Համարը 
N 39
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.02.14/10(82)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.01.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.01.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՊԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«29» հունվարի 2008թ.

N 39

 ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու մասին

 

Հիմք ընդունելով «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը և դրանցում երեխաների տեղավորման չափանիշները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«29» հունվարի 2008թ.

 թիվ 39 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը և դրանցում երեխաների տեղավորման չափանիշները

 

Բաժին I. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերը

 

1. Մանկատներ՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, որոնք իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը՝ մինչև նրանց 18 տարին լրանալը կամ մինչև կենսաբանական ընտանիք վերադարձնելը, կամ որդեգրման հանձնելը, կամ խնամակալություն, կամ հոգաբարձություն սահմանելը, կամ խնամատար ընտանիքում տեղավորելը: Մանկատները լինում են ընդհանուր տիպի և մասնագիտացված:

Ընդհանուր տիպի մանկատներ, որոնք դասակարգվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի՝

ա/ մինչև 6 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն,

բ/ 6-18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն,

գ/ մինչև 18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն:

Մասնագիտացված մանկատներ, որոնք իրականացնում են հատուկ կարիքավոր երեխաների խնամքն ու դաստիարակությունը և դասակարգվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի՝

ա/ մինչև 6 տարեկան երեխաների մասնագիտացված մանկատուն,

բ/ 6-18 տարեկան երեխաների մասնագիտացված մանկատուն:

2. Երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություն՝ բուժական հաստատություն, որն իրականացնում է հատուկ կարիքավոր երեխաների բուժումը, խոսքի խանգարումների շտկումը, այլ համալիր վերականգնողական միջոցառումներ, տրամադրում է հոգեբանական աջակցություն, ինչպես նաև բուժման ընթացքում կազմակերպում երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքները:

3. Երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատություն՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, որն իրականացնում է երեխաների ժամանակավոր խնամքի ապահովումը՝ մինչև երեխային ծնողին վերադարձնելը կամ երեխայի նկատմամբ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մանկատանը տեղավորելը:

4. Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, որն իրականացնում է սույն հավելվածի 8-րդ կետում նշված, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների խնամքը և դաստիարակությունը:

(4-րդ կետը լրաց. 18.03.2008 N 222)

5. Երեխաների խնամքի ցերեկային հաստատություն՝, որն իրականացնում է երեխաների խնամքի, սոցիալ-հոգեբանական, կրթական և դաստիարակչական աշխատանքները:

6. Երեխաների նախադպրոցական հաստատություն՝ ուսումնական հաստատություն, որն իրականացնում է մինչև 6 տարեկան երեխաների խնամքը, ինչպես նաև «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գործառույթները: Երեխաների նախադպրոցական հաստատությունները դասակարգվում են ըստ հետևյալ տիպերի՝

ա/ մսուր-մանկապարտեզներ,

բ/ մանկապարտեզներ:

7. Պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնք ապահովում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը և խնամքը: Ելնելով երեխաների մտավոր և ֆիզիկական զարգացման առանձնահատկություններից՝ սահմանվում են՝ պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների հետևյալ տիպերը՝

ա/ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն,

բ/ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն,

գ/ խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն,

դ/ հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն.

ե/ մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ /օժանդակ/ հանրակրթական ուսումնական հաստատություն,

զ/ հակասոցիալական վարք ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն,

է/ արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն:

 

Բաժին II. Երեխաների խնամքն և պաշտպանությունն իրականացնող հաստատություններում երեխաների տեղավորման չափանիշները

 

8. Ընդհանուր տիպի մանկատուն կարող են ըստ տարիքային խմբերի տեղավորվել հետևյալ չափանիշներով մինչև 18 տարեկան այն երեխաները, որոնց ծնողները կամ միակ ծնողը /այսուհետ՝ ծնողներ/՝

ա/ մահացել են,

բ/ զրկված են ծնողական իրավունքից,

գ/ ինքնակամ հրաժարվել են ծնողական պարտականությունների կատարումից և տվել են որդեգրման մասին գրավոր համաձայնություն,

դ/ անհայտ են /ընկեցիկ երեխաներ/,

ե/ դատարանի կողմից ճանաչված են անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,

զ/ չունեն երեխային խնամելու և դաստիարակելու հնարավորություն՝ ազատազրկման ձևով պատիժը կրելու կամ նախնական քննության ընթացքում կալանքի տակ գտնվելու պատճառով,

է/ խուսափում են երեխայի դաստիարակությունից կամ նրա իրավունքների և շահերի պաշտպանությունից:

9. Մասնագիտացված մանկատուն կարող են ըստ տարիքային խմբերի տեղավորվել սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված չափանիշներով, ինչպես նաև երեխաների խնամքից խուսափող ծնողներ ունեցող՝ մինչև 18 տարեկան հատուկ կարիքավոր այն երեխաները, ովքեր ունեն՝

ա/բնածին կամ ձեռքբերովի արատներ,

բ/ խոր մտավոր թերզարգացածություն, ինչպես նաև զուգակցված տարբեր ֆիզիկական արատներ:

10. Երեխաների բժշկասոցիալական վերականգնողական կենտրոնում կարող են տեղավորվել հետևյալ չափանիշներով մինչև 18 տարեկան երեխաները՝

ա/ նյարդաբանական և հոգեկան քրոնիկ խանգարումներ,

բ/ զարգացման հապաղումներ,

գ/ հոգեբանական խնդիրներ,

դ/ բռնության ենթարկված,

ե/ բժշկասոցիալական վերականգնման, խնամքի, դաստիարակության և ուսուցման հատուկ կարիք ունեցող:

11. Երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա կենտրոնում տեղավորվում են հետևյալ չափանիշներով մինչև 18 տարեկան երեխաները՝

ա/ թափառաշրջիկ, մուրացիկ,

բ/ ծնողների խնամքից զրկված /լքված/:

12. Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում կարող են տեղավորվել սույն հավելվածի 8-րդ կետում նշված, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների մինչև 6-18 տարեկան երեխաները:

(12-րդ կետը լրաց. 18.03.2008 N 222)

13. Երեխաների խնամքի ցերեկային կենտրոն կարող են հաճախել հետևյալ չափանիշներով 6-18 տարեկան երեխաները՝

ա/ հաշմանդամ,

բ/ դաստիարակության դժվարություններ ունեցող,

գ/ ծնողական խնամքից զրկված:

14. Երեխաների նախադպրոցական ուսումնական հաստատություններ կարող են հաճախել մինչև 6 տարեկան երեխաները:

15. Պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ կարող են հաճախել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները:

16. Սույն հավելվածի 1-7-րդ կետերով սահմանված հաստատություններում չեն կարող տեղավորվել բժշկական հակացուցումներ ունեցող երեխաները:

 

 

     ԼՂՀ կառավարության աշխատակազմի

     ղեկավար-նախարար`

Ս. Գրիգորյան