Համարը 
ՀՕ-50
Տեսակը 
Մայր
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.08.03/20(61)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.06.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.07.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի

հունիսի 20-ին

 

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները, սահմանում է բարեգործության կարգավորման իրավական հիմքերը, նպատակները, իրականացման սկզբունքները, պետության կողմից բարեգործությանն աջակցելու ձևերը, բարեգործական կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները:

 

Հոդված 2.

Բարեգործության նպատակը

 

Բարեգործության նպատակն է`

1) աջակցել այն ֆիզիկական անձանց (հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, գործազուրկներին), ինչպես նաև սակավ ապահովված ընտանիքներին, որոնք չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց նյութական և հոգևոր պահանջները.

2) աջակցել ոչ առևտրային այլ կազմակերպություններին.

3) աջակցել առողջապահության զարգացմանը.

4) նյութական օգնություն տրամադրել պատերազմի, տարերային աղետների, վարակիչ հիվանդությունների, համաճարակների և արտակարգ այլ իրավիճակների հետևանքով տուժած անձանց և մասնակցել դրանց հետևանքների վերացմանը.

5) աշխատատեղերի ստեղծման կամ գործազուրկների վերապատրաստման ճանապարհով աջակցել սոցիալական օգնության կարիք ունեցող գործազուրկներին` աշխատանքի տեղավորման հարցում.

6) աջակցել գիտության, կրթության, արվեստի, գրականության, առողջապահության, սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտների ծրագրերի իրականացմանը.

7) աջակցել պատմական, ճարտարապետական, մշակույթի և արվեստի հուշարձանների պահպանման և վերականգնման ծրագրերի իրականացմանը.

8) աջակցել բնության և շրջակա միջավայրի պահպանման և բարեկարգման աշխատանքների իրականացմանը.

9) աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած սոցիալական ծրագրերի իրականացմանը:

 

Հոդված 3.

«Բարեգործություն» հասկացությունը

 

1. Բարեգործությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից սույն օրենքի 2-րդ հոդվածի նպատակների իրականացման համար ֆիզիկական անձանց, առողջապահական և ոչ առևտրային կազմակերպություններին կամավոր, անշահախնդիր, օրենքով չարգելված (անհատույց կամ արտոնյալ պայմաններով) նյութական և հոգևոր օգնության (այսուհետ` բարեգործական աջակցության) տրամադրումն է:

2. Բարեգործություն չի համարվում կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական և այլ նյութական միջոցների հատկացումը:

 

Հոդված 4.

Բարեգործության իրավական կարգավորումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանարպետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանարպետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, իրավական այլ ակտերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանարպետության միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 5.

Բարեգործության իրականացման սկզբունքները

 

Բարեգործության իրականացման սկզբունքներն են`

1) սոցիալական արդարության պահպանումը.

2) մարդասիրության ամրապնդումը և տարածումը.

3) մարդկային արժանապատվության պահպանումը.

4) սերունդների համերաշխության ամրապնդումը.

5) սոցիալական հասցեականության պահպանումը.

6) սոցիալական խնամառության բացառումը.

7) ազգային խտրականության բացառումը:

 

Հոդված 6.

Բարեգործություն իրականացնելու իրավունքը

 

1. ֆիզիկական և իրավաբանական անձինք բարեգործություն իրականացնում են կամավորության և նպատակների ազատ ընտրության սկզբունքով` անհատապես կամ համատեղ, անձամբ կամ միջնաորդավորված:

2. Արգելվում է սույն օրենքով սահմանված բարեգործության նպատակների և իրականացման ձևերի ընտրության ազատության սահմանափակումը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

Հոդված 7.

Բարեգործության մասնակիցները

 

Բարեգործության մասնակիցներ են բարեգործները, կամավորները, բարեգործություն ստացողները: Բարեգործական կազմակերպությունները կարող են հանդես գալ և որպես բարեգործ, և որպես բարեգործություն ստացող:

Բարեգործության մասնակիցներ (բարեգործներ, բարեգործություն ստացողներ) կարող են լինել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և համայնքները:

 

Հոդված 8.

Բարեգործները

 

Բարեգործներն այն ֆիզիկական և իրավաբանական անձինք են, որոնք սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված նպատակներով բարեգործություն են իրականացնում:

 

Հոդված 9.

Կամավորները

 

Կամավորներն այն ֆիզիկական անձինք են, ովքեր սույն օրենքի նպատակներից ելնելով` կատարում են անհատույց աշխատանքներ բարեգործություն ստացողների օգտին:

 

Հոդված 10.

Բարեգործություն ստացողները

 

Բարեգործություն ստացողներն այն ֆիզիկական և իրավաբանական անձինք են, որոնք իրենց համաձայնությամբ ստանում են բարեգործական աջակցություն:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 11.

Բարեգործական կազմակերպությունները

 

1. Բարեգործական կազմակերպությունները ոչ առևտրային այն կազմակերպություններն են, որոնք իրականացնում են սույն օրենքով սահմանված բարեգործական աջակցություն:

2. Բարեգործական կազմակերպության անվանումը պետք է ներառի «բարեգործական» բառը:

3. Բարեգործական կազմակերպություններն ստեղծվում են հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ձևերով:

4. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող լինել բարեգործական կազմակերպության հիմնադիրներ:

 

Հոդված 12.

Բարեգործական կազմակերպության գույքի օգտագործման առանձնահատկությունները

 

1. Բարեգործական կազմակերպությունները չեն կարող որպես նվիրատվություն ընդունել որևէ գույք` ի շահ նվիրատուի օգտագործելու պայմանով:

2. Բարեգործական կազմակերպությունն աշխատակազմի վարձատրության և տնտեսական ծախսերի համար կարող է օգտագործել այդ կազմակերպության կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում ստացված եկամուտների մինչև 20 տոկոսը, բացառությամբ նվիրաբերությունների տեսքով ստացված այն եկամուտների, որոնց վերաբերյալ բարեգործը սահմանել է այլ պայմաններ:

3. Դրամական նվիրաբերությունների և նվիրատվությունների ոչ պակաս, քան 80 տոկոսը պետք է օգտագործվի բարեգործական կազմակերպության կողմից այդ աջակցությունն ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե բարեգործի կողմից կամ բարեգործական ծրագրով այլ բան նախատեսված չէ: Բնամթերային նվիրաբերությունները և նվիրատվություններն ամբողջությամբ ուղղվում են բարեգործական նպատակների իրականացմանը` դրանց պիտանիության ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ բարեգործի կողմից կամ բարեգործական ծրագրով:

Սահմանված ժամկետներում բարեգործական կազմակերպությունների կողմից դրամական և բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները չօգտագործելու դեպքում դրանց օգտագործման ժամկետները կարող է երկարաձգել լիազորված մարմինը` մինչև վեց ամիս ժամկետով:

Բնամթերային նվիրաբերությունների և նվիրատվությունների օգտագործման ժամկետները կարող են երկարաձգվել դրանց պիտանիության ժամկետների սահմաններում:

Նշված ժամկետներում դրամական և բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները չօգտագործելու դեպքում դրանք կարող են բռնագանձվել դատական կարգով: Բարեգործական նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներկրվող ապրանքները վերագնահատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 13.

Բարեգործական ծրագիրը

 

1. Բարեգործական ծրագիրը ոչ առևտրային կազմակերպության կողմից, սույն օրենքի նպատակներին համապատասխան, որոշակի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների նկարագրությունն է, որը հաստատվում է տվյալ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով:

2. Սույն օրենքով սահմանված բարեգործության նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերը որպես բարեգործական որակում և գրանցում է լիազորված մարմինը:

3. Ծրագիրը որպես բարեգործական որակելը և ծրագրի գրանցելը մերժելու մասին լիազորված մարմնի որոշումը բարեգործական ծրագիր ներկայացնողը կարող է բողոքարկել դատական կարգով:

4. Բարեգործական ծրագրում նկարագրվում են ծրագրի նպատակները, նախատեսվող միջոցառումները, նշվում են դրանց կատարողները և ստացողները: Ծրագիրը ներառում է նաև կանխատեսվող մուտքերի և ծախսերի նախահաշիվը, սահմանում է ծրագրի իրականացման փուլերը և ժամկետները:

5. Բարեգործական ծրագրի ֆինանսավորման համար պետք է օգտագործվի ֆինանսական տարվա ընթացքում այդ նպատակով ստացված եկամուտների ոչ պակաս, քան 80 տոկոսը: Երկարաժամկետ (մեկ տարուց ավելի) բարեգործական ծրագիր իրականացնելիս ստացված միջոցներն օգտագործվում են այդ ծրագրով նախատեսված ժամկետներում:

 

Հոդված 14.

Բարեգործական ծախսերը

 

1. Բարեգործական են համարվում բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով կատարվող ծախսերը, կամավորների գործունեության հետ կապված ծախսերը, ինչպես նաև բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը:

2. Բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր են համարվում բարեգործական ծրագրերի իրականացմանը մասնակցող անձանց աշխատավարձը, բարեգործական կազմակերպությունների նյութատեխնիկական ապահովման և գործուղման հետ կապված ծախսերը, բարեգործական կազմակերպությունների գործունեության մասին հաշվետվության և տեղեկատվության հրապարակման վրա ծախսված միջոցները:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԲԱՐԵԳՈՐԾՈԻԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 15.

Բարեգործության խրախուսումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործի և կամավորի գործունեությունը խրախուսելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը շնորհում է հետևյալ կոչումները.

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր բարեգործ.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կամավոր.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարվա բարեգործ.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարվա կամավոր:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարվա բարեգործի կոչմանը կարող է արժանանալ այն բարեգործը, ով բարեգործական նպատակների իրականացման համար տվյալ տարում տրամադրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկ և ավելի չափի արժողությամբ բարեգործական աջակցություն, որը նաև այդ տարում բոլոր բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության արժեքների շարքում ամենաբարձրն է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր բարեգործի կոչմանը կարող է արժանանալ այն բարեգործը, ով բարեգործական նպատակների իրականացման համար հինգ տարի անընդմեջ ճանաչվել է տարվա բարեգործ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարվա կամավորի կոչմանը կարող է արժանանալ այն ֆիզիկական անձը, ով որպես կամավոր աշխատել է տարեկան 365 ժամից ավելի, միաժամանակ տվյալ տարում նրա` որպես կամավորի, աշխատած ժամերի տևողությունը գերազանցում է մնացած բոլոր կամավորների այդ տարում աշխատած ժամերին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կամավորի կոչմանը կարող է արժանանալ այն ֆիզիկական անձը, ով հինգ տարի անընդմեջ ճանաչվել է տարվա կամավոր:

Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Լիազորված մարմինը կարող է կիրառել խրախուսման այլ ձևեր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 16.

Աջակցություն բարեգործական ծրագրերին և բարեգործական կազմակերպություններին

 

1. Հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնությունները լիազորված մարմնի կողմից բարեգործական որակված ծրագրերին տրամադրվում են օրենքով սահմանված կարգով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ համապատասխան համայնքի ավագանու որոշմամբ բարեգործական կազմակերպություններին կարող են ցուցաբերվել նյութատեխնիկական աջակցություն և դրամական օժանդակություն (ներառյալ` պետական և համայնքային կազմակերպությունների մատուցած ծառայությունների դիմաց վճարումից, պետական և համայնքային գույքի օգտագործման վարձավճարից լրիվ կամ մասամբ ազատելը):

 

Հոդված 17.

Բարեգործության պետական պաշտպանությունը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երաշխավորում և ապահովում է բարեգործության մասնակիցների` սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը :

2. Ֆիզիկական և իրավաբանական անձանց բարեգործություն իրականացնելու իրավունքներին խոչընդոտող պաշտոնատար և այլ անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 18.

Բարեգործության իրականացման նկատմամբ վերահսկողությունը

 

1. Սույն օրենքի պահանջներին բարեգործական կազմակերպության գործունեության համապատասխանության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը:

Բարեգործական կազմակերպությունը լիազորված մարմին է ներկայացնում իր գործունեության մասին տարեկան հաշվետվություն, որը ներառում է տեղեկություններ`

1) կազմակերպության գույքի օգտագործման և միջոցների ծախսման,

2) սույն օրենքի պահանջների պահպանումը հավաստող ֆինանսական գործունեության,

3) կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի,

4) բարեգործական ծրագրերի բովանդակության,

5) կազմակերպության գործունեության արդյունքների,

6) իրավասու մարմինների կատարած ստուգումների արդյունքում բացահայտված խախտումների և դրանք վերացնելու համար ձեռնարկված միջոցառումների մասին:

Լիազորված մարմինն իրեն ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում խախտումների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կազմակերպությունում ստուգում անցկացնելու միջնորդությամբ դիմում է իրավասու մարմիններ:

2. Բարեգործական կազմակերպությունները հարկային և լիազորված մարմին տարեկան հաշվետվությունները ներկայացնում են հաշվապահական հաշվառման հաշվետվությունների ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետներում:

3. Բարեգործական կազմակերպություններն իրենց ֆինանսական գործունեության մասին հաշվետվությունների, ինչպես նաև բարեգործական ծրագրերի իրականացման ընթացքի մասին յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` եռամսյա ժամկետում, տեղեկատվություն են հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով:

4. Բարեգործական կազմակերպության կառուցվածքի, դրամական և այլ մուտքերի, գույքի, ծախսերի, աշխատողների թվաքանակի, նրանց աշխատանքի վարձատրության և կամավորների ներգրավման մասին տեղեկությունները չեն կարող համարվել առևտրային գաղտնիք:

 

Հոդված 19.

Բարեգործական կազմակերպության պատասխանատվությունը

 

1. Բարեգործական կազմակերպության կողմից սույն օրենքի նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու դեպքում լիազորված մարմինը կարող է նրան գրավոր զգուշացնել:

2. Մեկ տարվա ընթացքում մեկից ավելի գրավոր զգուշացումների, ինչպես նաև բարեգործական ծրագրի կատարման ընթացքում օրենքի պահանջների էական խախտումների դեպքում լիազորված մարմինը կարող է չեղյալ ճանաչել տվյալ կազմակերպության բարեգործական ծրագրի որպես բարեգործական որակումը և գրանցումը:

3. Իր գործունեության մասին կեղծ տեղեկություններ ներկայացնելու հետևանքով բարեգործական կազմակերպության չվճարած հարկերը և պարտադիր այլ վճարները ենթակա են բռնագանձման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Լիազորված մարմնի` սույն հոդվածով սահմանված գործողությունները բարեգործական կազմակերպությունը կարող է բողոքարկել դատական կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 20.

Միջազգային բարեգործության իրականացումը

 

1. Բարեգործներն իրավունք ունեն իրականացնելու միջազգային բարեգործություն :

2. Միջազգային բարեգործությունն իրականացվում է միջազգային բարեգործական ծրագրեր կազմելու և իրականացնելու, միջազգային բարեգործական կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու, բարեգործության համապատասխան ոլորտում օտարերկրյա, մասնավորապես` սփյուռքահայ գործընկերների հետ համագործակցելու միջոցով, եթե դա չի հակասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին :

 

Հոդված 21.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող բարեգործությունը

 

Օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործության մասնակիցներ են համարվում սույն օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 22.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից :

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

21 հուլիսի 2007թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-50