ՄԵՐ ՄԱՍԻՆ ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ աջակցությամբ Արցախի Հանրապետությունում ներդրվել և 2013 թվականի ապրիլ ամսից գործարկվում է անվճար Արցախի Իրավական Տեղեկատվական Համակարգը (այսուհետ` Համակարգ) www.arlexis.am, որի իրավական ակտերի բազայի համալրման և սպասարկման աշխատանքները իրականացնում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Այն իրենից ներկայացնում է որոնողական համակարգ, որում ընդգրկված են Արցախի Հանրապետության օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, դրանցում կատարված բոլոր փոփոխություններով և լրացումներով: Համակարգում ընդգրկված չեն այն նորմատիվ իրավական ակտերը, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք: Համակարգը հնարավորություն է տալիս հանրությանը անվճար, www.arlexis.am ինտերնետային կայքի միջոցով, ծանոթանալ երկրում գործող նորմատիվ իրավական ակտերի ժամանակային տարբերակներին, որոնել անհրաժեշտ նորմատիվ ակտերն ու դրանց փոփոխությունները: Որոնումը հնարավոր է կատարել ըստ ակտի անվանման, տեսակի, ընդունման կամ ստորագրման մարմնի, համարի, ժամանակի, վերնագրում կամ տեքստում պարունակվող բառերի և հրապարակման սկզբնաղբյուրների: Տեղեկությունները մատուցվում են անվճար` առանց որևէ սահմանափակման`պատճենահանելու և տպելու հնարավորությամբ: Համակարգում պարբերաբար կատարվում է նոր ընդունված իրավական ակտերի մուտքագրում և ինկորպորացիա: Կայքի օրենսդրական բազան՝ յուրաքանչյուր տեղեկագրի հրապարակումից հետո, թարմացվում է՝ օգտվողին հնարավորություն ընձեռնելով հետևելու իրավական ակտերում կատարվող փոփոխություններին և ստանալու իրավական ակտերի վերջնական տարբերակը: Համակարգի օրենսդրական բազայի համալրման համար սկզբնաղբյուր են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական և գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրերը, ինչպես նաև Նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերից ստացված այն իրավական ակտերի պաշտոնական տեքստերը, որոնք պաշտոնական տեղեկագրերում չեն հրապարակվել:
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ Համակարգի ներդնումը իրականացվում է երկու հիմնական փուլերով: Առաջին փուլում համակարգում ներդրվել և ինկորպորացիայի են ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդունված բոլոր օրենսգրքերը և օրենքները (այդ թվում ուժը կորցրած ճանաչվածները): Համակարգի գործարկմանը զուգընթաց սկիզբ է տրվել համակարգի ներդրման երկրորդ փուլին, որը նախատեսում է այլ նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային բազայի համալրում և մուտքագրում: «Լույս է տեսել» էջում կներկայացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի ամբողջ արխիվը, ինչպես նաև հերթական տեղեկագրերի բովանդակությունները (հետագայում):
Ուշադրություն` Տեխնիկական աջակցության, առաջարկությունների, իրավական ակտերում անճշտություններ և վրիպակներ հայտնաբերելու դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (+374) 96-20-50:
|