, իսկ արդարադատության նախարարը՝ հինգ իրավաբանի թեկնածություն՝ վերջիններիս համաձայնությամբ:
5. Գրավոր քննության անցկացման օրը` քննության ավարտից անմիջապես հետո, նշված դատավորներից և իրավաբաններից վիճակահանությամբ ընտրվում են գնահատման հանձնաժողովի անդամներ: Վիճակահանությունն անց է կացվում Բարձրագույն դատական խորհրդի կողմից:
6. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների աշխատանքն իրականացվում է գաղտնի և դռնփակ ընթացակարգով: Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամների անունները ենթակա չեն հրապարակման համապատասխանաբար մինչև քննության կամ բողոքարկման արդյունքների հրապարակումը:
7. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների կազմում չեն կարող ընդգրկվել Բարձրագույն դատական խորհրդի անդամները, դատարանների նախագահները ու Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամները:
8. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամներին Արցախի Հանրապետության պետական բյուջեից Դատական դեպարտամենտը վճարում է հատուցում՝ Կառավարության սահմանած չափով:
9. Գնահատման կամ բողոքարկման հանձնաժողովի անդամը պարտավոր է համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհրդին կամ արդարադատության նախարարին անհապաղ գրավոր հայտնել, եթե տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել նրա անկողմնակալության վերաբերյալ:
10. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների դատավոր անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի պաշտոնում իր լիազորությունները դադարելու կամ կասեցվելու դեպքում:
11. Գնահատման կամ բողոքարկման հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհրդի կամ արդարադատության նախարարի կողմից նաև`
1) եթե գրավոր քննության արդյունքները բողոքարկող անձը բողոքարկման հանձնաժողովի մերձավոր ազգականն է.
2) եթե համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհուրդը կամ արդարադատության նախարարը, քննարկելով սույն հոդվածի 9-րդ մասին համապատասխան ներկայացված հանգամանքները, կարծում է, որ դրանք կարող են ողջամիտ կասկած հարուցել գնահատման կամ բողոքարկման հանձնաժողովի անդամի անկողմնակալության վերաբերյալ:
12. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում նոր անդամը նշանակվում է հանձնաժողովի համապատասխան անդամի նշանակման համար սահմանված կարգով:
13. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովները ղեկավարում են հանձնաժողովների կազմից անդամների ընդհանուր ձայների մեծամասնությամբ ընտրված անձինք:
14. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովները լուծարվում են համապատասխանաբար գրավոր քննության արդյունքների ամփոփման և բողոքարկման ժամկետը լրանալուց հետո:
15. Գրավոր աշխատանքների ստուգումն իրականացվում է գնահատման հանձնաժողովի բոլոր անդամների կողմից` համակարգչային կամ թղթային եղանակով, Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված կարգին համապատասխան: Գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հերթականությամբ ստուգում է բոլոր գրավոր աշխատանքները, գնահատում է դրանք և համապատասխան գրավոր աշխատանքի ստուգաթերթում կատարում է իր գնահատականը հիմնավորող համապատասխան նշումներ:
16. Գրավոր աշխատանքների արդյունքների գնահատումը կատարվում է համակարգչային կամ թղթային եղանակով: Գրավոր աշխատանքի վերջնական գնահատականը որոշվում է գնահատման հանձնաժողովի բոլոր անդամների կողմից դրված գնահատականների թվաբանական միջինով:
17. Գրավոր քննության աշխատանքների ստուգումը և գնահատումը գնահատման հանձնաժողովն իրականացնում է անանուն:
18. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովի անդամները պետք է ապահովված լինեն աշխատանքների ստուգումն ուղղորդող տիպային պատասխաններով:
19. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է գրավոր աշխատանքները գնահատելու չափորոշիչները և դրանց հիման վրա՝ գրավոր աշխատանքի ստուգաթերթի ձևը: Գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գրավոր աշխատանքի ստուգաթերթում կատարում է իր կողմից դրված գնահատականը հիմնավորող նշումներ:
20. Գրավոր քննության արդյունքների հրապարակումից հետո քննություն հանձնած անձի պահանջով անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, նրան տրամադրվում է իր գնահատված գրավոր աշխատանքի պատճենը` ստուգաթերթի հետ միասին:
21. Գրավոր քննության արդյունքների հրապարակումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված թեկնածուներից վիճակահանությամբ ընտրվում է երկու դատավոր և մեկ իրավաբան անդամներից կազմված բողոքարկման հանձնաժողով: Վիճակահանությունն անց է կացվում Բարձրագույն դատական խորհրդի կողմից: Նույն անձը չի կարող միաժամանակ լինել և՛ բողոքարկման, և՛ գնահատման հանձնաժողովի անդամ:
22. Գրավոր քննությունը հանձնած անձը գնահատման հանձնաժողովի որոշման հրապարակման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել բողոքարկման հանձնաժողով, եթե համարում է, որ խախտվել է քննության անցկացման ընթացակարգը, կամ վիճարկում է քննության գնահատականը:
23. Քննության ընթացակարգը կամ գնահատականը բողոքարկելիս հավակնորդը հստակ նշում է բողոքի հիմքում ընկած հանգամանքները և իր հիմնավորումները:
24. Գրավոր աշխատանքը, ստուգաթերթը և բողոքը բողոքարկման հանձնաժողովին տրամադրվում են անանուն:
25. Բողոքը քննարկելիս բողոքարկման հանձնաժողովի անդամները, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրել և լսել գնահատման հանձնաժողովի անդամներին, այլ իրավաբանների և բողոքարկողին:
26. Բողոքի վերաբերյալ որոշումն ընդունվում է բողոքը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
27. Բողոքարկման հանձնաժողովը բողոքները քննում է բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Բողոքարկման արդյունքներով կայացված որոշումները պատճառաբանվում են: Դրանք անհապաղ հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով սկզբնական և բողոքարկման արդյունքում ստացված միավորները:
28. Բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել առաջին ատյանի դատարան՝ միայն գրավոր քննության անցկացման ընթացակարգի, գրավոր աշխատանքների ստուգման և գնահատման ու բողոքարկման ընթացակարգային նորմերի խախտման հիմքով:
29. Գրավոր քննությունը և դրա արդյունքների ամփոփումը, այդ թվում` բողոքարկումը, պետք է իրականացվեն հայտերի ընդունման ժամկետի ավարտին հաջորդող մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև դեկտեմբերի 1-ը:
30. Գրավոր քննության արդյունքների ստուգումը և գնահատումը պետք է կազմակերպվի այն հաշվով, որ գրավոր քննության արդյունքների հրապարակումից հետո երաշխավորվի առնվազն ութ աշխատանքային օր բողոքարկման համար:
31. Մինչև բողոքարկման հանձնաժողովի կողմից որոշման կայացումը հավակնորդն իրավունք ունի մասնակցելու որակավորման քննությունների հաջորդ փուլին, եթե այն արդեն սկսվել է:
Հոդված 93. |
Հոգեբանական թեստը |
1. Գրավոր քննության արդյունքներով անցողիկ միավորներ հավաքած հավակնորդները պարտավոր են անցնել հոգեբանական թեստ` ուղղված պատասխանատվության զգացման, ունկնդրելու կարողության, ինքնատիրապետման, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառման և դատավորի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշների ստուգմանը:
2. Հավակնորդի կողմից հոգեբանական թեստ չանցնելու դեպքում նա զրկվում է հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունքից:
3. Հոգեբանական թեստի արդյունքներն ունեն միայն խորհրդատվական նշանակություն, ենթակա չեն հրապարակման և տրամադրվում են միայն Բարձրագույն դատական խորհրդի անդամներին՝ հարցազրույցի անցկացումից հետո՝ մինչև ամփոփիչ քննարկման ավարտը: Հոգեբանական թեստի արդյունքները դատավորների թեկնածուների ցուցակը հաստատվելուց հետո ենթակա են ոչնչացման:
4. Հավակնորդներն իրավունք ունեն ծանոթանալու հոգեբանական թեստի արդյունքներին:
Հոդված 94. |
Հարցազրույցի անցկացման համար նյութերի նախապատրաստումը |
1. Գրավոր քննության արդյունքների բողոքարկման համար նախատեսված ժամկետի ավարտի օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում Դատական դեպարտամենտը գրավոր քննության հանրագումարային արդյունքներով դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան երկուսով գերազանցող թվաքանակի (բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան թվաքանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները) ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակը ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդ` հարցազրույց անցնելու նպատակով։ Հավասար անցողիկ միավոր ունեցող հավակնորդների առկայության դեպքում բոլոր այդ հավակնորդներն ընդգրկվում են ցուցակում:
2. Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած հավակնորդների ցուցակը հրապարակում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում: Հավակնորդների ցուցակի հետ հրապարակվում են նաև յուրաքանչյուր հավակնորդի կրթության, հետբուհական աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություններ:
3. Պետական մարմինները և պաշտոնատար անձինք, որոնք տիրապետում են տվյալ դատավորի թեկնածուի վերաբերյալ այնպիսի տեղեկատվության, որը կասկած է հարուցում տվյալ անձի հեղինակության և նրա` դատավորի լիազորությունները պատշաճ իրականացնելու վերաբերյալ, պարտավոր են հավակնորդների ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհուրդ: Պետական մարմինները և պաշտոնատար անձինք նշված տեղեկությունները պարտավոր են տրամադրել նաև Բարձրագույն դատական խորհրդի պահանջով:
4. Հավակնորդները ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրավունք ունեն Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու ցանկացած փաստաթուղթ, որը կարող է հավաստել իրենց մասնագիտական փորձառությունը և նպաստել դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների և արժանիքների գնահատմանը հարցազրույցի ժամանակ:
5. Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով գրավոր և բանավոր հարցումներ է կատարում հավակնորդի աշխատավայր, բարձրագույն ուսումնական հաստատություններ և հավակնորդի հետ առնչվող այլ հաստատություններ՝ հավակնորդի մասնագիտական որակների և անձնական հատկանիշների վերաբերյալ, ինչպես նաև հարկային և Բարձրագույն դատական խորհրդի սահմանած այլ վարչական մարմիններից ստանում է հավակնորդին վերաբերող անհատական տվյալներ։ Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով իրականացնում է նաև հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի հավաստիության ստուգում:
6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործը, որում պետք է ներառվեն որակավորման քննություններին մասնակցելու հայտին կից հավակնորդի ներկայացրած փաստաթղթերը, գրավոր քննության արդյունքում ստացած միավորները և սույն հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները:
7. Դատական դեպարտամենտն ապահովում է, որ հավակնորդների անձնական գործերին ծանոթանան Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամները:
8. Հարցազրույցին մասնակցող անձինք իրավունք ունեն դիմելու և դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հարցազրույցին նախորդող օրը ծանոթանալու Բարձրագույն դատական խորհրդում գտնվող իրենց անձնական գործին:
Հոդված 95. |
Հարցազրույցի անցկացումը |
1. Հարցազրույցի նպատակը դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների և արժանիքների վերհանումն է՝ հավակնորդի մասնագիտական փորձառության, դատավոր դառնալու մոտիվացիայի, դատավորի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածության, նրա անձնական հատկանիշների (մասնավորապես՝ ինքնատիրապետում, վարվեցողություն, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառում, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, արդարամտություն, վերլուծական կարողություններ և այլն) գնահատման միջոցով:
2. Հարցազրույցը կազմված է երեք մասից.
1) յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործի և անցած մասնագիտական ուղու ուսումնասիրություն, որը ներկայացնելու համար Բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկը խորհրդում հանդես է գալիս որպես զեկուցող: Հավակնորդն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր անձնական գործում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ: Խորհրդի անդամները կարող են հարցեր տալ հավակնորդին՝ նրա մասնագիտական փորձառությունը, գիտական հետաքրքրությունները, դատավորի պաշտոնում նրա ակնկալիքները և մոտիվացիան, դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական որակները և արժանիքները գնահատելու համար.
2) դատավորի վարքագծի կանոններին վերաբերող հիպոթետիկ խնդրի վերաբերյալ հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում՝ դատավորի վարքագծի հիմնարար կանոնների, դատավորին ներկայացվող պահանջների և որպես դատավոր գործելու համար կարևոր այլ անձնական հատկանիշները գնահատելու համար.
3) մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի, այդ թվում՝ հիպոթետիկ իրավական նորմ, դատական ակտում արտահայտված դիրքորոշում, տեսության մեջ արտահայտված իրավական կարծիքներ և այլն) հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները և դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակները և արժանիքները գնահատելու համար:
3. Հարցազրույցի ժամանակ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հարցերի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ, որից հետո ելույթին պատրաստվելու համար հավակնորդին տրամադրվում է 20 րոպե ժամանակ:
4. Հավակնորդի բանավոր ելույթը յուրաքանչյուր հարցի վերաբերյալ տևում է առավելագույնը 10 րոպե: Հավակնորդի ելույթին հետևում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ քննարկումը` յուրաքանչյուր հարցի շուրջ ոչ ավելի, քան 20 րոպե տևողությամբ:
5. Յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցի առավելագույն տևողությունը 1,5 ժամ է:
6. Հարցազրույցի ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի անդամներին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված գնահատման ենթակա այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են և կարևոր դատավոր դառնալու համար: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ գնահատում է յուրաքանչյուր հավակնորդի՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ:
7. Բոլոր հավակնորդների հարցազրույցների ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև տեղի է ունենում հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում:
Հոդված 96. |
Դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը |
1. Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի և արդյունքների վերաբերյալ ամփոփիչ քննարկման ավարտից հետո յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ անցկացվում է գաղտնի քվեարկություն, որի ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ «կողմ» կամ «դեմ» է քվեարկում յուրաքանչյուր հավակնորդի:
2. Բարձրագույն դատական խորհրդում քվեարկության արդյունքներով կազմվում է թեկնածուների ցուցակի թափուր տեղերի թվաքանակին հավասար թվաքանակի առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցուցակ: Ձայների հավասարության դեպքում նախապատվություն է տրվում այն հավակնորդին, որը որակավորման գրավոր քննության արդյունքներով ունի առավել բարձր հանրագումարային միավորներ: Եթե արդյունքում առկա են հավասար միավորներ ունեցող անձինք, ապա բոլոր նշված անձինք ընդգրկվում են ցուցակում:
3. Ցուցակը կազմելու ընթացքում հաշվի է առնվում սեռային (գենդերային) հավասարակշռությունը: Եթե որևէ սեռի դատավորների թիվը պակասի դատավորների ընդհանուր թվի 25 տոկոսից, ապա այդ սեռի թեկնածուներին ցուցակում կերաշխավորվի առնվազն մեկ տեղ:
4. Բարձրագույն դատական խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո հարցազրույցին մասնակցած յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհուրդը կազմում է զեկույց, որում խորհրդի անդամների կողմից լրացված հարցաթերթերի, ամփոփիչ քննարկման ժամանակ արտահայտված կարծիքների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից ներկայացված հատուկ կարծիքների հիման վրա՝ ընտրված հավակնորդների պարագայում, մանրամասն ներկայացվում են այն հանգամանքները, որոնք պայմանավորել են հավակնորդի ընտրությունը, իսկ հարցազրույցի արդյունքում չընտրված հավակնորդների մասով՝ ներկայացվում են նրանց ընտրությունը մերժելու պատճառները:
5. Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցին մասնակցած անձինք իրավունք ունեն դիմելու և Բարձրագույն դատական խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ստանալու սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան իրենց վերաբերյալ կազմված զեկույցը:
Հոդված 97. |
Դատավորների թեկնածուների ցուցակի հաստատումը |
1. Բարձրագույն դատական խորհուրդը որակավորման ստուգումների արդյունքների հիման վրա կազմում և հաստատում է, այդ թվում` լրացնում և փոփոխում է դատավորների թեկնածուների ցուցակը:
Հոդված 98. |
Դատավորների թեկնածուների ցուցակում նախկին դատավորների ընդգրկման կարգը |
1. Դատավոր աշխատած այն անձինք, որոնց լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել կամ դադարել են սույն օրենսգրքով սահմանված հիմքերով (այսուհետ` նախկին դատավորներ), և որոնք վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարի աշխատել են որպես դատավոր, կարող են ընդգրկվել դատավորների թեկնածուների և առաջխաղացման ցուցակներում սույն հոդվածով սահմանված կարգով, եթե առկա չեն սույն օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները: Այն դատավորները, որոնց լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են, կարող են դատավորների թեկնածուների և առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու նպատակով դիմել այն դեպքում, եթե վերացել են լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հիմք ծառայած հանգամանքները:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք տարին մեկ անգամ` ոչ ուշ, քան մինչև հոկտեմբերի 1-ը, կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին` կցելով սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:
3. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածությունը, անհրաժեշտության դեպքում թեկնածուին հրավիրում զրույցի։
4. Դատավորների թեկնածուների ցուցակի լրացման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունների վերևում: Քվեարկության մասնակիցը թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ», իսկ դեմ քվեարկելիս` «դեմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Եթե թեկնածուն ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա Բարձրագույն դատական խորհուրդը լրացնում է դատավորների թեկնածուների ցուցակը:
5. Եթե անձը նախկինում դատավոր է աշխատել վերաքննիչ դատարանում կամ Գերագույն դատարանում կամ ընդգրկված է եղել առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կամ աշխատել է որպես դատավոր և բավարարում է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված պահանջները, ապա իր ցանկության դեպքում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկելու հետ մեկտեղ առանձին քվեաթերթիկով նույն կարգով քվեարկության է դրվում նաև առաջխաղացման ցուցակում նրա ընդգրկումը:
Հոդված 99. |
Դատավորների թեկնածուների ցուցակում իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող և գիտական գործունեությամբ զբաղվող անձանց ընդգրկման կարգը |
1. Իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող և գիտական գործունեությամբ զբաղվող անձինք կարող են ընդգրկվել դատավորների թեկնածուների ցուցակում սույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք տարին մեկ անգամ` ոչ ուշ, քան մինչև հոկտեմբերի 1-ը, կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին` դիմումին կցելով հետևյալ փաստաթղթերը.
1) անձը հաստատող փաստաթուղթ,
2) գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ,
3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ,
4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե դիմողն արական սեռի է),
5) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ,
6) գիտական գործունեության առնվազն հինգ տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք օրենսգրքի 93-րդ հոդվածով սահմանված կարգով անցնում են հոգեբանական թեստ:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք սույն օրենսգրքով սահմանված կարգով անցնում են որակավորման ստուգումների հարցազրույցի փուլը:
5. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձն ունի առնվազն ութ տարվա գիտական գործունեության ստաժ, ապա իր ցանկության դեպքում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկելու հետ մեկտեղ առանձին քվեաթերթիկով նույն կարգով քվեարկության է դրվում նաև առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում նրա ընդգրկումը:
6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց համար համապատասխան կազմակերպությունում ուսուցումն իրականացվում է միայն գործնական հմտությունների զարգացման մասով:
Հոդված 100. |
Դատավոր նշանակվելու սահմանափակումները |
1. Դատավոր չի կարող նշանակվել այն անձը`
1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
2) ում նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով.
3) ով ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.
4) ով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն՝ բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից կամ ունեն տարկետում` օրենքով նախատեսված կարգով ու հիմքով.
5) ով չունի Արցախի Հանրապետության քաղաքացիություն.
6) ով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 101. |
Դատավորների թեկնածուների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը |
1. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝
1) նա նշանակվել է դատավորի պաշտոնում.
2) նա դիմում է այդ մասին.
3) լրացել է նրա 65 տարին.
4) նա ընդգրկվել է ցուցակում սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ.
5) նա առանց հարգելի պատճառի չի անցել տարեկան վերապատրաստման ծրագիրը.
6) սույն օրենսգրքի 104-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում չի համաձայնում նշանակվել իրեն առաջարկված դատավորի պաշտոնում.
7) նա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
8) նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
9) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.
10) նա կորցրել է Արցախի Հանրապետության քաղաքացիությունը.
11) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.
12) համապատասխան կազմակերպությունում ուսումն ավարտելուց հետո ավելի քան չորս ամիս անընդմեջ չի զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով և չի դիմել Դատական դեպարտամենտ՝ աշխատանքի անցնելու համար.
13) համապատասխան կազմակերպությունում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից.
14) համապատասխան կազմակերպությունում ուսումնառության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության հետևանքով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից՝ բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի.
15) համապատասխան կազմակերպությունում ուսումնառության ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքում ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար համապատասխան կազմակերպության իրավասու մարմնի սահմանած նվազագույն միավորից, կամ նա չի անցել օրենքով նախատեսված փորձաշրջանը.
16) Ազգային ժողովի կողմից թեկնածությունը երկու անգամ մերժվել է:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-10-րդ և 12-րդ կետերով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո` եռօրյա ժամկետում, Դատական դեպարտամենտի ղեկավարը հայտնում է դրանց մասին Բարձրագույն դատական խորհրդի նախագահին, որը պարտավորվում է հրավիրել Բարձրագույն դատական խորհրդի նիստ, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 13-15-րդ կետերով նախատեսված դեպքերում` համապատասխան կազմակերպության իրավասու մարմինը՝ սահմանված կարգով դատավորների թեկնածուների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ:
3. Եթե առերևույթ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքը, Դատական դեպարտամենտի ղեկավարը դիմում է իրավասու մարմնին՝ դատավորի թեկնածուի բժշկական զննությունը կազմակերպելու համար: Դատավորի թեկնածուն պարտավոր է անցնել բժշկական զննությունը: Եթե զննության արդյունքում հիմնավորվում է, որ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքը, ապա Դատական դեպարտամենտի ղեկավարը այդ մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին:
4. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է Դատական դեպարտամենտի ղեկավարի կամ համապատասխան կազմակերպության իրավասու մարմնի միջնորդությունը: Եթե փակ քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհուրդը համարում է, որ միջնորդությունը համապատասխանում է սույն հոդվածի պահանջներին, ապա այդ անձը հանվում է դատավորների թեկնածուների ցուցակից:
Հոդված 102. |
Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում թափուր տեղ առաջանալու հիմքերը |
1. Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝
1) դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները.
2) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:
Հոդված 103. |
Առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր տեղի համար նշանակման ենթակա դատավորի թեկնածու առաջարկելու կարգը |
1. Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս Բարձրագույն դատական խորհուրդը Ազգային ժողովին գրավոր առաջարկում է նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին (ընդ որում, այն թեկնածուները, որոնց նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, չեն դիտարկվում)՝ ստորև բերված հերթականությամբ.
1) առաջին հերթին առաջարկում է վերաքննիչ կամ Գերագույն դատարանների այն դատավորին, որը մինչ այդ գրավոր դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ` խնդրելով իրեն տեղափոխել առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում առաջնահերթությունը տրվում է տարիքով ավագին.
2) երկրորդ հերթին առաջարկում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված կարգով դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված նախկին դատավորներին: Նշված անձանց առաջարկությունն արվում է, անգամ եթե նրանք ընդգրկված են առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում: Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագ նախկին դատավորին.
3) երրորդ հերթին առաջարկում է թեկնածուների ցուցակի համապատասխան կազմակերպությունում ուսումն ավարտած թեկնածուներին՝ բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ կրող անձանց` ըստ համապատասխան կազմակերպության ավարտման հանրագումարային միավորների նվազման կարգի: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ թեկնածուին: Տվյալ տարվա ավարտածներին առաջարկ կարող է արվել, եթե դատավորների թեկնածուների ցուցակում չկան համապատասխան կազմակերպությունը նախորդ տարիներին ավարտած թեկնածուներ, կամ դատավորների թեկնածուների ցուցակում առկա նախորդ տարիներին ավարտած բոլոր թեկնածուներն այդ պահին կրում են պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ:
2. Նախկին դատավորներին և սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց Բարձրագույն դատական խորհուրդը գրավոր առաջարկությունը ներկայացնում է համապատասխան թեկնածուի բնակության վայրի հասցեով: Մյուս դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը գրավոր առաջարկությունը ներկայացնում է համապատասխան թեկնածուի աշխատանքի վայր:
Հոդված 104. |
Առաջին ատյանի դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկված թեկնածուների կողմից առաջարկն ընդունելու կարգը և չընդունելու հետևանքները |
1. Թեկնածուն ծանուցումը ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ հայտնել անհամաձայնությունը նշանակման վերաբերյալ: Սահմանված ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն:
2. Սույն օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում անձի անհամաձայնությունը նրա համար որևէ բացասական հետևանք չի առաջացնում:
3. Սույն օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում թեկնածուի անհամաձայնությունը՝ բացառությամբ այն դեպքի, երբ նա ընդգրկված է առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում ևս, հանգեցնում է նրան դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն: Այս հիմքով դատավորների թեկնածուների ցուցակից հանվելու դեպքում թեկնածուն այլևս չի կարող սույն օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել այդ ցուցակում ընդգրկվելու խնդրանքով:
4. Սույն օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում թեկնածուի անհամաձայնությունը հանգեցնում է նրան դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն՝ բացառությամբ հղիության պատճառով հրաժարվելու, ինչպես նաև այն դեպքի, երբ ցուցակում առկա են համապատասխան կազմակերպության շրջանավարտներ, որոնք այդ պահին չեն կրում պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ և ունեն իրենից նվազ հանրագումարային միավորներ:
5. Եթե սույն օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում ցուցակում գտնվող տվյալ տարվա նվազագույն հանրագումարային միավոր ունեցող թեկնածուն անհամաձայնության հետևանքով սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն պետք է հանվի ցուցակից, ապա Բարձրագույն դատական խորհուրդն իր առաջարկությունը կրկնում է նախորդ` նվազագույն հանրագումարային միավոր ունեցող թեկնածուին: Եթե վերջինս անհամաձայնության հետևանքով ևս պետք է հանվի ցուցակից, ապա սույն մասով սահմանված կարգով առաջարկությունները կրկնվում են այնքան ժամանակ, քանի դեռ որևէ մեկը չի ընդունել առաջարկը, կամ տվյալ տարվա շրջանավարտների ցուցակը չի սպառվել՝ բացառությամբ այն շրջանավարտների, որոնք այդ պահին կրում են պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ:
6. Սույն օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված թեկնածուի անհամաձայնության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն իր առաջարկությունը կրկնում է ժամանակագրական կարգով դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված հաջորդ անձին, քանի դեռ որևէ մեկը չի ընդունել առաջարկը, կամ ցուցակը չի սպառվել:
7. Թեկնածուի համաձայնության դեպքում թեկնածությունն առաջարկվում է Ազգային ժողովին: Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի առաջարկության հիման վրա առաջիկա նիստում համապատասխան անձին նշանակում է դատավոր:
8. Ազգային ժողովն առաջարկությունը ստանալուց հետո առաջիկա նիստում քննարկում է այն և քվեարկում: Եթե քվեարկության արդյունքում նշանակում չի կատարվում, ապա այդ թեկնածությունը համարվում է մերժված, իսկ թափուր տեղի համար Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացնում է նոր թեկնածություն:
9. Եթե անձի թեկնածությունը Ազգային ժողովի կողմից երկու անգամ մերժվում է, ապա նա հանվում է դատավորների թեկնածուների ցուցակից:
Հոդված 105. |
Դատավորի երդումը |
1. Դատավորի պաշտոնում նշանակված անձը դատավորի պաշտոնն առաջին անգամ ստանձնելիս նշանակման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում իր պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի նիստում տրված հետևյալ երդմամբ.
«Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Արցախի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ դատավորի պարտականություններս կատարել Արցախի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անկախ, անաչառ ու սկզբունքային, արդարացի և մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով օրենքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:»:
2. Երդումը տրվում է հանդիսավոր պայմաններում, անհատական կարգով՝ յուրաքանչյուր դատավորի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով, որից հետո դատավորը ստորագրում է ընթերցված տեքստը:
Հոդված 106. |
Առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման կարգը |
1. Առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում թափուր տեղ առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդին երկշաբաթյա ժամկետում կարող են դիմել տվյալ թափուր տեղի համար հավակնող գործող այն դատավորները, ովքեր ունեն առնվազն երեք տարվա դատավորի պաշտոնավարման ստաժ և չունեն կարգապահական տույժեր:
2. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնողների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։
3. Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 107-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հավակնողները: Յուրաքանչյուրի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյան վերևում: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ:
4. Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Քվեարկության արդյունքներով՝ բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ թափուր տեղի համար դիմել է միայն մեկ թեկնածու, Ազգային ժողովին է առաջարկվում առավել թվով «կողմ» ձայներ ստացած անձի թեկնածությունը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագ թեկնածուին:
5. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում Բարձրագույն դատական խորհրդին դիմել է միայն մեկ թեկնածու, ապա նա համարվում է քվեարկությունն անցած, եթե ստացել է Բարձրագույն դատական խորհրդի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին:
6. Ազգային ժողովի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նշված անձանց նշանակման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 104-րդ հոդվածով սահմանված դրույթները:
Հոդված 107. |
Դատարանի նախագահի նշանակման հետ կապված առաջարկ ներկայացնելիս` քվեաթերթիկներով քվեարկության ժամանակ հաշվի առնվող հատկանիշները |
1. Բարձրագույն դատական խորհրդի անդամը դատարանի նախագահի նշանակման հետ կապված առաջարկ ներկայացնելու հարցը քննարկելիս հաշվի է առնում հետևյալ հատկանիշները.
1) դատավորի մասնագիտական հեղինակությունը.
2) աշխատանքային ունակությունները.
3) դատավորի վարքագծի կանոնների պահպանումը.
4) գրավոր և բանավոր հաղորդակցության ունակությունները.
5) դատավորի մասնակցությունը դատական իշխանության ինքնակառավարմանը.
6) դատավորի մասնակցությունն իրավունքի և օրենսդրության զարգացման ծրագրերին.
7) դատավորի պարտականությունները կատարելիս իր գործընկերների նկատմամբ դրսևորած վերաբերմունքը.
8) դատավորի կազմակերպչական ունակությունները, կառավարչական բնույթի աշխատանք իրականացնելու դեպքում այդ աշխատանքում դատավորի ցուցաբերած որակները:
Գ Լ ՈՒ Խ 16
ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 108. |
Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը |
1. Բարձրագույն դատական խորհուրդը կազմում և հաստատում, այդ թվում՝ լրացնում և փոփոխում է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը:
2. Առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում կարող են ընդգրկվել սույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձինք:
Հոդված 109. |
Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելիս հաշվի առնվող հատկանիշները |
1. Բարձրագույն դատական խորհրդի անդամն առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման հարցը քննարկելիս, քվեաթերթիկներով քվեարկելիս հաշվի է առնում հետևյալ հատկանիշները.
1) դատավորի մասնագիտական գիտելիքները` հաշվի առնելով դատավորի մասնագիտական գործունեությունը, դատավորի մասնագիտական և հետբուհական կրթությունը.
2) աշխատանքային ունակությունները.
3) դատավորի կողմից դատարանի և դատավորի հեղինակության պաշտպանությունը և դատավորի վարքագծի կանոնների պահպանումը.
4) գրավոր և բանավոր հաղորդակցության ունակությունները` ելնելով դատական նիստերի արձանագրություններից, կայացրած դատական ակտերից.
5) դատավորի մասնակցությունը սույն օրենսգրքով նախատեսված կրթական և մասնագիտական վերապատրաստման ծրագրերին.
6) դատավորի մասնակցությունը դատական իշխանության ինքնակառավարմանը.
7) դատավորի մասնակցությունն իրավունքի և օրենսդրության զարգացման ծրագրերին.
8) դատավորի պարտականությունները կատարելիս իր գործընկերների նկատմամբ դրսևորված վերաբերմունքը.
9) դատավորի գործունեության գնահատման արդյունքները:
Հոդված 110. |
Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը |
1. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել`
1) առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական փորձառություն ունեցող, գնահատման արդյունքում առնվազն լավ գնահատական ստացած դատավորը, ով չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.
2) վերջին ութ տարվա ընթացքում առնվազն հինգ տարի առաջին ատյանի դատարանի դատավոր աշխատած նախկին դատավորը, ով չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով, և ում գործունեությունը գնահատվել է բարձր կամ լավ.
3) վերջին ութ տարվա ընթացքում առնվազն երեք տարի վերաքննիչ դատարանի դատավոր, Գերագույն դատարանի դատավոր աշխատած նախկին դատավորը, ով չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով, և ում գործունեությունը գնահատվել է բարձր կամ լավ.
4) իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող և գիտական գործունեությամբ զբաղվող անձինք:
2. Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը սպառվել է, կամ եթե ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում առկա է ոչ ավելի, քան երկու դատավոր, ապա Բարձրագույն դատական խորհուրդը Արցախի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով հրապարակում է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման մասին հայտարարություն: Հայտարարության մեջ նշվում են թեկնածուների կողմից դիմումների և փաստաթղթերի ներկայացման ժամկետները և վայրը:
3. Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար կարող են Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել դիմում: Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու դիմումը ներառում է նաև դիմում ներկայացրած անձի գործունեության գնահատման պահանջ: Գնահատման պահանջը չի վերաբերում սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում ընդգրկված անձանց:
4. Դիմումներ ընդունելու սահմանված ժամկետի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնողների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում` հրավիրում նրանց զրույցի։
5. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված անձինք տարին մեկ անգամ` ոչ ուշ, քան մինչև հոկտեմբերի 1-ը, կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին` դիմումին կցելով հետևյալ փաստաթղթերը.
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.
3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ.
4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե դիմողն արական սեռի է).
5) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ.
6) գիտական գործունեության առնվազն ութ տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
6. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն: Յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյան վերևում:
7. Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմել է ցուցակը լրացնելու համար անհրաժեշտ թվաքանակից ավելի շատ թեկնածու, ապա քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է հինգ թվի և առաջխաղացման ցուցակում քվեարկության օրվա դրությամբ առկա անձանց թվի տարբերությանը: Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, քան սահմանված է սույն մասով, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր: Քվեարկության արդյունքներով առաջխաղացման ցուցակում ընդգրկվում են առավել «կողմ» ձայներ ստացած այնքան դատավորներ, որքան ձայն ուներ քվեարկության մասնակիցը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած դատավորներին: Լրացուցիչ քվեարկության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
8. Եթե դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմել է անհրաժեշտ թվաքանակից ավելի քիչ կամ դրան հավասար թեկնածու, ապա քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է թեկնածուների թվին: Քվեարկության արդյունքներով անցած են համարվում այն թեկնածուները, որոնց օգտին է քվեարկել քվեարկությանը մասնակցած Բարձրագույն դատական խորհրդի անդամների կեսից ավելին:
9. Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է քվեարկության արդյունքում կազմված առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը:
10. Սույն հոդվածի 1-ի մասի 4-րդ կետով նշված անձանց համար համապատասխան կազմակերպությունում իրականացվում է ուսուցում գործնական հմտությունների զարգացման մասով:
Հոդված 111. |
Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ամենամյա ցուցակից դուրս թողնելու հիմքերը |
1. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը դուրս է թողնվում ցուցակից, եթե`
1) նա առաջխաղացման կարգով նշանակվել է համապատասխանաբար դատավորի պաշտոնում.
2) նա դիմում է այդ մասին.
3) դադարեցվել կամ դադարել են նրա` որպես դատավորի լիազորությունները.
4) նա ընդգրկվել է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ.
5) նա վերջին հինգ տարում ընդգրկված է եղել առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում.
6) Բարձրագույն դատական խորհուրդը նրա նկատմամբ որպես կարգապահական պատասխանատվության միջոց կիրառել է նկատողություն կամ խիստ նկատողություն.
7) նա հանվել է դատավորների թեկնածուների ցուցակից:
2. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից անձը դուրս է թողնվում այն ժամանակ, երբ ի հայտ են գալիս սույն հոդվածով սահմանված հիմքերը։
3. Անձին ցուցակից դուրս թողնելն արգելք չէ ցուցակում ընդգրկվելու նպատակով կրկին դիմելու համար:
Հոդված 112. |
Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղ առաջանալու հիմքերը |
1. Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝
1) դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները.
2) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:
Հոդված 113. |
Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու կարգը և նշանակումը |
1. Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում` հրավիրում նրանց զրույցի։
2. Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված բոլոր անձինք: Յուրաքանչյուրի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյան վերևում:
3. Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Մեկ ձայնից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր: Քվեարկության արդյունքներով դրական եզրակացություն է տրվում առավել «կողմ» ձայներ ստացած անձին: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագ թեկնածուին:
4. Եթե քվեարկվում է մեկ թեկնածու, ապա նա համարվում է ընտրված, եթե ստացել է Բարձրագույն դատական խորհրդի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին: Սահմանված քանակի ձայներ չստանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն այդ անձին հանում է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից և հայտարարություն է անում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար նոր առաջադրումներ սկսելու մասին:
5. Քվեարկության արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից թեկնածությունն առաջարկվում է Ազգային ժողովին: Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի առաջարկության հիման վրա առաջիկա նիստում համապատասխան անձին նշանակում է վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում:
6. Ազգային ժողովն առաջարկությունը ստանալուց հետո առաջիկա նիստում քննարկում է այն և քվեարկում: Եթե քվեարկության արդյունքում նշանակում չի կատարվում, ապա այդ թեկնածությունը համարվում է մերժված, իսկ թափուր տեղի համար Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացնում է նոր թեկնածություն:
Հոդված 114. |
Վերաքննիչ դատարանի նախագահի նշանակման կարգը |
1. Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում թափուր տեղ առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդին երկշաբաթյա ժամկետում կարող են դիմել տվյալ թափուր տեղի համար հավակնող առաջխաղացման ցուցակում ընդգրկված առաջին ատյանի դատարանի գործող դատավորները, ինչպես նաև վերաքննիչ և Գերագույն դատարանների գործող այն դատավորները, ովքեր ունեն առնվազն երեք տարվա դատավորի պաշտոնավարման ստաժ և չունեն կարգապահական տույժեր:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց նշանակման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված դրույթները:
Հոդված 115. |
Գերագույն դատարանի դատավորի թափուր տեղ առաջանալու հիմքերը |
1. Գերագույն դատարանի դատավորի թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝
1) դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները.
2) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:
Հոդված 116. |
Գերագույն դատարանի դատավորին ներկայացվող պահանջները |
1. Գերագույն դատարանի դատավոր կարող է լինել 35 տարին լրացած, Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, հայերենին տիրապետող, սույն օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող բարձրագույն կրթությամբ իրավաբանը:
Հոդված 117. |
Գերագույն դատարանի դատավորի և նախագահի նշանակման կարգը |
1. Գերագույն դատարանի դատավորի կամ նախագահի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում տվյալ թափուր տեղի համար հավակնող և սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող անձինք կարող են երկշաբաթյա ժամկետում դիմել Բարձրագույն դատական խորհրդին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց նշանակման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված դրույթները:
Գ Լ ՈՒ Խ 17
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 118. |
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը |
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Բարձրագույն դատական խորհուրդը:
2. Կարգապահական վարույթն իրականացվում է օրինականության, դատական իշխանության անկախությունը հարգելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության արգելքի և թափանցիկության սկզբունքների հիման վրա:
Հոդված 119. |
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը |
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելը.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելը.
3) դատավորի կողմից օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունները չկատարելը:
2. Սույն հոդվածի իմաստով կարգապահական խախտումները համարվում են դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր կողմից վարքագծի խախտում թույլ տալու հանգամանքը և ցանկացել կամ գիտակցաբար թույլ է տվել դա:
3. Սույն հոդվածի իմաստով կարգապահական խախտումները համարվում են կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր կողմից վարքագծի խախտում թույլ տալու հանգամանքը, սակայն տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր գիտակցել այն:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով կարգապահական պատասխանատվության վարույթ կարող է հարուցվել, եթե նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտմամբ կայացված դատական ակտը բեկանվել (վերացվել) է և բեկանող (վերացնող) դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:
5. Դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
6. Դատավորին քրեական, վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը և հակառակը:
7. Արդարադատություն իրականացնելիս օրենքի սխալ մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների սխալ գնահատումը չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Հոդված 120. |
Կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու ժամկետները |
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ կարող է հարուցվել կարգապահական խախտումը կատարվելուց հետո մեկ տարվա ընթացքում՝ բացառությամբ սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի:
2. Սույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքի առկայության դեպքում վարույթ կարող է հարուցվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտմամբ կայացված դատական ակտը բեկանող (վերացնող) դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում:
Հոդված 121. |
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմինները |
1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն`
1) Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը,
2) արդարադատության նախարարը:
2. Կարգապահական վարույթ հարուցելու դեպքում կարգապահական վարույթ հարուցող մարմինները փոխադարձաբար տեղեկացնում են իրար՝ կցելով կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը:
Հոդված 122. |
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները |
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝
1) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը.
2) կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները.
3) վարույթ հարուցող անձի կողմից իր լիազորություններն իրականացնելիս կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:
2. Կարգապահական վարույթ հարուցելու համար ներկայացվող հաղորդումը՝ բացառությամբ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների, պետք է պարունակի՝
1) այն ներկայացնող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն և այն դատավորի մասին տվյալները, որի դեմ կարգապահական վարույթ կարող է հարուցվել.
2) կարգապահական խախտումներ համարվող արարքների և դրանց կատարման տեղի ու ժամանակի նկարագրությունը.
3) հնարավորության դեպքում ներկայացվող տվյալները հիմնավորող նյութերը.
4) հաղորդումը ներկայացրած անձի կամ մարմնի ստորագրությունը:
3. Եթե մի քանի հաղորդումներ վերաբերում են նույն դատավորին և նույն կարգապահական խախտմանը, ապա դրանք միացվում են մեկ վարույթում:
4. Սույն հոդվածի 2-րդ մասին չհամապատասխանող հաղորդումն այն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում վերադարձվում է կարգապահական վարույթ հարուցող մարմինների կողմից՝ մատնանշելով թույլ տրված սխալները:
5. Եթե ներկայացված հաղորդումը համապատասխանում է սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին և պարունակում է կարգապահական վարույթ հարուցելու բավարար հիմքեր, կարգապահական վարույթ հարուցող մարմինն այն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելու մասին, հակառակ դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժում է հաղորդումը՝ պատճառաբանելով մերժումը:
6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաղորդումը ներկայացնելու պահի դրությամբ սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի լրանալուն մնացել է մեկ ամսից քիչ ժամանակ, ապա հաղորդում ներկայացնելու պահից այդ ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով:
7. Կարգապահական վարույթի հարուցումը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ կարգապահական վարույթ հարուցող մարմինը տեղեկանում է նույն կարգապահական խախտման հիմքով կարգապահական վարույթ հարուցող մյուս մարմնի կողմից ավելի վաղ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կայացրած լինելու մասին:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում կարգապահական վարույթ հարուցող մարմինը կարող է գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պահանջել հաղորդումը ներկայացրած անձանցից:
9. Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է հաղորդում ներկայացրած անձին, համապատասխան դատավորին և կարգապահական վարույթ հարուցող մյուս մարմնին:
Հոդված 123. |
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման ընթացքը |
1. Դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի տևողությունը չի կարող վեց շաբաթից ավելի լինել՝ բացառությամբ դատավորի բացակայության դեպքերի: Կարգապահական վարույթի տևողությունը կարող է երկարաձգվել դատավորի բացակայության ժամանակահատվածով:
2. Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում վարույթ հարուցող մարմինն իրավունք ունի՝
1) դատարանից պահանջել և ուսումնասիրել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութեր.
2) դատարանում ծանոթանալ քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութերի, որոնց վերաբերյալ դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ.
3) դատավորին առաջարկել ներկայացնել գրավոր բացատրություններ.
4) կանչել և լսել վկաների.
5) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ նյութեր.
6) դիմել կարգապահական վարույթ հարուցելու առիթ հանդիսացած հաղորդում ներկայացրած անձին` լրացուցիչ պարզաբանումներ տալու առաջարկությամբ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք պարտավոր են տալ պարզաբանումներ:
3. Դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իրավունք ունի՝
1) ներկայացնել գրավոր բացատրություններ.
2) ծանոթանալ կարգապահական վարույթ հարուցող մարմնում հարցի քննության համար հիմք հանդիսացող նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները.
3) կարգապահական վարույթ հարուցող մարմնի կողմից իրականացվող քննարկումներին մասնակցել՝ հանդես գալով անձամբ կամ փաստաբանի միջոցով, հարցեր տալ ելույթ ունեցողին, առարկություններ ներկայացնել, բացատրություններ տալ և միջնորդություններ անել.
4) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը:
4. Կատարված ուսումնասիրությունների արդյունքում վարույթ հարուցող մարմինը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝
1) կարգապահական վարույթը կարճելու մասին.
2) կարգապահական վարույթը կասեցնելու մասին.
3) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:
5. Կարգապահական վարույթ հարուցող մարմինը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի հարուցման վարույթն այն դեպքում, երբ՝
1) առկա չեն հիմքեր կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու համար.
2) նույն կարգապահական խախտման հիմքով ավելի վաղ հարուցված կարգապահական վարույթով կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին.
3) դադարեցվել կամ դադարել են դատավորի լիազորությունները:
6. Կարգապահական վարույթ հարուցող մարմինը կասեցնում է հարուցված կարգապահական վարույթը, նույն կարգապահական խախտման հիմքով ավելի վաղ հարուցված կարգապահական վարույթի հարուցման մասին տեղեկանալու դեպքում, մինչև այդ հարցի լուծումը: Կարգապահական վարույթ հարուցող մյուս մարմնի կողմից գործի վարույթը կարճելու դեպքում, կարգապահական պատասխանատվության բավարար հիմքերի առկայության դեպքում, կարգապահական վարույթ հարուցող մարմինը վերսկսում է կասեցված կարգապահական վարույթը:
7. Կարգապահական վարույթը կարճելու մասին կարգապահական վարույթ հարուցող մարմինները փոխադարձաբար տեղեկացնում են միմյանց: Վարույթ հարուցողն իր կողմից կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում կայացնելուց հետո չի կարող նույն հիմքով կրկին վարույթ հարուցել:
8. Վարույթ հարուցող անձը, վարույթին մասնակցած վկաները և այլ անձինք պարտավոր են պահպանել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Կարգապահական վարույթի շրջանակներում առաքվող բոլոր փաստաթղթերը պետք է առաքվեն փակ ծրարներով` «ծառայողական» դրոշմագրով:
Հոդված 124. |
Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը |
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին կարգապահական վարույթ հարուցող մարմինը միջնորդություն է ներկայացնում Բարձրագույն դատական խորհրդին՝ դրան կցելով կարգապահական խախտման մասին եզրակացությունը:
2. Կարգապահական խախտման մասին եզրակացությունը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
3. Ներածական մասը բովանդակում է կարգապահական վարույթ հարուցողի անվանումը, դատավորի և նրա ներկայացուցչի անունը, ազգանունը:
4. Նկարագրական-պատճառաբանական մասում կարգապահական վարույթ հարուցողը շարադրում է դատավորի կողմից կատարված կարգապահական խախտում հանդիսացող յուրաքանչյուր արարքը, այդ արարքը կատարված լինելը հիմնավորող տեղեկությունները, արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները, այդ թվում` կատարված արարքում դատավորի մեղքի առկայությունը և դրա տեսակը, դատավորին բնութագրող հանգամանքները, նրա մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն նրա բերվող փաստարկները և այդ փաստարկների ստուգման արդյունքում հավաքված ապացույցները:
5. Եզրափակիչ մասում շարադրվում են կարգապահական խախտման տեսակը և դրա ձևակերպումը` նշելով կիրառման ենթակա կարգապահական տույժի միջոցը։
6. Նույն դատավորի կողմից մի քանի կարգապահական խախտում կատարելու դեպքում դատավորը ենթակա է կարգապահական պատասխանատվության առավել խիստ կարգապահական տույժի ենթակա խախտման կատարման համար:
7. Կարգապահական վարույթ հարուցողը ստորագրում է կարգապահական խախտման մասին եզրակացությունը` նշելով այն կազմելու ամիսը, ամսաթիվը և տարեթիվը: Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամը եզրակացության վերաբերյալ կարող է ներկայացնել հատուկ կարծիք: Եթե Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նշում է արվում եզրակացության մեջ, և հատուկ կարծիքը կցվում է եզրակացությանը: Հատուկ կարծիք ներկայացնելու դեպքում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամը չի ստորագրում եզրակացությունը:
8. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությանը կարգապահական խախտման մասին եզրակացության հետ մեկտեղ կցվում են կարգապահական պատասխանատվության հարուցման վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը:
9. Մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը և կից նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելը դրանց հետ իրավունք ունի ծանոթանալու այն դատավորը, որի նկատմամբ վարույթ է հարուցվել: Դատավորին կարգապահական խախտման մասին եզրակացությունը և նյութերը հանձնվում են ոչ ուշ, քան հարուցված կարգապահական վարույթի տևողության համար սահմանված ժամկետից երկու շաբաթ առաջ: Նյութերը ստանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում դատավորն իրավունք ունի ներկայացնելու լրացուցիչ բացատրություններ կամ միջնորդություն լրացուցիչ ստուգումներ կատարելու մասին: Վարույթ հարուցած անձը դատավորի լրացուցիչ բացատրությունների կամ լրացուցիչ ստուգումներ կատարելու մասին միջնորդության հիման վրա իրավունք ունի փոխելու իր եզրակացությունը, եթե դա չի վատթարացնում դատավորի վիճակը:
10. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով կարգապահական խախտման մասին եզրակացությունը փոփոխելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությանը լրացուցիչ ապացույցներ կցելու դեպքում դրանք մեկ օրվա ընթացքում ուղարկվում են դատավորին։
11. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը Բարձրագույն դատական խորհրդին ուղարկելու պահից վարույթ հարուցած մարմինն այն չի կարող հետ վերցնել:
12. Կարգապահական վարույթի նյութերը ստանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում դատավորն իրավունք ունի Բարձրագույն դատական խորհրդին ուղարկելու պատասխան: Դատավորի կողմից պատասխան չուղարկելը չի խոչընդոտում Բարձրագույն դատական խորհրդում նրա նկատմամբ կարգապահական գործի քննությանը:
Հոդված 125. |
Դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
1. Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն:
2. Նախազգուշացումը կիրառվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից նվազ ծանրության ճանաչված կարգապահական խախտման համար, եթե դատավորը չունի տույժ:
3. Դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում, ի թիվս այլնի, խախտման հետևանքները, դատավորի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը, դատավորին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
4. Եթե խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, նկատողություն ստանալու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, իսկ նախազգուշացում ստանալու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:
Հոդված 126. |
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը |
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը գործում է որպես դատարան:
2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնբաց են՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով, օրենքով պահպանվող այլ տեղեկությունների պահպանության համար:
3. Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ինքնաբացարկ հայտնել:
4. Կարգապահական վարույթ հարուցած մարմինը, դատավորը և Բարձրագույն դատական խորհրդի անդամները կարող են Բարձրագույն դատական խորհրդի անդամին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահին կամ նիստը նախագահողին:
5. Բարձրագույն դատական խորհուրդը, քննարկելով խորհրդի անդամի ինքնաբացարկի կամ բացարկի հարցը, սույն օրենսգրքով սահմանված ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում որոշում է կայացնում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ինքնաբացարկի կամ բացարկի միջնորդությունը բավարարելու մասին: Միջնորդությունը բավարարվելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի այդ անդամը չի կարող մասնակցել տվյալ գործով նիստին և քվեարկել:
6. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Բարձրագույն դատական խորհրդի նիստում դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
7. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ստանալու պահից մեկ ամսվա ժամկետում:
Հոդված 127. |
Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքը |
1. Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննությունը սկսվում է հարցի էության և կարգապահական խախտման մասին եզրակացության վերաբերյալ վարույթ հարուցած անձի զեկուցմամբ: Եթե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է արդարադատության նախարարը, ապա վերջինս պարտավոր է ներկա գտնվել Բարձրագույն դատական խորհրդի նիստին և իրավունք ունի հանդես գալու անձամբ կամ ներկայացուցչի միջոցով: Եթե կարգապահական վարույթը հարուցվել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից, ապա Բարձրագույն դատական խորհրդի նիստին կարգապահական խախտման մասին եզրակացության վերաբերյալ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի հանձնարարությամբ զեկուցում է դրա անդամներից մեկը:
2. Այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը Բարձրագույն դատական խորհրդին ուղարկելուց հետո կարգապահական վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք մեղմացնում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է դրա մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին:
3. Բարձրագույն դատական խորհրդում վարույթ հարուցած մարմնի զեկուցումից հետո խորհուրդը լսում է այն դատավորի բացատրությունները, որի նկատմամբ վարույթ է հարուցվել: Դատավորը Բարձրագույն դատական խորհրդում բացատրություն է տալիս կարգապահական խախտման մասին եզրակացության մեջ արտացոլված յուրաքանչյուր խախտման վերաբերյալ: Նա կարող է ժխտել իր կողմից կարգապահական խախտում համարվող արարքի կատարման փաստը, վիճարկել արարքի որակումը` որպես կարգապահական խախտում, կամ վերոհիշյալ երկուսը միաժամանակ: Եթե դատավորը չի վիճարկում կարգապահական խախտման փաստի առկայությունը և համաձայնում է տվյալ արարքի որակմանը՝ որպես կարգապահական խախտում, ապա Բարձրագույն դատական խորհուրդն անմիջապես անցնում է դատավորի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հարցի քննարկմանը:
4. Եթե դատավորը վիճարկում է իր կողմից կարգապահական խախտում կատարելու փաստը, ապա նրա բացատրությունները լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն անցնում է վարույթի նյութերի և ապացույցների հետազոտմանը:
5. Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի նաև իր նախաձեռնությամբ նիստին հրավիրելու ու հարցաքննելու վկաների: Վկաների չներկայանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վկային բերման ենթարկելու մասին որոշում կայացնել:
6. Բարձրագույն դատական խորհուրդը գործով հրավիրված վկաներին նախազգուշացնում է վկայություն տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ վկայություն տալու, իսկ փորձագետին` եզրակացություն տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին:
7. Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի նաև իր նախաձեռնությամբ ապացույցներ պահանջելու:
8. Գործի նյութերի ուսումնասիրությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը լսում է նիստին մասնակցող անձանց եզրափակիչ ելույթները, որից հետո նիստը հայտարարվում է ավարտված:
9. Բարձրագույն դատական խորհուրդը քվեարկության է դնում կարգապահական խախտման առկայության և կարգապահական տույժի տեսակի ընտրության հարցերը:
Հոդված 128. |
Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության սահմանները |
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորի նկատմամբ և միայն այն կարգապահական խախտման սահմաններում, որով կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին:
Հոդված 129. |
Դատավորի իրավունքները և պարտականությունները Բարձրագույն դատական խորհրդում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս |
1. Դատավորն իրավունք ունի`
1) ծանոթանալու Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության համար հիմք հանդիսացող նյութերին, քաղվածքներ անելու, ստանալու դրանց պատճենները.
2) հարցեր տալու ելույթ ունեցողին, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ անելու.
3) ապացույցներ ներկայացնելու և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) մասնակցելու նիստին՝ հանդես գալով անձամբ, ինչպես նաև փաստաբանի միջոցով:
2. Դատավորի փաստաբանը բոլոր դեպքերում իրավունք ունի մասնակցելու Բարձրագույն դատական խորհրդում տվյալ դատավորի վերաբերյալ հարցի քննարկմանը և օգտվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներից:
3. Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս դատավորն օգտվում է Սահմանադրության 61-րդ հոդվածով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված երաշխիքներից:
4. Բարձրագույն դատական խորհրդի կանչին դատավորի անհարգելի չներկայանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցն իրավունք ունի քննելու դատավորի բացակայությամբ:
Հոդված 130. |
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը |
1. Մեկ կարգապահական վարույթի քննության շրջանակներում, անգամ եթե նույն դատավորը կատարել է մի քանի կարգապահական խախտում, Բարձրագույն դատական խորհուրդը կայացնում է մեկ որոշում:
2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է խորհրդի չորս անդամների ներկայության դեպքում:
3. Որոշումն ընդունվում է միայն Բարձրագույն դատական խորհրդի անդամների ներկայությամբ: Որոշումն ընդունվում է Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամների ձայների մեծամասնությամբ՝ փակ քվեարկությամբ:
4. Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշում ընդունելու համար քննարկված հարցերը, խորհրդի անդամների կողմից արտահայտված դիրքորոշումը և քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո՝ բացառությամբ խորհրդի անդամի կողմից ներկայացված հատուկ կարծիքի:
5. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.
1) դատավորին սույն օրենսգրքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին.
2) գործի վարույթը կարճելու մասին:
Հոդված 131. |
Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի վարույթը կարճելու հիմքերը |
1. Բարձրագույն դատական խորհուրդը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործն այն դեպքում, երբ՝
1) հիմնավորված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը.
2) վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, եթե դատավորը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով.
3) դադարեցվել կամ դադարել են դատավորի լիազորությունները:
Հոդված 132. |
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշմանը ներկայացվող պահանջները և որոշման հրապարակումը |
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշումը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշման ներածական մասում նշվում է`
1) Բարձրագույն դատական խորհրդի անվանումը և կազմը.
2) Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության վայրը և ժամանակը.
3) այն դատավորի անունը, ազգանունը և պաշտոնը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ.
4) վարույթը հարուցած անձի անունը, ազգանունը և պաշտոնը.
5) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը:
3. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են`
1) կարգապահական խախտման մասին եզրակացության բովանդակությունը.
2) գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
3) վարույթ հարուցած մարմնի կամ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում նրա ներկայացուցչի դիրքորոշումը.
4) այն դատավորի բացատրությունները, որի նկատմամբ վարույթ է հարուցվել.
5) այն անձանց բացատրությունները, ցուցմունքները, որոնք հրավիրվել են Բարձրագույն դատական խորհրդի նիստին.
6) կարգապահական խախտման և դատավորի մեղավորության մասին դատարանի հետևությունները, դատավորի անձը բնութագրող հանգամանքները.
7) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են Բարձրագույն դատական խորհրդի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները.
8) օրենքի այն նորմերը, որոնցով Բարձրագույն դատական խորհուրդը ղեկավարվել է որոշում ընդունելիս:
4. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշման եզրափակիչ մասում նշվում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումը:
5. Գործի քննությունն ավարտված հայտարարելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարում է որոշման հրապարակման օրը, վայրը և ժամը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կազմվում և հրապարակվում է գործի քննությունն ավարտված հայտարարելուց հետո` 15 օրվա ընթացքում:
6. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը հրապարակվում է Բարձրագույն դատական խորհրդի որոշման հետ միասին: Բարձրագույն դատական խորհրդի որոշումը հրապարակվում է Արցախի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:
7. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
8. Կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորը համապատասխան հիմքերի առկայության պարագայում կարող է դիմել Գերագույն դատարան՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով:
9. Որոշումը հրապարակվելուց հետո` հնգօրյա ժամկետում, ուղարկվում է կարգապահական վարույթ հարուցած մարմնին և դատավորին:
Հոդված 133. |
Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով |
1. Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:
2. Նոր երևան եկած հանգամանքները հիմք են որոշման վերանայման համար, եթե`
1) Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու միջնորդություն ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել միջնորդություն ներկայացրած անձին ու Բարձրագույն դատական խորհրդին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված որոշում կայացնելուն.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ կարգապահական վարույթին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կատարել են գործի քննության հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է ապօրինի կամ չհիմնավորված որոշում կայացնելուն, կամ գործի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի կողմից:
3. Նոր հանգամանքները հիմք են որոշման վերանայման համար, եթե`
1) Գերագույն դատարանը տվյալ գործով կիրառված օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.
2) առաջին ատյանի դատարանն ուժի մեջ մտնելու պահից անվավեր է ճանաչել այն նորմատիվ իրավական ակտը, որի հիման վրա կայացվել է տվյալ որոշումը:
4. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով որոշման վերանայման միջնորդություն կարող է բերվել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից երեք ամսվա ընթացքում, եթե Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 20 տարի:
5. Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու միջնորդությունը կարող է ներկայացվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած մարմնի կամ այն դատավորի կողմից, որին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել:
6. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու համար հիմք հանդիսացող հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է միջնորդությունը ներկայացրած անձը:
7. Եթե Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ բացակայում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերը, ապա որոշում է ընդունում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ:
8. Բարձրագույն դատական խորհրդի որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն ուժը կորցրած է ճանաչում իր որոշումը և կայացնում է նոր որոշում:
Հոդված 134. |
Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվությունը |
1. էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձի կողմից սույն օրենսգրքով նախատեսված վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում ստանալով կամ նման փաստի հանդիպելով` իր իրավասության շրջանակում որևէ այլ հարց քննելիս կազմակերպում է քննարկում՝ մասնակից դարձնելով խախտում կատարած անձին:
2. Եթե քննարկումից հետո Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը գտնում է, որ առկա են կարգապահական պատասխանատվության ենթարկելու բավարար հիմքեր, ապա հարուցում է կարգապահական վարույթ:
3. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը նրանց նկատմամբ կարող է կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) դատավորների թեկնածուների ցուցակից անձին հանել:
4. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության ընթացակարգի վրա տարածվում են սույն գլխի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ:
Գ Լ ՈՒ Խ 18
ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 135. |
Դատավորի լիազորությունների դադարեցումը |
1. Դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե`
1) նա խախտել է սույն օրենսգրքով սահմանված անհամատեղելիության պահանջները.
2) զբաղվել է քաղաքական գործունեությամբ.
3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ ավելի քան վեց ամիս օրացուցային տարվա ընթացքում ի վիճակի չի եղել կատարելու իր պաշտոնեական պարտականությունները.
4) նշանակումից հետո ձեռք է բերել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.
5) կատարել է էական կարգապահական խախտում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում համապատասխան դատարանի նախագահն այդ մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդին:
3. Եթե առերևույթ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքը, ապա համապատասխան դատարանի նախագահը դիմում է արդարադատության նախարարին` դատավորի բժշկական զննությունն իրավասու մարմնի միջոցով կազմակերպելու համար: Դատավորը պարտավոր է անցնել բժշկական զննությունը: Եթե զննության արդյունքում հիմնավորվում է, որ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքը, ապա համապատասխան դատարանի նախագահն այդ մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդին:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված էական կարգապահական խախտման հիմքով դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե կարգապահական վարույթի ընթացքում հիմնավորվում է դատավորի կողմից էական կարգապահական խախտում կատարելու փաստը:
5. Եթե Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավորված չի համարում էական կարգապահական խախտում կատարելու մասին եզրակացությունը, սակայն դատավորին վերագրվող արարքում առկա են կարգապահական խախտման հատկանիշներ, ապա կիրառում է կարգապահական տույժ:
6. Էական կարգապահական խախտում է համարվում՝
1) սույն օրենսգրքով սահմանված կարգապահական խախտումներն այն դատավորի կողմից կատարելը, որը կարգապահական խախտումները դիտավորությամբ կատարելու համար երկու նկատողություն կամ խիստ նկատողություն ունի.
2) սույն օրենսգրքով սահմանված կարգապահական խախտումներն այն դատավորի կողմից կատարելը, որը կարգապահական խախտումները կոպիտ անփութությամբ կատարելու համար երեք նկատողություն կամ խիստ նկատողություն ունի.
3) դատավորի կողմից այնպիսի արարքներ կատարելը, որով հեղինակազրկվում է դատական իշխանությունը կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:
7. Դատավորի լիազորությունները դադարեցնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով դատավորի լիազորությունների դադարեցման վարույթի ընթացքի և որոշումների ընդունման կարգի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումների վերանայման նկատմամբ կիրառվում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի նորմերը:
8. Դատավորի լիազորությունների դադարեցման հարցի քննարկման արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է որոշում դատավորի լիազորությունները դադարեցնելու կամ գործի վարույթը կարճելու մասին:
9. Բարձրագույն դատական խորհուրդը կարճում է դատավորի լիազորությունների դադարեցման վարույթը, եթե՝
1) դատավորի լիազորությունների դադարեցման հիմքը հիմնավորված չէ.
2) դատավորի լիազորությունները դադարել են:
10. Եթե Բարձրագույն դատական խորհուրդը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով ուժը կորցրած է ճանաչում դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին: Մինչև վերականգնումը նշանակում կատարված լինելու և տվյալ դատարանում դատավորի թափուր այլ հաստիք չլինելու դեպքում տվյալ անձին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարվում է հատուցում` նրա միջին աշխատավարձի չափով՝ մինչև Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելը, և դատավորի պաշտոնում չվերականգնելու դիմաց հատուցում` նրա միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
Գ Լ ՈՒ Խ 19
ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Հոդված 136. |
Դատավորի լիազորությունների դադարումը |
1. Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դատավորի լիազորությունները դադարում են, եթե`
1) նա հրաժարական է ներկայացնում.
2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).
3) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.
4) նա կորցրել է Արցախի Հանրապետության քաղաքացիությունը.
5) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
6) նա մահացել է:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է հրաժարական ներկայացնելու կամ մահվան օրը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա 65 տարին լրանալու հաջորդ օրվանից:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է դատարանի համապատասխան վճիռը, դատավճիռը կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա` Արցախի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու հաջորդ օրվանից:
6. Եթե Բարձրագույն դատական խորհուրդը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով ուժը կորցրած է ճանաչում դատավորի լիազորությունների դադարման մասին որոշումը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերի համաձայն ընդունված դատարանի համապատասխան վճիռը, դատավճիռը կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացվելու դեպքերում որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին: Մինչև վերականգնումը նշանակում կատարված լինելու և տվյալ դատարանում դատավորի թափուր այլ հաստիք չլինելու դեպքում տվյալ անձին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարվում է հատուցում` նրա միջին աշխատավարձի չափով՝ մինչև Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելը, և դատավորի պաշտոնում չվերականգնելու դիմաց հատուցում` նրա միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
Գ Լ ՈՒ Խ 20
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Հոդված 137. |
Դատավորի գործունեության գնահատման վերաբերյալ որոշման դեմ բերված բողոքի քննության կարգը Բարձրագույն դատական խորհրդում |
1. Դատավորի գործունեության գնահատման վերաբերյալ որոշման (այսուհետ՝ Որոշում) դեմ բերված բողոքը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
2. Որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:
3. Բողոք բերող դատավորը բողոքը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնելու հետ միաժամանակ դրա պատճենը ուղարկում է Դատարանների նախագահների խորհրդին: Բողոքին կցվում է դրա պատճենը Դատարանների նախագահների խորհրդին ուղարկելը հավաստող փաստաթուղթ:
4. Դատարանների նախագահների խորհուրդը բողոքի պատճենը ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բողոք բերած դատավորի գործունեության գնահատման վերաբերյալ գործը ներկայացնում է Դատական դեպարտամենտ: Դատարանների նախագահների խորհուրդն իրավունք ունի նաև բողոքը ստանալու պահից եռօրյա ժամկետում ներկայացնելու պատասխան:
5. Բարձրագույն դատական խորհրդի անդամը հարցի քննության վերաբերյալ կարող է ինքնաբացարկ հայտնել: Դատավորը, Դատարանների նախագահների խորհրդի նախագահը կամ նրա լիազորությամբ գործող անձը և Բարձրագույն դատական խորհրդի անդամները կարող են Բարձրագույն դատական խորհրդի անդամին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահին կամ նիստը նախագահողին: Բարձրագույն դատական խորհուրդը, քննարկելով խորհրդի անդամի ինքնաբացարկի կամ բացարկի հարցը, սույն օրենսգրքով սահմանված ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում, որոշում է կայացնում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ինքնաբացարկի կամ բացարկի միջնորդությունը բավարարելու մասին: Միջնորդությունը բավարարվելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի այդ անդամը չի կարող մասնակցել տվյալ գործով նիստին և քվեարկել:
6. Որոշման դեմ բերված բողոքը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է բողոք բերած դատավորի գնահատման վերաբերյալ գործը ստանալու պահից տասնօրյա ժամկետում:
7. Որոշումների բողոքարկման գործով Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնբաց են: Նիստերն անցկացվում են դռնփակ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության, ինչպես նաև օրենքով պահպանվող տեղեկությունների պաշտպանության համար:
8. Բարձրագույն դատական խորհրդի նիստը բացելուց հետո նիստը նախագահողը ներկայացնում է բողոքի, իսկ պատասխան ներկայացված լինելու դեպքում` նաև պատասխանի համառոտ բովանդակությունը, որից հետո Բարձրագույն դատական խորհուրդն անցնում է գործի նյութերի և ապացույցների հետազոտմանը:
9. Անհրաժեշտության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է նիստին ներգրավել և լսել բողոք բերած դատավորին և Դատարանների նախագահների խորհրդին:
10. Բարձրագույն դատական խորհրդում Դատարանների նախագահների խորհրդի անունից հանդես է գալիս Դատարանների նախագահների խորհրդի նախագահը կամ նրա կողմից լիազորված Դատարանների նախագահների խորհրդի որևէ անդամ: Բարձրագույն դատական խորհրդի պահանջով նիստին մասնակցում են Դատարանների նախագահների խորհրդի մյուս անդամները:
11. Գործի քննության ընթացքում դատավորը և Դատարանների նախագահների խորհրդի ներկայացուցիչն օգտվում են սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքներից:
Հոդված 138. |
Որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի ընդունած որոշումները |
1. Որոշման դեմ բերված բողոքի վերաբերյալ գործի քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
1) բողոքը բավարարելու և Որոշումն անվավեր ճանաչելու.
2) բողոքը մերժելու.
3) գործի վարույթը կարճելու մասին:
2. Բարձրագույն դատական խորհուրդը կարճում է Որոշման դեմ բերված բողոքի քննության վերաբերյալ գործը, եթե՝
1) մինչև Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշում կայացնելը դատավորը հետ է վերցրել բողոքը.
2) դադարեցվել կամ դադարել են դատավորի լիազորությունները:
3. Որոշման դեմ բերված բողոքի վերաբերյալ գործով Բարձրագույն դատական խորհրդի որոշումը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
4. Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ նշվում է`
1) Բարձրագույն դատական խորհրդի անվանումը և կազմը.
2) Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության վայրը և ժամանակը.
3) բողոք բերած դատավորի անունը, ազգանունը և պաշտոնը.
4) Դատարանների նախագահների խորհրդի ներկայացուցչի անունը, ազգանունը և պաշտոնը.
5) գործին մասնակցող այլ անձանց անունը, ազգանունը և գործի քննության ընթացքում նրանց կարգավիճակը.
6) գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
7) բողոքի և պատասխանի բովանդակությունը.
8) այն անձանց բացատրությունները, ցուցմունքները, որոնք հրավիրվել են Բարձրագույն դատական խորհրդի նիստին.
9) Բարձրագույն դատական խորհրդի հետևությունները.
10) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են Բարձրագույն դատական խորհրդի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները.
11) օրենքի այն նորմերը, որոնցով Բարձրագույն դատական խորհուրդը ղեկավարվել է որոշում ընդունելիս.
12) Բարձրագույն դատական խորհրդի որոշման եզրափակիչ մասում նշվում է ընդունված որոշման շարադրանքը:
5. Որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքների մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է գործի քննությունն ավարտելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում:
6. Որոշում կայացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք: Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշում ընդունելու համար քննարկված հարցերը, խորհրդի անդամների կողմից արտահայտված դիրքորոշումը և քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո՝ բացառությամբ խորհրդի անդամի կողմից ներկայացված հատուկ կարծիքի:
7. Որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումն ընդունվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դատական դեպարտամենտն այն հրապարակում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ որոշման պատճենը ուղարկում է բողոք բերած դատավորին ու Դատարանների նախագահների խորհրդին:
Գ Լ ՈՒ Խ 21
ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԿԱՄ ՆՐԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Հոդված 139. |
Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին առաջարկը |
1. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ է դիմում գլխավոր դատախազը:
2. Գլխավոր դատախազը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը:
3. Գլխավոր դատախազի կողմից դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անհապաղ հրավիրում է Բարձրագույն դատական խորհրդի նիստ:
4. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցերով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում ոչ ուշ, քան գլխավոր դատախազի դիմումի մուտքագրման հաջորդ օրը:
5. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցերով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում՝ ողջամտորեն խուսափելով նիստն ընդմիջելուց կամ հետաձգելուց:
6. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը չի նշանակում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու հիմքերի առկայության հաստատում և չի կաշկանդում իրավասու դատարանին համապատասխան հարցը օրենքով սահմանված կարգով լուծելիս:
7. Բարձրագույն դատական խորհրդին երկրորդ անգամ նույն հիմքով դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ առաջարկություն չի կարող արվել:
8. Եթե դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու մասին Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը ստանալուց հետո մեղադրանքի ծավալի այնպիսի փոփոխման անհրաժեշտություն է առաջացել, որը վատթարացնում է կամ կարող է վատթարացնել դատավորի վիճակը, ապա դա կարող է իրականացվել միայն սույն հոդվածով նախատեսված ընթացակարգի պահպանմամբ:
Հոդված 140. |
Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու դեպքում դատավորի լիազորությունների կասեցումը |
1. Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից դատավորի լիազորությունները համարվում են կասեցված` նախաքննության և դատաքննության ժամկետով:
2. Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը ստանում է հատուցում` որպես ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվող:
Հոդված 141. |
Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին հարցի քննության և Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշման կայացման կարգը |
1. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին հարցի քննությունն իրականացվում է դռնփակ ընթացակարգով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորի պահանջով այն իրականացվում է դռնբաց ընթացակարգով:
2. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննության ժամանակ գլխավոր դատախազը պարտավոր է ներկա գտնվել Բարձրագույն դատական խորհրդի նիստին և անձամբ ներկայացնել իր դիրքորոշումը:
3. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին առաջարկի քննության ժամանակ դատավորն իրավունք ունի ծանոթանալու Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության համար հիմք հանդիսացող նյութերին, քաղվածքներ անելու, ստանալու դրանց պատճենները, հարցեր տալու, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ անելու, մասնակցելու նիստին՝ հանդես գալով անձամբ կամ փաստաբանի միջոցով:
4. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին հարցի քննության ժամանակ դատավորի փաստաբանը բոլոր դեպքերում իրավունք ունի մասնակցելու Բարձրագույն դատական խորհրդում տվյալ դատավորի վերաբերյալ հարցի քննարկմանը:
5. Փաստաբանը բոլոր դեպքերում իրավունք ունի ծանոթանալու հարցի քննության համար հիմք հանդիսացող նյութերին, քաղվածքներ անելու, ստանալու դրանց պատճենները՝ բացառությամբ նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունների, հարցեր տալու, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ անելու, ապացույցներ ներկայացնելու և մասնակցելու դրանց հետազոտմանը:
6. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին հարցի քննության ժամանակ դատավորն իրավունք ունի բացատրություն տալու Բարձրագույն դատական խորհրդին:
7. Դատավորին ազատությունից զրկելու դեպքում գլխավոր դատախազն ապահովում է դատավորի մասնակցությունը Բարձրագույն դատական խորհրդի նիստին:
8. Բարձրագույն դատական խորհրդի նիստին դատավորի չներկայանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցն իրավունք ունի քննելու դատավորի բացակայությամբ:
9. Հարգելի պատճառով Բարձրագույն դատական խորհրդի նիստին դատավորի չներկայանալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դատավորի օրինական շահերը ներկայացնելու համար ներգրավվում է հանրային պաշտպան՝ բացառությամբ այն դեպքի, երբ դատավորը հայտարարել է հանրային պաշտպանից հրաժարվելու մասին, ինչը և ընդունվել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից:
10. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
1) դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին.
2) դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալը մերժելու մասին.
3) դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին.
4) դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալը մերժելու մասին:
11. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն կամ դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալը մերժելու մասին որոշում կայացնելու պահից դատավորն անհապաղ ազատ է արձակվում:
12. Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար որոշում կայացնելու համար սահմանված կանոններով:
13. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
Բ Ա Ժ Ի Ն 4
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Գ Լ ՈՒ Խ 22
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ
Հոդված 142. |
Դատական ծառայությունը |
1. Դատական ծառայությունն օրենքով դատարաններին, ինչպես նաև դատական իշխանության մարմիններին վերապահված լիազորությունների ու գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեությունն է: Դատական ծառայությունը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության մասն է:
2. Դատական ծառայությունն իրականացվում է Դատական դեպարտամենտի՝
1) կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում.
2) առանձնացված ստորաբաժանումներում:
3. Դատական դեպարտամենտը ղեկավարում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:
4. Դատական ծառայություն չեն համարվում պաշտոնավարումը դատավորի պաշտոնում, ինչպես նաև դատարանի նշանակած փորձագետների, մասնագետների, սնանկության գործերի կառավարիչների, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող և պայմանագրային հիմունքներով աշխատող անձանց գործունեությունը:
5. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համարվում են Դատական դեպարտամենտի աշխատողներ, և նրանց հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և այլ իրավական ակտերով:
Հոդված 143. |
Դատական դեպարտամենտը |
1. Դատական դեպարտամենտը`
1) նախապատրաստում և կազմակերպում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը.
2) սույն օրենսգրքով նախատեսված ժամկետներում Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, խորհրդի նիստում հարցերի քննարկմանը մասնակցող այլ անձանց տրամադրում է Բարձրագույն դատական խորհրդում քննարկվող հարցերի վերաբերյալ նյութերը.
3) արձանագրում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը.
4) մշակում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունվող որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերը.
5) առաքում և հրապարակում է Բարձրագույն դատական խորհրդի ընդունած իրավական ակտերը.
6) կազմակերպում է դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նպատակով անցկացվող որակավորման ստուգումները.
7) կազմակերպում է որակավորման ստուգման արդյունքներով դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը.
8) կազմակերպում է դատավորների և ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց վերապատրաստումը.
9) վարում և ամփոփում է դատական վիճակագրությունը, ամփոփում է դատական պրակտիկան.
10) կազմակերպում է արխիվային գործի վարումը.
11) կազմակերպում և անցկացնում է դատական ծառայողների մասնագիտական վերապատրաստումը.
12) իրականացնում է ուսումնական ծրագրերի մշակումներ.
13) կազմակերպում և անցկացնում է իրավական համակարգի, օրենսդրության և արդարադատության իրականացման կատարելագործմանն ուղղված սեմինարներ, գիտաժողովներ, հրատարակում է ուսումնական գրականություն և այլն.
14) ապահովում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքի վարումը և կայքի սպասարկման ընթացիկ այլ աշխատանքների իրականացումը.
15) կատարում է Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ տրված հանձնարարությունները.
16) իրականացնում է սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:
2. Դատական դեպարտամենտի գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Դատարանների նախագահների խորհրդի նախագահը:
3. Դատական դեպարտամենտին հանձնարարություններ տալու իրավունք ունեն Բարձրագույն դատական խորհուրդը, Դատարանների նախագահների խորհուրդը, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:
Հոդված 144. |
Դատական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը |
1. Դատական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Բարձրագույն դատական խորհրդի, Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով, Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
2. Դատական ծառայության հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե սույն օրենսգրքով և «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:
Գ Լ ՈՒ Խ 23
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 145. |
Առաջին ատյանի, վերաքննիչ և Գերագույն դատարանների բնականոն գործունեության ապահովումը |
1. Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենքներով առաջին ատյանի, վերաքննիչ և Գերագույն դատարաններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովում են Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումները՝ դատարանների աշխատակազմերը:
2. Դատարանի աշխատակազմի ղեկավարին նշանակում է Դատարանների նախագահների խորհրդի նախագահը:
3. Դատարանի աշխատակազմի իրավական վիճակը և գործունության կարգը սահմանվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
Բ Ա Ժ Ի Ն 5
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 24
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 146. |
Դատական կարգադրիչների ծառայությունը |
1. Դատական կարգադրիչների ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է:
2. Դատական կարգադրիչների ծառայության առանձնահատկությունները, կազմակերպման կարգն ու պայմանները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով:
Հոդված 147. |
Դատական կարգադրիչների մասին օրենսդրությունը |
1. Դատական կարգադրիչների իրավունքներն ու պարտականությունները, ատեստավորման, փորձաշրջանի նշանակման, ծառայության և հանգստի ժամանակի, արձակուրդի, դատական կարգադրիչներին հրամաններ տալու սահմանափակումների, նրանց գործունեության նկատմամբ հսկողության, դատական կարգադրիչների պատասխանատվության, պաշտոնեական երաշխիքների և սահմանափակումների, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատական կարգադրիչների ծառայության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատական կարգադրիչների ծառայության նկատմամբ և չեն հակասում սույն օրենսգրքին: Դատական կարգադրիչների ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրառման դեպքում օրենքով արդարադատության նախարարին և գլխավոր հարկադիր կատարողին վերապահված լիազորություններն իրականացվում են Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից, եթե այլ բան չի բխում սույն օրենսգրքի դրույթներից:
2. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատական կարգադրիչների ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատական կարգադրիչների նկատմամբ և չեն հակասում սույն օրենսգրքին:
Հոդված 148. |
Դատական կարգադրիչների ծառայության խնդիրները |
1. Դատական կարգադրիչների ծառայության խնդիրներն են սույն օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխան ապահովել՝
1) դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.
2) տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը.
3) Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը, գույքի, ինչպես նաև շենքի և դրա սպասարկման տարածքի պահպանությունը:
2. Դատական կարգադրիչների ծառայությունը իր խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է Արցախի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) և պետական այլ մարմինների հետ՝ տեղեկատվություն փոխանակելով, համատեղ գործողություններ կազմակերպելով և իրականացնելով, ինչպես նաև ծառայությունն իրականացնելիս միմյանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով:
Հոդված 149. |
Դատական կարգադրիչների գործունեության սկզբունքները |
1. Դատական կարգադրիչների գործունեությունն իրականացվում է օրինականության, անձի իրավունքները և ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և թափանցիկության սկզբունքների խստիվ պահպանմամբ:
2. Դատական կարգադրիչի կողմից մարդուն խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը կամ նրա նկատմամբ բռնություն կիրառելն արգելվում է և առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
3. Դատական կարգադրիչները մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում պարտավոր են նրան անմիջապես ներկայացնել սահմանափակման հիմքերը և բացատրել նրա իրավունքներն ու պարտականությունները, իսկ արգելանքի վերցնելու դեպքում՝ անհապաղ ապահովել նրա հանձնումը ոստիկանություն:
Գ Լ ՈՒ Խ 25
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 150. |
Դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը |
1. Դատական կարգադրիչների ծառայությունը Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանում է:
2. Դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը հաստատում է Դատարանների նախագահների խորհուրդը` Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ:
3. Բյուջետային տարվա ընթացքում դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակի փոփոխությունները կատարվում են տվյալ տարվա բյուջետային միջոցների շրջանակում:
Հոդված 151. |
Դատական կարգադրիչների ծառայության համակարգումը և ղեկավարումը |
1. Դատական կարգադրիչների ծառայության գործունեությունը համակարգում է Դատական դեպարտամենտի ղեկավարը: Դատական դեպարտամենտի ղեկավարը՝
1) համակարգում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում դատական կարգադրիչների ծառայության գործունեության նկատմամբ.
2) ընդունում է դատական կարգադրիչների ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է կարգադրություններ.
3) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննություններ, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.
4) կարող է ժամանակավորապես կասեցնել դատական կարգադրիչների լիազորությունները ծառայողական քննության ժամանակահատվածում.
5) խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում դատական կարգադրիչներին.
6) իրականացնում է սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
2. Դատական կարգադրիչների ծառայության ղեկավարումն իրականացնում է դատական կարգադրիչների ծառայության պետը: Դատական կարգադրիչների ծառայության պետը՝
1) ղեկավարում և հսկողություն է իրականացնում դատական կարգադրիչների ծառայության գործունեության նկատմամբ.
2) ապահովում է սույն օրենսգրքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, Բարձրագույն դատական խորհրդի, Դատարանների նախագահների խորհրդի որոշումների, ինչպես նաև Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանների և կարգադրությունների կատարումը.
3) տալիս է դատական կարգադրիչների ծառայության կազմակերպմանն ուղղված ցուցումներ.
4) առաջարկություն է ներկայացնում Դատական դեպարտամենտի ղեկավարին` ծառայության կառուցվածքի և հաստիքների քանակի վերաբերյալ.
5) քննում է դատական կարգադրիչների նկատմամբ բերված բողոքները.
6) ներկայացնում է ծառայողների մասնագիտական և հատուկ ուսուցման հայտը.
7) վարում է դատական կարգադրիչների անձնական գործերը.
8) վարում է դատական կարգադրիչների հատուկ միջոցների հաշվառումը.
9) ներկայացնում է առաջարկներ դատական կարգադրիչների ծառայության նյութատեխնիկական ապահովության վերաբերյալ.
10) իր իրավասության սահմաններում դատական կարգադրիչներին տալիս է պարտադիր կատարման ենթակա հրամաններ և կարգադրություններ.
11) առաջարկություն է ներկայացնում Դատական դեպարտամենտի ղեկավարին դատական կարգադրիչների ծառայության ծառայողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
12) իրականացնում է սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
3. Դատական կարգադրիչների ծառայության պետը պատասխանատվություն է կրում ծառայության առջև դրված խնդիրների իրականացման համար:
Հոդված 152. |
Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնները |
1. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնները դասակարգվում են ըստ հետևյալ խմբերի և ենթախմբերի.
1) դատական կարգադրիչների ծառայության գլխավոր պաշտոն՝
ա. դատական կարգադրիչների ծառայության պետ.
2) դատական կարգադրիչների ծառայության առաջատար պաշտոն՝
ա. դատական կարգադրիչների ծառայության ավագ մասնագետ.
3) դատական կարգադրիչների ծառայության կրտսեր պաշտոններ՝
ա. ավագ դատական կարգադրիչ,
բ. դատական կարգադրիչ:
2. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների խմբերում առաջին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:
3. Դատական կարգադրիչների ծառայության՝ սույն օրենսգրքով նախատեսված որևէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող անձը համարվում է դատական կարգադրիչ:
Հոդված 153. |
Դատական կարգադրիչների ծառայության կոչումները |
1. Դատական կարգադրիչներին շնորհվում են հետևյալ կոչումները`
1) արդարադատության փոխգնդապետ.
2) արդարադատության մայոր.
3) արդարադատության կապիտան.
4) արդարադատության ավագ լեյտենանտ.
5) արդարադատության լեյտենանտ.
6) արդարադատության ավագ ենթասպա.
7) արդարադատության ենթասպա.
8) արդարադատության ավագ.
9) արդարադատության ավագ սերժանտ.
10) արդարադատության սերժանտ.
11) արդարադատության կրտսեր սերժանտ:
Կոչումները դասակարգվում են աստիճանական կարգով` բարձրից ցածր:
2. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով` զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան:
3. Դատական կարգադրիչների պաշտոնների համար սահմանվում են հետևյալ կոչումները.
Պաշտոնների
խումբը |
Պաշտոնը |
Պաշտոնին համապատասխանող
կոչման ներքին և վերին
սահմանները |
Գլխավոր |
ծառայության
պետ |
արդարադատության մայոր-
արդարադատության փոխգնդապետ |
Առաջատար |
ավագ
մասնագետ |
արդարադատության լեյտենանտ-
արդարադատության կապիտան |
Կրտսեր |
ավագ դատական
կարգադրիչներ |
արդարադատության ավագ-
արդարադատության ավագ
ենթասպա |
դատական
կարգադրիչներ |
արդարադատության կրտսեր
սերժանտ-արդարադատության
ավագ սերժանտ |
4. Դատական կարգադրիչների ծառայության կոչումները շնորհում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:
5. Դատական կարգադրիչին շնորհվում է դատական կարգադրիչների ծառայության համապատասխան կոչում, եթե նա չունի դատական կարգադրիչի կամ պետական ծառայության ավելի բարձր կոչում: Տվյալ դեպքում անձը պահպանում է իր ավելի բարձր կոչումը:
6. Դատական կարգադրիչների կոչումները պահպանվում են աշխատանքից ազատվելիս, պետական ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելիս:
7. Դատական կարգադրիչների կոչումը կարող է իջեցվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:
8. Կոչումների շնորհումը, ժամկետները և դրանց հաշվարկման կարգը, ինչպես նաև կոչումից զրկելը սահմանվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
Հոդված 154. |
Դատական կարգադրիչների ծառայությունում ընդգրկվելու համար ներկայացվող հիմնական պահանջները |
1. Դատական կարգադրիչների ծառայությունում ընդգրկվելու համար ներկայացվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ներկայացվող պահանջները:
Հոդված 155. |
Դատական կարգադրիչի երդումը |
1. Դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցնող քաղաքացիները Դատարանների նախագահների խորհրդի կողմից սահմանված կարգով Արցախի Հանրապետության դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.
«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Արցախի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայությունում, երդվում եմ իմ լիազորություններն իրականացնելիս պահպանել Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն և բարեխիղճ կատարել դատական կարգադրիչի ծառայողական պարտականություններս, բարձր պահել դատարանի հեղինակությունը:»:
Հոդված 156. |
Դատական կարգադրիչներին պաշտոնում նշանակելը և ազատելը |
1. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոններում նշանակում և ազատում է Դատական դեպարտամենտի ղեկավարը՝ դատական կարգադրիչների ծառայության պետի ներկայացմամբ:
Հոդված 157. |
Դատական կարգադրիչներին պաշտոնում նշանակելու պայմանները |
1. Դատական կարգադրիչների ծառայության պետի պաշտոնում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող, առնվազն արդարադատության կապիտանի կոչում ունեցող կամ առնվազն երեք տարի առաջատար խմբի պաշտոնում ծառայած այն անձը, որն իր գործնական և անձնական հատկանիշներով ունակ է կատարելու համապատասխան պաշտոնի պարտականությունները:
2. Դատական կարգադրիչների ծառայության ավագ մասնագետի պաշտոնում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող, առնվազն արդարադատության ավագ ենթասպայի կոչում ունեցող կամ առնվազն երեք տարի ավագ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցրած անձը:
3. Դատական կարգադրիչների ծառայության կրտսեր խմբի պաշտոնում կարող է նշանակվել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացին: Ավագ դատական կարգադրիչ կարող է նշանակվել այն քաղաքացին, որն ունի արդարադատության ավագից ոչ ցածր կոչում կամ մինչև նշանակումն արդարադատության ավագ սերժանտի կոչումով առնվազն երեք տարի զբաղեցրել է դատական կարգադրիչի պաշտոն: Դատական կարգադրիչի պաշտոնում նշանակվելու դեպքում քաղաքացուն շնորհվում է արդարադատության կրտսեր սերժանտի կոչում կամ ունեցած ավելի բարձր զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխանող կոչում:
4. Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության լիազոր մարմինների, ինչպես նաև արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համապատասխանությունը դատական կարգադրիչների ծառայության պաշտոններին սահմանում է Կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 26
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 158. |
Դատական կարգադրիչների ատեստավորումը |
1. Դատական կարգադրիչների ատեստավորման հանձնաժողովը կազմավորում, ինչպես նաև ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:
2. Ատեստավորման հանձնաժողովը Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սահմանված կարգով և ժամկետներում ատեստավորման արդյունքները, այդ թվում` բողոքարկումները և դրանց քննարկման արդյունքներն ու կայացված որոշումները ներկայացնում է Դատական դեպարտամենտի ղեկավարին:
Հոդված 159. |
Դատական կարգադրիչների վերապատրաստումը և հատուկ ուսուցումը |
1. Դատական կարգադրիչներն անցնում են վերապատրաստում և հատուկ ուսուցում:
2. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը և ժամաքանակը սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը` դատական կարգադրիչների ծառայության պետի ներկայացմամբ:
3. Վերապատրաստումն իրականացվում է Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից ընտրված համապատասխան կազմակերպությունում:
Գ Լ ՈՒ Խ 27
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 160. |
Դատական կարգադրիչի գործառույթները |
1. Դատական կարգադրիչը դատարանի գործունեության սահմանված կարգի պահպանման համար սույն օրենսգրքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝
1) ապահովում է դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և դատարանի տարածքի պահպանումը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.
2) ապահովում է դատական նիստի ժամանակ նիստը նախագահողի կամ դատավորի` դատական նիստի բնականոն ընթացքի և հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված կարգադրությունների կատարումը.
3) ապահովում է Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը, գույքի, ինչպես նաև շենքի և սպասարկման տարածքի պահպանությունը.
4) ստուգում է դատական նիստերի դահլիճի պատրաստությունը դատական նիստին, ապահովում է դատավորի հանձնարարությամբ քրեական գործը և իրեղեն ապացույցները դատական քննության վայր հասցնելը և դրանց պահպանումը.
5) խափանում է հանցագործությունների և իրավախախտումների կատարումը դատարանում, ի հայտ եկած իրավախախտներին անհրաժեշտության դեպքում վերցնում է արգելանքի` ապահովելով նրանց անհապաղ հանձնումը ոստիկանություն:
2. Իր լիազորություններն իրականացնելիս դատական կարգադրիչն անհրաժեշտության դեպքում համագործակցում է իրավասու այլ պետական մարմինների հետ:
Հոդված 161. |
Դատական կարգադրիչի իրավունքները և պարտականություններն իր գործառույթների կատարման ընթացքում |
1. Դատական կարգադրիչն իր գործառույթներն իրականացնելու նպատակով իրավունք ունի՝
1) պարզելու դատարան մուտք գործող, դատական նիստերի դահլիճում գտնվող, ինչպես նաև դատական սանկցիայի ենթարկված անձի ինքնությունը.
2) դատարանի որոշման հիման վրա դատական նիստերի դահլիճից հեռացնելու անձին կամ սահմանափակելու այդ որոշման մեջ մատնանշված անձի մուտքը դատական նիստերի դահլիճ.
3) զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը.
4) սույն օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններում կիրառելու ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ:
2. Դատական կարգադրիչը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն իրականացնել օրենքին համապատասխան և իր գործունեության մեջ թույլ չտալ անձանց իրավունքների և օրինական շահերի խախտում:
3. Դատական կարգադրիչը պարտավոր է պահպանել Դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված «Դատական կարգադրիչների վարքագծի կանոնները»:
Հոդված 162. |
Դատական կարգադրիչի պահանջների պարտադիր լինելը |
1. Դատական կարգադրիչի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են կատարման համար:
2. Սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներն իրականացնելիս դատական կարգադրիչի պահանջներին չենթարկվելու դեպքում դատական կարգադրիչը կարող է արգելել անձի մուտքը դատարանի շենք, դատական նիստերի դահլիճում գտնվող անձի կողմից իր ինքնությունը ներկայացնելուց հրաժարվելու կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում նրան հեռացնել դատական նիստերի դահլիճից, դատական սանկցիայի ենթարկված անձին հանձնել ոստիկանություն, ինչպես նաև անձի կողմից ցուցաբերվող դիմադրությունը կամ ոտնձգությունը կանխելու նպատակով նրան վերցնել արգելանքի տակ` անհապաղ ապահովելով նրա հանձնումը ոստիկանություն:
3. Դատական կարգադրիչի պահանջները չկատարելը և (կամ) նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 163. |
Ֆիզիկական ուժ և հատուկ միջոցների գործադրումը |
1. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ու կարգով դատական կարգադրիչը ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու իրավունք ունի:
2. Դատական կարգադրիչները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու հմտությունը որոշող ստուգումներ:
3. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրման ընտրություն կատարելիս դատական կարգադրիչն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:
4. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների բացակայության դեպքում դատական կարգադրիչն իրավունք ունի օգտագործելու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:
5. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրումն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 164. |
Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրման դեպքերն ու կարգը |
1. Դատական կարգադրիչի օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով դատական կարգադրիչն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրելու ֆիզիկական հարկադրանք:
2. Դատական կարգադրիչներն իրավունք ունեն իրենց տրամադրության տակ գտնվող հատուկ միջոցներ գործադրել`
1) դատավորի, դատական ծառայողի, դատական նիստին ներկա անձանց և դատական կարգադրիչի վրա կատարվող հարձակումը խափանելիս.
2) դատական կարգադրիչի նկատմամբ ցուցաբերվող անհնազանդությունը հաղթահարելիս կամ դիմադրությունը խափանելիս.
3) իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.
4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված հարձակում կամ դիմադրություն ցույց տալ.
5) իրավախախտում թույլ տալու համար բռնված կամ իր անձը ներկայացնելուց հրաժարվող կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնող անձանց արգելանքի վերցնելիս և ոստիկանություն հանձնելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, անհնազանդություն ցուցաբերել կամ դիմադրություն ցույց տալ դատական կարգադրիչին:
3. Դատական կարգադրիչները որպես հատուկ միջոցներ կարող են գործադրել ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, ոտնաշղթաներ կամ այլ հատուկ միջոցներ:
4. Հատուկ միջոցներ հատկացնելու և դրանք պահելու կարգը սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:
Գ Լ ՈՒ Խ 28
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 165. |
Դատական կարգադրիչի արձակուրդը |
Դատական կարգադրիչին արձակուրդ տրամադրում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:
Հոդված 166. |
Դատական կարգադրիչի նյութական ապահովությունը |
1. Յուրաքանչյուր դատական կարգադրիչ ունի ծառայության համար համարժեք վարձատրության, ինչպես նաև հանդերձանք ստանալու իրավունք:
2. Դատական կարգադրիչների վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
Հոդված 167. |
Դատական կարգադրիչի համազգեստը և վկայականը |
1. Դատական կարգադրիչը ծառայողական պարտականություններ կատարելիս կրում է համազգեստ, որն ունի տարբերանշաններ և խորհրդանշան, որոնց նկարագրերը սահմանում է Կառավարությունը: Համազգեստ հատկացնելու և կրելու կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը` Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ:
2. Դատական կարգադրիչներին տրվում են Դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված միասնական նմուշի վկայականներ:
Հոդված 168. |
Դատական կարգադրիչների ծառայության նյութատեխնիկական ապահովումը |
1. Դատական կարգադրիչների ծառայության նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Դատական դեպարտամենտը:
Գ Լ ՈՒ Խ 29
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ
Հոդված 169. |
Դատական կարգադրիչների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները |
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար դատական կարգադրիչի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
1) շնորհակալության հայտարարում.
2) հուշանվերով պարգևատրում.
3) միանվագ դրամական պարգևատրում.
4) արտահերթ կոչման շնորհում:
2. Դատական կարգադրիչի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը դատական կարգադրիչի նկատմամբ կիրառվում է բացառիկ դեպքերում և կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:
4. Դատական կարգադրիչի նկատմամբ խրախուսանքը կիրառում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառվում են Արցախի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:
Հոդված 170. |
Դատական կարգադրիչների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև «Դատական կարգադրիչի վարքագծի կանոնները» խախտելու դեպքերում, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, դատական կարգադրիչի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կոչման իջեցում` մեկ աստիճանով.
4) պաշտոնի իջեցում.
5) ծառայությունից ազատում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը դատական կարգադրիչների նկատմամբ կիրառում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:
3. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը որոշվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 30
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 171. |
Դատական կարգադրիչների ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը |
1. Դատական կարգադրիչին դատական կարգադրիչների ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու դեպքում կիրառվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթները:
Հոդված 172. |
Դատական կարգադրիչների ծառայությունում տարիքային սահմանափակումները |
1. Դատական կարգադրիչների գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնելու համար սահմանային տարիք է համարվում 65 տարեկանը, առաջատար խմբի պաշտոն զբաղեցնելու համար` 60 տարեկանը, իսկ կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար` 55 տարեկանը:
2. Դատական կարգադրիչի ազատումը սահմանային տարիքը լրանալու հիմքով կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո` հաջորդ ամսվա 1-ին:
Հոդված 173. |
Դատական կարգադրիչին ծառայության պաշտոնում վերականգնելը |
1. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնում վերականգնելու, ինչպես նաև պաշտոնում վերականգնելուց հետո կոչման շնորհման և ծառայության ժամկետի հետ կապված հարցերը կարգավորվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 31
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 174. |
Եզրափակիչ և անցումային դրույթներ |
1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը՝ բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն հոդվածով սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ կամ պայմաններ:
2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-72-Ն օրենքը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի դատական օրենսգիրքը՝ բացառությամբ օրենսգրքի 16-22-րդ գլուխների, որոնք գործում են մինչև սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթներն ուժի մեջ մտնելը, ինչպես նաև Արդարադատության խորհրդին վերաբերող դրույթների, որոնք գործում են մինչև Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումը:
3. Բարձրագույն դատական խորհուրդը կազմավորվում է Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Մինչև Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումը Արդարադատության խորհուրդը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի դատական օրենսգրքով սահմանված իր լիազորությունները:
4. Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի ձևավորման նպատակով հրավիրվում է Ընդհանուր ժողովի նիստ: Ընդհանուր ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու համար համապատասխան թեկնածուներն ինքնաառաջադրվում են ոչ ուշ, քան Ընդհանուր ժողովի նիստի հրավիրումից 20 օր առաջ:
5. Բարձրագույն դատական խորհրդի ամբողջական կազմը համալրվելուց հետո՝ ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում, հրավիրվում է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը:
6. Սույն օրենսգրքի 24-30-րդ գլուխներում ամրագրված դրույթներն ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
7. Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ մասն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
2017թ. հուլիսի 25
Ստեփանակերտ
ՀՕ-11-Ն |
|